Джулиет Бабаян

Դժբախտ ու երջանիկ արտիստը

Այսօր տաղանդավոր դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է:
Հպարտ ենք, որ ունեցել ենք նման շնորհալի ու հրաշալի արտիստ, մարդ, որը սակայն անձնական կյանքում երբեք երջանիկ չեղավ:
Ինչ էլ ասվի այսօր նրա մասին, ինչպես էլ մեծարվի, լավ ու ջերմ խոսքեր հնչեն, միևնույն է, ինչ որ տեղ այդ ամենը կեղծ կլինի, քանի որ մարդու՝ նրա հիշատակի նկատմամբ հարգանքը խոսքերով չի որոշվում:
Դա կոնկրետ գործ է՝ վերաբերմունք, որ այդպես էլ չցուցաբերվեց նրա մերձավորների՝ կնոջ ու երեխաների հանդեպ, թե՛ պետական մակարդակով թե՛, հարազատների կողմից.
Կարծում ենք վերատպելով հոգեբուժարանում տարիներ շարունակ անտեսված ու լքված Մհեր Մկրտչյանի կնոջ՝ վերջերս մահացած Դոնաարա Մկրտչյանի մասին հրապարակումը մեկ անգամ ևս կհիշեցնենք, որ երբ խոսքերը գործ չեն դառնում, մնացյալը կեղծ ու տգեղ է լինում:
Դոնարա Մկրտչյանի անունը ծանոթ է հատկապես միջին տարիքի հայ հանդիսատեսին: Այսօր շատերը նրան գիտեն միայն որպես Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանի կնոջ և շատ քչերը` այն դաժան ճակատագրի մասին, որ բաժին ընկավ շնորհալի դերասանուհուն:
Տարիներ առաջ նրան հանդիպեցի Սևանի հոգեբուժարանում, ուր Նորքի հիվանդանոցից, արդեն որպես անբուժելի հիվանդ, տեղափոխել էին 20 տարի առաջ: Հոգեբուժարան կատարած այցի ժամանակ կրկին առիթ եղավ գլխավոր բժիշկ Արամ Ալեքսանյանի հետ զրուցել դերասանուհու մասին: Նա տառապում էր շիզոֆրենիա հիվանդությամբ: Ավելորդ է ասել, որ երկար տարիներ լինելով հոգեբուժարանում` նա արտաքնապես շատ էր փոխվել: Իսկ դա ըստ բժիշկ Ալեքսանյանի`յուրահատուկ է նշված հիվանդությանը: Սակայն Դոնարա Մկրտչյանը մեր սերնդի հիշողության մեջ մնացել է այնպիսին, ինչպիսին կար երիտասարդ տարիքում` շնորհալի դերասանուհի, հյութեղ խառնվածքով գյումրեցի կին:
frunzik Ցավոք, շատերը մեծարելով Մհեր Մկրտչյանին` մոռանում են, որ նրա երբեմնի կողակիցը և երկու երեխաների մայրը սարսափելի վախճան ունեցավ լքված ու ու մոռացված: Բայց նրանց թվում կա մեկը, որը դրա իրավունքը չուներ նախևառաջ բարոյապես: Խոսքը Մհերի եղբոր Ալբերտ Մկրտչյանի մասին է, ում վերելքն ու դիրքն ապահովել է Ֆրունզիկի տաղանդը: Նա տեր դառնալով ոչ միայն Ֆրունզի թողած ոչ նյութական ժառանգությանը, տեր էր դարձել նաև եղբոր բնակարանին ու ունեցվածքին, սակայն հոգեբուժարանում գտնվելու 20 տարիների ընթացքում, այստեղ չէին հիշում, որ Ալբերտ Մկրտչյանը երբևէ այցելած լիներ հարսին, կամ գոնե ծանրոց ուղարկեր:
«Նրան սկզբնական շրջանում թատրոնի դերասանուհիներից ոմանք գալիս էին տեսնելու»,— պատմում էր պարոն Ալեքսանյանը:
Սունդուկյանի անվան թատրոնում հարցուփորձի ժամանակ պարզեցի, որ նրանց մեջ եղել է նաև Դոնարայի մտերմուհին` դերասանուհի Ջուլիետ Բաբայանը: Նրան էլ խնդրեցի պատմել, թե ինչ է նախորդել հոգեբուժարանին և առհասարակ` խոսել Դոնարա Մկրտչյան դերասանուհու մասին:
— Ես չեմ վարանում ասել, որ Դոնարան տաղանդավոր դերասանուհի էր: Եթե նա չհիվանդանար` այսօր մեծ բարձունքների հասած կլիներ: Աճեմյանը նրա հետ մեծ հույսեր էր կապում: Բազմաթիվ գլխավոր դերերում էր խաղում, իսկ «Պաղտասար աղբար»-ում Անուշի դերը Ֆրունզի հետ էր խաղում, «Ծիրանի ծառը» նրա վերջին ներկայացումը եղավ: Նույնիսկ այն ժամանակ խաղաց, երբ մի անգամ արդեն հիվանդանոցում բուժվել ու դուրս էր գրվել: Նա մեծ ավանդ ուներ նաև հեռուստատեսությունում և ռադիոյում, ուր բազմաթիվ կրկնօրինակումներ էր կատարել: Այն ժամանակ այսպես չէր, ով պատահեր` չէր կարող դեր կարդալ: «Կովկասի գերուհին» հայտնի ֆիլմում նա մի փոքրիկ դրվագում էր խաղում: Սակայն գլխավոր հերոսուհուն` Նինային, ինքն էր կրկնօրինակել:
— Կարծիք կա, որ Դոնարան իր դերերով պարտական է եղել Մհերի կինը լինելու հանգամանքին:
— Ես չեմ կարծում. նա շնորհալի դերասանուհի էր և եթե այդպիսին չլիներ` Աճեմյանը նրան հենց այնպես գլխավոր դեր չէր վստահի: Գուցե ինչ-որ տեղ Ֆրունզի անվան կողքին դրված նրա անունը շոյիչ էր, բայց դրանով դերեր ստանա՞լ: Ոչ, այդպես չէր:
— Իսկ նա` որպես անհատ, ինչպիսի՞ն էր:
— Շատ կենսուրախ, լավ մարդ, լավ ընկերուհի: Սակայն դժբախտ կին էր: Ոչ ոք չուներ. մայրը մահացել էր, հայր չուներ, տղան ևս հոգեկան խնդիրներ ուներ (այդ հիվանդությունը ժառանգական էր, կարծեմ մորեղբայրն էլ է հիվանդ եղել, վերջերս մահացավ հոգեբուժարանում): Աղջիկն էլ Արգենտինայում մահացավ: Նա կոմպոզիտոր Տերտերյանի հարսն էր: Վերջերս թոռնուհին էր եկել, գնաց տատին տեսության: Աղջիկը` Նունեն, տեղեկություններ էր հավաքում, հավանաբար ինչ-որ բան էր ցանկանում գրել, սակայն կիսատ մնաց: Այժմ թոռնուհին ուզում է մոր գործը շարունակել:
— Մինչև հիվանդությունը Դոնարային կարելի՞ էր երջանիկ կին համարել:
— Կարծում եմ` այո: Ֆրունզը լավ էր վերաբերվում նրան: Ուղղակի Ֆրունզի լավ տարիներն էին, նրան շատ էին սիրում, ամբողջ օրը դրսում էր: Հաճախ նաև հրավիրում էին Մոսկվա` նկարահանումների: Հյուրախաղերի գնաց Բեյրութ, Հնդկաստան: Դոնարան այդ ընթացքում շատ էր մենակ մնում, գուցե այդ էր պատճառը, որ ահավոր խանդում էր ամուսնուն: Մինչև տղայի` Վահագնի ծնունդը, հաճախ էինք հանդիպում, հավաքվում էինք իրենց տանը: Եթե չեմ սխալվում` 1975-ից (ծնվել է 1941 թվականին) սկսեցին ի հայտ գալ հիվանդության նախանշանները` կասկածամտություն, խանդ, մտածում էր, թե ուզում են իրեն թունավորել:
— Ֆրունզը հոգատա՞ր ամուսին էր:
— Սկզբնական շրջանում` այո, հիվանդանոցում հետևում էր, ուշադիր էր, հետո երբ վիճակը վատացավ` արդեն Դոնարան չէր ուզում ոչ ոքի տեսնել:
— Դուք ավելի լավ գիտեք թատերական ոլորտը: Այս բոլոր տարիների ընթացքում ինչպիսի՞ վերաբերմունք է ցուցաբերվել նրա հանդեպ: Այ, նշվեց Մհեր Մկրտչյանի 70-ամյակը, այդ շրջանակներում Դոնարա Մկրտչյանի հանդեպ որևէ ուշադրություն եղե՞լ է:
— Թատրոնը երկար ժամանակ նրան պահեց, աշխատավարձ էր վճարում: Հետո հիվանդության ընթացքը երկարեց, և դա այլևս հնարավոր չէր: Երբ «Նորքում» էր պառկած` մի քանի մտերիմներով հաճախ էինք այցելության գնում: Բայց վիճակը ծանրացավ, նրան տեղափոխեցին Սևան, և հաղորդակցվելը դարձավ անհնարին: Հիվանդանոցում ահավոր պայմաններ էին` մռայլ սենյակները, այդ գորշությունը սարսափելի էր: Հիմա հոգեբուժարանում շատ բան է փոխվել: Իսկ ինչ վերաբերում է պետական մակարդակով կամ թատերական որևէ կառույցի միջոցով նրա հանդեպ ցուցաբերված ուշադրությանը, ցավոք, այս տարիներին երբևէ նման դեպք չի եղել:

July 04, 2012 | 16:26
http://www.armversion.am/2012/07/04/%D5%A4%D5%AA%D5%A2%D5%A1%D5%AD%D5%BF-%D5%B8%D6%82-%D5%A5%D6%80%D5%BB%D5%A1%D5%B6%D5%AB%D5%AF-%D5%A1%D6%80%D5%BF%D5%AB%D5%BD%D5%BF%D5%A8/

 

 

 

 

 

 

 

Печать