Ֆրունզիկ Մկրտչյանի հիշատակի 30-րդ տարին (29․12․2023 - Նարեկացի Արվեստի Միություն)
«Է~Ն ՈՒՐԻՇ ՖՐՈՒՆԶԻԿԸ» վավերագրական Ֆիլմը հայ բեմարվեստի երախտավորներից թերևս ամենագունեղ ներկայացուցչի՝ ՖՐՈՒՆԶԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ մասին է։
Ֆրունզիկ Մկրտչյանի անձի շուրջ կան ձևավորված կարծրատիպեր, որոնք երբեմն որևէ ընդհանրություն չունեն նրա իրական կերպարի հետ: Վավերագրական ֆիլմ պատրաստելու գաղափարը մտահղացանք նաև այդ կարծրատիպերն ինչ-որ չափով կոտրելու ցանկությամբ ու ձգտումով, բայց հիմնական նպատակը Արտիստի իրական կերպարի բացահայտումն էր` իր ասելիքը բացառապես իր խոսքով ներկայացնելով: Ֆրունզիկ Մկրտչյանին ինքն իրենով, իր խոսք ու զրույցով, իր մտահոգություններով ու հիասթափություններով, նաեւ իր լավատեսությամբ ու պայծառ հումորով ներկայացնելու այս կերպը մեր պատկերացմամբ ավելի համոզիչ է, իրավացի, դիպուկ ու տպավորիչ, քանզի ցանկացած այլ խոսք, այլ կարծիք կամ այլ հայացք չի կարող ճշմարտացիորեն վերարտադրել նրա ներքին հուզումները, ապրումները, նրա զգացածն ու նրա ասելիքը:
Կարևորել ենք հատկապես դերի պատրաստման նրա ուրույն, զուտ մհերյանական կերպը, անսպասելի լուծումները, միայն իրեն հատուկ բծախնդրությամբ յուրաքանչյուր դրվագը մշակելն ու կատարելագործելը: Շեշտադրել ենք նրա` իմպրովիզացիայի մեծ վարպետ լինելու հանգամանքը, որի շնորհիվ նույն դերն ամեն անգամ ներկայացնում էր նորովի՝ հավատարիմ մնալով կերպարին: Հանդիսատեսի հանդեպ նրա սերն ու ակնածանքը վեր էին ամեն բանից, ուստի մատնանշել ենք յուրաքանչյուր բեմելին ամենայն պատասխանատվությամբ նրա պատրաստվելը. «Ես օր կտխրեմ՝ իրենք գուլան, ես օր կծիծաղեմ՝ իրենք կուշաթափվին»: Ֆրունզիկ Մկրտչյանը սիրում էր աշխատել դերասան սիրող ռեժիսորների հետ: Նրանք մտածող, պրպտուն միտք ունեցող մարդիկ էին և հաճախ իրենք էին լսում և ընդունում Արտիստի առաջարկները: Թատրոնում նրա «թագադիրը» եղավ Վարդան Աճեմյանը, կինոյում նրա «կնքահայրը» դարձավ Հենրիկ Մալյանը:
Ի հակադրություն հաճախակի հնչող այն մտայնության, թե նա միայն կատակերգու է` փաստել ենք կինոյում ու թատրոնում նրա մարմնավորած և՛ կատակերգական, և՛ ողբերգական դերերը: Երկու դեպքում էլ կերպարներն ստացվում էին համոզիչ, տիպական, հյութեղ ու կատարյալ, քանզի այդ երկու հոգեվիճակներն էլ հավասարապես սրտամոտ ու հոգեհարազատ էին իրեն: Ֆրունզիկ Մկրտչյանի ստեղծագործության ակունքը ճանաչողությունն էր, իսկ հաջողության բանալին` սեփական խառնվածքի առանձնահատկություններից շռայլորեն օգտվելու շնորհը: Մեծ արվեստն անթարգմանելի է, առեղծվածային, անվերծանելի: Աներկբա է միայն, որ դրամատիկական արվեստում առկա ու նաեւ իր գտած կատակերգական ու ողբերգական արտահայտչամիջոցներից նա խմորեց բոլորովին նոր, մինչ այդ չտեսնված մի բան` բեմական արվեստը դուրս բերելով բոլոր շրջանակներից, ներկայացավ անզարդ ու համարձակ, առանց ավելորդ սեթեւեթանքների, անգամ արդարացվող համարձակությամբ շրջանցելով իրենից առաջ արդեն ձեւավորված բեմական օրենքներն ու կանոնները: Շարունակ ջանացել է բացահայտել իր մարմնի ու հոգու մեջ եղած, դեռ չուսումնասիրված տեղերը: Արվեստում այդ անկաշկանդ սլացքը նրան բերեց համաշխարհային ճանաչում ու համաժողովրդական սեր: Վստահ ենք, որ Էլի շատ գրքեր են գրվելու, ֆիլմեր են նկարահանվելու, ռադիո և հեռուստահաղորդումներ են պատրաստվելու նրա մասին, քանզի Ֆրունզիկ Մկրտչյան թեման անսահման է, Ֆրունզիկ Մկրտչյան երեւույթը` տիեզերքի պես անվերծանելի, իսկ համահեղինակությամբ պատրաստված մեր ֆիլմերն ու գրքերն ընդամենը մի վեհերոտ փորձ ենք համարում նրա առեղծվածի բացահայտման ճանապարհին:
Հավելեմ միայն որ ամենայն սիրով ու նվիրումով ենք արել մեր գործը, քանզի Ֆրունզիկ Մկրտչյանի արվեստին հաղորդվելը երանություն է եղել մեզ համար:
Սիրով` Շուշանիկ Սահակյան
Առավոտ լուսո․ Շուշանիկ Սահակյան
Նա հակիրճ ներկայացրեց ֆիլմի ստեղծման պատմությունը և բոլորիդ սիրով հրավիրեց «Նարեկացի» արվեստի միություն ժամը 19:00-ին Ֆրունզիկ Մկրտչյանի հուշ երեկոյին ֆիլմի ցուցադրությանը:
Սա մեծ ԱՐՏԻՍՏԻ հիշատակի 30-րդ դեկտեմբերն է: Սիրով կսպասենք Ֆրունզիկ Մկրտչյանի արվեստի բոլոր երկրպագուներին:
"Նարեկացի" Արվեստի միություն (29․12․2023) Ֆրունզիկ Մկրտչյանի հիշատակի երեկո
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Ֆրունզիկ Մկրտչյանին նվիրված «Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» խորագրով վավերագրական ֆիլմի ցուցադրություն:
Վավերագրական ֆիլմի հեղինակներն են Շուշանիկ Սահակյանը և Հովհաննես Պապիկյանը:
Ֆիլմում Ֆրունզիկը ներկայացված է միայն իր խոսք ու զրույցով, մտորումներով, վերելքներով ու վայրէջքներով, հաջողություններով ու ձախողումներով, շեշտադրվել է իմպրովիզացիայի մեծ վարպետ լինելու հանգամանքը, կարևորվել է նաև բեմադրիչի նրա ունակությունները:
2023-12-26
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Naregatsi Art Institute hosted the screening of the documentary film entitled "That Other Frunzik". The film is dedicated to the greatest Armenian actor Mher Mkrtchyan nicknamed Frunzik.
The authors of the documentary film are Shushanik Sahakyan and Hovhannes Papikyan.
The purpose of the event is to keep alive the memory of the beloved Artist. This is the 30th December of his memory. What needs to be said is to break the stereotypes formed around Frunzik Mkrtchyan's personality, stating that he is only a comedian, and to present him in a new way as a result of studying huge archival materials.
In the film, Frunzik is presented only with his conversations, reflections, ups and downs, successes and failures, there was an emphasis on the fact that he was a great master of improvisation, and his skills as a director were also highlighted.