Հավլաբարի տիկնիկների աշխարհը. ոչ բարի տիկնիկներ չեն լինում

Хаго HagoԹբիլիսիի Հավլաբար թաղամասում տիկնիկների մի աշխարհ կա, որտեղ նրանք շարժվում են այնպես, ինչպես շատ այլ սովորական տիկնիկներ: Սակայն յուրահատուկ են, քանի որ կարողնում են ցույց տալ իրենց բնավորությունը, փոխել հանդիսատեսի տրամադրությունը: Սա մի բարի աշխարհ է, որ ստեղծել է Գարի Դավթյանը` ասելով՝ «ոչ բարի տիկնիկներ չեն լինում»։ Վարպետի մահից հետո էլ այս տիկնիկները Դավթյանների տուն են բերում հազարավոր այցելուների, ովքեր հիանում են նրանց խաղով` առանց մուտքի տոմս վճարելու։


Հավլաբարյան կոլորիտով Դավթյանների տանն ապրում են յուրահատուկ տիկնիկներ: Ամեն մեկն իր տեղն ունի, բայց երբ հյուրեր են գալիս, նրանք բեմ են բարձրանում: Այս խամաճիկներին կյանք տալով՝ Գարի Դավթյանն ասում էր. «Տիկնիկը բարդ մեխանիզմ է, որ պահանջում է ճիշտ կարգավորում ու սեր, այլապես այն չի ծնվի: Ոչ բարի տիկնիկներ չեն լինում: Մենք բոլորս դա գիտենք»։
Հենց այդպես էլ ծնվեցին Գարիի առաջին տիկնիկները անցյալ դարի 70-ականներին: 90-ականնների սկզբին, երբ մութ էր ու ցուրտ, նույնիսկ կրակում էին քաղաքի փողոցներում, Գարին իր արվեստանոցում տիկնիկ էր ստեղծում: Մի օր էլ, ինչպես պատմում է Գարիի կինը` Ժաննա Դավթյանը, վարպետն իր արվեստանոց մտնելով անակնկալի է գալիս այնտեղ տեսնելով Ֆրունզիկին՝ Մհեր Մկրտչյանին։ «Դու երևի խենթ մարդ ես. դրսում կրակում են, ժողովուրդն ինչ վիճակում է, իսկ դու այստեղ տիկնիկ ես սարքում: Իմ կերպարով էլ տիկնիկ ստեղծիր, որ աշխարհը շրջենք միասին։ Ես կխոսեմ, այդ տիկնիկը կաշխատի»,- ասում է դերասանը։
Վարպետը գործի անցավ, սակայն այն դեռ չավարտված Ֆրունզիկը կյանքից հեռացավ։ Դրանից հետո Գարին որոշում է մի փոքր փոփոխել տիկնիկը և արդյունքում ստեղծվում է Հուգոն` նույնպես տխուր աչքերով ու մեծ քթով։ Գարի Դավթյանը կյանք տալով այս խամաճիկներին՝ ուզում էր այս տիկնիկների օրինակով բարություն ու սեր ներշնչել մարդկանց։
Վարպետի ընտանիքի անդամներն այսօր հմուտ տիկնիկավարներ են ու հիանալի հեքիաթ ստեղծողներ: Իսկ այդ հեքիաթները միայն փոքրերին չէ, որ գրավում են։

logoԳիտա Էլիբեկյան 
«Ռադիոլուր»
Թբիլիսի

Печать