«Լիաթոք ծիծաղ եմ ցանկանում ձեզ, լուսավոր ժպիտ և մեծ նվիրվածություն դեպի թատրոնը, կինոն, դեպի արվեստը»

Художественный фильм Формула радуги Վաղը Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է: Հիշենք նրան այնպես պայծառ, լուսավոր, այնպես մտերիմ ու հարազատ, երբեմն միամիտ ու անօգնական, ինչպիսին նրա կերպավորած հերոսներն են, և ինչպիսին հենց ինքն էր` մեր շատ սիրելի Ֆրունզիկը:
Մհեր Մկրտչյանի ստեղծագործության ակունքը բացառիկ ինքնաճանաչողությունն էր, իսկ հաջողության բանալին` սեփական խառնվածքի առանձնահատկություններից շռայլորեն օգտվելու շնորհը: Մեծ արվեստն անթարգմանելի է, առեղծվածային, անվերծանելի, աներկբա է միայն, որ դրամատիկական արվեստում առկա ու նաև իր գտած կատակերգական ու ողբերգական արտահայտչամիջոցներից Մհեր Մկրտչյանը ստեղծեց բոլորովին նոր, մինչ այդ չտեսնված բեմական մի ինքնատիպ աշխարհ: Արվեստի այդ մեծագույն հայտնագործությունը հենց նրա բնախոսությունն էր, արտիստական վարպետությունն ու դերասանի բնատուր կարողությունները: Շարունակ ջանացել է բացահայտել իր մարմնի, իր հոգու մեջ եղած, դեռ չուսումնասիրված տեղերը` «...քեզ լավ իմանաս, ավելին` կարողանաս քեզ տեսնել բեմում»:
Վստահ ենք, որ էլի շատ գրքեր են գրվելու նրա մասին, ֆիլմեր են նկարահանվելու, ռադիոհեռուստահաղորդումներ են պատրաստվելու, քանզի Մհեր Մկրտչյան թեման անսահմանափակ է, Մհեր Մկրտչյան երևույթը` տիեզերքի պես անվերծանելի: ՈՒստի Հովհաննես Պապիկյանի հետ համատեղ պատրաստած մեր ֆիլմերն ու գրքերն ընդամենը Արտիստին ինքն իրենով, իր խոսք ու զրույցով, իր մտահոգություններով ու հիասթափություններով, նաև իր լավատեսությամբ ու պայծառ հումորով ներկայացնելու մի վեհերոտ փորձ ենք համարում: Ներկայացնելու այս կերպը, մեր պատկերացմամբ, ավելի համոզիչ է, իրավացի, դիպուկ ու տպավորիչ, քանզի ցանկացած այլ խոսք, այլ կարծիք կամ այլ հայացք չի կարող ճշմարտացիորեն վերարտադրել նրա ներքին հուզումները, ապրումները, նրա զգացածն ու նրա ասելիքը:
Մհեր Մկրտչյանի մասին վավերագրական ֆիլմ պատրաստելու շարժառիթը մեր ձեռքին հայտնված բացառիկ ձայնագրություններն էին, որոնք բացահայտում են նրա հարուստ ներաշխարհը, լրացնում, ամբողջացնում Արտիստի մասին մեր պատկերացումները: Դրանք կադրից դուրս նրա ասելիքը, նրա մտորումներն ու խոհերն են, նրա հիացմունքն ու տագնապները, նրա հորդորներն ու մտավախությունները, նրա վերելքներն ու անկումները: 
Մհեր Մկրտչյանի մտերիմների ու ժամանակակիցների հետ բազմաթիվ զրույցներով էլ փորձեցինք մեզ համար շատ հարցերի պատասխաններ գտնել, յուրովի ամբողջացնել նրա մարդկային որակները, իսկ տպագիր արխիվն ու հարցազրույցներն ուսումնասիրելով փորձեցինք գտնել նրա մտածողության բանաձևը: Միտումնավոր շրջանցել ենք Արտիստի անձնական կյանքի մանրամասնությունները, որովհետև, ժամանակակիցների վկայությամբ, ինքը չէր սիրում խոսել այդ մասին: ՈՒստի բարոյական չենք համարում անդրադառնալ այդ թեմային: 
сценахՄեր սիրելի Արտիստը դավանում էր մարդկային բարձր արժեքներ: Շատերին է հայտնի, թե նա որքան պահանջված դերասան էր, պահանջված ընկեր, պահանջված զրուցակից: Այս ամենով հանդերձ` նրա շուրջը հաճախ ծավալվում էին իրադարձություններ, որոնք խաթարում էին նրա մարմնի ու հոգու ներդաշնակ գոյը, պղտորում նրա` մանկան պես մաքուր ու ջինջ ներաշխարհը. «Ինձ թատրոնից հանեցին, որպեսզի չխաղամ: Եվ էդպիսի շատ բաներ են եղել իմ կյանքում: Դա պիտի գրվի մի օր: Ինձ հետ ապշելու բաներ են կատարվել. շուրջս լիքը չուզողներ եմ ունեցել: Մի անգամ, երբ «Եզովպոսում» խաղում էի Վաղարշյանի հետ, մարդիկ եմ տեսել, որ բեմի հետևից ասում էին. «Չի՛ ստացվի, չի՛ ստացվի, չի՛ ստացվի»: Էս իմ լեգենդն է, ոչ մեկի հետ դա չի եղել»: Ինքը նաև դա՛ էր ընդունում. «Համախոհների հետ նաև չկամեցողներ պիտի լինեն դերասանի կողքին, ովքեր իրենց չար գործն անելով` իրականում դրդում են ավելի կատարյալ լինել»: Նրա համբերությունը չէր հատնում, հումորը չէր կորչում` դա իրեն միշտ փրկել է։
Մհեր Մկրտչյանը վեր էր այդ ամենից, բայց փորձում էր հասկանալ, թե որն է այդպիսի պահվածքի պատճառը. «Շատ եմ մտածել մարդու թերությունների ակունքը գտնել, և մոտավորապես հասկանում եմ, որ դա արժանապատվության պակասից է: Մարդու ամենավատ գիծը արժանապատվության պակասն է: Եթե չկա արժանապատվություն, ուրեմն մարդը վախկոտ է, դավաճան է, կաշառակեր ու կաշառատու է, քծնող է, իր հոգսերով զբաղեցնում է ուրիշներին, օգնում է` իմաց տալով, որ քեզ օգնել է: Կաշառք է տալիս, որովհետև վստահություն չունի, արժանապատվություն չունի: Իրեն գովում են` ընդունում է, ստորացնում են` լռում է»: 
Վահրամ Փափազյանը տեղին էր նկատել. «Այս մանչուն հետ միշտ մեկը պետք է, համախոհ պետք է»: Թատրոնում նրա համախոհը եղավ Վարդան Աճեմյանը, ում համարում էր մեծ, շատ մեծ ռեժիսոր, և Օվի Սևումյանի, Արշակ Բուրջալյանի ու մեր մյուս մեծ ռեժիսորների կարգին էր դասում: Նա եղավ Մհերի «թագադիրը» թատրոնում: Աճեմյանն աշխատում էր տրամվայում, փողոցում, ժողովի ժամանակ, աշխատում էր ցայտաղբյուրից ջուր խմելիս: Ինքն էլ էր այդպես աշխատում, առանց աշխատելու չէր կարողանում, անընդհատ աշխատում էր, միտքն անընդհատ զբաղված էր: Նրա համար «աշխատելը դերով ապրելն է»: 
Կինոյում էլ սիրելի Արտիստի «կնքահայրը» դարձավ ռեժիսոր Հենրիկ Մալյանը. «Կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողություն ունի Մալյանը, էկրանի ճշմարիտ զգացողություն, հատկանիշներ, որոնք նրան դասեցին հայրենական կինոյի սիրված անունների շարքին: Առհասարակ, իմ լավագույն կերպարները ստեղծել եմ Մալյանի կինոնկարներում»: 
«Լավ խաղացողներ շատ կան, բան պիտի ասել, ասելիք պիտի ունենալ». այս համոզմունքն էր թերևս պատճառը, որ հասարակ թվացող երևույթներն անգամ նրա կատարմամբ խորհուրդ էին ստանում և ներկայանում ողջ խորությամբ: Նա չէր անտեսում անգամ մանրուքները:
Մի անգամ Լոս Անջելեսի 1600-տեղանոց դահլիճում Պաղտասարի խելագարության տեսարանից հետո, երբ բեմում մենակ էր. երեք րոպե մնաց լուռ, նայեց ժողովրդին, մտորեց, թե էս ինչ աշխարհ է, աչքերից արցունք գնաց, հետո սկսեց մատների հետ խաղալ` երկա՜ր, երկար: Դահլիճում քար լռություն էր. լաց էր լինում` լաց էին լինում... Հետո վերջում կամաց ժպտաց` բոլորը թեթև ժպտացին, մի քիչ ավելի` բոլորն աշխուժացան, ու վերջացավ ծափահարություններով: Ներկայացումից հետո, կուլիսներում Լոս Անջելեսի արտիստական թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռիչարդ Բելլին մոտեցավ, թարգմանչի միջոցով ասաց. «Դուք ինչպե՞ս լռեցիք երեք րոպե, որ ես հասկացա»: Մհերն ասաց. «Ես լռեցի անգլերեն»: Էս հումորն ինքը շատ հավանեց, փաթաթվեց ու ասաց. «Ես էլ հասկացա հայերեն»: 
Գուցե անմիջականությունն էր նաև նրան դարձնում բոլորին սիրելի, որ իր հետ հանդիպումներում ցանկացած դահլիճի պատերը նեղ էին թվում: Ասում էր. «Անմիջականությունը վիթխարի բան է արվեստում»: Իսկ դերի պատրաստման նրա ուրույն ձևը, զուտ մհերյանական լուծումներն անկրկնելի հմայք ու հուզականություն էին հաղորդում կերպարներին: Հաճախ էր ասում. «Դերը պետք է դերասանի երակներում տրփա արյան հետ, տրփա՜ ու եփվի, ինչպես նոր դրած գինին: Հետո պետք է հանդարտվի՜, զուլալվի՜ և նոր միայն խաղացվի»: Երբեմն նկատում էր, որ շատ դերասաններ տեքստը անգիր գիտեն, լավ էլ ասում են, բայց կերպարը թերի է ստացվում: Մտահոգվում էր, թե ինչու թատերական ինստիտուտում չեն դասավանդում «իմպրովիզացիա» առարկան: Նա, որ իմպրովիզացիայի մեծ վարպետ էր, երբեք տեքստն անգիր չէր անում. «Մինչև տեքստը չլինի իմ բերանի խոսքը, ես չեմ շտապի դրանով զարդարել իմ ներկայացնելիք կերպարը: Ես երբեք անգիր չեմ անում, փորձում եմ օրգանական դարձնել, դրանից հետո ինքն իրեն խոսելով գալիս է: Իսկ որ արդեն քո խոսքը դարձավ` մնում է քո ներքին զգացողությանը, մնում է, որ դու այն դնես չափավորության մեջ, ավելորդ խոսքն ինքն իրեն դուրս է գալիս: Ինքնաճանաչողության էս պրոցեսն է քեզ բերում կատարելության: Գեորգի Դանելիան, Հենրիկ Մալյանը չեն սովորեցնում, նրանք քեզ դնում են այնպիսի վիճակի մեջ, որ դու ճիշտ վերապրես, իսկ որ ճիշտ վերապրեցիր` քեզ մղում է գործողության: Ա՛յ, սա է իսկական ռեժիսուրան»:
Երբևէ չնմանվեց ուրիշին և հաճախ էր կրկնում. «Որքան ազգային ես, այնքան պահանջված ես` նատուրալ, ճիշտ, նուրբ, գեղեցիկ և ճաշակով մարդ, բայց օրիգինալ իր ամեն ինչով, որ նման չէ ոչ մեկին, իսկ երբ ոչ մեկին նման չես, արդեն շատ հետաքրքիր է»: Ա՛յս մտայնությունը, ա՛յս խնդիրներն են մշտապես ուղեկից եղել նրան: 
Նրա պատկերացմամբ` «թատրոնը մարդու հետ ծնված բան է»: Այնքան էր լցված իր գործով, որ միայն դերասանությունը քիչ էր թվում այդ տարիքում. «Իմ դերասանական խողովակը տրաքվում է, ասելիք շատ ունեմ, իսկ միայն դերասանությամբ չեմ կարող ասել, և էնպես չի, որ ես բացատրեմ` գան ինձ բեմադրեն: Ես կանեմ, ես հանգիստ կանեմ Սիրանոն էլ, Օթելլոն էլ, մյուսներն էլ»: Այ՛ս մտայնությամբ 1992 թվականին հիմնադրեց արտիստական թատրոնը.«Ամեն մի իսկական դերասան, իսկական արտիստ ինչ բեմում էլ ստեղծագործի` իր ներսում ունի սեփական թատրոնը: Եվ երբ իրենց հնարավորություններով, նախասիրություններով, ձգտումներով համընկնում, ներդաշնակվում են, այսպես ասած, ներքին ու արտաքին թատրոնները, մեծ բախտավորություն է ստեղծագործողի համար»:
Մհեր Մկրտչյանը երջանիկ էր իր աշխատանքով, հաճախ խոստովանում էր. «Ես նորից կընտրեի դերասանի մասնագիտությունը: Դերասանությունը միշտ էլ եղել է իմ տարերքը: Քիչ է պատահում, երբ մարդ հենց մանկուց գտնում է իր ուղին ու առանց վարանելու քայլում առաջ: Թատրոնը սիրել եմ մանկուց, իսկ կինոյի սերը եկել է հետո, հասուն տարիքում՝ իր հետ բերելով որոնումներ ու ստեղծագործական հաջողության ուրախալի պահեր»:
Իսկ մեր սիրելի ԱՐՏԻՍՏԻ հրաժեշտի բարեմաղթանքը գալիս է լրացնելու, ամբողջացնելու նրա ասելիքը: Դա ամենևին էլ երկրային կյանքին հրաժեշտ տվող մարդու չարություն կամ ափսոսանք չէ, դա պատգամ է բոլոր ապրողներին.«Սիրեցեք արվեստը, կապվեք արվեստի հետ: Արվեստը մարդուն կտրում է գետնից, հանում վեր, նրան դարձնում ռոմանտիկ, օգնում է ճանաչել ու հասկանալ կյանքը, ճանաչել գեղեցիկը: Հայրենիքի զգացողությունը պահեք ձեր մեջ, հոգով ու սրտով կապված մնացեք հող ու ջրին, հոգևոր հարստությանը, ծննդավայրին: Լիաթոք ծիծաղ եմ ցանկանում ձեզ, լուսավոր ժպիտ և մեծ նվիրվածություն դեպի թատրոնը, կինոն, դեպի արվեստը»: 
Մհեր Մկրտչյանի այս հորդորի հանգույն` ապրենք գնահատելով հոգևոր հարստությունը, աշխարհը լցնելով սիրով ու ջերմությամբ:

Շուշանիկ ՍԱՀԱԿՅԱՆ
03.07.2015
http://www.irates.am/hy/1435907894#.VZZv0kxqh80.facebook

 

Печать