ԴԵ ԵԿ ՏԵՍՆԵՆՔ՝ Ի՞ՆՉ ԿԱ ԱՓՈՒՄ․․․

Ֆրունզիկ ՄկրտչյանԴԵ ԵԿ ՏԵՍՆԵՆՔ՝ Ի՞ՆՉ ԿԱ ԱՓՈՒՄ․․․
Պ․ՍԵՎԱԿ

-  Ձեր անունը քաջ հայտնի է հանդիսատեսին։ Հիշում ենք՝ ոչ այնքան վաղուց թատերական ազդագրերում Մկրտչյան ազգանունից առաջ հայտնվեց նոր անուն՝ Մհեր։ Ձեզ, այնուամենայնիվ, ինչպե՞ս կոչել...
- Այս հարցը վերջին շրջանում ինձ հաճախ են տալիս։ Դե ինչ, պետք է, թերևս, օգտվել հնարավորությունից և պարզաբանում մտցնել իմ ոչ սովորական անվան ծագումնաբանության մեջ։ Ի դեպ, մեզ մոտ՝ Հայաստանում, Ձեզ կարող են հանդիպել մարդիկ Շչորս, Լազո, Չապաև անուններով։ Հարկ կա՞ ասելու, որ այս ինքնատիպ և սրտառուչ անունները երախտագիտության տուրք են մեր ծնողների՝ ժամանակակից լեգենդար հերոսների, միաժամանակ, համաձայնեցեք, տարիք առնելով, այնքան էլ հարմար չէ մարդուն դիմել, ասենք, այս կերպ «Չապաև Վարդանովիչ»։ Ես ականատես եմ եղել մի զվարճալի միջադեպի, երբ ծանոթանալիս մեկը ներկայացել է Պուշկին և, ի պատասխան, լսել՝ շատ հաճելի է, Շիլլեր։ Այստեղ արդեն երրորդ մարդուն՝ նրանց ընդհանուր ծանոթին, հարկ է եղել միջամտել հարթելու սկիզբ առնող հակամարտությունը։ (Պուշկինը կարծել է, թե իրեն փորձում են կատակով ծաղրել)։
Արդ, կարծում եմ, պարզ է՝ ինչու եմ փորձել անվանվել հայկական հնագույն Մհեր անվամբ։ Ո՛չ ծանոթներս, ո՛չ էլ հանդիսատեսները, սակայն, չցանկացան «վերասովորել», և ես հրաժարվեցի վերանվանվելուց։ Այնպես որ, շարունակեցեք ինձ անվանել այն անունով, որով ինձ կոչել են ծնողներս, և որը թանկ է ինձ համար առաջվա պես՝ Ֆրունզե...
- Քննախոսություններում քննադատները բավականին հաճախ Ձեր անվան դիմաց գրում են. «... տաղանդավոր կատարմամբ...»։ Ասացեք՝ Դուք ինքներդ ինչպե՛ս եք հասկանում «տաղանդավոր կատարմամբ» արտահայտությունը և ինչպե՛ս եք վերաբերվում Ձեր խաղի նման գնահատությանը։
- Անկեղծ ասած, ոչ առանց հաճույքի, և դա, համաձայնեք, բնական է։ Թեև, պիտի խոստովանեմ, «տաղանդ», «տաղանդավոր» գնահատականներից երբեմն օգտվում են չափազանց շռայլ։ Դրա համար էլ, հուսով եմ, դուք իմ դիտողությունը կընդունեք առանց վիրավորանքի, քանզի քիչ մեղք չունեն Ձեր եղբայր-լրագրողները։
Դերասանի բարձր պրոֆեսիոնալիզմը բեմում կամ կինոյում, իմ կարծիքով, պարտադիր պայմանն է մեր աշխատանքի, ինչպես և, ընդհանրապես, ցանկացած այլ աշխատանքի։ Դուք տաղանդավոր չեք կոչի օդաչուին միայն այն բանի համար, որ նա, տառացիորեն ճիշտ չվացույցի և խնամքով է ինքնաթիռը բարձրացնում օդ և, առանց միջադեպերի, փափուկ, վայրէջք է կատարում նախատեսված օդանավակայանում։ Իր գործն անբասիր կերպով անել նա պարզապես պարտավոր է։ Իսկ, ահա, իմ ընկերոջ Վախթանգ (Բուբա) Կիկաբիձեի աշխատանքը, մարդ, որ «Միմինո» ֆիլմում խաղում է օդաչուի դերը, ես, անվարան, կարող եմ կոչել տաղանդավոր։ Ինչո՞ւ։ Այն բանի համար, որ բարձր արհեստավարժ վարպետությունից բացի, հանդիսատեսը նկատում է էլի մեկ բան։ Բուբան ունի այն, ինչը մի ժամանակ կոչում էին «Աստծու շնորհ»։
Մեզանից յուրաքանչյուրն ունի իր սիրելի դերասանները, բայց եթե հարցնես նրանք ինչո՞վ են լավ մյուսներից, ապա, հավանաբար, ոչ միշտ կարող ես բացատրել՝ հատկապես ինչո՞վ։ Այժմ մեր «արտադրամասի» աշխատողների պրոֆեսիոնալ մակարդակը բավականաչափ բարձր է, և, այնուամենայնիվ, տաղանդավոր դերասանների «վերարտադրություն» առայժմ չի նկատվում։ Այնպես որ, տաղանդը, ինձ թվում է, այն «մի քիչն» է, որ արվեստի մարդու համար դուրս է գալիս բարձր պրոֆեսիոնալիզմի սահմաններից։ Եվս մեկ բան. տաղանդավոր մարդը մշտապես տեսնում և նկատում է այն, ինչ ուրիշը կարող է և չտեսնել, իսկ նկատելիս էլ, ուշադրություն չդարձնել։ Հիշեցեք անգերազանցելի Չապլինին, նրա ժեստերը, իրադարձությունները, որոնց մեջ նա հայտնվում է և որոնցից այնքան հնարամտորեն է դուրս պրծնում։ Թվում է, մեզանից յուրաքանչյուրը կարող է նման բան հորինել։ Կարող է և, իսկապես, քանի որ կյանքում մեկ անգամ չէ, որ տեսել է նման բաներ, բայց, ավաղ, անցել է կողքից։ Չապլինը, այնինչ, մտքում պահել է և փայլուն կերպով խաղարկել։
Քանի որ մենք շոշափեցինք այս թեման, ասեմ, որ, իմ կարծիքով, տաղանդը կապ չունի տարիքի հետ։ Եթե կա տաղանդ, իսկ այն կարող է ունենալ և երեխան (հիշեցի մեր մի շարք երաժիշտների, շախմատիստների, որ ճանաչում են ստացել մանուկ հասակում)։ Այդ տաղանդն է, որ տարիների ընթացքում ամրանում է, ծաղկում... Իսկ եթե ոչինչ չկա ծաղկելու և ամրանալու, ոչ մի տարիք և փորձ, ոչ մի արտաքին բազմանշանակություն չի օգնի։ Խորապես համոզված եմ, որ մարդիկ առանց տաղանդի չեն լինում, պարզապես մարդը ոչ միշտ է զբաղվում իր գործով։ Այստեղ կարևոր է իներցիային չհանձնվել, ժամանակին կանգ առնել և գնալ ճիշտ ճանապարհով։
- Որտե՞ղ եք առաջին անգամ բեմ բարձրացել։
- է՜հ, այդ մասին ավելի լավ է չհիշեմ, քանի որ այդ «դերով» ոչ թե բեմ բարձրացա, այլ, պարզապես, դուրս վազեցի... բեմից։ Այսպես եղավ։ Պատերազմի տարիներին, դեռ երեխա, ինձ վիճակվեց դերձակ, կոշկակար և, անգամ, կինոմեխանիկի օգնական աշխատել Լենինականի տեքստիլ ֆաբրիկայում։ Հոգուս խորքում, սակայն, մանուկ հասակից, երազում էի դերասան դառնալ։ Եվ, ահա, մի անգամ ինձ՝ Լենինականի գեղարվեստական ինքնագործունեության մասնակցիս, ներկայացումը սկսվելուց մի քանի րոպե առաջ, առաջարկեցին անմիջապես փոխարինել հիվանդացած դերակատարին։ Ներկայացումն էլ, ի դեպ, ոչ թե ինչ-որ ուրախ, չնչին բան էր, այլ ողբերգություն։ Բեմ մտնելով ես պետք է ասեի՝ ընդամենը երկու բառ՝ «նժույգը մատուցված է»։ Այդպես էլ արեցի՝ չգիտես ինչու դահլիճում առաջացնելով հոմերյան քրքիջ։ Այսպես, առաջին անգամ կյանքումս, ամենևին ոչ իմ սեփական կամքով, ստիպեցի մարդկանց ծիծաղել։
֊ Ստիպել մարդկանց ծիծաղել։ Դա, ինչ խոսք, շատ բանով պայմանավորած է հեղինակային տեքստով։ Բայց էլի ի՞նչ է պահանջվում դերասանից, հատուկ տեխնիկա՞, հատուկ արտաքի՞ն...
- Մի ամաչեք, ասացեք լրիվ, «հատուկ քիթ»։ Դա ինձ չի վիրավորի, մանավանդ որ այն, իսկապես, փոքր–ինչ երկար է սովորականից (ծիծաղում է)։ Արտաքինը, սակայն, կարելի է փոխել և գրիմանոցում։ Վարպետ գրիմարարը կարող է «ծեփել» այնպիսի քիթ, այնպիսի ականջներ, որ մարդ գալարվի ծիծաղից։ Եվ հետո ի՞նչ։ Հետո սկսվում է դերասանի դժվար արվեստը, նրա կարողությունը դահլիճում առաջ բերել ոչ հասարակ րոպեական քրքիջ, այլ ստիպել մտածել ծիծաղի միջից։ Եկեք դիմենք նույն Չապլինին։ Նրա ֆիլմերից մեկում կա այսպիսի մի տեսարան, գիրուկ տղամարդը զրուցում է մի կնոջ հետ, իսկ երեխան, որ նրա գրկում է, պաղպաղակ է ուտում։ Նրանց կողքին աղքատն է՝ Չապլինը։ Հենց որ տղամարդը շրջում է գլուխը, աղքատն արագ դուրս է քաշում պաղպաղակը։ Տղամարդը մաքրում է երեխայի բերանը, իսկ աղքատն ագահությամբ խժռում է սառցե պաղպաղակից։ Տեսարանը շատ ծիծաղելի է, բայց, եկեք խորհենք, նրանում որքա՜ն ողբերգականություն կա։ Ողբերգականն ու կոմիկականը միշտ կողք կողքի են, երբեմն այնպես միահյուսված, որ չգիտես՝ ծիծաղե՞ս, թե՞ լաց լինես։ Մի ժամանակ թատրոնում ինձ բաժին էին ընկնում միայն կոմիկական դերեր, նույնը և՝ կինոյում, հրավիրում էին խաղալու «ծիծաղելի հերոսների»։ Հետո հենց իրենք ռեժիսորները, սկսեցին կշտամբել այդ միակողմանիության համար առաջարկելով ուժերս փորձել դրամայում։ Ծիծաղելի թող չթվա, ես, սակայն, ի հակակշիռ համընդհանուր կարծիքի, ինձ համարում եմ ողբերգու դերասան։
- Պատմեցիք, թե ինչպե՞ս եք եկել բեմ։ Իսկ ինչպե՞ս եք մուտք գործել կինոմատոգրաֆ։
- Կինոյում ամեն ինչ, կարծես թե, հենց սկզբից բարեհաջող եղավ։ Իմ առաջին և մինչ օրս սիրելի դերը կինոյում դարբին Գասպարն է՝ Հենրիկ Մալյանի «Եռանկյունի» ֆիլմում։ Այս ռեժիսորին, իրավամբ, իմ «կնքահայրն» եմ համարում և նրա հետ հաճույքով աշխատում մինչև օրս։
1965-ից սկսեցի նկարահանվել մոսկովյան ստուդիաներում. Ա. Իբրահիմովի «Բաքվի 26 կոմիսարներ» պատմական, Գայդայի «Կովկասի գերուհին», Ռոլան Բիկովի «Այբոլիտ-66» ֆիլմերում։ Հաճույքով եմ հիշում նաև աշխատանքը Գեորգի Մելիք-Ավագյանի նկարներում, իմ կրտսեր եղբոր՝ Ալբերտ Մկրտչյանի «Հուշարձան» կարճամետրաժում։ Հետո եղան Դմիտրի Քեոսեյանի «Զինվորն ու փիղը», Գեորգի Դանելիայի «Միմինոն»... Բոլոր այս նկարներում փորձեցի ցուցադրել պինդ ապրելակերպով, թեկուզև մեծ, բայց փոքր-ինչ միամիտ մարդկանց։ Այսպես ասած՝ մեծ երեխաների, որ կյանքում ունեն անվերջանալի խնդիրներ և նրանից ստանում են ամենաանհավատալի պատասխաններ։ Հանդիպելով նրանց, փորձելով նրանց հասկանալ ինքդ ես դառնում ավելի խոր և ավելի բարի։ Իմ իդեալական հերոսը մարդ է անսահման լի լավատեսությամբ, նրա մոտ ի ծնե է ներքին կուլտուրան և անկեղծությունն ամեն ինչում։
֊ Ինչպե՞ս է սովորաբար «դասավորվում» դերասան Ֆրունզե Մկրտչյանի օրը։
- Դասավորվում է այնպես, ինչպես աշխարհի բոլոր դերասաններինը. փորձեր, ճամփորդություններ, նկարահանումներ, հյուրախաղեր, երեկոյան թատրոն, իմ սիրած բեմը, որին երբեք չեմ դավաճանել։ Դյուրին չէ, անշուշտ, հասցնել, այլ կերպ, սակայն, ինձ չեմ պատկերացնում։ Փորձել սիրում եմ, թերևս, ավելի, քան խաղալ։ Այստեղից էլ պարզ է, որ դերի վրա տարվող աշխատանքին շատ ժամանակ եմ հատկացնում, ժամանակ, որ ինձ համար միշտ սուղ է։ Եղել է տարի, երբ միանգամից 5 ֆիլմերում եմ նկարահանվել։ Ծեր գյուղացու՝ Ապրոյի դրամատիկ կերպարը «Նահապետը» ֆիլմում ինձ նկարահանումների տարավ դեպի բարձր սարերը, հետո վերադարձա ձյունոտ Մոսկվա՝ նկարահանվելու «Միմինոյում»։
- Ի դեպ, «Միմինոյի» մասին։ Ֆիլմում Դուք բաժանվում եք Ձեր ընկերոջից՝ խոստանալով անպայման հանդիպել։ Իսկ կյանքո՞ւմ։ Դուք և Վախթանգ Կիկաբիձեն հաճա՞խ եք հանդիպում։
- Իհարկե, շուտով կինոյում էլ ենք կրկին հանդիպելու («Աիրո բացատրություն» ֆիլմում)։ Ֆիլմի վերնագիրը խորհրդանշական կերպով է արտացոլում մեր փոխհարաբերությունները, որ մոսկովյան ծանոթության ժամանակ սկիզբ են առել վրացի օդաչուի և հայ վարորդի միջև։ Ի դեպ, հանդիսատեսները մեկ անգամ չէ, որ իրենց նամակներում ցանկություն են հայտնել՝ շարունակել ֆիլմը, պատմել «Միմինոյի» հերոսների հետագա ճակատագրերի մասին։ Եթե իմ կարծիքը հարցնելու լինեք, ես շարունակելու կողմնակից եմ։ Առայժմ պետք է ավարտել խորհրդահնդկական համատեղ ֆիլմը «Ալի Բաբան և քառասուն ավազակները»։ Ուրախ կլինեմ Ձեզ տեսնելու առաջնախաղ ներկայացմանը։
֊ Դուք ինչպե՞ս եք հանգստանում, աշխատանքից ազատ րոպեներին ինչի՞ն եք տալիս նախապատվությունը։
- Երբ ժամանակի առումով բախտս բերում է, հաճույքով տրվում եմ գրքերին։ Սիրում եմ նկարել, կարծես թե բավականին լավ է ստացվում։ Գուցե հարցնեք ո՞ր գույնն եմ ամենից շատ սիրում։ Բաց կանաչագույնը։ Ինչո՞ւ ինքս էլ չգիտեմ... Տանել չեմ կարող պասիվ հանգիստը։ Մի անգամ արձակուրդ գնացի և որոշեցի բացարձակապես ոչինչ չանել, երկրորդ օրն իսկ ձանձրացա։ Մեկնեցի օդանավակայան, առաջին իսկ ինքնաթիռի տոմս վերցրի... Հայտնվեցի Սուխումիում։ Հանդիպեցի հին ընկերոջս։ Երկուսս մի երեկո ջերմանավի տախտակամած ելանք նրա ընկերոջը իբր ճանապարհելու։ Ծանոթացանք ջերմանավի կապիտանի հետ, ով կինոյի մեծ սիրահար էր և ինձ առաջարկեց ուղևորվել Օդեսա։ Համաձայնեցի։ Օդեսայում կապիտանը ինձ ծանոթացրեց իր ընկերոջ՝ նույնպես կապիտանի հետ, ով ինձ հասցրեց մինչև Սոչի և «փոխանցեց» մյուս ընկերոջը։ Մի խոսքով, Երևան վերադարձա արձակուրդիս վերջին օրերին։ Կարծում եմ, գերազանց հանգստացա և, գլխավորը, հիանալի մարդկանց ընկերացա։
֊ Իսկ ցանկություն չունե՞ք «գրիչ» վերցնելու...
- Դե, քանի որ հարցրեցիք այդ մասին, չեմ թաքցնի, նման ցանկություն ունեմ գրել պատմվածք դժբախտ մարդու մասին։ Կողքից կարող է թվալ, թե նա ունի այն ամենը, դա հենց այդպես էլ է. ունի ավտոմեքենա, ամառանոց, այսպես կոչված «հեղինակավոր ծանոթների» շրջանակ։ Եվ, այնուամենայնիվ, չկա գլխավորը, ամենագլխավորը՝ իսկական երջանկության զգացողութունը, այն բանի զգացողությունը, որ դու պետք ես մարդկանց, որ ոչ թե փող ես սարքում, այլ գործ ես անում, ապրում ես ոչ թե քեզ համար, այլ ուրիշների։ Դա, ըստ էության, ողբերգական կերպար է, որ մինչև վերջ չի գիտակցում իր միանգամայն ավելորդ լինելը։ Ահա թե ինչի մասին եմ ուզում գրել։ Եվ գրածս տեսնել տպագրված...
- Որտե՞ղ, իսկ ինչո՞ւ ոչ՝ «Նեդելյայի» էջերում։
- Շնորհակալություն։ Չափազանց գոհ կլինեի ընթերցողների հետ հանդիպել սիրելի շաբաթաթերթի էջերում ոչ միայն որպես 13-րդ էջի հարցազրուցող։
֊ Հուսանք։ Դուք ոչ մի առարկություն չունե՞ք 13 թվի վերաբերյալ։
- Ընդհակառակը։ Ի դեպ, ամսի 13-ին, ժամը 13-ին կենդանաբանական այգում կսկսվեն իմ մասնակցությամբ նոր կինոֆիլմի նկարահանման աշխատանքները։ Ու թեև ստացվում է «13-ի շրջանակ» և իմ «գործընկերներն» այդտեղ առյուծն ու վագրն են լինելու, կասկած չունեմ, որ նկարահանումները հաջող ավարտ կունենան։

«Ափ» հասարակական, բնապահպանական և մշակութային հանդես, 2012թ

Печать