"Ես օր կը տխրեմ` իրենք կուլան, ես օր կծիծաղեմ` իրենք կուշաթափվին":

"Ես օր կը տխրեմ` իրենք կուլան,
ես օր կծիծաղեմ` իրենք կուշաթափվին":


Фрунзик Мкртчян и Вардан АджемянՎահրամ Փափազյանը տեղին էր նկատել, թե` «այս մանչուն հետ միշտ մեկը պետք է, համախոհ պետք է»: Թատրոնում քո համախոհը եղավ Վարդան Աճեմյանը, ում համարում էիր մեծ, շատ մեծ ռեժիսոր, և Սևումյանի, Արշակ Պուրճալյանի ու մյուս մեծ ռեժիսորների կարգին էիր դասում: Նա եղավ քո «թագադիրը» թատրոնում: Աճեմյանն աշխատում էր տրամվայում, փողոցում, ժողովի ժամանակ, աշխատում էր ցայտաղբյուրից ջուր խմելիս: Դու էլ էիր այդպես աշխատում, առանց աշխատել չէիր կարողանում, անընդհատ աշխատում էիր, միտքդ անընդհատ զբաղված էր: Քեզ համար աշխատելը դերով ապրելն էր:
Կինոյում քո «կնքահայրը» դարձավ Հենրիկ Մալյանը. «Կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողություն ունի Մալյանը, էկրանի ճշմարիտ զգացողություն, հատկանիշներ, որոնք նրան դասեցին հայրենական կինոյի սիրված անունների շարքին: Առհասարակ, իմ լավագույն կերպարները ստեղծել եմ Մալյանի կինոնկարներում»: Սակայն կար մի հանգամանք, որին դու կարծես ուշադրություն չէիր դարձնում, բայց որն իրականում դրդում էր քեզ ավելի կատարյալ լինել բեմում:
Фрунзик Мкртчян - ЭзопФрунзик Мкртчян - ЭзопԵրբ «Եզովպոս»-ում Վաղարշ Վաղարշյանի հետ խաղում էիր` կուլիսներից ոմանք չարախնդում էին. «Չի՛ ստացվի, չի՛ ստացվի, չի՛ ստացվի»: Դու նաեւ դա՛ էիր ընդունում. «Համախոհների հետ նաև չկամեցողներ պիտի լինեն դերասանի կողքին, ովքեր իրենց չար գործն անելով` իրականում դրդում են ավելի կատարյալ լինել»: Քո համբերությունը չէր հատնում, քո հումորը չէր կորչում` դա քեզ միշտ փրկել է…
«Լավ խաղացողներ շատ կան, բան պիտի ասել, ասելիք պիտի ունենալ», կրկնում էիր ինքդ քեզ: Այս համոզմունքն էր թերևս պատճառը, որ հասարակ թվացող երևույթներն անգամ, քո կատարմամբ խորհուրդ էին ստանում և ներկայանում ողջ խորությամբ, դու չէիր անտեսում անգամ մանրուքները: Գուցե քո անմիջականությունն էր նաև քեզ դարձնում բոլորին սիրելի, որ քեզ հետ հանդիպումներում ցանկացած դահլիճի պատերը նեղ էին թվում: Ասում էիր. «Անմիջականությունը վիթխարի բան է արվեստում»: Իսկ դերի պատրաստման քո ուրույն ձևը, զուտ մհերյանական լուծումները անկրկնելի հմայք ու հուզականություն էին հաղորդում կերպարներիդ: Հաճախ էիր ասում. «Դերը պետք է դերասանի երակներում տրփա արյան հետ, տրփա՜ ու եփվի, ինչպես նոր դրած գինին: Հետո պետք է հանդարտվի՜, զուլալվի՜ և նոր միայն խաղացվի»:
Սիրում էիր աշխատել ա՛յն ռեժիսորների հետ, ովքեր դերասան են սիրում:
Галя Новенц, Генрик Малян И Фрунзик МкртчянԵրբեմն նկատում էիր, որ շատ դերասաններ տեքստը անգիր գիտեն, լավ էլ ասում են, բայց կերպարը թերի է ստացվում: Մտահոգվում էիր, թե ինչո՞ւ թատերական ինստիտուտում չեն դասավանդում «իմպրովիզացիա» առարկան: Դու, որ իմպրովիզացիայի մեծ վարպետ էիր` երբեք տեքստն անգիր չէիր անում. «Մինչև տեքստը չլինի իմ բերանի խոսքը` ես չեմ շտապի դրանով զարդարել իմ ներկայացնելիք կերպարը: Ես երբեք անգիր չեմ անում, փորձում եմ օրգանական դարձնել, դրանից հետո ինքն իրեն խոսելով գալիս է: Իսկ որ արդեն քո խոսքը դարձավ` մնում է քո ներքին զգացողությանը, մնում է, որ դու այն դնես չափավորության մեջ, ավելորդ խոսքն ինքն իրեն դուրս է գալիս: Ինքնաճանաչողության էս պրոցեսն է քեզ բերում կատարելության: Գեորգի Դանելիան, Հենրիկ Մալյանը չեն սովորեցնում, նրանք քեզ դնում են այնպիսի վիճակի մեջ, որ դու ճիշտ վերապրես, իսկ որ ճիշտ վերապրեցիր` քեզ մղում է գործողության: Երբեք չի կարելի մտածել դետալ, երբեք չի կարելի մտածել` ուր գնալ...ճիշտ վերապրելն ինքն է քեզ տանում: Այ, սա՛ է իսկական ռեժիսուրան»:
Գայթակղիչ երկու աշխարհ` բեմը և կինոն: Եղան տարիներ, երբ դու երկուսում էլ զբաղված էիր` դերեր թատրոնում և նկարահանումներ ֆիլմերում: Ֆիլմերով դու դարձար ճանաչված, բայց ուշքդ թատրոնին էր, այդ ի՜նչ սեր էր, այդ ի՜նչ կապվածություն էր թատրոնի հետ. «Թատրոնի մի դերը չեմ փոխի կինոյի հազար դերի հետ, թատրոնը աղոթքի տեղ է, ծես է, ամենօրյա սխրանք, սրբություն է, թև է, թռիչք է: Թատրոնը քուրմերի իսկական տաճար է, որտեղ ծես է կատարվում, արարողություն է կատարվում, Աստծո հետ, տաղանդի, մուսայի հետ շփում է կատարվում»:
Фрунзик (Мгер) МкртчянԴու խորապես գիտակցում էիր դերասանի երկվությունը, քո տրագիկոմիկական դիմակը ծնունդ էր առել մարդկային կեցության երկու բևեռներից, որպիսին թախիծը և զավեշտականն են և քո խաղով ընդգրկում էիր կյանքի բոլոր կողմերը միաժամանակ: Քեզ երբեմն անվանում էին «տխուր աչքերով կատակերգու», քեզ հաճախ համեմատում էին Չապլինի հետ: Իսկ քո պատկերացմամբ` «թերություն է, երբ որ մեկը միայն կոմիկ դերասան է, նման բան չկա, ինչպես և չկա տրագիկ դերասան»:
Երկու դեպքում էլ կերպարներդ ստացվում էին համոզիչ, տիպական, հյութեղ ու կատարյալ, որոնք քեզ բերեցին մեծ ճանաչում և համաժողովրդական սեր:
Դու խորին ակնածանքով էիր վերաբերվում քո հանդիսատեսին և ամենայն պատասխանատվությամբ ու բծախնդրությամբ կերտում կերպարներդ. «Ամեն հանդիսատես մի նուրբ զգայարան է. պետք է սիրես նրան, եթե արտիստի մեջ սեր չկա, հազիվ թե կարողանա մի արժեքավոր ու մնայուն բան ստեղծել»:
Երբևէ չուզեցիր նմանվել ուրիշներին և հաճախ էիր կրկնում` «Որքան ազգային ես, այնքան պահանջված ես` նատուրալ, ճիշտ, նուրբ, գեղեցիկ և ճաշակով մարդ, բայց օրիգինալ իր ամեն ինչով, որ նման չէ ոչ մեկին, իսկ որ ոչ մեկին նման չէ` արդեն շատ հետաքրքիր է»:
Երբեմն նկատում էիր. «Ես օր կը տխրեմ` իրենք կուլան, ես օր կծիծաղեմ` իրենք կուշաթափվին»:
արտիստի ու հանդիսատեսի այսպիսի կապվածություն հազվադեպ է լինում, երբ իրար հաղորդվելով` երկուստեք միատեղվում, միակամվում են, երկուսն էլ նույնն են դառնում: Ի՜նչ գեղեցիկ զգացողություն:
Максим Горький  "На дне" (1971, 1980)Քո պատկերացմամբ. «Թատրոնը մարդու հետ ծնված բան է»: Այնքան էիր լցված քո գործով, որ միայն դերասանությունը քիչ էր թվում այդ տարիքում. «Իմ դերասանական խողովակը տրաքվում է, ասելիք շատ ունեմ, իսկ միայն դերասանությամբ չեմ կարող ասել, և էնպես չի, որ ես բացատրեմ` գան ինձ բեմադրեն: Ես կանեմ, ես հանգիստ կանեմ Սիրանոն էլ, Օթելլոն էլ, մյուսներն էլ»: Այ’ս մտայնությամբ 1992 թվականին հիմնադրեցիր արտիստական թատրոնը. «Ամեն մի իսկական դերասան, իսկական արտիստ ինչ բեմում էլ ստեղծագործի` իր ներսում ունի սեփական թատրոնը: Եվ երբ իրենց հնարավորություններով, նախասիրություններով, ձգտումներով համընկնում, ներդաշնակվում են, այսպես ասած, ներքին ու արտաքին թատրոնները` մեծ բախտավորություն է ստեղծագործողի համար»: Քո հիմնադրած թատրոնում առաջինը Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը» ներկայացումն էր: Դեռևս 1987թ. հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայում հաջողությամբ բեմադրել էիր «Հատակում»-ը և արդեն փորձառու էիր: Այս անգամ հաջողությունն աննախադեպ էր, բեմադրիչի քո տաղանդն ու ինքնատիպ լուծումները շատերին հիացրեցին: Ափսոս, որ երկրի համար դժվար ժամանակներ էին, և պետական պարգևներն ու կոչումներն ուշացան:
Իսկ քո հրաժեշտի բարեմաղթանքը գալիս է լրացնելու, ամբողջացնելու ասելիքդ: Դա ամենևին էլ երկրային կյանքին հրաժեշտ տվող մարդու չարություն կամ ափսոսանք չէ, դա պատգամ է` բոլոր ապրողներին. «Սիրեցեք արվեստը, կապվեք արվեստի հետ: Արվեստը մարդուն կտրում է գետնից, հանում վեր, նրան դարձնում ռոմանտիկ, օգնում է ճանաչել ու հասկանալ կյանքը, ճանաչել գեղեցիկը: Հայրենիքի զգացողությունը պահեք ձեր մեջ, հոգով ու սրտով կապված մնացեք հող ու ջրին, հոգևոր հարստությանը, ծննդավայրին: Լիաթոք ծիծաղ եմ ցանկանում ձեզ, լուսավոր ժպիտ և մեծ նվիրվածություն դեպի թատրոնը, կինոն, դեպի արվեստը»:

Շուշանիկ Սահակյան
«Էն ուրիշ Ֆրունզիկը» ֆիլմը համահեղինակ


Է՜Ն ՈՒՐԻՇ ՖՐՈՒՆԶԻԿԸ_Շուշանիկ ՍահակյանԱյսօր ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ծննդյան օրն է, 92-ամյակ։
«Է՜Ն ՈՒՐԻՇ ՖՐՈՒՆԶԻԿԸ»
ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ


Մհեր Մկրտչյանի անձի շուրջ կան ձևավորված կարծրատիպեր, որոնք իրականում որևէ ընդհանրություն չունեն նրա կերպարի հետ: Վավերագրական ֆիլմ պատրաստելու գաղափարը մտահղացանք նաև այդ կարծրատիպերն ինչ-որ չափով կոտրելու ցանկությամբ ու ձգտումով, բայց հիմնական նպատակը Արտիստի իրական կերպարի բացահայտումն էր` իր ասելիքը բացառապես իր խոսքով ներկայացնելով: Մհեր Մկրտչյանին ինքն իրենով, իր խոսք ու զրույցով, իր մտահոգություններով ու հիասթափություններով, նաեւ իր լավատեսությամբ ու պայծառ հումորով ներկայացնելու այս կերպը, մեր պատկերացմամբ, ավելի համոզիչ է, իրավացի, դիպուկ ու տպավորիչ, քանզի ցանկացած այլ խոսք, այլ կարծիք կամ այլ հայացք չի կարող ճշմարտացիորեն վերարտադրել նրա ներքին հուզումները, ապրումները, նրա զգացածն ու նրա ասելիքը:
Կարևորել ենք հատկապես դերի պատրաստման նրա ուրույն, զուտ մհերյանական կերպը, անսպասելի լուծումները, միայն իրեն հատուկ բծախնդրությամբ յուրաքանչյուր դրվագը մշակելն ու կատարելագործելը: Շեշտադրել ենք նրա` իմպրովիզացիայի մեծ վարպետ լինելու հանգամանքը, որի շնորհիվ նույն դերն ամեն անգամ ներկայացնում էր բոլորովին նոր նրբերանգներով` այդուհանդերձ հավատարիմ մնալով ինքն իրեն: Հայտնի իրողություն է, որ հանդիսատեսի հանդեպ նրա սերն ու ակնածանքը վեր էին ամեն բանից, ուստի մատնանշել ենք յուրաքանչյուր բեմելին ամենայն պատասխանատվությամբ նրա պատրաստվելը:
Մհեր Մկրտչյանը սիրում էր աշխատել դերասան սիրող ռեժիսորների հետ: Դերասան սիրողները մտածող, պրպտուն միտք ունեցող մարդիկ էին և հաճախ իրենք էին լսում և ընդունում Արտիստի առաջարկները: Թատրոնում նրա «թագադիրը» եղավ Վարդան Աճեմյանը, իսկ կինոյում նրա «կնքահայրը» դարձավ Հենրիկ Մալյանը:
Ի հակադրություն հաճախակի հնչող այն մտայնության, թե նա միայն կատակերգու է` փաստել ենք կինոյում ու թատրոնում նրա մարմնավորած և’ կատակերգական, և’ ողբերգական դերերը: Երկու դեպքում էլ կերպարներն ստացվում էին համոզիչ, տիպական, հյութեղ ու կատարյալ, քանզի այդ երկու հոգեվիճակներն էլ հավասարապես սրտամոտ ու հոգեհարազատ էին իրեն:
Մհեր Մկրտչյանի ստեղծագործության ակունքը ճանաչողությունն էր, իսկ հաջողության բանալին` սեփական խառնվածքի առանձնահատկություններից շռայլորեն օգտվելու շնորհը: Մեծ արվեստն անթարգմանելի է, առեղծվածային, անվերծանելի: Աներկբա է միայն, որ դրամատիկական արվեստում առկա ու նաեւ իր գտած կատակերգական ու ողբերգական արտահայտչամիջոցներից Մհեր Մկրտչյանը խմորեց բոլորովին նոր, մինչ այդ չտեսնված մի բան` բեմական արվեստը դուրս բերելով բոլոր շրջանակներից, ներկայանացավ անզարդ ու համարձակ, առանց ավելորդ սեթեւեթանքների, անգամ արդարացվող համարձակությամբ շրջանցելով իրենից առաջ արդեն ձեւավորված բեմական օրենքներն ու կանոնները: Արվեստի այդ մեծագույն գյուտը հենց նրա բնախոսությունն էր, արտիստական ինքնաճաչողությունն ու դերասանի բնատուր կարողությունները: Շարունակ ջանացել է բացահայտել իր մարմնի ու հոգու մեջ եղած, դեռ չուսումնասիրված տեղերը: Արվեստում այդ անկաշկանդ սլացքը նրան բերեց համաշխարհային ճանաչում ու համաժողովրդական սեր:
Ֆիլմը պատրաստելիս մեզ համար ամենադժվարն իրեն հասկանալն էր, իր ասելիքը վերծանելն էր, որը հետո բարձրաձայնեցինք մեր սիրելի հանդիսատեսին: Վստահ ենք, որ Էլի շատ գրքեր են գրվելու նրա մասին, ֆիլմեր են նկարահանվելու, ռադիո և հեռուստահաղորդումներ են պատրաստվելու, քանզի Մհեր Մկրտչյան թեման անսահման է, Մհեր Մկրտչյան երեւույթը` տիեզերքի պես անվերծանելի: Ուստի, համահեղինակությամբ պատրաստած մեր ֆիլմերն ու գրքերն ընդամենը մի վեհերոտ փորձ ենք համարում նրա առեղծվածի բացահայտման ճանապարհին:
Մեր ստեղծագործական խումբն այս ֆիլմի վրա աշխատել է շուրջ չորս տարի: Թե ինչպիսին է ստացվել մեր աշխատանքը` կգնահատեք Դուք, հարգարժան հանդիսատես, հավելեմ միայն որ մենք ամենայն սիրով ու նվիրումով ենք արել մեր գործը, քանզի Մհեր Մկրտչյանի արվեստին հաղորդվելը մեծագույն երանություն է եղել մեզ համար:

Սիրով` Շուշանիկ Սահակյան
ՖԲ  էջից 4․07․2022

Печать

Ես փուշ եմ սիրում

Ես փուշ եմ սիրում, տեսե՞լ եք` գլորվում է ու գնում, չի թառամում, չի խամրում, վարդն ամեն տեղ տանում են` հարսանիքի, թաղման, կնունքի, ծնունդի, կաշառքի... փուշը չեն տանում: Վարդը գնում է, նստում սեղանի գլուխ, փշին` դռան շեմին մոտիկ չեն թողնում: Բայց դե մի անգամ տեսա, թե վարդն ինչպես ընկավ ավտոմեքենայի տակ ու մեռավ (վարդավարի, հպարտ մեռավ), իսկ փուշը գլորվեց անցավ... Ես նույն չափով նաև անցնող փշին եմ սիրում... Փշից էլ գեղեցիկ բան: 


Ես տխուր մարդկանց եմ սիրում, երազում եմ խաղալ այն մարդու դերը, որ դժբախտ է, բայց չգիտի, դես ու դեն է ընկնում, բոլորին լավություն  է անում, բայց ինքը կյանք չունի, մենակ է, դժբախտ է ու անտեղյակ...


Սիրում եմ հայրենիքս` երեկվա, այսօրվա, վաղվա Հայաստանը... Քաղաքների միջև էլ տարբերություն չեմ դնում, այնքան քիչ են մնացել, ինչո՞ւ ընտրեմ մեկը...


Մի օր ինձ հարցրին` թատրոնից ավելի ի՞նչ կսիրեք: Մորս, փողոցս, որտեղ ապրում էի, տունս, հողս, որի վրա կան տունս ու փողոցս.. Լեզուս: Ու այս բոլորը կոչվում է հայրենիք: Թատրոնն ի՞նչ է որ հայրենիքի դիմաց... նույնիսկ կլինիկական մահիս ժամանակ հայրենիքիս մասին եմ մտածել, ինչ-որ բան եմ մրթմրթացել, հետո հիշեցի` մեկ դոլար` ամեն հայից...


Ես սիրում եմ հանդիսատեսին, և այս սերն է, որ ինձ ուժ է տալիս ենթարկելու նրանց` ինձ միշտ անսպասելին տալով: Մի անգամ ես համեմատել եմ դերասան-հանդիսատես կապը թենիսի խաղի հետ. երբ դիմացի խաղացողը գնդակը վերադարձնում է հաջող կերպով, ճիշտ տեղին, քո խաղը հետաքրքիր է դառնում, արժեքավորվում է:


Մարդկային բոլոր թերություններն ու արատները ընդունում եմ, բացի մեկից` արժանապատվություն չունենալուց: Ամեն ինչի կարող եմ դիմանալ, բացի այդ մեկից: Ինձ թվում է, թե մարդկային բոլոր արատները ծնվում են այդ մեկից` արժանապատվություն չունենալուց: 
Սովորելը երկու` ուսանողի և ուսուցչի, տաղանդավոր ու իրար սիրող մարդկանց փոխհարաբերությունն է: Իսկ ինչքան տարբեր են լինում ուսուցիչները և դպրոցում, և ինստիտուտում, և կյանքում... Հիշում եմ Լենինականի դպրոցի իմ ռուսերենի ուսուցչուհուն: Տարիներ անցան, ճանաչված դերասան էի, երբ Երևանում հադիպեցինք իրար: Ուրախացա, գրկախառնվեցինք, խոսեցինք... հրաժեշտ տվեցինք իրար, ու հանկարծ դպրոցից հիշվող նույն պահանջկոտ ձայնով նա հարցրեց ինձ. «Ֆրունզիկ, Ֆրունզիկ, դու վերջապես կարողացա՞ր արտաբերել «օ» տառը: 


Ես երբեք մտերմություն չեմ փնտրել այն մարդկանց հետ, ում խղճի վրա մի փոշու հատիկ էլ չկա ծանրացած: Ինձ միշտ թվացել է, թե այդ մարդիկ թանգարանում պահվող իրերի նման են, որոնցով կարելի է հիանալ, բայց որոնց մեջ ապրելն անհնարին է:


Շախմատ շատ եմ սիրում, քանի որ այստեղ ստեղծագործություն կա, իմպրովիզացիա, թատրոն... Ոչ միայն շախմատում, այլև ընդհանրապես ստեղծագործելիս պետք է նախ համոզվեմ, թե ինչ եմ անում, ինչու եմ անում... «ինչու» հարցն ինձ շատ է հուզում, առանց պատասխանը գտնելու չեմ կարող ստեղծագործել...