Մհեր Մկրտչյան. «Նրա զրույցը Արտամետի խնձորի ծառի մասին էր…»
Հուշի այս անմոռաց պատառիկը, որ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը, մեր աշխատակից Սարո Գյոդակյանը գրի է առել 88-ի մարտի 14-ին, այսինքն` այն օրը. երբ մեր ժողովուրդը հավերժություն ճանապարհեց իր անվանի զավակներից մեկին՝ Հենրիկ Մալյանին: Այդ օրն անչափ տխուր էր Մհեր Մկրտչյանը։ Այդ տխրությունից Էլ ծնվել է երախտիքի այս գողտրիկ խոսքը:
Հենրիկ Մալյանի ծննդյան 70-ամյակի առթիվ տպագրելով այն, միաժամանակ մեր հարգանքի տուրքն ենք մատուցում հայոց այդ երկու երեւելիների լուսե հիշատակին։
Մալյանը հիվանդանոցում էր։ Նրան այցելելիս որոշեցի մտնել շուկա, խնձոր գնել. «Ժողովո՛ւրդ, հիվանդանոց եմ գնում, ինձ լա՛վ խնձոր տվեք: Քույրի՛կ, եղբայր, լավ խնձոր տվեք, հիվանդի համար է»։ Վերջապես գտա, վերցրի ու շտապեցի հիվանդանոց։ Աստիճաններով բարձրացա, տոպրակը պատռվեց, ու մի քանի խնձոր գլորվեց ներքեւ։ Լսեցի ծիծաղը. «Ախր, խնձոր շալակելը քո ի՜նչ խելքի բանն է»: «Հենրիկ ջան, որ իմանաս ինչ խնձոր եմ բերել, շուկան տակնուվրա եմ արել, ժողովրդին խաբել եմ, թե հիվանդի համար է։ Էնքան լավ խնձոր է, որ քեզ մոտ գալիս մտածում էի. «երանի գնամ, տեսնեմ դուրս է գրվել, գնացել է տուն։ Ի՛նչ լավ կլիներ, խնձորները կմնային մեզ՝ ինձ ու Շերենցին»։ Ծիծաղեցինք։ Վերցրեց մի խնձոր, մաքրեց, կտրեց ու առաջարկեց ինձ միասին ուտել։ Սկսեցինք ուտել. «Է՛հ, էս խնձորը համ չունի, ես Արտամետի խնձորն եմ ուզում»։ Ասաց ու նորից ժպտաց։ Հետո մի պահ երկուսս էլ իրար նայելով ուտում էինք ու ժպտում։ Չէինք խոսում, չգիտեմ, թե ինքը ինչ էր մտածում, բայց ես նայում էի ու հիշում, թե ինչպես ուսանողական տարիներից ամիսներով թափառում էի «Հայֆիլմ» կինոստուդիայի դռների մոտ՝ «բախտս փորձելու»: Ու թե ինչպես մի առավոտ դիմացս դուրս եկան մի խումբ կինոյի մարդիկ։ Նրանցից մեկը, մի շիկահեր երիտասարդ, մատով ցույց տալով ինձ, ասաց. «Այ, այս տղայի մասին էի ասում, սրան վերցնենք»։ Այդ մատով ցույց տվող շիկահերը Հենրիկ Մալյանն էր։ Այդպես եղավ սկիզբը մեր երեսուն տարիների, որը վերջացավ «Կտոր մը երկինքով» ու Հենրիկի… Հենրիկ Մալյանը էլ չկա: Մեր մեջ եղած իմն ու քոնը բաժանվեցին։ Նույնը եղավ ինձ հետ թատրոնում, երբ իմացա, որ Վարդան Աճեմյանը չկա, չի լինելու։ Հիմա էլ կինոյում՝ Հենրիկը… Նա իր ֆիլմերով մերժում էր հենց մահը, դաժանությունը, անտարբերությունը, սուտը, կեղծիքը, խաբեությունը։ Այս բոլորի դեմ նա կռվում էր իր առաքինությամբ, բարությամբ, մեծ սիրով դեպի մարդը, դեպի բնությունը, դեպի ազգերը, դեպի իր ազգը։ Հենրիկի ֆիլմում նկարահանվելու շրջանում մի պահ կար, որ ամենածանրն էր: Դա նկարահանումներից հետո ձայնագրման վերջին պահն էր, երբ պիտի բաժանվեինք։ Եվ բաժանվում էինք, ինչպես երկունքից հետո, սպասելու համար ստեղծագործական նոր կուտակումների ու նոր հանդիպման։ Հենրիկ Մալյանը նման էր իր ֆիլմերին, իսկ իր ֆիլմերը՝ մեզ՝ մեր ժողովրդին…
Մենք ենք, մեր սարերը, մենք ենք, մեր դարերը, Սասնա պարերը, մենք ենք, մեր մարդիկ, մենք ենք, մեր ջրերը, մենք ենք, մեր քարերը, մենք ենք, մեր հողերը, մենք ենք, մեր որդիք։ Նրա զրույցը Արտամետի խնձորի ծառի մասին էր… Ժամանակ կանցնի, կգան սերունդներ ու այդ ծառի տակ թիկնած, կզրուցեն նրա մասին…
Սարո Գյոդակյան http://www.aravot.am/1995/10/31/607528/