«Միակ դերը, որ չկարողացավ խաղալ, ինքն իրեն խաղալն էր». Ալբերտ Մկրտչյանը՝ Մհեր Մկրտչյանի մասին

Фрунзик Мкртчян«Ֆրունզիկ Մկրտչյանն իմ հուշերում մնացել է այնպիսին, ինչպիսին ինքը եղել է միշտ. բարի, տաղանդավոր, հումորով և տխուր մարդ-արվեստագետ», -ԳԱԼԱ-ի հետ զրույցում մեծ արտիստի ծննդյան օրը հիշելով եղբորը՝ նման կարծիք հայտնեց ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը:
Համաձայնելով այն մտքի հետ, որ Մհեր Մկրտչյանը երևույթ է մեր բեմում ու կինոյում՝ Ալբերտ Մկրտչյանը միևնույն ժամանակ իր այն համոզմունքը հայտնեց, որ նման մեծեր էլի կծնվեն. «Երբ Մհերը դեռ չկար, այն ժամանակ էլ ասում էին՝ արդյոք կծնվի՞ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան. ծնվում են, որովհետև ինչքան էլ որ կոտորած ու եղեռն լինի, միևնույն է՝ ազգի արգանդից է կախված, և նա կծնի, անպայման կծնի. Մհերը ո´չ առաջինն է, ո´չ էլ վերջինն է: Ազգի արգանդը չի չորանում մի հանճարի մահով»:
Այն հարցին, թե ո՞ր դերն էր, որ այդպես էլ երազանք մնաց Մհեր Մկրտչյանի համար, Ալբերտ Մկրտչյանը պատասխանեց. «Միակ դերը, որ չկարողացավ խաղալ, դա ինքն իրեն խաղալն էր. ամենադժվար դերը դա է եղել և միշտ զարմացած հարցնում էր՝ ես չե՞մ կարող իմ դերը խաղամ, ես էլ ասում էի՝ ոչ, որովհետև մարդը երբեք չի կարող իր մեջ տեսնել այն նյուանսները, որոնք դրսինն է տեսնում, և միշտ մի բան պակաս կլիներ, եթե ինքն իր կերպարը խաղար:
Նա դեռ ուսանող էր գեղարվեստա-թատերական ինստիտուտում, երբ Եզովպոս էր խաղում, և ես ականատես եմ եղել, թե ինչպես Վաղարշ Վաղարշյանը հենց բեմում հանեց իր գրիմը, պարիկը, գրկեց Ֆրունզիկին, և դրանից հետո Ֆրունզը շարունակեց իր դերը խաղալ: Դա շատ մեծ քայլ էր իր դասախոսի կողմից»:
Ռեժիսոր եղբոր համար դժվար է եղել նույն նկարահանման տաղավարում աշխատել տաղանդավոր և միևնույն ժամանակ իմպրովիզներով հարուստ արտիստ եղբոր հետ:
Ալբերտ Մկրտչյանը պատմեց, թե ինչպես է ստացվել, որ բոլորիս համար շատ սիրելի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի հայտնի «էհե՟յ» պատառիկը հայտնվել է ֆիլմում և որտեղից են գալիս դրա ակունքները:
«Այն, ինչը ինձ դուր չէր գալիս նրա իմպրովիզներից, դա վիճաբանություն էր, իսկ ինչը հավանում էի՝ համատեղ ստեղծագործություն:
Հիսուն տարի առաջ, երբ հայրս փախել էր բանտից, փորել էր գետինը և այնտեղ թաքնվել էր, երբ ասեցին, մենք վազեցինք ու պատուհանից նայեցինք, ոստիկանը ատրճանակը պահել էր այդ փոսի վրա և կամաց հետ էր պահում, որ հորս աչքերը երևա, և հայրս ասեց՝ էհե՟յ: Ֆրունզիկ Մկրտչյանին պետք էր մի հիսուն տարի, որից հետո, երբ Հենրիկ Մալյանը նկարում էր «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը, Ֆրունզիկ Մկրտչյանը, ով ֆիլմում բարկանում է ոստիկանի վրա, ում մարմնավորում էր Սոս Սարգսյանը և ասում՝ «էհե՟յ». նա չէր մոռացել հորս այդ ժեստը:
«Մեր մանկության տանգո» ֆիլմում ես ապշեցի, երբ իմ գրած տեքստը ուրիշ էր, էկրանի վրա երբ որ նայում էի, սցենարն ուրիշ էր, ես ապշեցի ֆրունզիկի մտածելակերպի վրա. մթնշաղ է, կանգնած է Գալյա Նովենցը և Ֆրունզիկ Մկրտչյանը և ասում է՝ Հրանուշ, էս ի՞նչ դժբախտություն է, մարդ չի՞ կարող երջանիկ լինել: Դա իր իմպրովիզն էր, ես լրիվ ուրիշ տեքստ եմ տվել»:

04.07.2013 
http://galatv.am/hy/culture-history