ՖՐՈՒՆԶԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ - 95 "ԺՊԻՏ ՈՒ ԹԱԽԻԾ"



Վաղ հասակում, սիրելի Ֆրունզիկ, երբ դեռ Լենինականում կինոմեխանիկի աշակերտ էիր, հաճախ քեզ փոքրիկ դերեր էին վստահում Նիկոլի ղեկավարած ինքնագործ թատերախմբում: Հետագայում սիրով էիր հիշում այդ տարիները. «Ափսոս չէ՞ր՝ ոչ դրամատուրգ կար, ո՛չ ռեժիսոր կար, ո՛չ դերասան կար…, մենք էինք, ժողովրդո՛վ: Մենք էինք հնարում պիեսը, մի բան, որ Թատերական ինստիտուտը չունի այդպիսի առարկա: Ա՜յ քեզ բան, չունի իմպրովիզացիա, որով ապրում է հանդիսատեսը, որով ապրում է դերասանը, որով ապրում է ռեժիսորը:  Վեց տարի ես ապրում էի դրանով, մենք երգեինք պիտի, մենք պիտի պարեինք, թե չէ Սվասյանը կծեծեր մեզ»:
Նիկոլի ակումբում, որը թատրոնի աշխարհ տանող ճանապարհն էր քեզ համար հարթելու խաղացիր դերեր, դերե՜ր հանպատրաստից, օրվա ընթացքում սովորելով ու երեկոյան ներկայացնելով: Ի՜նչ խելագար աշխարհ էր, խաղում էիք ի՜նչ ասես…  
Այդպես մինչև այն պահը, երբ երանելի Ժան էլոյանն իր բարի ձեռքը հովանի արեց քեզ ու տարավ թատրոն: Եկար ու սկսեցիր լուրջ բաներ լսել, ապշելու բաներ լսել ու հասկացար, որ գործ ունես մարդու հետ, գործ ունես բնության հետ, գործ ունես մարդկանց էմոցիաների հետ և դա մի կախարդական աշխարհ է՝ տիեզերքի պես անվերծանելի: Դու երբեմն ասում էիր՝ «…Զարմանալի բան է, այդ ի՞նչ ուժ է, որ բեմից գնո~ւմ, անտեսանելի, անբռնելի, գնում այնտեղ ջուր է առաջացնում մարդու աչքերի մեջ՝ արցո՜ւնք: Այդ ի՞նչ ուժ է, որ ատամներն է բացում և հոգու մեջ մի բան կատարվում է»: Թատրոնում դու հանդիպեցիր փայլուն դերասանների՝ Ցոլակ Ամերիկյան,  Լևոն Զոհրաբյան, Արտավազդ Փաշայան, Արծրունի Հարությունյան, Ռշտունի, Հայկասար, Փալվարձունի, տեսար Վարդան Աճեմյանի «Մեծապատիվ մուրացկաններ»-ն ու «Արա Գեղեցիկ»-ը, ա՜յ քեզ բախտ: 
Ժամանակի ընթացքում հասկացար, որ այսպիսի մի ճանապարհ կա, որով դու առաջնորդվում ես: Դերի պատրաստման  առաջին շրջանի քո բանալին սա էր. «Դերը որ ստանում եմ, կարդում եմ սցենարը: Կռիվ, ահավոր կռիվ է սկսվում` հակառակվելու, ինքս ինձ հետ կռիվ եմ տալիս, կարո՞ղ եմ, թե՝ ոչ։ Հետո կռիվ է սկսվում հեղինակի հետ, դրանից միշտ մի բան ծնվում է: Հակառակվելն այն բանալին է, որտեղ եթե փնտրես՝ նոր բաներ կգտնես, դրանից սկսում է երևակայությունդ աշխատել, նկատում ես շուրջդ, սա էլ է օգնում: Հետո ռեժիսորի հետ եմ կռվում` թե այս կտորն այսպես արա . - չէ՜, չէ՜, չէ՜: Բայց հետո ընդունում, համաձայնում են: Այդպես պատահել է Գեորգի Դանելիայի և Հենրիկ Մալյանի հետ աշխատելիս: Ինձ հետ կռվից հետո, հլը չեմ խաղացել է՜, արդեն սիրում եմ սցենարը, պատրաստ եմ, էպիզոդ  չկա, որ չսիրեմ, արդեն հոգուս մոտ է կերպարը: Առանց ծայրից-ծայր սիրելու հնարավոր չէ խաղալ, որ սիրելով սպասեմ` թե գնամ խաղա՜մ, վա՜յ, էս կտորս է, հիմա էս կտորս է: Այսինքն՝ քո հնարավորությունները լրիվ դրսևորում ես՝ սիրելով: Իմ ուզածի պես է, երեխայիս հագցրել եմ իմ ճաշակով, իմ ուզածով, արդեն ես կարող եմ նրան դուրս տանել, կարող եմ մարդկանց ցույց տալ, արդեն սիրում եմ երեխայիս, հաշտվել եմ հետը: Ռեժիսորին սիրում եմ, որովհետև ռեժիսորի մտահղացումների հետ կռվել եմ և միասին արել ենք այդ գործը: Եվ, երբ արդեն ընտելացել եմ միջավայրին ու անցնում եմ ստեղծագործելուն, այսինքն՝ խաղալուն, սկսվում է սիրո բացատրությունը, կերպարին սեր եմ բացատրում: Ինքը գնում է, ասում եմ՝ գալիս եմ քեզ հետ, ինքը տանում է, սիրով գնում եմ հետը, սիրում եմ կերպարի արած ամեն ինչը, սիրում եմ իրեն նայելը, սիրում եմ իրեն զգալը: Ընդհանրապես, երբ որ դերասանը խաղում է` անսահման սիրում է իրեն այդ պահին, սիրում է ոչ թե կողքից, այլ երկուսով սիրում են իրար, իսկ երբ երկուսով սիրում են իրարչտեսնված հաճելի բան է ստացվումսիրտս խտուտ է գալիս, որովհետև կերպարից մի սիրուն ջերմություն է գալիս»:
Դու երբեք անգիր չէիր անում տեքստը. «Մինչև տեքստը չլինի իմ բերանի խոսքը, ես չեմ շտապի ներկայացնել կերպարը: Ես երբեք անգիր չեմ անում, փորձում եմ օրգանական դարձնել, դրանից հետո ինքն իրեն խոսելով գալիս է: Իսկ որ արդեն քո խոսքը դարձավ` մնում է քո ներքին զգացողությանը, մնում է, որ դու այն դնես չափավորության մեջ: Ավելորդ խոսքն ինքն իրեն դուրս է գալիս»:

  Սիրելի Արտիստ, դու խորապես գիտակցում էիր դերասանի երկվությունը, քո տրագիկոմիկական դիմակը ծնունդ էր առել մարդկային կեցության երկու բևեռներից, որպիսիք թախիծը և զավեշտականն են, և դու քո խաղով ընդգրկում էիր կյանքի բոլոր կողմերը միաժամանակ: Քեզ երբեմն անվանում էին« տխուր աչքերով կատակերգու: Լինի ողբերգություն, թե կատակերգություն՝ երկու դեպքում էլ կերպարներդ ստացվում էին համոզիչ, տիպական, հյութեղ ու կատարյալ, որոնք քեզ բերեցին համամարդկային ճանաչում և համաժողովրդական սեր․ «Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել»։
Քո ստեղծագործության ակունքը ճանաչողությունն է, իսկ հաջողությանդ բանալին` սեփական խառնվածքիդ առանձնահատկություններից շռայլորեն օգտվելու շնորհդ: Մեծ արվեստն անթարգմանելի է, առեղծվածային, անվերծանելի։Աներկբա է միայն, որ դրամատիկական արվեստում առկա ու նաև քո գտած կատակերգական և ողբերգական արտահայտչամիջոցներից դու խմորեցիր բոլորովին նոր, մինչ այդ չտեսնված մի բան: Արվեստի այդ մեծագույն գյուտը հենց քո բնախոսությունն է, արտիստական ինքնաճանաչողությունդ ու դերասանի բնատուր կարողություններդ: Շարունակ ջանացել ես բացահայտել քո մարմնի, քո հոգու մեջ եղած, դեռ չուսումնասիրված տեղերը՝ քեզ լավ իմանաս, ավելին, կարողանաս քեզ տեսնել բեմում: Բա հուզմունքնե՜րը: Ի՜նչ էր կատարվում, երբ դու հուզվում էիր: Դու բեմում դա էլ էիր տեսնում` քեզ՝ հուզված ժամանակ, անմիջապես տեսնում էիր քո ճմրթվելը և փորձում  ներքուստ շփվել այն իրողության հետ, ինչ տեղի էր ունենում հուզմունքիդ պահին. «...«Հին օրերի երգը« ֆիլմում, էն տեսարանը, որ սև թուղթը պիտի ուտեի` ես իրոք հուզված էիԱզատ եմ թողել, որովհետև ժամանակին ստուգել եմ, թե ինչ է կատարվում դեմքիս հետ»:   Դու միշտ պահանջված արտիստ էիր, պահանջված զրուցակից, պահանջված ընկեր: Քեզ ընդունում, սիրում,  գնահատում էին ռեժիսորները, և դու էիր սիրում աշխատել դերասան սիրող ռեժիսորների հետ:«Դերասան սիրող ռեժիսորներ կան, ովքեր զգում են, որ նուրբ մեխանիզմ է դերասանը, կքանդվի տեղն ու տեղը, կխռովի, ոնց որ երեխա լինի, գիտե՞ք, ապշելու բան է, որովհետև զգացմունք պիտի տա, հանկարծ կարող է խռովել ու չտալ էդ զգացմունքը: Ու չստացվի այնպես, որ ինքդ կարող ես դերասանի մեջը իր  գացմունքները, բաները մեռցնել, ընդհակառակը այնպես պիտի անես որ արթնացնես: Մտածում եմ, թե ո՞ւմ հետ եմ ստեղծագործելու, Վարդան Աճեմյանը չկա, հիմա ես ի՞նչ պիտի անեմ: Վահրամ Փափազյանը մի հոյակապ բան է ասել իմ մասին «Այս մանչուն հետ մեկը պետք է, միշտ մեկը պետք է, համախոհ պետք է»՝ ինչպես թատրոնում եղավ Վարդան Աճեմյանը և կինոյում եղավ Հենրիկ Մալյանը: 
Դու շատ էիր կարևորում յուրաքանչյուր հանդիսատեսի համար առանձին խաղալն ու նրա արձագանքին ականջալուր լինելը: Անընդհատ կատարելագործում էիր կերպարներդ ու նույն դերն ամեն անգամ ներկայացնում նորովի: Արտաքուստ պարզ քո խաղաոճի հետևում ամեն ինչից զատ կային կյանքի խորիմացություն ու փիլիսոփայական հայացք: Հիրավի, մեծ դերասանիդ էքսցենտրիկ, երբեմն նույնիսկ պաթետիկ խաղաոճը քո ստեղծած համամարդկային կերպարներին հաղորդում էր ազգային, իսկ որոշ դեպքերում նաև՝ բանահյուսական հերոսի գծեր. «Ես միշտ իմ դերն եմ խաղացել, ինքս ինձ, իմ հերոսներին արտահայտել: Ամեն մի դերիս հետ քամվել եմ կաթիլ առ կաթիլ»:
Դու երջանիկ էիր քո աշխատանքով, հաճախ խոստովանում էիր.
«Ես նորից կընտրեի դերասանի մասնագիտությունը: Դերասանությունը միշտ էլ եղել է  իմ տարերքը: Քիչ է պատահում, երբ մարդ հենց  մանկուց գտնում է իր ուղին ու առանց վարանելու քայլում առաջ: Թատրոնը սիրել եմ  մանկուց, իսկ կինոյի սերը եկել է հետո, հասուն տարիքում՝ իր հետ բերելով որոնումներ ու ստեղծագործական հաջողության ուրախալի պահեր»:
Երկրային կյանքին քո հրաժեշտից հետո էլ, սիրելի Արտիստ, ամենօրյա է մեր կապվածությունը քեզ հետ: Մենք հաճությամբ վայելում ենք քո լեցուն ներկայությունը: Քո ծիծաղի մեջ մեր ուրախությունն է, քո տխուր աչքերում՝ մեր թախիծը: Մենք քեզանով թեթևացնում ենք մեր ապրումները, քո մարմնավորած կերպարներում տեսնում մեզ և ինքներս մեզ ավելի լավ ճանաչում: Քո անբացատրելի հմայքը ժամանակի փոշուց չի խամրում, և հիմա էլ, երբ հայտնվում ես էկրանին` աշխարհը լցվում է սիրով ու հավատով, լույսով ու ջերմությամբ:

Շուշանիկ Սահակյան,
լրագրող, հասարակական գործիչ,
www.frunzik.com կայքի գլխավոր խմբագիր

Печать