Ֆիլմ` Մհեր Մկրտչյանի մասին

Մհեր ՄկրտչյանԼրագրող Հովհաննես Պապիկյանը տևական ժամանակ իրեն նվիրել է նշանավոր հայ դերասան Մհեր Մկրտչյանի կյանքի և ստեղծագործության հետազոտմանը` մինչ այժմ ձևավորված պատկերացումների մեջ ներբերելով նաև սեփական դիտումներն ու ընկալումները, որոնք նպաստում են մեծագույն արվեստագետներից մեկի դիմանկարի ամբողջացմանը: Երկու փաստագրական ֆիլմ է մինչ այժմ ստեղծվել Մհեր Մկրտչյանի մասին, ու դրանք որոշակի ավանդույթներ են ձևավորել, յուրովի պատկերել արվեստագետին: Սակայն ամբողջական դիմանկարի անհրաժեշտությունն օրավուր մեծանում էր, որովհետև բոլոր ստեղծված ֆիլմերը գլխավորապես հենվում էին արտիստի անձնական կենսագրության վրա` այդպես էլ անմատույց թողնելով նրա խոհերի ու մտորումների աշխարհը:
Հովհաննես Պապիկյանը դիմանկարային ակնարկը միավորել է ֆիլմ-խոհին, ֆիլմ-մտորումին` ներկայացնելով արտիստի գնահատականներն ու մտային որոնումները` դերասանական արվեստում: Եվ «Էն ուրիշ Ֆրունզիկը» ֆիլմը (սցենարի հեղինակ` Շուշանիկ Սահակյան) լուծել է իր առջև դրված խնդիրները` կենսագրական պատումը միահյուսելով արտիստի մենախոսությունների շարքին:


Այս ֆիլմը ստեղծվել է լրագրող և կինոգետ Ռոբերտ Մաթոսյանի և գիտության դոկտոր Խաչիկ Շառոյանի քրտնաջան աշխատանքի շնորհիվ ստեղծված հավաքածուների հիման վրա` ներառելով բացառիկ կադրեր և գրառումներ: Առաջին անգամ մեր կինեմատոգրաֆում` ներկայացվում են մեծ դերասանների ծնողների հայրենիքները` Մուշն ու Վանը, այն որբանոցը, որտեղ հայտնվել են Հայոց եղեռնից մազապուրծ Մուշեղ և Սանամ հայաբեկորները: Ալեքսանդրապոլ-Գյումրին է ներկայացվում` այն բնավայրը, որը չափազանց մեծ դեր ունեցավ արտիստի ինքնության և դիմանկարի հաստատման գործում: Կարևոր է բնավայրի խնդիրը, քանզի այն իր գրգիռներով, էպոսային էությամբ յուրատեսակ գույն ու տրամադրություն է հաղորդել Մհեր Մկրտչյանի կերպարին և ինքնությանը, գուցեև ձևավորել նրա ստեղծագործական թեման:
Դերասանն իր կենսագրությունը սկսել է Նիկոլ Բաղդասարյանի և Սվասյանի ինքնագործ թատերախմբերում, որոնց մասին մեծագույն լրջությամբ և երախտագիտությամբ է խոսում դերասանը, քանզի այդ թատերախմբերը ոգորում և ազատ ստեղծագործելու հնարավորություն տվեցին, տարան դեպի ինքնաստեղծման բարդ արվեստը: Ընդհանուր-հպանցիկ գծերով ներկայացնելով դերասանի անցած ուղին, ֆիլմի հեղինակները հիմնականում ներկայացնում են Մհեր Մկրտչյանի ելույթներից ու գրառումներից առնված հատվածներ, որոնք կարող են դասագրքային ճշմարտություններ դառնալ թատերական արվեստն ուսումնասիրողների համար: Մհեր Մկրտչյանը թատերական արվեստի մասին տեսական աշխատություններ չի գրել, սակայն նրա զրույցներն ու բարձրաձայն մտորումները տեսական մեծ շերտեր ու կուտակումներ են պարունակում: Այս ամենն է արտացոլվել ֆիլմում, որը խախտում է վավերագրական ֆիլմի մասին հաստատված որոշ կարծրատիպեր, ստեղծում հաճելի տպավորություն, միանգամից կինոդիտողին կապում էկրանային պատումին: 
Ֆիլմը ստեղծվել է կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանի, դերասաններ Անդրանիկ Հարությունյանի և Սիլվա Յուզբաշյանի համագործակցությամբ` ամբողջացնելով էկրանային ինքնատիպ կտավը: Տեղի ունեցած շնորհանդեսին «Մոսկվա» կինոթատրոնում, Գյումրու պատվավոր քաղաքացի, նշանավոր պետական և կուսակցական գործիչ Դոնարա Հարությունյանը, դերասան Աշոտ Ադամյանը, թատերագիր և արձակագիր Սամվել Խալաթյանը, Գավառի պետական համալսարանի պրոֆեսոր, գրականագետ Նորայր Ղազարյանը բարձր գնահատեցին ֆիլմի գեղարվեստական հաստատումները: Ընդգծվեց, որ այն նոր էջ է բացում մեծ դերասանի մասին ստեղծված ֆիլմերի և գրականության պատմության մեջ: 

АвангардԼևոն ՄՈՒԹԱՖՅԱՆԻ
05 Սեպտեմբեր 2012 Թիվ 64 (14417)
www.avangard.am/?page=news&cal_date=&news_id=731

Печать

Շռայլ հմայքով ողբերգակատարգեկեկը

Պտտվում է անցյալ դարի 60-ականներից ձգվող կինոժապավենը, դանդալոշ ու շփոթահար Գարսևանից («01-99») անցնում Դմբուզ Արսենին («Նվագախմբի տղաները»), «աչքաբաց գործարար» Ջաբրայիլից («Կովկասի գերուհին»)` պարզամիտի դիմակով «փորձանք»-ծառա Սիմոնին («Տերն ու ծառան»), «գասպարալողի» ֆենոմենը փոքրիկ գետակում տարալուծած դարբնից («Եռանկյունի»)` հովիվ Իշխանին («Մենք ենք, մեր սարերը»), «ապաշնորհ օրինազանց» Հովսեփից («Հայրիկ»)` «սև թուղթ» ծամող փոստատար Նիկոլին («Հին օրերի երգը»)...
Շուրջ 5 տասնյակ կինոհերոսների հավաստի ու անպաճույճ մարդկային նկարագրերով` էկրանավորված հումորի ու թախծի տարաչափ, լիավյուն շաղախով, ապրեցնելով իր ժողովրդի հավաքական հիշողության մեջ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (գնահատման չափանիշներից այս մեկը գեթ պահպանում է իրեն վերագրված բարձր նշաձողը) ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ դերամարմնավորման բնատուր տաղանդի անզուգական շռայլ հմայքը: Համաժողովրդական սիրո ակունքը Ազգային հախուռն խառնվածքի խորագիտությամբ ստեղծված արտիստական պատկերասրահի գլխավոր հերոսը պարզ ու հասարակ, սովորական հայ մարդն էր` ժառանգական տարաբևեռ հատկանիշների կենսական բովում խնամքով թրծված, բյուրադար կերպապնակի ինքնահատուկ գույներով անշփոթելի կերտված: Գրոտեսկա յին ցայտուն դերապատկերներում միանգամայն ճանաչելի էին հայի տարատեսակները, ավելորդ գունազարդումից զերծ:
Կենսախնդություն էր հորդում նրանցից, անկախ պատմական դառը ճակատագրից պահպանվող իմաստուն ծիծաղ, ինքնախարազանման քաջություն: Թվում էր, ոչ թե խաղում է Ֆրունզիկն այս կամ այն հային, այլ անբռնազբոս անդրադարձնում է իր դերարվեստի կախարդական հայելու փայլատակումներով: Ցավից անգամ ծիծաղ էր քամում, հրեշավորը զվարճալի դարձնում` ամենևին չթերագնահատելով չարի ու բարու, կատարյալի ու այլանդակի իրական դերակատարությունը մարդկային փոխհարաբերություններում, անցյալ ու ներկա տարատեսակ կացութաձևերում: Տխրելով մարդկային արարածների արատավորության պատճառով` խորապես խղճահարվում էր: Դրանց զավեշտախառն դրսևորումները ներկայացնելիս առողջ ծիծաղի ալիքվող պոռթկում առաջացնում` միաժամանակ մտահոգելով «փոքր մարդու» հոգեմտավոր, բարոյաէթիկական խեղանդամությամբ:
Առանց գռեհկաբանություններին տուրք տալու, գեղարվեստական չափի սրված գիտակցությամբ: Ինչպես` Թրյանցը, Վրույրը, Խաչանյանը, Ավետիսյանը, Սարյանը, Զոհրաբյանը, Գաբրիելյանը... Հայ բեմարվեստի իրական գագաթները: Ծիծաղից գալարվող հանդիսականի մտքով իսկ չէր անցնում ընդօրինակել մերժելի մարդկային հատկանիշները նրանց թատերայնացրած անմոռանալի տիպերի: Հիմա է ցավալիորեն, կարծես` անդարձ, փոխվել ծիծաղի բնույթը:
Մհեր Մկրտչյանի հարուցած ծիծաղը ծնվում էր բարեգութ սիրուց, վշտից: Ու վիշտն էլ վարակիչ էր, ինչպես ծիծաղը: Բարձր արվեստի ազնվացնող, մաքրագործման մղող ճշմարիտ ներգործությամբ: Այս բացառիկ ունակությունների շնորհիվ դաջվեցին բազմահազար հանդիսականների մտապատկերում
Մհեր Մկրտչյանի մեծ ու փոքր (գլխավոր ու էպիզոդիկ) դերակատարումները` համաժողովրդական անպարփակ սիրո իսկական հրավառություն բորբոքելով: Նորանոր սերունդների համակելով խորին ակնածանքով վառվռուն այս անհատականության մեծության հանդեպ: Տեսած չլինելով նրան մեծ բեմում` շատերը երկրպագեցին սոսկ կինոարվեստը: Մինչդեռ նա մանկուց էր հաստատվել Թատրոն տաճարում: Եվ հենց կենդանի բեմարվեստի ինքնամոռաց նվիրվածությամբ հասավ կինոկերպավորումների կենսաբուխ ուրույն
արտահայտչականության:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ
8.09.2010
http://www.avangard.am/?page=news&cal_date=8_9_2010&news_id=6792#.WaUOeT6rQfx

Բազազ Արտեմից մինչև Խլեստակով

Աչքերում թուրքից սպանված մոր պատկերը պահած ու ամերիկյան որբանոցում մեծացած մշեցի Մուշեղի ու վանեցի Սանամի Ֆրունզե որդին, Լենինականի իրենց տան երկրորդ հարկի հարթակը սավաններով վարագուրելով, 10-ամյա տարեկիցների հետ խանդավառ ելույթներ էր ունենում: «Հե¯յ, կանաչ ախպեր...» արտասանում, ժողովրդական երգեր հրաշալի ձայնով զրնգացնում: Պատերազմով անկատար մնացած առաջին հեծանիվի փափագը սրտում` ընդդիմանում էր նկարիչ դառնալու հոր կամքին, չնայած ընդունվել էր Մերկուրովի գեղարվեստի ստուդիա, որտեղ սովորում էր յուրաքանչյուր երկրորդ համաքաղաքացին: (Հայր և որդի տևական հակամարտությամբ էլ տղայի մեջ բնավորվեց մենակության տխրությունը` տարիների հետ նրա 2 «ես»-երի ներքին մենամարտի վերափոխվելով):
Տեքստիլ կոմբինատում աշակերտելիս խաղում էր Ժան Էլոյանի ինքնագործ թատերախմբում: Առաջին բեմելը, փաստորեն, ձախողվեց, երբ 15-ամյա բազազ Արտեմ-Ֆրունզը ուժգին ապտակով իսկական կռվի մեջ մտավ Գիքոր-Ալբերտի հետ (իմացել էր մեծահասակների հետ 8-ամյա եղբոր զառ խաղալու մասին ակումբի նկուղներում): Կատաղի տուրուդմբոց, որն անզոր էր դադարեցնել բեմ վազած մայրն անգամ: (1970-ին շարունակվեց 2 եղբայրների ընդհատված պրեմիերան, «Լուսանկար» հեռուստաֆիլմում, մեկ այլ` դերասան-ռեժիսոր «համախաղով»):
Նկատելով արտահայտիչ արտաքինով պատանուն` Ալեքսանդր Աբարյանը շուտով Մռավյանի անվան պետթատրոնի բեմ է բարձրացնում նրան (1948-1954 թթ.): Նկատում է տղայի իսկական կոչումը հայրն էլ ու մի օր, ի նշան գոհունակության, քնում ոտքերի տակ: Հայրենի քաղաքում արդեն ճանաչված էր, երբ 1952-ին Լևոն Քալանթարը տեսավ նրա անսանձ ստի ասպետ, գունագեղ Խլեստակովին (Գոգոլ, «Ռևիզոր») և հրավիրեց Երևան` թատերականում ուսանելու` դերացանկում 3 տասնյակից ավելի տարահունչ անուններ (Սաղաթել, Իսայի, Տրուֆալդինո, Բուբնով, Թորոս աղա...): Նույն Խլեստակովով երբ ընդունելության քննություն էր հանձնում (ներքուստ զարմանալով, թե ինչու 5 մեծ ջրաման է դրված երկար քննասեղանին. «Երևանում այդքան շա՞տ են ջուր խմում»), ականջին հասնող մեծամեծ երկրպագուների բզզոցով ավելի ու ավելի ինքնավստահ դառնալով, շուտով շեղեց անգեղ արտաքինից հանրահայտ մարդկանցով ձևավորված հանձնախմբի ուշադրությունը:
Վաղարշ Վաղարշյանի արվեստանոցում հղկվելու տարիներին հավաստում է տրագիկոմիկական իր ունակությունների մասին Գոգոլի «Խելագարի հիշատակարան»-ի զավեշտացավագին շեշտադրումներով: 
 
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ
8.09.2010
http://www.avangard.am/?page=news&cal_date=8_9_2010&news_id=6791#.WaURNT6rQfw

Ամենատխուր մարդը

Ստանձնելով Հայրապետի դերակատարումը (1955 թ.) մայր թատրոնի տարեգրության մեջ շրջադարձային նշանակությամբ ամրագրված «Նամուս»-ում` գտնում է իր անփոխարինելի ռեժիսորին` անկրկնելի դերասանապետ Վարդան Աճեմյանին: Առաջին մեծ դերը Սունդուկյանի անվան թատրոնում` կոլխոզի հանրօգուտ աշխատանքից նորովի խույս տվող բանսարկու Գվիդոնը («Սրտի արատ»), Թաթիկ Սարյանի (Փորսուղյան) խաղընկերությամբ, դրամատուրգիական դեբյուտը (1958 թ.) կայացնելով Ժորա Հարություն յանի` ստեղծագործական խթան է դառնում նոր պիեսների ու կինոսցենարների («Հուշարձան»-Ավագ, «Խոշոր շահում»-Գառնիկ, «Հրդեհ»-Ռուբեն)` գրված հատուկ Մհեր (Մարտիրոս Սարյանի խորհրդով հրաժարվում է հեղափոխականի ազգանունով անվանակոչվելուց ու դառնում Մհեր` էպոսի վերջին շառավղին վերագրված ազգային հատկանիշներով օժտված, բայց, ձեռք բերած մեծ ճանաչումով, 2 անունն էլ հավասարապես կրում) Մկրտչյանի համար: «Բուդյոննու ձին նալած» Գվիդոն-Ֆրունզի 10-ամյա հաղթարշավով մայր բեմում սասանվում է խորհրդային մարդու պաշտոնապես գովերգվող «կատարելատիպը»` խրուշչովյան «ձնհալից» եկած ազատախոհությամբ: Տաղանդի նոր փայլատակումը եղավ ժողովրդի ծոցից ելած գեղջուկ Ղազարը («Ղազարը գնում է պատերազմ», 1967թ.)` վարակիչ հումորով հալալ աշխատավոր, ով կռիվ էր տալիս անբան լալազարների դեմ` պարզ միամտությամբ ծիծաղելիորեն խճճվելով քաղաքական անցքերում: Երբ վշտի պահին «Որսկան ախպեր» էր երգում, հուզմունքից խոնավանում էին հանդիսատեսի աչքերը: Իր բաժին անձնական տխրությունը անկարող սքողելու ինքնահատուկ թախծոտ հայացքում` նա սիրահոժար ջերմացնում էր իրեն կենդանի կուռքի նման երկրպագող ժողովրդին թատերահարթակում ու կինոէկրանին միաժամանակ, տաղանդի անխնա շռայլությամբ մարմնավորելով հայի բազում տարատեսակներ: Ինչ էլ խաղար. Շմագա («Անմեղ մեղավորներ»), թե Մերկուցիո («Ռոմեո և Ջուլիետ»), Եզոպոս («Եզոպոս»), թե Սիրանո («Սիրանո դը Բերժերակ»), Պյոտր («Անտառ»), թե Մեբիուս («Ֆիզիկոսներ»)... Անհագ պահանջով ու բուռն աշխատասիրությամբ համատեղում էր կինոն ու թատրոնը Երևանում հաստատվելուց ի վեր` բեմադրիչների համար փնտրված հայատիպար լինելով: Կինոդեբյուտին (Վարդան, «Պատվի համար», 1956 թ.) հաջորդած Գարսևանով («01-99») ու դմբուզ Արսենով («Նվագախմբի տղաները») կատակերգական վառվռուն ձիրքը ցայտեցնելով` անմիջապես համընդհանուր ուշադրության ու հետաքրքրության արժանացավ: Նույն ավյունով նոր դերեր էր կերտում մայր բեմում, ռադիո և հեռուստատեսային բեմադրություններում, համերգային խմբի հետ շրջագայում բոլոր գյուղերով ու քաղաքներով` տարբեր մոտեցումներով բանաստեղծություններ կարդալով` յուրովի մատուցելով կամ խաղալով (ինչպես` Սևակի «Մարդ էլ կա, մարդ էլ»-ը, որի հոգեհմա, առնական ցնցող տպավորությունը անջինջ է 70-ամյակի հոբելյանակատարությանը ներկաների մտապատկերում): Սփյուռքի գաղթօջախներում հայտնություն էր նրա Պաղտասարը («Պաղտասար աղբար»)` Լիբանանում, Կանադայում, Միացյալ Նահանգներում ու Ֆրանսիայում ակնապիշ ցնծությամբ ընդունված: Հերոսական-քաոսային 90-ականներին հոգին չէր ամոքվում իր նվիրական բաղձանքի` «Արտիստական» ինքնաստեղծ թատրոնի (1988 թ.) հիմնադրման փաստով. չափազանց մենակ ու անուրախ էր ամենքին խինդ պարգևող հանրահռչակ, բազմամրցանակակիր արտիստի անձնական կյանքը: Իր ժողովրդի հոգու և սրտի «խոսնակը», ապավինելով օղու շշին, հանգում էր միայնակ` վաղուց կորցրած մոր հոգեթով զարթուցիչ-երգը, ընտանեկան լիափթիթ անդորրը: Գուցե հենց կենսական հանգամանքների դժնամռայլ թանձրուկից էլ պոռթկացին ողբերգակի իր բովանդակ լիցքերը հացթուխ Էմեբլեին (Մարսել Պանյոլ, «Հացթուխին կինը») անձնավորելիս: Իր բացառիկ տաղանդի հոգեսույզ վարպետությամբ` Մկրտչյան-Էմեբլեն ավարտուն ամբողջության էր հասցնում ոչ միայն հնադավան, միամիտ ու ամոթխած, երիտասարդ կնոջ ամուսնական անհավատարմության մեղքը «բարոյապահպան» համայնքի պարտադրանքով ակամա իր ուսերին առած տարեց մարդու դերակերպարը, այլև գունեղ հոգեբանական խաղի անսպասելի անցումներով հարթում, հետին պլան մղում բեմադրական ընդհանուր մակերեսայնությունը, տեղ-տեղ տարածքի անհարմարությամբ պայմանավորված: Չնկատելով իր հետ խմորին ջուր լցնող կնոջ վերադարձը` ներքին պրկումի առերևույթ հանդարտությունը չեզոքացնում է անսպասելի ժայթքումով, հանիրավի վիրավորվածության վրեժն առնում կատվից` ինքնասթա փության հասնելով դույլի ջուրը գլխին լցնելով: Մունջ արտահայտչականությամբ` ստեղծված իրավիճակից կոնկրետ ելք էր առաջարկում. աշխատել, հաց թխել, որով մարդն ապրում է ու Մարդանում: Ռեժիսորական խիստ վերահսկողության կարոտ նրա անփույթ ու անկարգ կյանքը (բեմականը ևս, ինչպես նկատել է նախապատվելի 4 բեմադրիչներից` Վարդան Աճեմյան, Հենրիկ Մալյան, Գեորգի Դանելիա, Ալբերտ Մկրտչյան - առաջինը) մարում է անձնական թանկագին կորուստների ու դժնի 90-ականների անարվեստ մամլիչի վերջին հպումով: Ահագնանում է համաժողովրդական ափսոսանքը` Վարպետի չապրած տարիների մեծագույն կորստի հստակ գիտակցությամբ: Անկատար իղձերից ու մտահղացումներից ամենափայփայվածի` Օթելլոյի անիրականանալիության հետ անհաշտ համակերպված (միակ հանդիսատեսը 70-ականներին Վահե Շահվերդյանը եղավ, երբ աբելյանցիների հետ ունեցած բազում հյուրախաղերից մեկի ժամանակ հանգրվանեցին հյուրանոցի միևնույն սենյակում) հանգչում է Ամանորից 2-3 օր առաջ: Բայց ահա կրկին պտտվում է կինոժապավենը: Ֆրունզիկին կարծես սերտաճած մի Ռուբենից («Մեր մանկության տանգոն») մյուսին («Միմինո») անցնում, ջրափոսի միջով փիղը քարշ տվող զինվոր Արմենակ Գասպարյանից («Զինվորն ու փիղը»)` էկզոտիկ սիրահար Վարդանին («Միայնակներին հանրակացարան է տրվում»), Տխուր ավազակից («Ալի Բաբան և 40 ավազակների արկածները»)` Ափրոյին («Նահապետ») ու փալանչի Գրիգոր աղային («Կտոր մը երկինք»)... Կենդանանում է իմպրովիզի վարպետը` կոչումով ու ծնունդով դերասան («ավելի ճիշտ` արտիստ», ինչպես ինքը կասեր), շարունակում ապրել ու արարել նույնիսկ այն հանդիսականի համար, ում, ցավոք, բախտ չի վիճակվելու այլևս տեսնել կենդանի խաղը թատերահարթակում, որի միզանսցեններն այնպես էին հարմարեցնում, որպեսզի գոհանային թե կուլիսներից, թե դահլիճից նրան հետևողները: Ցանկացած արվեստագետ ծնվում ու անհատականանում է որոշակի ժամանակահատվածում: Այս առումով անասելի բախտավոր էր Մհեր Մկրտչյանը` մեր Ֆրունզիկը: Մեր օրերում, երբ փոխվել է ծիծաղի բովանդակությունը, ո՞վ և ե՞րբ նորահայտ իր տաղանդով կարժանանա նրա կողքին կանգնելուն: Ինչպես երբևէ ինքը` բեղուն դերակերպավորման սեփական անշփոթելի արժեքավորությամբ: :
 
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ
8.09.2010
http://www.avangard.am/?page=news&cal_date=8_9_2010&news_id=6790#.WaUPaT6rQfw

ՀՈՒԼԻՍԻ 4-Ը ՔՈ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ է...

ՖՐՈՒՆՁԻԿ - ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆՖՐՈՒՆՁԻԿ - ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ - 70

Չնայած սովորություն չունեմ հիշարժան տարեթվեր եւ օրեր մտապահել, բայց այս մեկը հիշեցի, չէի կարող մոռանալ, ինձ չէի ների: Որտեղից գիտեմ քո ծննդյան օրը, երևի օրացույցից կամ ինչ-որ առիթով լսել եմ: Ես, որ կյանքում երբեք չեմ հանդիպել քեզ. ոչ մի բառ չենք փոխանա­կել եւ քեզ գիտեմ միայն ֆիլմերից ու գրքերից, այսօր գրում եմ քո մասին: Պարադոքս է, չէ՞... որտեղից այդքան համարձակություն... բայց լսիր. ինքս ինձ հետ ոչինչ անել չեմ կարող ու պիտի գրեմ, ինչ ասել է գրեմ, պիտի զրուցեմ քեզ հետ, շնորհավորեմ քո ծնունդը: Ոչինչ, որ զրույցս մենախոսություն կստացվի, դու կլսես ինձ ու... թերեւս կպատասխանես:
Քեզ տեսնելու համար չեմ նայի կինոյի կամ թատրոնի գեղադիտակի միջից: Եվ լռելու, կամ մի բան ասելու համար, ինձ օգնության չեն գա Իշխանը, Հովսեփը, Գասպարը, Արսենը, Գվիդոնը, Ափրոն, Գրիգոր-աղան, Գարսեւանը... միայն աչքերդէ մանկորեն միամիտ, կամակոր, թախծաժպիտ, աչքերդ կուղեկցեն ինձ մեր զրույցի ընթացքում: Չէ՞ որ հենց աչքերդ օգնեցին, որ ճանաչեմ քեզ որպես մարդ: Իսկ դու տխուր մարդ չէիր, դա քո աշխատանքն էր, նույնիսկ ծիծաղը լուրջ գործ էիր համա­րում: Եվ երբ քեզ հասկացան ու ճանաչեցին, չմեծամտացար ամենեւին: Քո կարծի­քով մոլորություններից ամենակործանարարը փառամոլությունն է: Այս մասին ասել ես, թե «ճանաչում են լավաշ վաճառող կնոջը, դանակ-մկրատ սրողին, փոստատարին: Արվեստի, գրականության, գիտության եւ այլ ասպարեզներում մարդկանց ճանաչում են իրենց գործերով: Յուրաքանչյուրի գործում դրսեւորվում է նաեւ իր անձը»: Իսկ քո գործում, ինչ էլ որ խաղացիր, դու էիր, երեխա ժամանակ ակումբի ներ­կայացումները դահլիճի դռան բանալու անցքից նայող Մհերը, որին հետո, բազում անունների շարքում սկսեցին նաեւ Ֆրունզիկ կոչել:
Քեզ ճանաչողը, սակայն, չունի «հանդի­սատեսի» կաղապարը, այլ ընկերդ էր, մտերիմդ, բարեկամդ: Քո մեջ միշտ կռիվ կար հեղինակի, թատրոնի, դերասանի, ինքդ քո հետ եւ ասում էիր, թե կռվելուց հե­տո սիրելը հեշտ է լինում: Իսկ դու սիրում էիր ամեն ինչ եւ բոլորին երբեմն ինքնազոհության աստիճանի եւ աշխատում էիր հիշեցնել մարդուն, որ «բնության պես ինքն էլ ազատ է, արժանապատվությամբ լի, նրա պես բարի, պարզ, գեղեցիկ»: Նաեւ, երբեք չես մտածել, թե հայ ես. փորձել ես ընդհանրապես մարդ լինել, երբեք չդավաճանել քո ներքին ձայնին: Նույնիսկ դերում չէիր ժխտում քեզ, ավելին, դերը գուցե առիթ էր ինքնաարտահայտման համար: Հիշո՞ւմ ես «Եռանկյունի» ֆիլմի նկարահանումների ժամանակ. «Թեյ էր պետք, մեկ էլ հանկարծ շիկացած երկաթը դրեցի բա­ժակի մեջ, երկաթը թշշաց, ջուրը եռաց... Բանից պարզվեց, որ շատ ճիշտ եմ ապրել պահը: Դարբինները հաճախ այդպես են պատրաստում իրենց թեյը...» կամ «Ինք­նաթիռի պատուհանը բացում եմ ու գոռում. «Ուստա, Համոն փողը չի տվել»: Չգիտեմ ինչ Համոյի մասին է ու չեմ էլ ուզում իմա­նալ... Ձգում էի, որ մի բան ասել է պետք եւ ասել կերպարային մտածողությամբ»:
Հաճախ մարդկանց ճանաչում Են, ելնելով այն բանից, թե ինչպես են նրանք երեւում: Տեսանելիության չափանիշը թույլ դիտակետ է քեզ հետ զրուցելու համար: Քո մա­սին շատ է գրվել, ես ոչ մի նոր բան չեմ ասելու, թերեւս միայն շնորհակալություն... Երեւի քչերը գիտեն, որ դու իսկական բանաստեղծ էիր, բանաստեղծ, որը ոչնչացնում է դի­մակները: Իսկ ով հոգով է բանաս­տեղծ, նա ամեն ինչ կարող է:
Մի զրույց կա հին գերեզմանոցի մասին, ուր թաղված մարդկանց ապրած տարիներից հանվում եւ ապրված է հաշվվում նրանց իմաստալից ապրած ժամանակաշրջանը միայն: Եթե հաշվենք քո ապ­րած ու ապրելիք կյանքի տարիները, դրան գումարենք սերունդներին հարստացնող քո վաստակը, քո մեծ սերը, նվիրումը, ապա կյանքիդ տարիները կաճեն հազարա­պատիկ ու կդառնան անմահություն: Եվ միեւնույն չէ՞, թե ծննդյանդ որ ամյակն է: Հավերժ ապրողների կյանքը չունի տարա­ծական և ժամանակային տիրույթներ: Ուրեմն, շնորհավոր ծնունդդ եւ անչափ շնորհակալություն...

АвангардՄարինե ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ավանգարդ
29 հունիսի - 4 հուլիսի 2000թ.