Акоп Акопян "Мастера, маски" (Ереван, 1980)

Фрунзик Мкртчянавтор - Акоп Акопян 
հեղինակ - Հակոբ Հակոբյան

Тираж - Տպաքանակը - 10000

Издательство "Советакан грох"
Հրատարակչություն "Սովետական գրող"

Երեուան - Ереван - 1980

Մհեր Մկրտչյան

Հանդիսականն այս արտիստին ծափահարում է նրա հայտնվելու առաջին իսկ պահից՝ լինի դա բեմի վրա, թե էկրանին, և նրա մասնակցությամբ ներկայացում կամ կինոնկար դիտելուց հետո, դահլիճն անպայման թողնում է զվարթ տրամադրությամբ: Բնությունը Մհեր Մկրտչյանին օժտել է ծիծաղ պարգևելու նախանձելի շնորհով: Նրա արվեստի հմայքը անսպառ հումորն է՝ անկեղծ ու վարակիչ: Եթե մտովի վերհիշենք քառորդ դար թատրոնում ու կինոյում անձնավորած նրա բոլոր հերոսներին, որոնք հիմնականում կատակերգական են, հավանաբար նրանք պարգևած ծիծաղը կհնչի փոթորկի ուժգնությամբ…
Ո՞րն է նրա արվեստի ուժը, մարդկանցից այդքան հեշտորեն ծիծաղ «կորզելու»  գաղտնիքը: Ամենից առաջ՝ կյանքի ծիծաղելին բնական ու անհեթեթ խաղով, կերպավորման անճիգ ձիրքով մատուցելու վարպետությունը: Նրա հումորը դերասանական տեխնիկայի խաղ չէ, այլ իրական կյանքի զգացողությամբ ծնված անմիջական զրույց, որն առատորեն հորդում է դահլիճ: Եվ հանդիսականը գիտենալով, որ չի խաբվում, լիաթոք արձագանքում է դերասանի ամեն մի ռեպլիկին, աշխուժանում նրա յուրաքանչյուր շարժումից: Իբրև հավաստում, հիշենք առաջին լուրջ դերակատարումներից  մեկը՝ Գ.Սունդուկյանի անվան թատրոնում՝ «Սրտի արատի»  Գվիդոնին: Ու թեև տարիներ են անցել, սակայն այսօր էլ հաճելի է մտաբերել հումորի ու զավեշտի շաղախով հունցված այդ տիպին: Մի դերակատարում, որն այն տարիներին համարվում էր արտիստի բեմական ընդհանուր կերպարի, նրա ժողովրդայնության չափանիշը: Չնայած այդ հերոսի բարոյական նկարագրի մերժելիությանը, արտիստը նրան այնքան տպավորիչ գունախաղով էր ներկայացնում, որ մեր աչքում դառնում էր համակրելի: Դա, իհարկե, դերապատկերի խաղային գրավչությունն էր, որն էլ պայմանավորեց նրա երկարակեցությունը:
Հետաքրքրականն այն է, որ Մ.Մկրտչյանն իր բեմական գործունեության առաջին շրջանում (սկզբում Լենինականի, ապա՝ Գ.Սունդուկյանի անվան թատրոնում) նշանակալի հաջողության է հասել հիմնականում բացասական կերպարներ մարմնավորելիս: Ահա դրանց ոչ լրիվ ցանկը՝ Կոն («Թշնամիներ» ), Սաղաթել («Պատվի համար» ), Խուլ («Երկու գույն» ) և այլն: Դերասանի այդ տարիների թատերական հունձքից առանձնանում են երկու կերպար՝ Հայրապետն ու Մերկուցիոն Վ.Աճեմյանի հեղինակած «Նամուս»  և «Ռոմեո ու Ջուլիետ»  բեմադրություններում: Դրամատիկական ընդգծված երանգներով ստեղծված կերպարներ, մեկը՝ ազգային կերտվածքով, մյուսը՝ շեքսպիրյան: Եվ կատակերգակ արտիստն իր համար անսովոր դրամայի ու ողբերգության ժանրերում հրաշալի ներկայացրեց այդ հերոսներին. առաջինը՝ ողբերգական շեշտով, երկրորդը՝ քնարական ու սրտագրավ:
Եթե թատրոնում արտիստն արդեն ինքնահաստատման լուրջ փորձություններով էր անցնում, ապա կինոն դեռևս չէր «վստահում»  նրան: Նկարահանվում էր բացառապես էպիզոդներում, այն էլ՝ գրեթե անխոս դերերում. «Պատվի համար» , «Ինչու է աղմկում գետը» , «Հասցեատիրոջ որոնումները»  և այլն: 1959-ին ռեժիսոր Հ.Մարտիրոսյանը նրան հրավիրեց «01-99»  խորագիրը կրող կարճամետրաժ ժապավենում նկարահանվելու: Գրեթե անեկդոտային ֆոբուլա ունեցող այս ֆիլմում արտիստը ստեղծեց կինեմատոգրաֆիական հյութեղ կերպար: Գարսևանը մեծ էկրան տանող ճանապարհի առաջին լուրջ փորձությունն էր, որից և հաջողությամբ սկսվեց դերասանի երթը կինոյի բարդ ու դժվարին արվեստում: Ի դեպ, հարկ է նշել, որ արտիստը հետագայում ևս մի քանի կարճամետրաժներում ևս ստեղծեց հաջողված կերպարներ. Սիմոն՝ («Տերն ու ծառա» ), Ավագ («Լուսանկար» ) և այլն: 
Սակայն Մ.Մկրտչյանի կինեմատոգրաֆիական ամենալուրջ քայլերը կապվում են հայ կինոյի այսօրվա ինքնատիպ ռեժիսորներից մեկի՝ Հենրիկ Մալյանի անվան հետ: Բարձր պրոֆեսիոնալիզմ, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողություն, էկրանի ճշմարիտ զգացողություն՝ հատկանիշներ, որոնք հնարավորություն տվեցին նրան դասվելու հայրենական կինոյի ինքնատիպ անունների շարքում: Այդ ամեը հիանալի դրսևորվեցին հիշյալ ռեժիսորի բեմադրած ժապավեններում. Արսենից («Նվագախմբի տղաները» , համահեղինակ՝ Հ.Մարգարյան) մինչև Գասպար («Եռանկյունի» ), Իշխան («Մենք ենք, մեր սարերը» ), հայրիկ («Հայրիկ» ) և Ափրո («Նահապետ» )՝ շուրջ քսան տարով չափվող այս ճանապարհը ներկայացնում է դերասանի ստեղծագործական աճը: Կերպարներ, որոնց միավորում է մի շատ արժեքավոր հատկանիշ. բոլորն էլ ստեղծված են ազգային վառ գույներով, հայ մարդուն բնորոշ նկարագիր ունեն, ճակատագիր. նրանք սրամիտ են, աշխատասեր, թախծոտ են ու երազող:
Այս շղթայի բարձրակետը, անշուշտ, Գասպարն է՝ վիպական մի կերպար, որը շատ բանով հիշեցնում է մեր հեքիաթի հերոսներին: Դերակատարը շռայլ գույներ չի օգտագործել՝ ցուցադրելու իր մարմնավորած անհատի մարդկային նկարագիրը. նրա կյանքն ինքն արդեն շատ բան է հուշում այդ մասին: Ծննդավայրը կորցրած, նա հրաշքով ընկել է գավառական փոքրիկ քաղաքը՝ հոգում իր կյանքի ու գերդաստանի տխուր պատմությունը, որ հնչում է նրա աչքերի անափ տխրության, թախծոտ երգերի մեջ: Բայց նա մի առասպել ունի, որը կապվում է միմիայն իր անձի հետ և ամբողջ քաղաքը գիտի այդ մասին: Պատմում է, որ ինքն իր ծննդավայր երկրից ծովով լողացել, եկել-հասել է այստեղ: Այս փոքրիկ մանրամասնի շուրջ հյուսված պատմության հիմքի վրա դերակատարն իր հերոսին օժտել է հումորի նրբին երանգներով և ֆիլմը դիտելիս մենք ծիծաղում ենք տխուր հիացումով: Կերպարի հոգեբանական ընթացքը մինչև ավարտը՝ կուլմինացիան, մեզ չի տանում ծիծաղի ճանապարհով, փլվում է լողի առասպելը և տխրում: Գասպարը դառնում է քչախոս: Այդ պահից խոր թախիծը համակում է նաև դիտողին, քանզի նա սիրում է տառապած, բարի այդ մարդուն: Կերպարի հոգեբանական ներգործության այդ ուժը պայմանավորված է դերակատարի խաղի հավաստիությամբ, ներքին թափանցումի շնորհիվ:
Եթե «Հայֆիլմի»  հիշյալ ժապավեններում անձնավորած հերոսները արտիստի ստեղծագործական դիմանկարին ավելացրին դրամատիկ երանգներ, ապա երկրի մյուս կինոստուդիաներից նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար: Կոմեդիական ժանրի սահմաններում նրա տաղանդը բացահայտվեց իր բոլոր շերտերով՝ կրկին հավաստելով ի վերուստ արտիստին տրված կատակերգական անուրանալի շնորհը:  1966-ին նա նկարահանվեց Լ.Գայդայի «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները»  և Ռ.Բիկովի «Այբոլիտ-66»  ժապավեններում: «Մոսֆիլմ»  կինոստուդիայում բեմադրված այս ֆիլմերը հաջողությամբ ցուցադրվեցին երկրի էկրաններին և լայն ճանաչում բերեցին հայ դերասանին: Արկածային, անսովոր սյուժետային պատում ունեցող այս կինոերկերում խտացված էին ժանրին բնորոշ հնարքները, լիուլի տեղ էին գտել զավեշտն ու երգիծանքը, հանգամանք, որ թելադրվում էր ոչ միայն հիշյալ երկերի գաղափարական միտումով, այլև նրանց դերակատարների ինքնատիպությամբ: Ահա Մ.Մկրտչյանի խաղընկերները՝ Յու Նիկուլին, Ե. Մորգունով, Վ.Վիցին, Վ.Էտուշ, Ն.Վարլեյ, Ռ.Բիկով, Օ.Եֆրեմով, Ա.Սմիռնով, արտիստներ, որոնց արվեստով է բնորոշվում սովետական կինոակադեմիայի հաջողությունը: Առաջինում նա պատկերեց շահի դիտավորությամբ մեքենայությունների մղվող կովկասցի մանր պաշտոնյա Ջաբրաիլի կերպարը, երկրորդում՝ հեքիաթի խեղճ ու կրակ մի ծառայի, որը միամտորեն դառնալով ավազակների հանցակիցը, անընդհատ ընկնում է ծիծաղաշարժ իրադրությունների մեջ: Արտիստը սրանց ներկայացրեց կինեմատիկ արտահայտչամիջոցների հարստությամբ, իսկ վերջինն անթերի էր հատկապես երաժշտականությամբ ու պլաստիկ կատարումով:
1978 թվականը Մ.Մկրտչյանի համար կարելի է համարել ստեղծագործական առատ հունձքի տարի: Թատրոնում նրան տրվեց երջանիկ հնարավորություն՝ հանդես գալու Զամբախովի բարդ հոգեբանական դերում: Եվ նա արտիստական ինքնատիպ մեկնաբանությամբ ներկայացրեց բեմական հարուստ ավանդներ ունեցող սունդուկյանական այդ հերոսին: Իսկ «Մոսֆիլմ»  կինոստուդիայում ստեղծված «Միմինո»  և հայկական «Զինվորն ու փիղը»  (ռեժիսոր՝ Դ.Կեսայանց) ժապավեններում ունեցած դերակատարումները գնահատվեցին բարձր պարգևներով՝ առաջինն արժանացավ ՍՍՀՄ պետական, երկրորդը՝ տղամարդու լավագույն դերի համար սահմանված մրցանակի:
Ռեժիսոր Գ.Դանիելիայի և հայ արտիստի ստեղծագործական կապը երկար տարիների պատմություն ունի. Մ.Մկրտչյանը հանդես է եկել նրա բեմադրած «Մի վշտանա» ,  «Երեսուներեքը»  ֆիլմերում՝ գրեթե էպիզոդիկ դերակատարումներով: Իսկ ահա «Միմինոյում»  նրան վստահվել է գլխավոր հերոսներից մեկի՝ Խաչիկյանի դերը: Մեր օրերի հասարակ մի մարդ, որը մարդկային գրեթե նույն կերտվածքն ունեցող վրացի տղայի՝ Միմինոյի (որին այդքան գունեղ ներկայացնում է էստրադայի ու կինոյի ճանաչված արտիստ Վախթանգ Կիկաբիձեն) հետ ընկնում է բազմաթիվ ծիծաղաշարժ ու անհավանական պատմությունների մեջ և ամենուր գործում բարությանը դաշնակցած: Դիտելով այս կինոնկարը, հանդիսականը ոչ միայն անզուսպ ծիծաղում է, այլև խորհում, որ առանց Միմինոյի ու Խաչիկյանի նման բարի, ջերմ մարդկանց, կյանքն, իրոք, տխուր կլինի:
Իսկ Մհեր Մկրտչյանի գրեթե բոլոր հերոսները՝ բեմական, թե էկրանային, այդպիսին են: Ծիծաղն ու բարությունը նրա արվեստի կենարար ուժն են:

Печать