Մհեր Մկրտչյանը «վերադառնում» է:

Մհեր Մկրտչյանը «վերադառնում» էԴերասանի այրին՝ Թամար Հովհաննիսյանը հանրության սեփականությունը կդարձնի բազմաթիվ «փակ» էջեր: 

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը 17 տարի ԱՄՆ-ում բնակվելուց եւ ստեղծագործելուց հետո՝ 2013թ. ընդմիշտ վերադարձավ հայրենիք: Նա հայտարարեց, թե հայ հանդիսատեսին առաջին անգամ կներկայանա իր սցենարով ու ռեժիսուրայով բեմադրված «Վերջին կանգառը» պիեսով եւ առաջին անգամ գիրք-ալբոմի տեսքով անձնական արխիվից կներկայացնի ամուսնու՝ Մհեր Մկրտչյանի բեմական գործունեությանն առնչվող շուրջ 260 լուսանկար՝ ճշգրիտ ու անկեղծ մեկնաբանություններով:
Գիրք-ալբոմի շապիկըԱռաջին խոստումը դերասանուհին իրականացրեց 2014թ.՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, իսկ երկրորդը՝ «Չտեսնված Մհերը» գիրք-ալբոմը ընդամենը մեկ շաբաթից կներկայացվի հանրությանը:
«Առավոտի» հետ զրույցում Թամար Հովհաննիսյանը հայտնեց, որ գիրք-ալբոմը հրատարակել է «Անտարես» մեդիա հոլդինգը՝ Զավեն Բոյաջյանի խմբագրմամբ:
«Գիրք-ալբոմում լուսանկարները՝ իրենց մեկնաբանություններով, հրատարակվում են առաջին անգամ: 
Շուրջ 30 տարի ինձ հետ են եղել միայն: 

Դերասանն ու կոմպոզիտորը  Դրանք ներառում են Մհեր Մկրտչյանի կյանքի վերջին 12 տարին՝ 1980թ. սկզբից մինչեւ 1993-ի վերջին օրը, մի աստեղային շրջան, որ ապրեցինք, ստեղծագործեցինք ու շրջագայեցինք միասին: Այդ տարիներին Մհերն ինձ համար եւ բեմում, եւ կյանքում իմ Գիրքն էր, որ մինչ օրս էլ կարդում եմ: Չուզեցի եսասեր լինել այնքան, որ միակ ընթերցողը մնամ: Լուսանկարները ներկայացված են ժամանակագրական հաջորդականությամբ, որպեսզի ընթերցողին կարողանամ ինչ-որ չափով շարունակական պատկերացում տալ մեր համատեղ կյանքի ու բեմական ուղու մասին: 

Անրի Վեռնոյի առանձնատանը:Սա Մհերի կյանքն է, ու նաեւ իմը: Նաեւ իմ կյանքի աստեղային շրջանը, որ տարածվեց նախորդ եւ հաջորդ տարիներիս վրա: Եթե կլինեն մարդիկ, որ կնայեն ու չեն հավատա կամ չեն հավանի, իրենց գործն է: Եվ եթե կուզեն ինձ հանել նրա կենսագրությունից, իրեն իմ կենսագրությունից հանել չեն կարող…»,- հայտնեց տիկին Հովհաննիսյանը:


ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ 20.02.2015 
http://www.aravot.am/2015/02/21/544265/

Печать

«Մհերն ինձ գցել է իր սարդոստայնը, բայց չի վնասել իմ անհատականությանը»

Թամար ՀովհաննիսյանԴերասանուհի Թամար Հովհաննիսյանը՝ մկրտչյանական նախաձեռնությունների եւ իր չավարտված կարիերայի մասին:
1990-ականներին արվեստագետների մի մասը՝ հիմնականում միջին տարիքի կայացած դերասաններ, Հայաստանից արտագաղթեց ԱՄՆ: Նրանցից շատերն ամերիկաներում այլեւս չզբաղվեցին արվեստով, միայն քչերը հավատարիմ մնացին իրենց կոչմանը: Շուրջ 17 տարի ԱՄՆ-ում բնակվելուց հետո, արդեն տարիուկես է՝ հայրենիք է վերադարձել դերասանուհի Թամար Հովհաննիսյանը: Երեւան ոտք դնելու օրվանից հիմնական հարցը, որ տրվում էր դերասանուհուն նրա եւ ամուսնու՝ ճանաչված ու սիրված դերասան Մհեր Մկրտչյանի մասին այնքան իրարամերժ պատմությունների արդյունք էր, որոնք հյուսվել էին դերասանուհու շուրջ՝ ԱՄՆ-ում հայտնվելու օրվանից ի վեր: Թամար Հովհաննիսյանը խոսելով իր եւ Մհեր Մկրտչյանի մասին՝ մշտապես հերքել է, թե ինքը հեռացել է մեծ վարպետից վերջինիս համար կյանքի ամենադժվար պահին, այդ լուրերի հեղինակներին դասելով փողի, փառքի հետեւից վազողների, որոնց որեւէ բարոյական իրավունք տրված չէ այդկերպ վարվելու նրա կենսագրության հետ: 
Դերասանուհին տեղեկացրել էր նաեւ, թե ԱՄՆ-ից վերադարձել է «մկրտչյանական» բազում նյութերով, որոնք ցանկանում է կյանքի կոչել բեմադրությունների, գրքերի, ալբոմների տեսքով: Ըստ նրա, դրանք յուրօրինակ պատասխան կհանդիսանան բազմաթիվ, այդ թվում՝ անցանկալի խոսակցություններին: Ի միջիայլոց, մեր տեղեկություններով՝ վերջերս Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղխորհուրդը մերժել է Թամար Հովհաննիսյանի ներկայացրած պիեսը 
 «Առավոտը» հանդիպեց դերասանուհու հետ: Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է ընդունում այն իրականությունը, որ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո ինքը անտեսված է իբրեւ դերասանուհի եւ հիմնականում «ընկալվում» է որպես Մհեր Մկրտչյանի տիկին: Եվ սա այն դեպքում, երբ մինչ օրս մասնագետների եւ թատերասեր հասարակության հիշողության մեջ են Մայր թատրոնում նրա կերտած կերպարները՝ Գորկու «Հատակում», Վ. Պետրոսյանի «Ծանր է Հիպոկրատի գլխարկը», Ն. Զարյանի «Հացավան», Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում՝ Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը» եւ այլ ներկայացումներում: 
« Իմ մեջ դերասանուհին չի մարել ոչ մի վայրկյան: Ես չեմ վառվում բեմ բարձրանալու մոլուցքով, բայց երբ գա այն պահը, որ հանդիպեմ հերոսուհուս, որն ինձ «հրավառի», կդառնամ այդ կինը ու կբարձրանամ բեմ: Չեմ համարում, թե իմ կենսագրությունն ավարտված է»,- նշեց դերասանուհին: Հավելեց նաեւ, թե համակարծիք չէ այն մտքին, որ դերասան ծնվում են: Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, դերասանությունը փեշակ է: Տիկին Հովհաննիսյանը հիշեց նաեւ հանրահայտ դերասան Ջեք Նիկոլսոնի մի առիթով արտահայտած հետեւյալ միտքը, թե դերասանությունը վտանգավոր բիզնես է եւ այդ գործի մեջ կյանքդ ես դնում: Մանրամասնեց. «Ես անձնական կյանքս եմ դրել այդ գործի մեջ… Բայց նյութական ոչինչ ձեռք չեմ բերել»: Ռեպլիկին՝ ասում են, թե այսօր Մայր թատրոնի պրիմա դերասանուհի կլիներ Թամար Հովհաննիսյանը, եթե ժամանակին նրա կարիերային «չվնասեր» Մհեր Մկրտչյանը, դերասանուհին պատասխանեց. «Մհերի զորությունն ու ուժը կուլ տվեց ինձ: Մինչեւ հիմա հանգիստ ու դադար չունեմ, ինքը հիմա էլ ապրում է ու կա: Չնայած նա գցել է ինձ իր սարդոստայնը, այդուհանդերձ երբեք չի վնասել իմ անհատականությանը: Հակառակը՝ լրացրել է, ավելի կատարյալ դարձրել»: 
Դերասանուհին հիշեց ԱՄՆ-ում բազմաթիվ ձեռնարկներից նաեւ անգլերենով իրականացրած սարոյանական երկու բեմադրությունները, նշելով, որ դա իր «գոլերից» մեկն է, որ խփել է: Հայտնեց, որ աշնանը կհրատարակվի իր «Չտեսնված Մհերը» եռալեզու գիրք-ալբոմը, որտեղ ներկայացված 262 անտիպ լուսանկարներն իրենց մակագրություններով, ժամանակագրական հերթականությամբ «պատմում» են իրենց համատեղ կյանքի մասին, որի անբաժան մասն են կազմել թատրոնը, հյուրախաղերը… Հետո արդեն տպագրության կհանձնի «Իմ գիրքը» ինքնակենսագրականը եւ այլն:
Ինչ վերաբերում է Մայր թատրոնի գեղխորհրդի կողմից իր պիեսի մերժմանը, տիկին Հովհաննիսյանը շրջանցելով հարցը, ասաց, որ շուտով Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կսկսի իր «Վերջին կանգառը» պիեսի բեմադրության փորձերը, որը հանդիսատեսին կներկայացնի աշնան վերջին: Դիտարկմանը՝ վերջին կանգառը Թամար Հովհաննիսյանի համար հավանաբար Հայաստանն է, դերասանուհին պատասխանեց Պոլ Գոգենի խոսքերով, ով աշխարհը թափառել ու հեռվից տեսնելով Թայիթի կղզին, ասել էր. «Ես պատկանում եմ այս տեղին»: Նշեց, որ իր համար վերջին կանգառն, իհարկե, Հայաստանն է, ասաց նաեւ, որ անհեթեթ ու անիմաստ է համարում հաճախ հնչող հարցը՝ ո՞րն է լավ երկիր՝ Ամերիկա՞ն, թե՞ Հայաստանը. «Լավ է այնտեղ, որտեղ դու լավ ես զգում եւ որտեղին պատկանում ես…»: 

aravot-logoՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ 26.08.2014 
http://www.aravot.am/2014/08/27/491362/

ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԴՐՍՈՒՄ ՈՒ ՆԵՐՍՈՒՄ

Երեկ Մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Ռոլանդ Շառոյանն ասուլիս էր հրավիրել Գերմանիայում հայկական մշակութային օրերի (սեպտեմբերի 3-հոկտեմբերի 16) անցկացման կապակցությամբ։
… Ասուլիսի թեման դանդաղորեն շեղվեց. «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը Արմեն Մազմանյանին հարց ուղղեց «Մհեր Մկրտչյան» թատերատան մասին, որի շուրջ դարձյալ աղմուկ է բարձրանում։
 Նախարարի ընդունարանում Ասուլիսից հետո նախարարի ընդունարանում լրագրողները պատահաբար բռնացրին Ալբերտ Մկրտչյանին, որը ուզում է տնօրինել «Մհեր Մկրտչյան» թատերատանը, քանի որ ինքը ավելի լավ գիտի՝ ինչպիսին կուզեր թատերատունը տեսնել իր եղբայրը։ Ալբերտ Մկրտչյանը խեթ հայացքով կողքից լսում էր Արմեն Մազմանյանի բարձրաձայն հարցազրույցը։ Իսկ երբ նա դիմեց Ա. Մազմանյանին՝ «մի րոպե, հա՞…», վերջինս առանց շրջվելու դուրս եկավ ընդունարանից։ Դիմեցինք Ալբերտ Մկրտչյանին.
– Ես առհասարակ չեմ խոսում այդ թատրոնի մասին, որովհետեւ ես չեմ ուզում Մհեր Մկրտչյան անունը, որ արդեն 5 տարի շահարկվում է, իջեցնել կենցաղային մակարդակի։ Տգեղ են բոլոր տեսակի արտահայտությունները։ Արմեն Մազմանյանը բացարձակապես կապ չունի Մհեր Մկրտչյանի հետ։ Մհեր Մկրտչյանը անգամ նրան չի էլ ճանաչել։ Սա ուղղակի միջակ մարդու ճարպկության հետեւանք է։ Այսօր էլ չեմ խոսի, մինչեւ այդ հարցը վերջնական լուծում չստանա։ 5 տարի ես լռել եմ, որպեսզի չպատասխանեմ բոլոր հոդվածներին, հարցազրույցներին, որպեսզի Մհեր Մկրտչյանի անունը չիջեցնեմ՝ էլեմենտար, պարզ եւ անհեթեթ խոսակցությունների մեջ։ Այդ անունը շատ թանկ է ինձ համար։ Իմ խնդիրն է՝ թատրոնն ապրեցնել այնպես, ինչպես Մհեր Մկրտչյանն էր ուզում, եւ նրա վառ հիշատակը պահել, շարունակել, որպես իր հարազատ եղբայր, որպես իր արվեստի համախոհ։ Մենք մեր ամբողջ կյանքում իրար հետ աշխատել ենք եւ իրար հետ ապրել ենք։ Ինձանից բացի ոչ ոք չի կարող իմանալ՝ ինչ էր ուզում Մհեր Մկրտչյանը, արվեստի ինչ տեսակ էր ուզում։ Այդ թատրոնը, որ ինքը 6-7 տարի, հրաժարվելով բոլոր ֆիլմերում նկարահանվելուց, մատներով կառուցեց, իր քրտինքով, հիմա անկապ մարդիկ որոշել են իր անունից հարցազրույցներ տալ։ Չափից դուրս մեծ բան են վերցնում իրենց վրա, երբ «Հայաստանի հանրապետություն» թերթում կարդում եմ «Մեզանից է կախված Մհեր Մկրտչյանի վաղվա օրը» հոդվածը։ Պատկերացնո՞ւմ եք՝ Մհեր Մկրտչյանի վաղվա օրը կախված է այս մարդկանցից, երբ որ Մհեր Մկրտչյանը ոչ մեկի կարիքը չունի։ Նախարարի ընդունարանից դուրս կանգնած՝ Արմեն Մազմանյանը զրուցում էր նույն հարցի շուրջ։
– Ալբերտ Մկրտչյանն ասում է, որ դուք ոչ մի կապ չունեք Մհեր Մկրտչյանի հետ եւ ծանոթ էլ չեք եղել,- դիմում եմ Ա. Մազմանյանին։
– Հա՞, եթե գալիս է կուլուարները բացելու պահը, ապա փաստն այսպիսին է. Ալբերտ Մկրտչյանը Մհեր Մկրտչյանի հետ անձնական շատ բարդ հարաբերություններում է եղել։ Եթե հարցը գալիս է նրան, որ ինքը Մհեր Մկրտչյանի ընտանեկան ժառանգորդն է, ասենք՝ պապան մեռավ, տղուն թողեց սեփական տուն… Դա սեփական տուն չի, ինքը, ավելի լավ է, թող զբաղվի էն հարցով, թե ով է եկամուտ ունենում արաղի «Մհեր Մկրտչյան» էտիկետկեքից։ Ա՛յ, եղբայրը թող զբաղվի էդ հարցով։ Երբ որ 3 տարի, ուղղակի բենզինի շշերով դերասաններս շենքում նստած էդ շենքը չենք տվել… Ասում ենք՝ էդ շենքը ապրի, ինչպես ինքը՝ վարպետն էր ուզում, ապա էդ շենքում «Գոյ» թատրոն-լաբորատորիան դեռ չի հասցրել իր սեփական ռեպերտուարը տեղափոխել։ Վարպետը ասում էր. «Ես ուզում եմ լինի մի դաշտ, որ տարբեր շնորհալի մարդիկ գան այդտեղ բեմադրեն, խաղան»։ Ես վարպետի պատգամը կատարել եմ՝ «Խաթաբալադա», Լեւոն Իվանյանի «12 տարի անց», Համլետ Հովհաննիսյանի «Արտալռությունը»… Դրա հետ զուգահեռաբար հասցրել ենք վերանորոգել ավերվող այդ շենքը եւ բենզինի շշերով կարողացել ենք պահպանել, որ չդառնա կազինո կամ բանկ։ Երբ որ դա անցել-վերջացել է, հիմա ուզում են գալ, վայելել՝ տիրոջ իրավունքով։ Մեր մեծերը թող վերցնեն պաշտոնները, ուրախ եմ՝ թող ուտեն, թող վերցնեն կոչումները՝ թող ուտեն, բայց որտեղ կան իմ ու իմ ընկերների նման գժեր, որոնք պետությունից համարյա ոչինչ չստանալով 10 տարի արվեստ են ստեղծում, գալ ու փորձել մեզ հետ ճակատ տալ՝ թող տան… ուրեմն դա կլինի իրենց վերջին օրը։ Գյումրեցի Ալբերտ Մկրտչյանը խի՞ է թողնում Գյումրիի պետական թատրոնը, որեւէ մեկը փորձե՞ց ճշտել՝ Գյումրիի պետական թատրոնի շաբաթվա երեք օրվա վարձակալության եկամուտը ո՞ւր է գնացել, դերասաններին ինչո՞ւ չի հասել… Թող ճշտեն, Գյումրին չի իմ խնդիրը, իմ խնդիրը Երեւանն է, իմ թատրոնը, «Մհեր Մկրտչյան» թատերատունը։ Ու ամեն անգամ Երեւանում իմ անունը դուրս է եկել էն վայրկյանին, երբ որ պարզվել է, որ որեւէ մշակութային օբյեկտ «պրեխվատիզացիայի» է ենթարկված։ Պրեխվատը արել եմ ես ու թողել եմ արվեստի տակ։ Վա՞տ եմ արել։
– Բայց Ալբերտ Մկրտչյանն ասում է, որ քաղաքապետի հրամանով այդ թատերատան տնօրեն է արդեն նշանակվել։
– Այո, փակ բաժնետիրական ընկերության տնօրեն։ Ի՞նչ կնշանակի՝ փակ բաժնետիրական ընկերություն. 30 %-ը պետությանը, 70 %-ը՝ ո՞ւմ… Մենք երկու տարի դիմել ենք պետությանը՝ պահանջելով, որ «Մհեր Մկրտչյան» թատերատունը անվանակոչվի «Մհեր Մկրտչյան» թատերատուն, մտցվի չսեփականացվող շենքերի ցուցակ։ Դուք հասկանո՞ւմ եք, որ փակ բաժնետիրականներով Երեւանի թատրոնները նույն բախտն են ունենալու, ինչ գրադարանները, գրախանութները եւ կինոթատրոնները։ Փակ բաժնետիրական նշանակում է՝ 30% պետությանը՝ ի դեմս քաղաքապետարանի կամ կառավարության, իսկ ո՞ւմն է 60-65%-ը։ Եվ հետո, այդ 65%-ի տերը թողնելո՞ւ է այդ շենքը մնա թատրոն։ Հաստատապես եմ ասում՝ չէ։ Մի օր էլ ասելու է՝ «Կներեք, ադիկա եկամտաբեր չէ» եւ փոխելու է…
Ռ. Շառոյանի աշխատասենյակում ասուլիսի պասիվությանն ու միապաղաղությանը հակադրվեց ընդունարանի շիկացած մթնոլորտը։ Մի քանի իշխանությունների, մի քանի նախարարների միջով, արդեն 5 տարի այս հարցը ձգվում է եւ լուծում չի կարողանում գտնել, ու հայտնի չէ, թե այս հարցը դեռ ինչի կվերաճի։

aravot-logoՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Սեպտեմբեր 12 1998 (կրճատված)
http://www.aravot.am/1998/09/12/783535/



КАРТА САЙТА | КОНТАКТЫ | ПАРТНЕРЫ  | СТАТИСТИКА
Каталог Yerevan-city.com

г. Гюмри 2011 - 2017 © Сайт памяти Мгера (Фрунзика) Мкртчяна
При использовании любой информации с сайта, прямая гиперссылка на www.frunzik.com строго обязательна.

Powered by Warp Theme Framework