Մհեր Մկրտչյան. «Նրա զրույցը Արտամետի խնձորի ծառի մասին էր…»

Մհեր ՄկրտչյանՀուշի այս անմոռաց պատառիկը, որ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը, մեր աշխատակից Սարո Գյոդակյանը գրի է առել 88-ի մարտի 14-ին, այսինքն` այն օրը. երբ մեր ժողովուրդը հավերժություն ճանապարհեց իր անվանի զավակներից մեկին՝ Հենրիկ Մալյանին: Այդ օրն անչափ տխուր էր Մհեր Մկրտչյանը։ Այդ տխրությունից Էլ ծնվել է երախտիքի այս գողտրիկ խոսքը:
Հենրիկ Մալյանի ծննդյան 70-ամյակի առթիվ տպագրելով այն, միաժամանակ մեր հարգանքի տուրքն ենք մատուցում հայոց այդ երկու երեւելիների լուսե հիշատակին։



Մալյանը հիվանդանոցում էր։ Նրան այցելելիս որոշեցի մտնել շուկա, խնձոր գնել. «Ժողովո՛ւրդ, հիվանդանոց եմ գնում, ինձ լա՛վ խնձոր տվեք: Քույրի՛կ, եղբայր, լավ խնձոր տվեք, հիվանդի համար է»։ Վերջապես գտա, վերցրի ու շտապեցի հիվանդանոց։ Աստիճաններով բարձրացա, տոպրակը պատռվեց, ու մի քանի խնձոր գլորվեց ներքեւ։ Լսեցի ծիծաղը. «Ախր, խնձոր շալակելը քո ի՜նչ խելքի բանն է»: «Հենրիկ ջան, որ իմանաս ինչ խնձոր եմ բերել, շուկան տակնուվրա եմ արել, ժողովրդին խաբել եմ, թե հիվանդի համար է։ Էնքան լավ խնձոր է, որ քեզ մոտ գալիս մտածում էի. «երանի գնամ, տեսնեմ դուրս է գրվել, գնացել է տուն։ Ի՛նչ լավ կլիներ, խնձորները կմնային մեզ՝ ինձ ու Շերենցին»։ Ծիծաղեցինք։ Վերցրեց մի խնձոր, մաքրեց, կտրեց ու առաջարկեց ինձ միասին ուտել։ Սկսեցինք ուտել. «Է՛հ, էս խնձորը համ չունի, ես Արտամետի խնձորն եմ ուզում»։ Ասաց ու նորից ժպտաց։ Հետո մի պահ երկուսս էլ իրար նայելով ուտում էինք ու ժպտում։ Չէինք խոսում, չգիտեմ, թե ինքը ինչ էր մտածում, բայց ես նայում էի ու հիշում, թե ինչպես ուսանողական տարիներից ամիսներով թափառում էի «Հայֆիլմ» կինոստուդիայի դռների մոտ՝ «բախտս փորձելու»: Ու թե ինչպես մի առավոտ դիմացս դուրս եկան մի խումբ կինոյի մարդիկ։ Նրանցից մեկը, մի շիկահեր երիտասարդ, մատով ցույց տալով ինձ, ասաց. «Այ, այս տղայի մասին էի ասում, սրան վերցնենք»։ Այդ մատով ցույց տվող շիկահերը Հենրիկ Մալյանն էր։ Այդպես եղավ սկիզբը մեր երեսուն տարիների, որը վերջացավ «Կտոր մը երկինքով» ու Հենրիկի… Հենրիկ Մալյանը էլ չկա: Մեր մեջ եղած իմն ու քոնը բաժանվեցին։ Նույնը եղավ ինձ հետ թատրոնում, երբ իմացա, որ Վարդան Աճեմյանը չկա, չի լինելու։ Հիմա էլ կինոյում՝ Հենրիկը… Նա իր ֆիլմերով մերժում էր հենց մահը, դաժանությունը, անտարբերությունը, սուտը, կեղծիքը, խաբեությունը։ Այս բոլորի դեմ նա կռվում էր իր առաքինությամբ, բարությամբ, մեծ սիրով դեպի մարդը, դեպի բնությունը, դեպի ազգերը, դեպի իր ազգը։ Հենրիկի ֆիլմում նկարահանվելու շրջանում մի պահ կար, որ ամենածանրն էր: Դա նկարահանումներից հետո ձայնագրման վերջին պահն էր, երբ պիտի բաժանվեինք։ Եվ բաժանվում էինք, ինչպես երկունքից հետո, սպասելու համար ստեղծագործական նոր կուտակումների ու նոր հանդիպման։ Հենրիկ Մալյանը նման էր իր ֆիլմերին, իսկ իր ֆիլմերը՝ մեզ՝ մեր ժողովրդին…
aravot logoՄենք ենք, մեր սարերը, մենք ենք, մեր դարերը, Սասնա պարերը, մենք ենք, մեր մարդիկ, մենք ենք, մեր ջրերը, մենք ենք, մեր քարերը, մենք ենք, մեր հողերը, մենք ենք, մեր որդիք։ Նրա զրույցը Արտամետի խնձորի ծառի մասին էր… Ժամանակ կանցնի, կգան սերունդներ ու այդ ծառի տակ թիկնած, կզրուցեն նրա մասին…

Սարո Գյոդակյան         http://www.aravot.am/1995/10/31/607528/

Печать

Մկրտչյանական հայ դասական կինոն որբացավ

Պատանեկության տարիների իմ պայծառ հիշողության մեջ մինչ օրս անջնջելի են մնացել մեր արվեստի ու գրականության մեծանուն գործիչների հետ հանդիպումները: Հիմա, տարիների հեռվից զգում եմ, որ նրանց հետ շփումներն էին, որ ժամանակի ընթացքում ինձ դարձրեցին մոլեռանդ արվեստասեր, իսկ նրանք ինձ համար դարձան պաշտամունքներ:
…Նախորդ դարի 70-ականների սկզբին Կիրովականի Հ. Աբելյանի անունը կրող պետական դրամատիկական թատրոն հաճախ էր հյուրախաղերի գալիս համաժողովրդական սեր ու հարգանք վայելող Մհեր Մկրտչյանը: Աբելյանցիների հետ Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար» կատակերգության մեջ նա էր մարմնավորում գլխավոր դերը: Յուրաքանչյուր ներկայացում սկսվում եւ ավարտվում էր բուռն օվացիաներով ու բրավոներով: Այդ ներկայացումները կիրովականցիների, մանավանդ մեզ՝ դրամատիկական ստուդիայի ուսանողներիս համար, վերածվում էին ցանկալի տոնի: Ես էլ, ոգեւորված, լուսանկարում էի ներկայացումների բազմաթիվ տեսարաններ, մեծ դժվարություններով երեւակում դրանք ու բաժանում ներկայացման մասնակիցներին: Եվ, իհարկե, նաեւ իմ կուռքին՝ Մհեր Մկրտչյանին: 1988 թ. Սպիտակի կործանարար երկրաշարժից փրկված մի քանի մասունքների հետ գտնվեցին նաեւ այդ լուսանկարներից շատերը.. Այն տարիներին էր, որ ծանոթացա նաեւ Մհեր Մկրտչյանի եղբոր՝ Ալբերտ Մկրտչյանի հետ: Անկեղծ ասած, ինձ համար պարծանք էր անձնապես ծանոթ լինել հսկա տաղանդի տեր երկու մեծանուն եղբայրներին, ովքեր հայ եւ ռուսական թատերական ու կինոարվեստը լցրեցին հյութեղ, անսահման հետաքրքիր ու անզուգական եւ, ինչո՞ւ չէ, նաեւ՝ դասական կատարումներով: Լցրեցին լեփ-լեցուն, անմնացորդ տալով սրտերի ու հոգիների մեջ ամբարված իրենց ի վերուստ տրված տաղանդաշատ արվեստի պայծառ ու բազմափայլ երանգները…
Երկու եղբայրներ… Նրանք, ովքեր «կռել են» հայ թատերական ու կինոարվեստի «կարծր մետաղներն» ու այն հասցրել վսեմ բարձունքների: Երկու եղբայրներ… Մեկը մյուսից բնատուր ինքնիշխան, մեկը մյուսից տաղանդավոր ու ինքնատիպ եւ, միասին՝ հանճարեղության դռները թակող… Մեկը դաժանորեն դժբախտ, մյուսն այդ դժբախտության ամենօրյա ականատեսն ու դրանց մասնիկները կրողը, անարցունք արտասվողը…
Եթե Մհերի հոգու ոլորաններում եղած տխրությունն ու ուրախությունը մեծ մասամբ իրենց արտահայտությունն էին գտնում նրա զարմանալիորեն գրավիչ դեմքին, ապա Ալբերտի մոտ կարծես ամեն ինչ խաղաղ էր ու հանդարտ: Սակայն նրա ծով մտքի մարգարիտները հատակում էին, խորը հատակում, որոնց որոնել ու գտնել էր պետք: Իսկ որոնել ու գտնել փոքրաթիվ մարդկանց կարող էր հաջողվել, այն էլ՝ ոչ ամբողջությամբ: Ալբերտ Մկրտչյանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ նրան հանձնեցի Մհերի, մոտավորապես քառասուն տարիների վաղեմություն ունեցող, երկրաշարժից փրկված «կիրովականյան լուսանկարների» մի փաթեթ: Շա՜տ զարմացավ: Լուռ նայում էր: Մեկ լուսանկարներին, մեկ՝ ինձ: Ես էլ, ինչպես ասում են՝ քար կտրած իրեն էի նայում: Ո՞վ գիտի, նրա տաղանդաշատ աշխարհով ինչպիսի՞ փոթորիկներ եկան ու անցան… Նման պահերին, միշտ խորիմաստ ու մտազբաղ հայացքում ես նկատում էի նրա անզուսպ մղումը դեպի «անծայրածիր հեռուները»… Ըստ իս, աշխարհայինից երկնայինին հասու դառնալու տենչանքն էր, որ ծնվել ու ապրում էր Ալբերտ Մկրտչյանի հոգու էպիկենտրոնում եւ ուղեկցում նրան ամեն վայրկյան, ամեն քայլափոխի:
…Իսկ Ալբերտ Մկրտչյանին հանձնած այն լուսանկարները հիմա Մհեր Մկրտչյանի անվան թատրոնի թանգարանում կիրովականյան հյուրախաղերի լուռ վկաներն են… Մի հանդիպման ժամանակ էլ Ա. Մկրտչյանին խնդրեցի կարդալ ցեղասպանության թեմայով գրված «Քուրդ Հասոյի շունը» պատմվածքս: Կարդաց առանց վարանելու: Կարդաց ու հավանեց:
- Մինչ օրս ցեղասպանության մասին գրված գործերից տարբերվում է իր նոր ասելիքով, շան ու թորքի նուրբ համադրությամբ: Հիանալի է նկարագրված գործողությունների ընթացքը: Կինոսցենարի համար հետաքրքիր նյութ է: Քիչ ծախսատար ֆիլմ նկարելու համար էլ՝ շատ հարմար,- պատմվածքս գրասեղանի դարակի մեջ տեղավորելով՝ ասաց նա: Թող մեղադրվեմ իմ անհամեստության համար, բայց այս գնահատականը կարծես ինձ յոթերորդ երկինք բարձրացրեց:
Հիմա, երբ չկա մեծ արվեստագետն ու հսկա տաղանդի տեր կինոբեմադրիչը, սիրտս ցավով ու ափսոսանքով է պատում, որ պատմվածքիս մասին արդեն իսկ ունեցած մտահղացումները տարավ իր հետ դեպի «վերին ոլորտները»…
…Մկրտչյան եղբայրների առասպելը հայկական արվեստի այն մնայուն արժեքներից է, որը գալիք սերունդներին հաղորդելու է մեր դասական մշակույթի անփոխարինելի մասունքների ավետաբեր փոթորկումները՝ իրենց խորիմաստ ու թախծոտ, երբեմն շարականների նմանվող խնկարկումներով: Մի՞թե այդպիսին չեն «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Ուրախ ավտոբուսը» եւ այլ ֆիլմեր, որոնք հավերժորեն կպահպանեն իրենց թարմությունն ու պահանջվածությունը, իսկ երիտասարդ արվեստագետներին կծառայեն որպես «հաց հանապազօրյա»…
aravot logo
ՍՊԱՐՏԱԿ ՄԱԹՈՍՅԱՆ
ՀՀ ժուռնալիստների միության անդամ
«Առավոտ» 06.04.2018 
http://www.aravot.am/2018/04/07/947512/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook