Հարցազրույց մուլտֆիլմի ստեղծողների՝ սցենարի հեղինակ, ռեժիսոր, բեմադրող նկարիչ Դիլաքյան եղբայրների հետ:
– «Հայֆիլմ» կինոստուդիայում 1976թ. նկարահանված եւ մինչ օրս սիրված «Գտնված երազ» մուլտֆիլմի հեղինակներիդ անունը այլեւս չլսեցինք: Հովիկ Դիլաքյան – 1978թ. բրեժնեւյան, կոմունիստական դաժան տարիներին ես տեղափոխվեցի ԱՄՆ: Դա ոչ միայն իմ, այլեւ եղբորս երազանքն էր: Նման երազանք այդ տարիներին արգելված էր անգամ երազում տեսնել: Սիրահարվեցի, ապա ամուսնացա ամերիկուհու՝ Ջոանի հետ, որն իբրեւ թարգմանիչ աշխատում էր Մոսկվայում: Մենք հանդիպեցինք Երեւանում. նրա ղեկավարը այցելելով այն ժամանակ Հենրիկ Իգիթյանի նորաբաց Ժամանակակից արվեստի թանգարան, գնել էր աշխատանքներիցս երկուսը, ապա խնդրել իմ հեռախոսահամարը: Կարճ ասած՝ մտերմացանք: Հետո, երբ մեկնեց Մոսկվա, տեղեկացված լինելով, որ մոլի երաժշտասեր եմ նաեւ, իր աշխատակցուհու՝ ապագա կնոջս միջոցով որոշ ժամանակ անց փոխանցեց այն տարիներին դեֆիցիտ համարվող ձայնասկավառակներ եւ այլն: Հենց դա առիթ հանդիսացավ Ջոանի հետ առաջին իմ հանդիպմանը, ինչը վերածվեց սիրո: Պարզվեց, որ սիրահարվելն էլ է արգելվում… Իսկ հետո սկսվեց ոչ միայն իմ, այլեւ ընտանիքիս համար դաժան մի ժամանակահատված: Ինձ հետեւում էր ԿԳԲ-ն, նույնիսկ սպառնում, թե Ջոանի հետ մտերմությունը կազդի հորս՝ դերասան Թաթուլ Դիլաքյանի կարիերայի վրա: Բայց ի վերջո նրանք էլ հասկացան, որ սիրելը հանցագործություն չէ ու հանգիստ թողեցին ինձ ու ընտանիքիս անդամներին: 1978թ. ամուսնացանք եւ կնոջս հետ տեղափոխվեցի ԱՄՆ՝ Նյու Յորք: Եվ ինչպես մուլտֆիլմում է աղջիկը ծերուկին ուրիշ աշխարհ տանում, այնպես էլ Ջոանը ինձ տարավ բոլորովին այլ աշխարհ: – «Գտնված երազում» ծերուկը փոքրիկ աղջկա շնորհիվ գտնում է իր քունը: Դուք ձեր կնոջ միջոցով ի՞նչ գտաք ամերիկաներում:
Հովիկ Դիլաքյան – Ամենակարեւորը՝ ազատություն, սեր, ընտանիք: Եվ քանի որ եղբորս համար էլ երազ էր Ամերիկան, հավանական ու անհավանական տարբեր արգելքներ հաղթահարելուց հետո Գագիկն էլ եկավ Ամերիկա: Այն տարիներին սա էլ իսկական երազ էր:
– Եվ եղբայրներդ ինչո՞վ էիք զբաղվում Ամերիկայում: Միայն չասեք, թե այդ երկիրը անհամբեր ձեզ էր սպասում: Հովիկ Դիլաքյան – Շատ արագ իբրեւ իլյուստրատոր ես սկսեցի աշխատել այնպիսի հեղինակավոր պարբերականներում, ինչպիսիք են «Նյու Յորք թայմսը», «Նյուզ Վիքը», «Թայմը»…
Գագիկ Դիլաքյան – Ինչպես բոլոր էմիգրանտները, ես էլ սկզբնական տարբեր աշխատանքներ էի կատարում, հետո միացա եղբորս ու սկսեցինք զբաղվել հագուստի, ինտերիերի դիզայնից մինչեւ քանդակագործություն, լուսանկարչություն եւ գեղանկարչություն: 2011թ. մեզ հրավիրեցին Երեւան՝ ձեւավորելու կամ իրականացնելու մանկական-ընտանեկան «Քինգ Գարդեն» կենտրոնը: Աշխատանքները տեւեցին երկու տարի եւ կարող եմ ասել, որ դա իսկապես մի հեքիաթային աշխարհ է:
– Ամերիկայում դուք ընդհանրապես չե՞ք անդրադարձել մուլտֆիլմի: Գագիկ Դիլաքյան - Ոչ: Նախ՝ առիթ չի եղել, հետո ժամանակը բերեց համակարգչային գրաֆիկան, 3D-ն… Կարծես մուլտի աշխարհը փակվեց: Բայց այնտեղ մենք նույնպես մշակույթի ոլորտում ենք, ստեղծում ենք ու ստեղծում: Հիմա, երբ շուրջ քառորդ դար ընդմիջումից հետո եկանք Հայաստան, ականատեսը եղանք նոր Հայաստանի: Այն տարիներին, երբ Երեւանում էինք, Թումանյան փողոցի վրա ընդամենը մեկ գեղարվեստի սալոն կար: Հիմա ամեն ինչ կա…
– Իսկ կա՞ մի բան, որ չկա: Գագիկ Դիլաքյան – Մենք մեծացել ենք թատերական ընտանիքում, մեր հարկի տակ տեսել ու շփվել այնպիսի մեծանուն արվեստագետների հետ, ինչպիսիք են Փարաջանովը, Վարդան Աճեմյանը, Ֆրունզիկ Մկրտչյանն ու Խորեն Աբրահամյանը, Մինասը, Գոհար Գասպարյանը… կարող եմ ժամերով թվարկել: Շատ կուզեի, ավելի ճիշտ՝ կերազեինք, որ Հայաստանը դրսում ճանաչեն ոչ միայն Քիմ Քարդաշյանով, այլ մեր գրականության ու արվեստի մեծանուն դեմքերով, ինչպես նաեւ ժամանակակից տաղանդավոր արվեստագետներով, որոնցից մի քանիսին հեռվից հեռու ճանաչում ենք:
– Իսկ հայկական մշակույթի մասին ամերիկացին, մասնավորապես՝ Նյու Յորքում, ի՞նչ գիտե: Հովիկ Դիլաքյան – Մեկ-մեկ երբ այցելում ենք Լոս Անջելեսում բնակվող մեր ընկերներին, ճիշտն ասած՝ այնտեղ ենք շփվում հայկական մշակույթի հետ: Մի երազ էլ սա է, որ հենց թեկուզ Լոսում ներկայացվի հայ բարձրակարգ մշակույթ… Օրինակ, ամերիկացիների պատվերով մենք ձեւավորեցինք մեծ կենտրոն, որը նախատեսված է նորածին երեխայից մինչեւ… Այդտեղ ոչ միայն հոգ է տարվում աշխարհ եկած նորածնի բնականոն զարգացման համար, այլեւ սննդակարգից մինչեւ հոգեւոր սնունդ եւ այլն:
– Ստացվում է՝ դուք Ամերիկայում էլ արարում եք դարձյալ երեխաների համար:
Գագիկ Դիլաքյան – Ինչպես ընդունված է ասել՝ մեր կյանքն էլ այսպես դասավորվեց: Այս անգամ Երեւան մեր այցի նպատակը «Գտնված երազ» գրքի հրատարակումն է, որը կիրականացնի «Ման-Մար» հրատարակչությունը: Գրքի շնորհանդեսը կկայանա մինչեւ տարեվերջ: Երկրորդ նախագիծն էլ կա, բայց դա թող մնա անակնկալ:
– Վերադառնանք հայկական մուլտֆիլմերին: Հեռվից հետեւո՞ւմ եք այս ոլորտին: Հովիկ Դիլաքյան – Ռոբերտ Սահակյանցի մահից հետո գոնե մենք ոչ մի նոր բանի չենք հանդիպել: Իսկ դուք հանդիպե՞լ եք… – Այսօր էլ մեր երեխաները դաստիարակվում են խորհրդային շրջանի մուլտֆիլմերով եւ հատուկենտ հայկական նկարներով: Այդպես էլ չունեցանք, ասենք՝ «Դե սպասիր», «Չեբուրաշկա», «Կոկորդիլոս Գենան» կամ «Մաշան եւ արջը»… ու նման սիրված նկարներ:
Հովիկ Դիլաքյան – Եվ շատ լավ է, որ չունենք: Կոնկրետ՝ «Նու պագադին» երեխաներին ի՞նչ կարող է տալ, բացի ագրեսիայից, ինչը տարիներ շարունակ տալիս է… Կուզեինք տեսնել բարություն քարոզող հայկական մուլտֆիլմեր: Առանց մանրամասնելու միայն նշեմ, որ ունեցել ենք առաջարկներ «Գտնված երազը» շարունակելու:
– Անցյալ դարից՝ 1976-ից մինչեւ մեր օրերը «Գտնված երազի» ծերուկը դեռ քնած է, ձեզ էլ հիշեցնենք՝ փոքրիկ աղջիկը ուղեւորվում է գտնելու իր պապիկի կորած քունը: Հայտնվում է նկարների կախարդական աշխարհում… Երբ վերադառնում է, պապն արդեն քնած է լինում: Ժամանակը չէ՞, որ նա արթնանա… Գագիկ Դիլաքյան – Այսօր, ավելի ճիշտ՝ վաղուց արդեն, ցանկություն ունենք «Գտնված երազը» վերածել ներկայացման եւ այն իրականացնել Երեւանի Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, բայց ոչ տիկնիկներով…
– Տեղյա՞կ եք, որ ձեր «Գտնված երազի» հերոսներով արտադրվում են կիսագուլպարներ, շապիկներ, պայուսակներ, մանկական սպասք եւ լայն սպառման այլ ապրանքներ: Հովիկ Դիլաքյան – Իհարկե, տեղյակ ենք: Հավանաբար ուզում եք իմանալ, թե հեղինակային իրավունքները պահպանվո՞ւմ են: Հայտարարում ենք՝ ոչ: Սակայն դրանից ի՞նչը կփոխվի…
Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Հ. Գ. – Հովիկ եւ Գագիկ Դիլաքյանները մասնակցել են Ռոբերտ Սահակյանցի մի քանի մուլտֆիլմերի ստեղծմանը, այդ թվում՝ հանրահայտ «Աղվեսագրքի»: Եղբայրների ամերիկյան գործունեությանը կարելի է ծանոթանալ DILAKIAN BROTHERS պաշտոնական կայքէջում:
«Առավոտ» 25.08.2017 http://www.aravot.am/2017/08/26/903955/