Մարդ, որը խաղաց միայն աչքերով

Մհեր ՄկրտչյանՄհեր Մկրտչյանի դերը հայ արվեստում անգամ նրա մահից տարիներ անց մնում է անփոխարինելի: Եթե չլիներ ծանր հիվանդությունն ու անժամանակ վախճանը, նա այսօր կդառնար 84 տարեկան։ Մարդ, որը խաղաց միայն աչքերով:
Մհեր Մկրտչյանը, կամ ինչպես նրան մտերիմներն էին դիմում՝ Ֆրունզիկը, ուրիշ էր։ Ի վերուստ տրված տաղանդ ուներ՝ հիշում է Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։ Բեմում ինքն էր, իրական էր, դերասանություն չէր անում։ Թատերագիտական թեորեմներն էլ նրա համար չէին. «Նա ուղղակի իրագործում էր էդ ամեն ինչը, նա դա անում էր՝ որպես Մհեր Մկրտչյան, բայց դա ավելի վեր էր բոլոր ուսմունքներից, մի քանի մղոն վեր էր»։
Թատերական գործիչների միության նախագահը հպարտությամբ է նշում՝ բախտ է ունեցել նրա հետ շփվելու եւ ընկերություն անելու. «Շատ հասարակ, շատ պարզ, շատ մարդամոտ, նրա հետ մի կամպանիայում լինելը ուրախություն էր։
Երեկոյան մի սեղանի շուրջ էինք հավաքվում, նարդի խաղում, երեխայի նման խնդրում էր, որ իր ուզած թիվը գա»։
Նրա մահվանից 21 տարի հետո սիրված դերասանը բոլորի հիշողության մեջ մնաց որպես տխուր աչքերով ուրախ դերասան։ Նրա կյանքի մութ էջերը, անձնական վիշտը շատերի համար մնացին գաղտնի։ Իսկ նրա մեծությունը որեւէ մեկը չի համարձակվում վիճարկել։ Ֆրունզիկ այլեւս չի ծնվի։
«Երբ ես ծնվեցի, բոլորը ծիծաղում էին, իսկ ես՝ լացում: Երբ ես մահանամ, բոլորը կլացեն, իսկ ես կծիծաղեմ»,- Ֆրունզիկի այս թեւավոր խոսքերը իրականություն դարձան։ 1993 թվականի ցրտաշունչ դեկտեմբերի 29-ին հայ ժողովուրդը վերջին հրաժեշտը տվեց սիրված դերասանին՝ թափորում լացում էին բոլորը։

Հուլիս 4,2014
http://www.a1plus.am/1327690.html {youtube}wcO-jKUHM78|640|450|0{/youtube} www.youtube.com/watch?v=wcO-jKUHM78