Ալիսա Գևորգյան․ «Տխուր աչքերով մարդը» (4.07.2019)

Մհեր Մկրտչյան

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

«Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ։ Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և լաց կա, և ծիծաղ, և հումոր: Դերասանական արվեստի ամենամեծ գործիքն աչքերն են, աչքերը»,- այսպես էր մտածում մեր Ֆրունզը: Հուլիսի 4-ը տխուր աչքերով կատակերգուի` Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է: Հայ մեծ դերասանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին:

 -Ինչ է տաղանդը,-հարցրին մի անգամ Մհեր Մկրտչյանին,-հիվանդություն, կարճ պատասխանեց նա։
-Իսկ հնարավոր է, որ մարդ լինի տաղանդավոր, բայց նրա տաղանդը մինչև նրա մեռնելն այդպես էլ չարտահայտվի, չդրսևորվի։
-Չէ, եթե մի տեղից դուրս չտա, երեսին ցանի պես դուրս կտա։ Հետո էդ որ ասում են` «տաղանդը պարգև է, բան…», չէ տաղանդը բեռ է, պարտավորություն, պատասխանատվություն, «աբիզալովկա»։ Պիտի անես։ Հանգիստ չկա։
Արժե արդյոք ասել, թե որքան տաղանդավոր էր նա։ Մհեր Մկրտչյանի տաղանդն ու մարդկային տեսակը գնահատում ենք ոչ մայն մենք՝ նրա հայրենակիցներս: Վրաց հայտնի երգիչ ու դերասան Վախթանգ Կիկաբիձեն, որը ցանկացած առիթով մեծ սիրով հիշում ու պատմում է Մհեր Մկրտչյանի մասին, երևանյան հյուրախաղերից մեկի ժամանակ ասաց․  «Ուրախ եմ, որ այդքան սիրում եք Ֆրունզիկին, նրան ամենուր են սիրում: Նա ծնվել էր հենց սիրված լինելու համար»։
Առաջին հանդիպման ժամանակ նրան ցնցել են Մհեր Մկրտչյանի աչքերը: «Այսքան ուրախ, այսպիսի պայծառ դեմքով մարդ ու այդքան տխուր աչքեր: Մի տեսակ անհասկանալի էր:
«Ես չգիտեի նրա կյանքը: Հետո միայն իմացա, որ նա անձնական մեծ ողբերգություն է ապրում: Ֆրունզիկը չափազանց տաղանդավոր էր, բացառիկ հումորի տեր: Ես ընդամենը երկու մարդու եմ ճանաչել, որոնք ծիծաղեցնում էին, բայց իրենք չէին ծիծաղում, մեկը Յուրի Նիկուլինն է, մյուսը՝ Ֆրունզիկ Մկրտչյանը:  Այն տարիներին հայ-վրացական անեկդոտները տարածված էին:
Սիրում էինք միմյանց հոգու հետ խաղալ, ասել սա հայկական է, սա վրացական է: Թբիլիսիում նրան տարել էի, որպեսզի տեսնի 4-րդ դարի մի հրաշալի եկեղեցի: Նա երկար նայեց ու ասաց. «Հավատս չի գալիս, որ սա էլ են հայերը կառուցել: Ես լռեցի: Երեք ամիս անց «Միմինո» ֆիլմի նկարահանումների ժամանակ միասին էինք «Ռոսիա» հյուրանոցում: Առավոտյան ժամը 4.30 զանգահարում եմ նրան ու ասում. «Ֆրունզիկ չէի կարող քեզ չզանգել: Հենց նոր Ամերիկայի ձայնը լսեցի, ասում են՝ Դիլիջանում գիտնականները հայտնաբերել են մի քար, որը փաստում է, որ հայկական կոմսոմոլը 500 տարեկան է: Ես ծիծաղում եմ, իսկ նա լուռ է, ասում եմ՝ ինչու չես ծիծաղում, պատասխանում է՝ չէր լինի, որ էդ քարը 11-ի կողմերը հայտնաբերեին»:

Հանրային ՌադիոՆաիրա Մայիլյան  
4 Հուլիսի 2019
https://hy.armradio.am/2019/07/04/%d5%bf%d5%ad%d5%b8%d6%82%d6%80-%d5%a1%d5%b9%d6%84%d5%a5%d6%80%d5%b8%d5%be-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a4%d5%a8/

 

Печать

Ալիսա Գևորգյան․ «Տխուր աչքերով մարդը» (4.07.2019)