Ծնունդդ շնորհավոր, Ֆրու՛նզ ջան

Մհեր ՄկրտչյանԻ՞նչ է տաղանդը՝ հարցրին մի անգամ Մհեր Մկրտչյանին։ Հիվանդություն՝ կարճ պատասխանեց նա:

«Իսկ հնարավո՞ր է, որ մարդ լինի տաղանդավոր, բայց նրա տաղանդը մինչև մեռնելն այդպես էլ չարտահայտվի, չդրսևորվի» հարցին պատասխանել էր․ «Չէ, եթե մի տեղից դուրս չտա, երեսին ցանի պես դուրս կտա։ Հետո որ ասում են` «տաղանդը պարգև է, բան…», չէ,  տաղանդը բեռ է, պարտավորություն, պատասխանատվություն, «աբիզալովկա»։ Պիտի անես։ Հանգիստ չկա»։

Արժե արդյո՞ք ասել, թե որքան տաղանդավոր էր նա։ Հուլիսի 4-ը տխուր աչքերով կատակերգուի` Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է: Նա  ծնվել էր Գյումրիում 1930 թվականին:

Ֆրունզիկի լույս աշխարհ գալու տարիներին՝ 30-ականներին, երեխաներին  զորավարների անունով կնքելը նորաձև էր։ Հասուն մարդ էր, երբ Մարտիրոս Սարյանից պատահաբար իմացավ, որ Ֆրունզ անունով զորավարը ծանր պահին թուրքերին զենք ու զինամթերք է վաճառել ու որոշեց հրաժարվել անունից՝ իրեն հռչակելով Մհեր՝  ի պատիվ Միհր աստծո, բայց ժողովուրդն արդեն սիրել էր Ֆրունզին ու ժողովրդի համար մինչև կյանքի վերջ էլ մնաց Ֆրունզ։
Գյումրու Ռուսթավելի 30 հասցեում Մհեր Մկրտչյանը չի ապրել, նա Տեքստիլագործների թաղամասից էր, բայց հենց հիշյալ  հասցեում է 2006 թվականից գործում նրա անունը կրող թանգարանը։  Տնօրեն Շողիկ Մելքոնյանի պարզաբանմամբ՝ նախկինում «Ուստա Կարո» խաշատան շենքում։  Սա Ֆրունզիկի ամենասիրելի հասցեներից էր Գյումրիում:
Մհեր Մկրտչյան«Այստեղ բոլոր երկրպագուները հավաքվում ու սպասում էին Ֆրունզին, թաղի  երեխաները, որ շատ սիրում էին նրան, նույնիսկ գալիս ու մեխով ծակում էին մեքենայի անիվները, որ Ֆրունզը մնա, չգնա։ Ֆրունզը դուրս էր գալիս ու չէր ջղայնանում, հասկանում էր, որ դա մեծ սիրո արգասիքն է»,- ասում է Շողիկ Մելքոնյանը։Վրացի հայտնի երգիչ ու դերասան Վախթանգ Կիկաբիձեն, որը ցանկացած առիթով հիշում ու պատմում է Մհեր Մկրտչյանի մասին, երևանյան հյուրախաղերց մեկի ժամանակ լրագրողների հետ հանդիպմանն ասաց․ «Ուրախ եմ, որ այդքան սիրում եք Ֆրունզիկին, նրան ամենուր են սիրում։ Նա ծնվել էր հենց սիրված լինելու համար»։
Առաջին հանդիպման ժամանակ նրան ցնցել են Մհեր Մկրտչյանի աչքերը։ «Այսքան ուրախ, այսպիսի պայծառ դեմքով մարդ ու  այդքան տխուր աչքեր, մի տեսակ անհասկանալի էր»,-պատմում էր Կիկաբիձեն:
«Ես չգիտեի նրա կյանքը, հետո միայն իմացա, որ անձնական մեծ ողբերգություն է ապրում։  Ֆրունզիկը չափազանց տաղանդավոր էր , բացառիկ հումորի տեր»:
Ես ընդամենը երկու մարդու եմ ճանաչել, որոնք  ծիծաղեցնում էին, բայց իրենք չէին ծիծաղում, մեկը Յուրի Նիկուլինն էր, մյուսը՝ Ֆրունզիկ Մկրտչյանը, ասում էր Վախթանգ Կիկաբիձեն։  Մհեր Մկրտչյանի բացառիկ հումորի մասին պատմում  են նաև նրա  գործընկերները։
Մհեր Մկրտչյան«Փորձից հետո ասեց՝ գնանք խաշ ուտենք։ Գնացինք, կերանք, խմեցինք, ինքը մի քիչ շատ խմեց։ Նստեցինք իր մեքենան, որ գանք։ Ասեցի՝ Ֆրունզ, ստեղ ձախ չի կարելի, ասեց՝ քո գործը չէ։ Քշեց, գային սուլեց։ Ապակին փայլում էր, չէին տեսնում՝ ով է քշում։ Երբ մոտեցավ, ասաց՝ վայ, Դուք ե՞ք, ախր  ձեր կյանքը ինչո՞ւ եք վտանգում, այստեղ չի կարելի ձախ մտնել։  Ֆրունզը պատասխանեց՝ տո ջհանդամ իմ կյանքը, քեզ տեսա, ասեցի գամ բարև եմ»,- պատմում է Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը։
Մհեր Մկրտչյանի եղբայրը՝  ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, մի առիթով պատմել է․ «Եթե դերին պատրաստ չէր, սպանեիր էլ  չէր նկարվի, որովհետև ինքը խալտուրա ասված բառից զզվում էր։ Ասում  էր՝ դերն ինձ համար մուկ է, ես պիտի այնքան կատվի նման պտտվեմ շուրջը, այնքան պիտի ուսումնասիրեմ, դարձնեմ իմը, որ կարողանամ խաղալ»։
Այսպես է Մհեր Մկրտչյանը ստեղծել  իր կերպարները՝ մեկը մյուսից հանճարեղ, մեկը մյուսից սիրված ու երբեք չմոռացվող։
«Նա ապրեց, արարեց ազատ, անկախ, շռայլ, մեծ, մեծ ինչպես իրեն ծնած հողը՝ անզուգական Գյումրին, որին խնդրում եմ՝ ուժ տուր, մի նոր Մհեր ուղարկիր, թող մեծ քիթ ունենա, թող տխուր աչքեր ունենա, թող գյումրեցի լինի, ուրեմն տաղանդավոր կլինի։ Սպասում ենք, հզորացրու ազգդ։ Ծնունդդ շնորհավոր, Ֆրունզ ջան»․ ռեժիսոր Երվանդ Ղազանչյան։

alisa gevorgyanԱլիսա Գևորգյան 
4 Հուլիսի, 2020
https://hy.armradio.am/2020/07/04/%d5%ae%d5%b6%d5%b8%d6%82%d5%b6%d5%a4%d5%a4-%d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%b0%d5%a1%d5%be%d5%b8%d6%80-%d6%86%d6%80%d5%b8%d6%82%d5%9b%d5%b6%d5%a6-%d5%bb%d5%a1%d5%b6/

Печать

Ալիսա Գևորգյան «Ֆրունզիկին հիշում են ընկերները» (4.07.2019)