Армен Шекоян

ՄԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

frunzik nersisyan
Երբ Շողիկ մայրիկը խաշլաման բերեց, մենք արդեն լավ քաղցած էինք:
– Տաք-տաք կերեք. չթողեք սառի, Ֆրո՛ւնզ ջան,- ասաց Շողիկ մայրիկը:
– Խանգարում ես, Շողի՛կ,- գոռաց Ներսիսյանը.- տեսնում ես՝ խոսում ենք:
– Ձայնազուրկ ե՞նք,- նեղացավ Շողիկ մայրիկը:
– Իզուր ես Մհերին շողոքորթում,- ասաց Ներսիսյանը:
– Ի՞նչ Մհեր,- զարմացավ Շողիկ մայրիկը:
– Ֆրունզի իմաստով ա ասում,- բացատրեց Շերենցը:
– Ֆրունզի իմաստով ի՞նչ ա ասում,- հարցրեց Շողիկ մայրիկը:
– Ասում եմ՝ իզո՛ւր ես իրեն շողոքորթում. միեւնույն է՝ մանրը չի պահանջելու,- ասաց Ներսիսյանը:
– Ի՞նչ մանր,- զարմացավ Շողիկ մայրիկը:
– Էն տասանոցի զդաչին,- ասաց Ներսիսյանը:
– Էն տասանոցից զդաչի ա՞ մնացել, որ պահանջի կամ չպահանջի: Համ էլ՝ ես ու Ֆրունզն իրար լավ ենք հասկանում. ոչ մի անգամ չի էղել, որ ես ու Ֆրունզն իրար չհասկանանք,- ասաց Շողիկ մայրիկը:
– Ժե՛նշինա,- անսպասելի գոռաց Ներսիսյանը:
– Ի՞նչ,- հարցրեց Շողիկ մայրիկը:
– Ոչինչ,- ասաց Ներսիսյանը:
– Օղորմածիկ հերդ ինձ շատ լավ էր վերաբերվում,- ասաց Շողիկ մայրիկը:
– Դու բացառություն չես,- ասաց Ներսիսյանը:
– Ի՞նչ,- հարցրեց Շողիկ մայրիկը:
– Ասում եմ՝ լուսահոգին բոլորի՛ն էր լավ վերաբերվում,- ասաց Ներսիսյանը:
– Իմ ասածն ես հաստատում,- ասաց Շողիկ մայրիկը.- ասում եմ՝ հեչ հորդ չես քաշել: Արտաքինով, ճիշտ ա, իրան շատ նման ես, բայց խասյաթով շատ ես տարբեր:
– Ճիշտ ես ասում,- ասաց Ներսիսյանը.- ես չեմ կարողանում բոլորին լավ վերաբերվել:
– Շատ իզուր,- ասաց Շողիկ մայրիկը:
– Ժե՛նշինա,- գոռաց Ներսիսյանը:
– Ի՞նչ,- հարցրեց Շողիկ մայրիկը:
– Շագոմ մա՛րշ,- գոռաց Ներսիսյանը:
– Կծա՛ն,- ճչաց Շողիկ մայրիկն ու նեղացած գնաց:
– Իզուր ես ջղայնանում, Լեւոն ջան,- ասաց Շերենցը:
– Ոչ թե ջղայնանում եմ, այլ պրոֆիլակտիկ միջոցառում եմ անցկացնում,- ասաց Ներսիսյանը.- ժամանակ առ ժամանակ այդ կնոջը պետք է հասկացնենք, որ հավ չենք. մի քիչ մենք է՛լ ենք թվաբանություն հասկանում:
– Լեւոնը ճիշտ ա ասում,- ասաց Ֆրունզիկը:
– Լեւոնը ճիշտ ա ասում, բայց էդ կնկան միշտ դո՛ւ ես էրես տալի,- ասաց Շերենցը:
– Էդ էլ մե՛ր թերությունն ա,- ասաց Ֆրունզիկը:
– Վերադառնանք մեր կենացին,- ասաց Ներսիսյանը.- ես այսօր ուզում եմ ոչ թե Մհերի թերություններից խոսենք, այլ, ընդհակառակը, առավելություններից:
– Ֆրունզը ոտից գլուխ առավելություն ա,- ասաց Շերենցը:
– Մանավանդ քիթս,- ծիծաղեց Ֆրունզիկը:
– Այսօր Մհերը մեզ ճշմարիտ ընկերության իսկական դաս տվեց,- ասաց Ներսիսյանը.- ընդորում՝ միանգամայն բաց դաս:
– Լեւոն ջան, շատ ես ուռացնում,- ասաց Ֆրունզիկը.- ընդամենը մի հատ զանգել եմ:
– Շատ հնարավոր է, որ քո այդ մի զանգով որոշվի Շերենցի թոռնիկի ճակատագիրը,- ասաց Ներսիսյանը:
- Շատ հնարավոր է, որ առանց քո զանգի՝ դասախոս հորջորջվող այդ գիշատիչները երեխային կտրեին:
 – Լեւոնը ճիշտ ա ասում,- ասաց Շերենցը:
– Կենա՛ցդ, Մհե՛ր,- ասաց Ներսիսյանը:- Ցանկանում եմ, որ ցանածդ բարի սերմերի պտուղները լիուլի վայելես:
– Կենացդ, Ֆրո՛ւնզ ջան,- ասաց Շերենցը:- Փաստորեն, էսօր թոռանս հաշվին մի հատ ավել բարի սերմ ցանեցիր:
– Բարի սերմ ասելով՝ նաեւ Մհերի արվեստը նկատի ունեմ,- ասաց Ներսիսյանը:
– Ձեր կենացը,- բաժակս Ֆրունզի բաժակին խփելով՝ ասացի ես: Ես Ֆրունզիկին ո՛չ Ֆրունզիկ կարող էի ասել, ո՛չ Մհեր եւ ոչ էլ արդեն Ֆրունզիկ ձյաձյա՝ ինչպես տարիներ առաջ հորս արհեստանոցում էի ասել:
– Մհերի արվեստն ուղնուծուծով բարություն է,- ասաց Ներսիսյանը:
– Հորիցդ շատ բան եմ սովորել, Լեւոն ջան,- ասաց Ֆրունզիկը:- Փափազն ասում էր, որ ես Հրաչյա Ներսիսյանի շկոլայի դերասան եմ:
– Փափազն անհեթեթություն է ասել,- ասաց Ներսիսյանը, հետո մի քիչ մտածեց, ավելացրեց.- դու տեղով մեկ շկոլա ես:
– Մերսի՛, տղե՛րք ջան,- իր բաժակը մեր բաժակներին խփելով՝ ասաց Ֆրունզիկը.- ես էլ ձե՛ր կենացն եմ խմում: Վաղը որ Շերենցի թոռը վերջնական ընդունվի՝ արդեն մարդավարի կնշենք: – Հըլը վերջնական չի, հա՞,- խեղճացավ Շերենցը:
– Կարծում եմ՝ թոռնիկիդ հարցն արդեն կարելի է վերջնականապես լուծված համարել,- ասաց Ներսիսյանը:- Մհերին Դեմիրճյանն անգամ չէր մերժի:
– Դերենի՛կ Դեմիրճյանը՞,- ժպտաց Շերենցը:
– Կարեն Սերոբի Դեմիրճյանը,- ասաց Ներսիսյանը:- Այդ ռեկտոր կոչեցյալը քանի՞ գլուխ ունի, որ Մհերի զանգից հետո երեխային կտրեն:
– Կտրեցին՝ կտրեցին. իրանց շատ չկա,- ասաց Շերենցը:
– Դա լինելու բան չէ,- ասաց Ներսիսյանը:
– Բա դու ո՞նց ես կտրել, Լեւո՛ն ջան,- հարցրեց Շերենցը:
– Ես ո՞ւմ եմ կտրել,- զարմացավ Ներսիսյանը:
– Հենց նոր չէիր ասո՞ւմ, որ մի հատ սիրուն աղջկա կտրել ես,- ասաց Շերենցը:
– Չի կարող պատահել,- ասաց Ֆրունզիկը.- ես հազար հոգուց լսել եմ, որ Լեւոնը կյանքում մի հատիկ ուսանող կտրած չկա:
– Դու իրանից լավ գիտե՞ս, ա՛յ Ֆրունզ,- ասաց Շերենցը.- հենց նոր ինքը չասե՞ց, որ մի հատ սիրուն աղջկա կտրել ա:
– Ճիշտ ա՞ ասում, Լեւո՛ն,- հարցրեց Ֆրունզիկը:
– Ցավոք սրտի, այդպիսի մի դեպք եղել է,- ասաց Ներսիսյանը:- Այդ սիրունատես օրիորդը, փաստորեն, ցավալի բացառություն էր իմ կյանքում:
– Որ ասում էի՞,- ասաց Շերենցը:- Բա էդ սիրուն աղջիկը մեղք չէ՞ր, ա՛յ Լեւոն:
– Ես ավելի՛ մեղք էի,- ասաց Ներսիսյանը.- հազար ու մի լրացուցիչ հարցեր տվեցի, բայց այդ անխիղճը չկարողացավ որեւէ հարցիս պատասխանել:
– Գրականությունից էի՞ր հարցեր տալի,- հարցրեց Շերենցը:
– Ո՛չ միայն գրականությունից,- ասաց Ներսիսյանը:
– Ախր քո առարկան շատ բարդ ա, Լեւոն ջան,- ասաց Ֆրունզիկը.- էդ արտասահմանյան գրականության մեջ ինչ ասես մտնում ա:
– Տվյալ քննությունն անտիկ գրականությունից էր,- ասաց Ներսիսյանը:
– Էդ անտիկն ավելի բարդ կըլնի,- ասաց Շերենցը:
– Այդ չարաբաստիկ օրիորդին պարզագույն հարցեր տվեցի,- ասաց Ներսիսյանը:
– Օրինակ՝ ի՞նչ հարց տվիր,- հարցրեց Շերենցը:
– Հարցերը ո՞նց կհիշի,- ասաց Ֆրունզիկը:
– Շատ լավ եմ հիշում,- ասաց Ներսիսյանը.- ինչպե՞ս կարող եմ մոռանալ, եթե դա իմ կյանքում միակ դեպքն է, երբ որեւէ մեկին «անբավարար» եմ նշանակել:
– Անբավարարն էրկուսն ա, չէ՞,- հարցրեց Շերենցը:
– Լեւոնի ձեռն ընկնեիր, վայ թե քեզ էլ «անբավարար» նշանակեր,- ասաց Ֆրունզիկը:
– Ոչ մի համեմատություն,- ասաց Ներսիսյանը.- այդ օրիորդն աներեւակայելի անգրագետ էր:
– Այսինքն, ես գրագետ ե՞մ,- ժպտաց Շերենցը:
– Դու տաղանդավոր մարդ ես,- ասաց Ներսիսյանը:
– Տաղանդավորը հանճարեղը չի, չէ՞, Ֆրունզ,- հարցրեց Շերենցը:
– Հորոխպոր տղերք են,- ասաց Ֆրունզիկը:
– Լեւոն ջան, էդ խեղճ աղջկան հեչ ի՞նչ հարց տվիր,- հարցրեց Շերենցը:
– Աշխարհի ամենահեշտ հարցերը,- ասաց Ներսիսյանը:
– Օրինակ,- ասաց Շերենցը: – Երբ այդ օրիորդը տոմս քաշեց եւ, իհարկե, տոմսի հարցերից որեւէ մեկի վերաբերյալ որեւէ ծպտուն չհանեց, ես սկսեցի լրացուցիչ հարցեր տալ:
– Ի՞նչ լրացուցիչ հարցեր,- հարցրեց Շերենցը:
– Ամենահեշտ հարցերը,- ասաց Ներսիսյանը.- օրինակ, Անակրեոնի մասին հարցրի՝ էլի ծպտուն չհանեց:
– Էդ Անակրեոնն ի՞նչ ա,- հարցրեց Շերենցը:
– Ասում եմ, չէ՞. Լեւոնի մոտ դու էլ մի հատ չաղլիկ «էրկուս» կշալակեիր,- ասաց Ֆրունզիկը:
– Հետո Հոմերոսի մասին հարցրի, բայց այդ օրիորդին Հոմերոսի անունն էլ որեւէ բան չէր ասում,- ասաց Ներսիսյանը:
– Հոմերոսի անունը քեզ բան ասում ա՞,- Շերենցին հարցրեց Ֆրունզիկը:
– Էդքան էլ անգրագետ չենք,- ասաց Շերենցը.- Հոմերոսն էն կույր գրողը չի՞:
– Մալադե՛ց, Շերե՛նց. դու քո «բավարարը» փաստորեն ստացար,- ծիծաղեց Ֆրունզիկը:
– Մնաց դո՛ւ ստանաս,- ասաց Շերենցը:- Հետո՞, Լեւոն. էդ խեղճ աղջկան էլի հարցեր տվի՞ր:
– Իհա՛րկե: Ինձանից կախված ամեն ինչ անում էի, որ այդ օրիորդին գոնե մի քոսոտ «բավարար» նշանակեմ: Ստիպված սկսեցի արտածրագրային հարցեր տալ:
– Ի՞նչ արտածրագրային հարցեր,- հարցրեց Շերենցը:
– Այդ չարաբաստիկ քննությունը, լավ եմ հիշում, յոթանասուն թվականի հունվարին էր, եւ դրանից ընդամենը մի քանի ամիս առաջ ամերիկացիք Լուսին էին լռել:
– Հա,- ասաց Շերենցը.- փաստորեն, ամերիկացիք մերոնցից առաջ ընկան: Հետո՞, Լեւոն ջան: – Երբ տեսա, որ այդ օրիորդն ամենատարրական հարցերիս չի կարողանում պատասխանել, մտածեցի՝ միգուցե Լուսին թռած այդ ամերիկացու անունը կիմանա. չէ՞ որ՝ այդ շրջանում բոլոր թերթերն այդ ամերիկացու անունն էին հոլովում, ավելի ճիշտ՝ ազգանունը: Մտածեցի՝ հնարավոր չէ, որ այդ օրիորդն այդ ամերիկացու ազգանունը լսած չլինի:
– Էդ ամերիկացու անունը լսել է՞ր,- հարցրեց Շերենցը:
– Իհարկե՝ ոչ,- ասաց Ներսիսյանը:- Այդ օրիորդն ամբողջ քննության ընթացքում ձկան պես լուռ էր: Անմեղ ու ապուշ հայացքով աչքերիս մեջ էր նայում, ու դրանից ավելի էի չարանում:
– Իզուր էլ չարանում էիր,- ասաց Շերենցը:
– Դու որ իմ տեղը լինեիր, երեւի ավելի չարանայիր,- ասաց Ներսիսյանը:
– Ինքը քո տեղը չէր կարա ըլներ,- ասաց Ֆրունզիկը.- ինքն ավելի շուտ էդ օրիորդի տեղը կարար ըլներ:
– Այսինքն՝ ո՞նց,- զարմացավ Շերենցը:
– Ուզում եմ ասեմ՝ դու էլ երեւի էդ Լուսին թռածի ազգանունը չգիտես,- ասաց Ֆրունզիկը: – Թոռանս հարցը որ չըլներ, պատասխանդ կտայի, Ֆրո՛ւնզ տղա,- նեղացած ասաց Շերենցը: – Ուզում ես ասես՝ էդ Լուսին թռածի ազգանունը գիտե՞ս,- հարցրեց Ֆրունզիկը:
– Ես հանրագիտարան չեմ, որ էդ բաներն իմանամ,- նեղսրտեց Շերենցը:
– Մենք որ գիտենք, ուրեմն հանրագիտարան ե՞նք,- ասաց Ֆրունզիկը:
– Ուզում ես ասես՝ դու գիտես, հա՞, էդ Լուսին թռածի ազգանունը,- ասաց Շերենցը:
– Դրա էղածն ի՞նչ ա, որ չիմանամ,- ծիծաղեց Ֆրունզիկը:
– Դե որ գիտես՝ ասա՛ էդ մարդու ազգանունը,- ասաց Շերենցը:
– Արմսթրոնգ,- հանգիստ ասաց Ֆրունզիկը:
– Ճիշտ ա՞ ասում, Լեւո՛ն,- հարցրեց Շերենցը:
– Անտարակույս,- ասաց Ներսիսյանը:
– Մալադե՛ց, Ֆրո՛ւնզ,- ասաց Շերենցը: - Օղորմածիկ Փափազը մի անգամ ասեց, որ իսկական դերասանը շատ մեծ գիտելիքներ պիտի ունենա:
– Փափազն էդ բանը որտե՞ղ ասեց,- հարցրեց Ֆրունզիկը:
– Լեննական,- ասաց Շերենցը:- Փաստորեն, ինքը ճիշտ էր ասում:
– Արմսթրոնգին իմանալու համար առանձնապես գիտելիք հարկավոր չէ,- ասաց Ներսիսյանը.- ընդամենը տարրական հիշողություն է հարկավոր:
– Է՜, Լեւոն ջան, հիշողություն ա՞ մնացել,- հոգոց հանեց Շերենցը:
– Բա էդ օրիորդի հիշողությա՞նն ինչ էր էղել. ինքն էլ հո Շերենցի տարիքին չէ՞ր,- ասաց Ֆրունզիկը:
– Քսան տարեկան հազիվ լիներ,- ասաց Ներսիսյանը:- Ավարտե՞մ պատմությունս, թե՞ արդեն ձանձրացաք:
– Քու խոսալուց ձանձրանալ կըլնի՞, ա՛յ Լեւոն,- ասաց Շերենցը:
– Լեւո՛ն, էդ աղջկան էլի հարցեր տվի՞ր,- հարցրեց Ֆրունզիկը:
– Որ այդ օրիորդն Արմսթրոնգի անունն էլ չիմացավ, մտածեցի՝ հուշող հարց տամ, գործը հեշտացնեմ,- ասաց Ներսիսյանը:
– Ի՞նչ հուշող հարց տվիր,- հարցրեց Ֆրունզիկը:
 Մտածեցի՝ հագած-կապած, ժամանակակից օրիորդ է. եթե այդ լուսնագնաց Արմսթրոնգին չիմացավ, գոնե նրա աշխարհահռչակ անվանակցի՝ Լուի Արմսթրոնգի մասին լսած կլինի:
– Էն տրուբաչը՞,- հարցրեց Ֆրունզիկը:
– Այո՛,- ասաց Ներսիսյանը.- հանճարեղ շեփորահար ու երգիչ Լուի Արմսթրոնգին նկատի ունեի: Մտածեցի՝ գոնե նրա անունը լսած կլինի:
– Լուի Արմսթրոնգի անունը կարող ա նույնիսկ Շերենցը լսած ըլնի,- ասաց Ֆրունզիկը:
– Էդ էն նեգրը չի՞,- ոգեւորվեց Շերենցը:
– Այո՛, սեւամորթ է,- ասաց Ներսիսյանը:
– Թոռս դրա պլաստինկեն ունի,- ասաց Շերենցը:- Առավոտից իրիկուն էդ նեգրի երգերն էր քոքում, փոխանակ էդ անտեր թելադրությունը պարապեր ու ինձ էլ Ֆրունզի լավության տակ չդներ:
– Չես ամաչո՞ւմ, ա՛յ Շերենց,- ասաց Ֆրունզիկը.- հազար տարվա ընկեր ենք, լավության տակ դնելը ո՞րն ա:
– Մի ժամ էլ չկա լավություն ես արել, արդեն հետս ձեռ առնելով ես խոսում,- նեղսրտեց Շերենցը: – Հանաքն ու ձեռ առնելն իրարից չես ջոկո՞ւմ,- ասաց Ֆրունզիկը:- Որ նեղանում ես, էլ հետդ հանաք չեմ անի:
– Երեւի սխալ եմ հասկացել,- ասաց Շերենցը:- Երեւի որ լավություն արիր ու էդ դիրեկտորին զանգեցիր, դրա համար ա հանաքդ ձեռ առնել թվում:
– Կարող ա՞ առաջին անգամ եմ քեզ լավություն անում,- ծիծաղեց Ֆրունզիկը:
– Հազար անգամ լավություն ես արել, բայց էդ չի նշանակում, որ հիմի պիտի էրեսով տաս,- ասաց Շերենցը:- Համ ասում ես՝ հազար տարվա ընկեր ենք, համ էլ լավություններդ էրեսով ես տալի:
– Դե լավ. էլ ո՛չ էրեսով կտամ, ո՛չ էլ՝ հետդ հանաք կանեմ,- նեղացավ Ֆրունզիկը:
– Իզուր ես նեղանում, Ֆրո՛ւնզ ջան,- ասաց Շերենցը:- Մեծ մարդ եմ. կարող ա մի էրկու բառ էլ սխալ կամ ավել ասեմ:
– Հետո՞, Լեւո՛ն,- հարցրեց Ֆրունզիկը:- Ասում ես՝ էդ աղջիկը Լուի Արմսթրոնգին էլ տեղը չբերե՞ց:
– Թողնո՞ւմ եք, որ պատմությունս ավարտեմ,- նեղսրտեց Ներսիսյանը:- Եթե հետաքրքիր չի՝ չշարունակեմ:
– Շատ հետաքրքիր ա, Լեւո՛ն ջան,- ասաց Շերենցը:- Ասում ես՝ էդ խեղճ աղջիկն էդ նեգրին էլ չճանաչե՞ց:
– Իհա՛րկե չճանաչեց: Երբ իրեն հարցրի, թե ո՞վ է աշխարհի ամենահռչակավոր ջազմենն ու շեփորահարը, այդ տհաս օրիորդը հաղթական ժպտաց, ասել է թե՝ այդ հարցին արդեն կպատասխանեմ:
– Հետո՞,- հարցրեց Շերենցը:
– Հաղթական նայեց ինձ ու ուրախացած ճչաց. «Գուրգեն Միսակյա՜նը»:
– Գուրգեն Միսակյա՞նն ով ա,- զարմացավ Ֆրունզիկը:
– Ես է՛լ այդ դատարկամիտ օրիորդին այդ հարցը տվեցի, եւ նա ասաց՝ «հորոխպորս տղեն ա», եւ երբ հարցրի, թե իր հորեղբոր որդին ո՞վ է, այդ չարաբաստիկ օրիորդը նայեց աչքերիս մեջ ու շատ հանգիստ ասաց. «Օրբելյանի արկեստրի տրուբաչն ա, ընկե՛ր Ներսիսյան»:
– Ա՜յ քեզ խայտառակությո՛ւն,- ասաց Ֆրունզիկը:- Հետո՞:
– Ես ականջներիս չհավատացի եւ այդ օրիորդին հարցրի՝ «մի՞թե ձեր հորեղբոր որդին այդքան նշանավոր շեփորահար է»:
– Ի՞նչ ասեց,- հարցրեց Շերենցը:
– Լկտիաբար ժպտաց ու ասաց. «Հա՛, ընկե՛ր Ներսիսյան. սաղ Էրեւանն իրան ճանաչում ա»:
– Բա դո՞ւ ինչ ասիր, ա՛յ Լեւոն,- հարցրեց Շերենցը:
– Ի՞նչ պիտի ասեի,- ասաց Ներսիսյանը:- Մի պահ կարկամեցի ու հետո անկախ ինձանից աղաղակեցի՝ «դո՛ւրս կորե՜ք»:
– Գոռացի՞ր վրեն,- հարցրեց Շերենցը:
– Անկախ ինձանից ստացվեց: Աղաղակիս վրա մյուս լսարաններից մարդիկ դուրս թռան միջանցք,- ասաց Ներսիսյանը:
– Խե՜ղճ աղջիկ,- ասաց Շերենցը:- Փաստորեն, խայտառակ ես արել:
– Լեւոնը, փաստորեն, իրանից կախված ամեն ինչ արել ա, որ էդ անխելք աղջիկը չկտրվի,- ասաց Ֆրունզիկը:
– Այո,- ասաց Ներսիսյանը.- ավելին անկարող էի անել:
– Հետո՞, Լեւո՛ն. ասում ես՝ էդ խեղճին կտրեցի՞ր,- հարցրեց Շերենցը:
– Լավ խեղճ գտար,- ասաց Ֆրունզիկը:
– Խեղճ չի, բա ի՞նչ ա. Լեւոնը փաստորեն սաղ կյանքում մենակ էդ աղջկան ա կտրել,- ասաց Շերենցը:
– Այո՛. ուրիշ դեպք չեմ հիշում,- ասաց Ներսիսյանը:
– Հետո՞, Լեւոն. էդ խեղճ աղջկան որ կտրեցիր, ըտենց կտրված էլ մնա՞ց,- հարցրեց Շերենցը: – Ընդամենը մի գիշեր կտրված մնաց,- ասաց Ներսիսյանը:- Ամբողջ ամբիոնն իրար էր խառնվել. բոլորն ապշել էին, որ ես ուսանող եմ կտրել:
– Հետո՞. էդ խեղճ աղջկա վերջն ի՞նչ էղավ,- հարցրեց Շերենցը:
– Խեղճը Լեւոնն ա, որ ստիպված կտրել ա էդ անգրագետին,- ասաց Ֆրունզիկը:
– Իզուր ես ըտենց ասում, Ֆրունզ ջան,- ասաց Շերենցը.- էդ անգրագետների մեջ էլ կարգին մարդիկ կան:
– Հետո՞, Լեւոն,- հարցրեց Ֆրունզիկը.- որ կտրեցիր, էդ աղջիկը համալսարանից դուրս մնա՞ց:
– Ի՞նչ դուրս մնալ,- զարմացավ Ներսիսյանը:- Էդ գիշեր աչք չկպցրի. ոչ մի կերպ չկարողացա քնել:
– Խիղճդ տանջում էր, չէ՞,- հարցրեց Շերենցը:
– Ինչի՞ պիտի խիղճը տանջեր,- զարմացավ Ֆրունզիկը.- որ ճիշտն ուզում ես իմանաս՝ էդ աղջկան Լեւոնը ոչ թե էրկու պիտի նշանակեր, այլ՝ զրո:
– Ըտենց մի՛ ասա, Ֆրո՛ւնզ ջան,- ասաց Շերենցը.- վերջիվերջո, էդ աղջկան էլ ա ծնող բերել:
– Ճիշտն ասած, բացարձակապես խղճի խայթ չէի զգում, բայց ահավոր անհանգիստ էի,- ասաց Ներսիսյանը.- մտածում էի՝ այդ դատարկամիտ օրիորդի պատճառով անվանս բիծ պիտի կպչի. մարդիկ ու հատկապես համալսարանի դասախոսներն աջուձախ չարախանդալու էին, թե՝ Լեւո՛նն էլ վերջապես ուսանող կտրեց:
– Դրա մեջ ի՞նչ զարմանալի բան կա,- զարմացավ Ֆրունզիկը.- իրանք հեչ չեն կտրո՞ւմ:
– Իրենք գիտեն, որ ես սկզբունքորե՛ն չեմ կտրում,- ասաց Ներսիսյանը.- ո՛չ թե պարզապես խղճում եմ ուսանողներին, այլ իմ այդ վարմունքով, փաստորեն, ակնարկում եմ, որ սովետական կրթությունն ու կրթական համակարգը գրոշ չարժեն, որպեսզի մարդկանց կտրես ու տրամադրությունները փչացնես: Այնպես որ, այդ անուղեղ օրիորդի պատճառով, փաստորեն, դավաճանել էի իմ իսկ որդեգրած սկզբունքին:
– Շատ հետաքրքիր սկզբունք ա, Լեւոն ջան,- ասաց Շերենցը:
– Ես Լեւոնի էդ սկզբունքի մասին շուտվանից էի լսել,- ասաց Ֆրունզիկը:
– Ումի՞ց ես լսել,- հարցրեց Ներսիսյանը:
– Էս մեր նկարիչ տղերքից,- ասաց Ֆրունզիկը.- վայ թե Խորոզն էր ասում:
– Հետո՞, Լեւո՛ն. էդ խեղճ աղջկա վերջն ի՞նչ էղավ,- հարցրեց Շերենցը:
– Հաջորդ առավոտ մտա դեկանատ ու էդ օրիորդին «բավարար» նշանակեցի,- ասաց Ներսիսյանը:
– «Անբավարարը» «բավարար» դարձնելն էդքան հեշտ ա՞,- հարցրեց Շերենցը:
– Հեշտ չի,- ասաց Ներսիսյանը,- բայց ես նախորդ օրն այդ «անբավարարը» միայն այդ օրիորդի ստուգարքային գրքույկում էի գրանցել, իսկ կուրսի ընդհանուր քննաթերթիկում նրա անվան դիմաց ոչինչ չէի նշանակել:
– Շատ էլ ճիշտ էիր արել,- ասաց Շերենցը:
– Հավանաբար,- ասաց Ներսիսյանը:
– Համ էլ՝ էդ տարիքը շատ վտանգավոր տարիք ա,- ասաց Շերենցը:- Մի թվանշանի համար, ասում են, մոստից քցվելու դեպքեր են էղել:
– Այդպիսի դեպքեր իրո՛ք եղել են,- ասաց Ներսիսյանը:
– Ընենց որ՝ էդ խեղճ աղջիկն իրա գլխին կարող ա մի քյալագ բերեր,- ասաց Շերենցը:
– Հնարավոր է,- ասաց Ներսիսյանը:- Այդ անուղեղ օրիորդից ամեն ինչ կարելի էր սպասել:
– Հետո սաղ կյանքում խիղճդ տանջելու էր,- ասաց Շերենցը:
– Ըտենց որ ըլնի՝ էդ «անբավարարը» վաբշե պիտի վերացնեն,- ասաց Ֆրունզիկը:
– Գիտես սխալ կանե՞ն,- ասաց Ներսիսյանը:- Խեղճ երեխաներին նորմալ գիտելիք չեն տալիս, բայց «անբավարար» նշանակելու համար խելքներն իրենցը չի:
– Լեւոն ջան, դու էդ աղջկան գիտելիք չէիր տվե՞լ,- հարցրեց Շերենցը:
– Չգիտեմ՝ գիտելիք տվել էի, թե՝ ոչ, բայց ես այդ օրիորդից գիտելիք չեմ էլ պահանջել. ես նրան ընդամենը տարրական հարցեր եմ տվել,- ասաց Ներսիսյանը:
– Էդ Լուսին թռնելն էնքան էլ տարրական հարց չի,- ասաց Շերենցը:
– Լեւոնն էդ աղջկանից հո չի՞ պահանջել, որ Լուսին թռնի,- ծիծաղեց Ֆրունզիկը:
– Համենայնդեպս, Լեւոնն էդ աղջկան էնքան էլ հեշտ հարցեր չի տվել. ծուռ նստենք՝ դուզ խոսանք,- ասաց Շերենցը:
– Ես ոնց էլ նստեմ՝ դուզ եմ խոսում,- ասաց Ֆրունզիկը:- Լեւոնն էդ աղջկան, փաստորեն, ամենահասարակ հարցերն ա տվել. նույնիսկ դո՛ւ էդ հարցերից էրկուսն իմացար:
– Ես կյանք տեսած մարդ եմ, ա՛յ Ֆրունզ. ինձ ո՞նց ես էդ խեղճ աղջկա հետ համեմատում,- վիրավորվեց Շերենցը:- Համ էլ՝ թոռս որ էդ նեգրի պլաստինկեքն առավոտից իրիկուն չքոքեր, ես ո՞նց պիտի իմանայի, որ աշխարհի էրեսին էդ տեսակ երգիչ կա:
– Դա նշանակում է, որ թոռնիկդ իսկական ժամանակակից երիտասարդ է,- ասաց Ներսիսյանը:- Եթե նույնիսկ վաղը թելադրությունից կտրվի, մեծ դժբախտություն չի:
– Բերանդ խերո՛վ բաց, ա՛յ Լեւոն,- ցնցվեց Շերենցը:
– Բարձրագույն կրթության մարմաջն էս ազգի գլխին իսկական փորձանք է,- հոգոց հանեց Ներսիսյանը:- Ինչ վերաբերում է օրիորդներին, ապա նրանց համար դիպլոմն օժիտին հավասար բան է դարձել:
– Ըտենց մի՛ ասա, Լեւոն ջան,- ասաց Շերենցը:- Հերդ որ քեզ կրթության տված չըլներ, ո՞նց պիտի ըսենց խելոք բաներ խոսայիր: Որ ձեր էդ համալսարանական գիտնականների հետ ամեն օր չշփվեիր, հո էսօրվա էս մակարդակիդ հասած չէի՞ր ըլնի:
– Էդ հըլը մեծ հարց ա՝ Լեւո՞նն ա դրանց հետ շփվելով իրա մակարդակը բարձրացրել, թե՞ էդ համալսարանականներն են իրա հետ շփվելով խելոքացել,- ասաց Ֆրունզիկը:
– Ես այդ մարդկանց հետ համարյա չեմ շփվում. լավագույն դեպքում մի բարեւ եմ տալիս, այն էլ՝ ո՛չ բոլորին,- ասաց Ներսիսյանը:

logo_aravotԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ 
ՀՈՒՆՎԱՐ 14 2006 
http://www.aravot.am/2006/01/14/322900/ 

Печать