ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ՝ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ, ՍԱՐՈՅԱՆԻ, ՊԱՐՈՆՅԱՆԻ ՀԱՅԸ
Բնությունը պիտի երկար աշխատի այդպիսի տաղանդներ բյուրեղացնելու համար:
Այն սերունդը, որին բախտ է վիճակվել Մհեր Մկրտչյանին տեսնել Գյումրիի թատրոնում՝ բոլորովին երիտասարդ, ծաղկուն տարիքում, երբ նրանից հորդում էր մեծ տաղանդի լույսը, արդեն չկա: Եվ հիմա արդեն դժվար է տարանջատել առասպելի ու իրականության սահմանագիծը այն գեղեցիկ պատմություններում, որոնցով առ այսօր մարդիկ պարուրում են Արտիստի մասին չխամրող հիշողությունը: Գյումրիի Տեքստիլագործների ակումբի թատերական խմբակի կարկատած շալվարով և կոշիկները մետաղալարով ամրացրած երիտասարդ դերասանի մեծ շնորհն առաջինը նկատեց Ժան Էլոյանը ու նրան բերեց թատրոն: Ասում են կար ժամանակ, երբ մարդիկ Երևանից գնում էին Գյումրի` Ֆրունզիկի երկու լավագույն դերերը տեսնելու: Կառլո Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» կատակերգության գլխավոր հերոսի՝ Տրուֆալդինոյի Ֆրունզիկ Մկրտչյանի մեկնաբանության համբավն իսկապես Երևան էր հասել, ու մարդիկ թատերական վայելքի համար Գյումրի էին հասնում: Նաև Բուբնովն էր`«Հատակում» պիեսից: Թատրոնը նրա տարերքն էր, բայց համամիութենական ճանաչում և համազգային սեր նրան պարգևեց կինոն: Խորհրդային ամենասիրված ու լավագույն ֆիլմերում հայ արտիստի՝ հիմնականում կատակերգական դերերի խորքում հանդիսատեսը գտնում էր մարդկային էության բազմազան շերտերը: Մեծ էկրանից Մհերի կերտած բոլոր սիրելի հերոսները՝ ծաղրածուի ու ողբերգակի նրա շռայլ տաղանդով, ստեղծել էին կերպարների մի բացառիկ պատկերասրահ`ձախողակ հարբեցողից մինչև մեծ հայկական ընտանիքի ավանդապահ հայրիկ, որոնք ազգի գենետիկ կորիզն ու ինքնությունն են խորհրդանշում: Նրա թախծի ու ծիծաղի օրգանական միասնության գաղտնիքն այսօր էլ հուզում է շատերին: Կինոն նրան պարգևեց մարդկանց աներևակայելի սերն ու մեծ հռչակ, բայց կյանքի վերջին տարիներին նա վերադարձավ իր թատերական տարերքին, իրագործեց տարիների երազանքն ու ստեղծեց «Արտիստական» թատրոնը: Այս թատրոնում նա պատրաստվում էր իրականացնել իր այն թատերական անկատար ու խենթ երազանքները, որոնք փայփայել էր ամբողջ կյանքի ընթացքում: Բայց 1993թվականին՝ Ամանորի նախօրեին նրա վախճանի լուրը ցնցեց ամբողջ Հայաստանը: Մհեր Մկրտչյանի արտիստական ֆենոմենի մասին է զրույցը կինոգետ, արձակագիր Դավիթ Մուրադյանի հետ:
- Ցավոք, Մհեր Մկրտչյանի մեծության արտիստներ մեր օրերում արդեն չենք գտնի: Ո՞րն էր նրա արտիստական հմայքի ու տաղանդի գաղտնիքը:
- Բնությունը պիտի շատ երկար աշխատի այդպիսի տաղանդներ բյուրեղացնելու համար: Եթե Մհեր Մկրտչյանը ծնունդով իտալացի կամ ֆրանսիացի լիներ, նրան այսօր ամբողջ աշխարհը կճանաչեր, կճանաչեր նույնքան, որքան, ասենք, ճանաչում են Ալբերտո Սորդիին կամ Բուրվիլին: Հիմա կասեք՝ դժբախտաբար հայ էր: Իսկ ես կասեմ ՝ բարեբախտաբար հայ էր, քանի որ մեզ նախորդ դարի երկրորդ կեսին գուցե թե շատ էր պետք ծիծաղ՝ կենարար ծիծաղ, որովհետև 1915 թիվ էր եղել, 37 թիվ էր եղել, Հայրենական պատերազմի տարիներն էին եղել և էլի շատ դժբախտություններ: Եվ, թերևս, այդ պատճառով գուցե էն ժպիտը չկար հայ մարդու դեմքին, որն իր հետ բերեց Ֆրունզիկ Մկրտչյանը՝ Մհերը: Նա իր հետ բերեց նաև մի ճառագող, ճառագայթող սրտի ջերմություն: Եթե նկատել եք՝ Մհերի հերոսը մի քիչ աշխարհից նեղացած է, նրա տարբեր ֆիլմերում դա կա: Բայց, միաժամանակ, նրա կատակերգական տաղանդը, որ լի է մարդկայնությամբ, մարդասիրությամբ, մի մթնոլորտ է ստեղծում, որում, կարծես, կյանքն ավելանում է: Կյանք ավելացնող դերասան է՝ իր շուրջը, շուրջբոլորը, իրենը՝ պակասեցնող, ուրիշներինը՝ ավելացնող:
- Մեծ դերասաններ շատ ենք ունեցել, բայց նրանցից եզակիներին էր տրված այդքան բնականորեն, օրգանապես միահյուսվել իր ստեղծած կերպարներին: Ինչպե՞ս էր նրան հաջողվում ցանկացած կերպարում մեզնից մեկը լինել:
- Եթե փորձենք Մհեր Մկրտչյանին անջատել հայտնի բոլոր կինոհերոսներից, ապա շատ պարզ պատճառով այդ ֆիլմերից շատերը կդառնան մի ոտքից կաղ, որովհետև այդ ֆիլմերում նա մագնիսական կենտրոն էր: Նա պարզապես դերասան չէր. նա դերահեղինակ էր, որը նաև լրացուցիչ հեղինակային կնիք էր դնում Մհերի խաղացած բոլոր դերերի վրա: Ես նկատի ունեմ մեր հայկական կինոն և ո՛չ միայն մեր կինոն: Դա մի տաղանդ էր, որը ֆիլմից-ֆիլմ դառնում էր ավելի խորքային, ավելի դրամատիկ, շատ ավելի իմաստնանում էր, բայց սերը չէր անհետանում:
- Մեր ժողովուրդն իր սիրելիների անունը և հիշատակն առասպելներով հյուսելու սովորություն ունի: Մհեր Մկրտչյանի հետ կապված ամենաանհավանական ու հնարավոր պատմություններ եմ լսել: Բայց մի բան ակնհայտ է՝ որ բազմամիլիոն հանդիսատեսներից յուրաքանչյուրն իր Ֆրունզիկն ունի:
- Հայ ժողովուրդը նրան ընկալում էր որպես տան զավակ: Շատ քիչ դերասաններ են, որոնք այդպիսի ընկալում են ձեռք բերում՝ ընտանիքի, տան անդամին հավասար: Իրապես գրեթե յուրաքանչյուր հայ մարդու մոտ այն զգացողությունն էր, որ անձամբ ճանաչել է Մհերին, եթե անգամ նրանք երբեք չէին հանդիպել. այսինքն յուրաքանչյուր մեկն ուներ այդ զգացողությունը, որ իր օջախից է այս մարդը: Ընդհանրապես, հայերը սիրելի դերասաններին անունով են կոչում: Նկատե՞լ եք՝ ասում են՝ Հրաչյան, Հրաչյա Ներսիսյանի մասին են խոսում, Արուսը՝ Արուս Ոսկանյանի մասին է խոսքը, Ավետը՝ Ավետ Ավետիսյանն է: Էն աստղերը չեն՝ մեր իմացած, ամերիկյան կամ եվրոպական կինոյի, որոնց նայում ես, էնտեղ՝ վերևներում են փայլփլում: Իրենք մեր կողքին են, ինքը կողքի մարդ է, ինքը էս հողը քեզ հետ կիսող է: Էն աստղը չի, որ հեռվից և վերևից՝ տիեզերքի խորխորատներից առկայծում է, և մենք պիտի գլուխներս վեր բարձրացնենք որ տեսնենք նրան: Դա էլ տարբերակ է, դա էլ որոշակի մշակույթ է, բայց դա մերը չէ: Մերն օջախի շուրջն է, մեզ մոտ կանգնածը: Այդ իմաստով նրա գոյությունը մեր ազգային կյանքում ավելին է եղել, քան պարզապես դերասանի գոյությունը: Նա իրապես մեր ազգային կյանքում ներհյուսված մի ֆենոմեն է, մի մարդկային էություն, զարմանալի բնականությամբ օժտված մի մարդ, որը կյանքի բնական շարունակությունն էր, որը, սակայն, տիրապետում էր արտիստական ամբողջ զինանոցին:
- Ասում են, խորհրդային շրջանում, երբ ամեն տարի որոշակի թվով ֆիլմ էր նկարվում, իսկ մեծ արտիստները շատ էին, յուրաքանչյուրին այդ ֆիլմերից մի դեր էր բաժին հասնում: Եվ Մհերը միակն էր, որի համար բոլոր ռեժիսորները կատաղի մրցակցում էին:
- Իր առաջին իսկ դերերից սկսած, կարճամետրաժ ֆիլմերից մինչև ամենասիրված և նշանակալի դերերը, նա արդեն խորհրդանիշ էր, մինչև եղբոր՝ Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերում դարձավ նաև իր բնօրրանի խորհրդանիշը: Իսկ Մալյանն առանց Ֆրունզիկ Մկրտչյանի պարզապես չէր պատկերացնում իր կինոն: Այսպես նա մայր օջախից գնում է դեպի ընդհանուր ազգայինը և դառնում է մեր բոլորի կյանքի մասը՝ ընդ որում բոլոր տարիքների՝ մանուկներից մինչև ալեհեր ծերունիներ, հողի աշխատավորից մինչև գիտնականը՝ նա միավորող ֆենոմեն է: Երբ մենք խոսում ենք ազգային միասնության մասին, այդ մշակույթում այդ երևույթները հենց իրենցով են ստեղծում այդպիսի միասնություն:
- Թերևս սիրված կինոդերերի ստվերում մնաց նրա հզոր թատերական տաղանդը:
- Բնական է՝ կինոյի ընդգրկման շառավիղն ավելին է: Իհարկե, թատրոնում նույնպես ուներ փայլատակող դերակատարումներ: Հիշենք, թեկուզ հայտնի «Խաթաբալան»: Ես հիշում եմ այդ ժամանակ Երևանում համամիութենական կինոփառատոն էր, և փառատոնի բոլոր հյուրերը վազեցին Սունդուկյանի անվան թատրոն, որ վերջապես Ֆրունզիկին տեսեն բեմում: Գիտեք, ինքն ընդհանրապես ներհյուսված էր բեմին: Դե, նրա թատերական երազանքներն էլ բոլորիս են հայտնի: Նախևառաջ Սիրանոն էր, ինքն իր համար էր տեսնում Սիրանո դը Բերժերակի դերը: Դե ուշացումով նա արեց այդ քայլը, խաղաց իր սիրելի դերը: Երբ նա ստեղծեց «Արտիստական» թատրոնը և այնտեղ բեմադրեց «Հացթուխի կինը», իհարկե դա արդեն մի քիչ ուրիշ ֆրունզ էր: Եվ երբ ասում եմ որ ինքը գնալով ավելի դրամատիկ էր դառնում, նաև դա նկատի ունեմ՝ ինքը որակապես այլ էր արդեն: Նաև այլ դերեր կային, որոնք ինքը շատ կուզենար խաղալ, նա կամ կիսով չափ իրագործեց կամ ընդհանրապես չհասցրեց խաղալ այդ դերերը: Իր մեջ ահագին բան կար, ասենք, Թումանյանի հայից, Սարոյանի հայից, Պարոնյանի հայից: Կարծես ազգային խառնվածքի ամենատարբեր դրսևորումները արտահայտվում և միավորվում էին նրա մեջ և մեկը մյուսին հարստացնելով՝ ամբողջանում էին Մհեր Մկրտչյանի մեջ:
- Իր անձնական ողբերգությունները ինչ-որ կերպ արտահայտվո՞ւմ էին նրա ստեղծագործության վրա:
- Մարդն ինչ ապրում է, ինչ իր մեջ կա, այն էլ գրում է, այն էլ նկարում է, այն էլ խաղում է: Ինչպիսին որ քո ներքին կյանքն է, դա էլ ինչ-որ կերպ իր կնիքն, անշուշտ, դնում է ստեղծագործության վրա: Սակայն տաղանդը երբեք չի դառնում այդ կյանքի ծառան, տաղանդը հաղթահարում է դա: Սովորաբար մեզ ասում են որ արվեստն իրականության արտացոլանքն է, ամենևին այդպես չէ, արվեստն իրականության հաղթահարումն է, դրանով է արվեստ :
- Անցել է 27 տարի, բայց ես չեմ մոռանում այն դեկտեմբերի 29-ը, երբ քաղաքով մեկ տարածվեց նրա վախճանի լուրը:
- Այդ օրը հրապարակում ՝ օպերայի դիմաց սկսել էին զարդարել ամանորյա տոնածառը: Ցուրտ օր էր, և տոնածառն էին զարդարում: Եվ Մհեր Մկրտչյանն էր դեպի հավերժություն իր վերջին ճանապարհն անցնում այդ հրապարակով. մարդ, որն ինքը խնդություն է պատճառել բոլորին: Եվ այդ օրը տոնածառն էին զարդարում, որը պիտի խնդություն պարգևեր այդ դժվար տարիների հայ մանուկներին: Եվ դրանք զարմանալիորեն ներքին իմաստով համընկան իրար՝ խնդություն, լավատեսություն տարածող մարդ և մի դերասան, որը հաղթահարեց մեր տեղական ներքին սահմանները ու հայ մարդու անունը դուրս բերեց երկրից ու դարձրեց տարբեր-տարբեր ազգությունների հանդիսականների համար սիրելի և նվիրական անուն: Այնպես որ դա մի կյանք էր: Կարծես թե յուրաքանչյուր մարդու կյանքը սկսվում է միայն իր համար, բայց ահա նրա նման տաղանդի կյանքը բոլորինը դարձավ, և ինքը դա շռայլորեն նվիրեց մարդկանց:
Նունե Ալեքսանյան
07:03 04.07.2020
http://art-collage.com/post/%D5%84%D5%B0%D5%A5%D6%80-%D5%84%D5%AF%D6%80%D5%BF%D5%B9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%9D-%D4%B9%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB,-%D5%8D%D5%A1%D6%80%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB,-%D5%8A%D5%A1%D6%80%D5%B8%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A8