«Սահմանը միայն փշալարով չեն պահում, մարդո՛վ են պահում, մարդո՛վ»

 ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ«Իրատեսի» հյուրը գրող, հրապարակախոս ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆՆ է:

«ԱՐՏԻՍՏԻ ԱՇԽԱՐՀԸ ԱՆԵԶՐ Է, ՆՐԱ ՈՏՆԱՀԵՏՔԵՐՈՎ ԻՆՉՔԱՆ ԳՆԱՍ՝ ՎԵՐՋԸ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ»

- Հովհաննես, Վահրամ Փափազյանը Մհեր Մկրտչյանի մասին ասել է. «Այս մանչուն հետ մեկը պետք է»: Դուք և Շուշանիկ Սահակյանը «այդ մանչուն հետ» եղաք հետմահու՝ ստեղծելով «Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» ֆիլմը, ապա՝ համանուն գիրքը, որի մասին ասում եք, թե գրվել է Արտիստի ոտնահետքերով ձեր անցնելու ճանապարհին: Այդ ճանապարհին հանդիպած ամե՞ն բան է արտացոլվել Ֆրունզիկի մասին պատումում, թե՞ կային բաներ, որոնք ինչ-ինչ նկատառումներով շրջանցել եք: 
- Նախ՝ շնորհակալ եմ Մհեր Մկրտչյանի մասին ևս մեկ անգամ խոսելու առիթ տալու համար: Արտիստի աշխարհը անեզր է, նրա ոտնահետքերով ինչքան գնաս՝ վերջը չի երևում: Այդ ճանապարհը Շուշանիկ Սահակյանի հետ մենք անցանք՝ առ Արտիստը ունեցած սիրով, ակնածանքով, նաև զգույշ ու մի քիչ էլ վախվորած: 
- Ինչո՞ւ վախվորած: 
- Որովհետև նա չէր սիրում իր կյանքի «էն մի կողմը» ցուցադրել, հետևաբար, մենք դա պիտի տեսնեինք, դրանով ապրեինք, հուզվեինք ու տխրեինք և... չցուցադրեինք, դրա մասին չպատմեինք: Մեր վախը հենց այստեղ էր՝ չնեղացնենք Արտիստին: Մենք նրա ոտնահետքերում լույս էինք փնտրում, ու այդ լույսը կար՝ մտերիմների հետ զրույցներում, մեծ լսարաններում ասված խոսքի մեջ, իր մտորումներում, որ ձայնագրել էին այն երջանիկ մարդիկ, ովքեր բախտ ու պատիվ են ունեցել շփվելու նրա հետ, մասնավոր զրույցներ ունեցել: Այդ մասնավոր զրույցներում Արտիստը բոլորովին ուրիշ մարդ է՝ խորագետ, վերլուծող, ուսյալ ու խրատո՜ղ: Միայն դերի պատրաստման իր, այսպես ասեմ, մեթոդը, մի ողջ դասախոսություն է նրանց համար, ովքեր դերասան դառնալու ճանապարհն են ելել. «Դերը պետք է դերասանի երակներում տրփա՜ արյան հետ, տրփա՜ ու եփվի, ինչպես նոր դրած գինի: Հետո պետք է հանդարտվի՜, զուլալվի՜ և նոր միայն խաղացվի»: Մենք Արտիստի անցած ճանապարհին մեկիկ-մեկիկ հավաքեցինք այն ամենը, ինչը կարող էր «Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» նույնանուն և՛ գրքի, և՛ ֆիլմի հենքը դառնալ ու, որպես ամփոփ այցեքարտ, ներկայանալի լիներ բոլոր նրանց, ովքեր իրենց սիրելի դերասանին ճանաչում են միայն կինոֆիլմերով ու բեմական ներկայացումներով: Փա՛ռք Աստծո, որ համընդհանուր սեր էր վայելում Արտիստը, և ով նրան հանդիպելու հաճելի պահն ունեցել է, անպայման ուզել է գրառել, մտապահել: Այսօր ռադիոյի ֆոնդում կա այդ ձայնագրությունների մեծ մասը, որոնք մեզ սիրահոժար տրամադրեցին: Ես այստեղ անպայման պիտի տամ Ռոբերտ Մաթոսյանի անունը, ով Ֆրունզիկի հետ ունեցած իր ձայնագրությունների չափազանց մեծ արխիվ հանձնեց ռադիոյի ֆոնդ: 
- Այդ բոլորն օգտագործեցի՞ք ձեր ֆիլմում ու գրքերում: 
- Ֆիլմում՝ ոչ բոլորը, որովհետև մեծ մասը սիրողական ձայնագրություններ էին, իսկ գրքերում («Լույս», «Է՜ն ուրիշ Ֆրունզիկը», «Ո՞Ւմ համար ես վառվում, լույս») հնարավորինս շատ նյութեր դրեցինք: 
- Գրքում գրառվածից բացի, այլ տեղեկություններ կա՞ն Ֆրունզի թոռան՝ Իրենի մասին: Հետաքրքիր է իմանալ, թե ինչ շարունակություն ունի նրա տոհմածառը:
- Ցավոտ հարց տվեցիք, Կարինե ջան: Իրենը հեռավոր Արգենտինայից Հայաստան եկավ հենց այն օրերին, երբ մեր ամենօրյա մտորումը, գրելիքն ու անելիքը միայն Ֆրունզիկն էր ու էլի Ֆրունզիկը: Նա այցելեց մեզ և մեր տեսանյութերի, ձայնագրությունների ու պատմածների մեջ երջանկացավ իր պապի ներկայությունից: Նա իր Նունե մայրիկի ուխտն էր կատարում՝ Գյումրու հուշատուն-թանգարան հանձնեց հսկայական արխիվ, տպագրեց Նունեի հեղինակած գիրքը և... տխուր վերադարձավ: Ափսոս, ես ինձ իրավունք չեմ վերապահում պատմելու նրա տխրության պատճառների մասին. դա ինձ համար շատ ցավոտ թեմա է: Իրենը՝ ժամանակից շուտ հասունացած այդ հրաշալի աղջիկը, հիմա հեռուներում իր մենակությունն է ապրում: Մենք նրա հետ մեր կապը պահում ենք, բայց Իրենին ավելի շատ իր հարազատ պապի տաք անկյունն էր պետք, որ չունեցավ:
- Ո՞վ է, ի վերջո, Հովհաննես Պապիկյանը. գրո՞ղ, հրապարակախո՞ս, կինոգործի՞չ, Սահմանադրական դատարանի պաշտոնյա՞, թե՞… 
- Այդ «թե՞»-ից սկսեմ: Հովհաննես Պապիկյանը մի նորմալ հայ է, ով չափազանց շատ է սիրում հայ մշակույթը, սիրում է մշակույթի հայ գործիչներին և իր գրքերով, վավերագրական ֆիլմերով, լրագրային ու հրապարակախոսական հոդվածներով հայ մշակույթի ակունքներին նայող պատուհան է բացում նոր սերնդի համար, որ չչորանան մեր արմատները, որ չմոռացվեն մեր ազգի երևելի մարդկանց անունները, և որ Համո Սահյանի մտահոգությունից այլևս չունենանք՝ «Մամուռներում կորան արահետ ու անուն»: Այս ամենը ես անում եմ, Ձեր ասած, Սահմանադրական դատարանի պաշտոնյայի անմիջական պարտականությունները կատարելուց հետո ունեցած ազատ օրերիս ու ժամերիս և շատ գոհ ու շնորհակալ եմ իմ անմիջական ղեկավարից, ով խրախուսում է մշակութային իմ գործունեությունը:

Иратес Զրույցը վարեց  Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ
հատված http://www.irates.am/hy/1467348261 էջից
01.07.2016 | 08:43  

Печать