Ֆիլմ` Մհեր Մկրտչյանի մասին

Фрунзик (Мгер) МкртчянԼրագրող Հովհաննես Պապիկյանը տևական ժամանակ իրեն նվիրել է նշանավոր հայ դերասան Մհեր Մկրտչյանի կյանքի և ստեղծագործության հետազոտմանը` մինչ այժմ ձևավորված պատկերացումների մեջ ներբերելով նաև սեփական դիտումներն ու ընկալումները, որոնք նպաստում են մեծագույն արվեստագետներից մեկի դիմանկարի ամբողջացմանը: Երկու փաստագրական ֆիլմ է մինչ այժմ ստեղծվել Մհեր Մկրտչյանի մասին, ու դրանք որոշակի ավանդույթներ են ձևավորել, յուրովի պատկերել արվեստագետին: Սակայն ամբողջական դիմանկարի անհրաժեշտությունն օրավուր մեծանում էր, որովհետև բոլոր ստեղծված ֆիլմերը գլխավորապես հենվում էին արտիստի անձնական կենսագրության վրա` այդպես էլ անմատույց թողնելով նրա խոհերի ու մտորումների աշխարհը:
Հովհաննես Պապիկյանը դիմանկարային ակնարկը միավորել է ֆիլմ-խոհին, ֆիլմ-մտորումին` ներկայացնելով արտիստի գնահատականներն ու մտային որոնումները` դերասանական արվեստում: Եվ «Էն ուրիշ Ֆրունզիկը» ֆիլմը (սցենարի հեղինակ` Շուշանիկ Սահակյան) լուծել է իր առջև դրված խնդիրները` կենսագրական պատումը միահյուսելով արտիստի մենախոսությունների շարքին:
Այս ֆիլմը ստեղծվել է լրագրող և կինոգետ Ռոբերտ Մաթոսյանի և գիտության դոկտոր Խաչիկ Շառոյանի քրտնաջան աշխատանքի շնորհիվ ստեղծված հավաքածուների հիման վրա` ներառելով բացառիկ կադրեր և գրառումներ: Առաջին անգամ մեր կինեմատոգրաֆում` ներկայացվում են մեծ դերասանների ծնողների հայրենիքները` Մուշն ու Վանը, այն որբանոցը, որտեղ հայտնվել են Հայոց եղեռնից մազապուրծ Մուշեղ և Սանամ հայաբեկորները: Ալեքսանդրապոլ-Գյումրին է ներկայացվում` այն բնավայրը, որը չափազանց մեծ դեր ունեցավ արտիստի ինքնության և դիմանկարի հաստատման գործում: Կարևոր է բնավայրի խնդիրը, քանզի այն իր գրգիռներով, էպոսային էությամբ յուրատեսակ գույն ու տրամադրություն է հաղորդել Մհեր Մկրտչյանի կերպարին և ինքնությանը, գուցեև ձևավորել նրա ստեղծագործական թեման:

Դերասանն իր կենսագրությունը սկսել է Նիկոլ Բաղդասարյանի և Սվասյանի ինքնագործ թատերախմբերում, որոնց մասին մեծագույն լրջությամբ և երախտագիտությամբ է խոսում դերասանը, քանզի այդ թատերախմբերը ոգորում և ազատ ստեղծագործելու հնարավորություն տվեցին, տարան դեպի ինքնաստեղծման բարդ արվեստը: Ընդհանուր-հպանցիկ գծերով ներկայացնելով դերասանի անցած ուղին, ֆիլմի հեղինակները հիմնականում ներկայացնում են Մհեր Մկրտչյանի ելույթներից ու գրառումներից առնված հատվածներ, որոնք կարող են դասագրքային ճշմարտություններ դառնալ թատերական արվեստն ուսումնասիրողների համար: Մհեր Մկրտչյանը թատերական արվեստի մասին տեսական աշխատություններ չի գրել, սակայն նրա զրույցներն ու բարձրաձայն մտորումները տեսական մեծ շերտեր ու կուտակումներ են պարունակում: Այս ամենն է արտացոլվել ֆիլմում, որը խախտում է վավերագրական ֆիլմի մասին հաստատված որոշ կարծրատիպեր, ստեղծում հաճելի տպավորություն, միանգամից կինոդիտողին կապում էկրանային պատումին:
Ֆիլմը ստեղծվել է կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանի, դերասաններ Անդրանիկ Հարությունյանի և Սիլվա Յուզբաշյանի համագործակցությամբ` ամբողջացնելով էկրանային ինքնատիպ կտավը: Տեղի ունեցած շնորհանդեսին «Մոսկվա» կինոթատրոնում, Գյումրու պատվավոր քաղաքացի, նշանավոր պետական և կուսակցական գործիչ Դոնարա Հարությունյանը, դերասան Աշոտ Ադամյանը, թատերագիր և արձակագիր Սամվել Խալաթյանը, Գավառի պետական համալսարանի պրոֆեսոր, գրականագետ Նորայր Ղազարյանը բարձր գնահատեցին ֆիլմի գեղարվեստական հաստատումները: Ընդգծվեց, որ այն նոր էջ է բացում մեծ դերասանի մասին ստեղծված ֆիլմերի և գրականության պատմության մեջ:

АвангардԼևոն ՄՈՒԹԱՖՅԱՆԻ

05 Սեպտեմբեր 2012 Թիվ 64 (14417)
www.avangard.am/?page=news&cal_date=&news_id=731

 

 

Печать