Фоторепортаж Гагика Гаспаряна

Гагик Гаспарян - фотографЗнаменитый фотограф Немрут жил в соседнем доме, и стал моим первым и незаменимым учителем. В студенческие годы более практично занимался фотографированием  и уже имел Зенит-Е.
После окончания Педагогического института поступил на работу Гостелерадио, киностудия телефильмов "Ереван" как художник-фотограф и уже имел камеру Asahi Pentax.
Последние годы работал оператором на телестудиях Армения, TV5, Шант.
1984 г.в квартире Фрунзика сделал 
фоторепортаж во время интервью Фрунзика Мкртчяна с Саро Гёдакяном (псевдоним Гюмреци - писателем, журналистом, главным редактором журнала "Амайнапаткер" (Панорама) Лос-Анжелес ).


 

Free Joomla Lightbox Gallery

Печать

ԶԳԱՑՄՈւՆՔԱՅՆՈւԹՅՈւՆԸ՝ ՈՐՊԵՍ «ՁԵՌԱԳԻՐ»

Գագիկ ԳասպարյանՀովհ. Շարամբերյանի անվ. Ժողովրդական արվեստի կենտրոնում բացվեց Գագիկ Գասպարյանի լուսանկարների անհատական ցուցահանդեսը:

Նա կյանքում բազմախոս չէ. փոխարենը բազմախոս են իր արձանագրումները՝ լուսանկարները, որոնց ներքո թեև չեն դրված ստորագրություններ, սակայն դյուրին կերպով կարելի է տարբերել հեղինակին: Գագիկ Գասպարյանի լուսանկարչական արվեստին հանրությունը ծանոթ է արդեն տասնամյակներ: Չնայած մասնագիտությամբ կենսաբան-քիմիկոս է, սակայն լուսանկարչության հանդեպ հետաքրքրությունը վաղ տարիքից դրդել է իրեն լրջորեն զբաղվելու մարդուն և բնությունը, իրերն ու երևույթները գեղարվեստորեն պատկերելու այս ձևը ընտրելուն: Իր առաջին «Սմենա-8Մ» ֆոտոխցիկով առել է լուսանկարչության ոլորտում անդրանիկ փորձառությունը, մշակել է լույս ու ստվերի համադրության զգացողությունը, ճիշտ դիրքից պատկերներ անելու վարպետություն է ձեռք բերել: Իսկ հայտնի լուսանկարիչ Նեմրութ Բաղդասարյանից առած դասերը ողջ կյանքի համար էին:Լուսանկարում էր հատկապես հայրենի Դաշտադեմի պատմական վայրերը, մարդկանց, բնությունը: Ծագումով մշեցի լինելով՝ մեջը կուտակումներ ուներ, և պապերի ու հայրերի պատմությունը պիտի հաղորդեր իրենց բնակեցրած վայրերի գեղեցկությամբ, մարդկանց աչքերի արտահայտությամբ… Բայց ոչ միայն… Արտահայտություն ունեն թղթի մակերեսից մեզ հայող նրա ծառերը, բնակավայրերը՝ գարնան սպասումով, հին խաչքար-տապանաքարերը, շատրվաններն ու մարդկանց երթերը, մարդիկ՝ հասարակ աշխատավոր և մտավորական, թոնրի շրթին նստած տարեց կին և հնոցի մոտ կանգնած բանվոր… Սև-սպիտակով արված բոլոր այս գործերը՝ թվով հիսունը, շուրջ մեկ շաբաթ ցուցադրվում են Հովհ. Շարամբերյանի անվ. Ժողովրդական արվեստի կենտրոնում: Ցուցահանդեսն ունի «Հիշողության ձեղնահարկ» խոսուն անվանումը. ասես, հին, մոռացված իրերի միջից գտնվել են և ցուցադրության դրվել թանկ հիշողություններ կրող մասունքներ: Ցուցադրությունն ամբողջությամբ դիտելուց և իմ տպավորություններն ի մի բերելուց հետո փորձեցի մի քանի բառով ձևակերպել «Հիշողության ձեղնահարկի» բերած գաղափարը. այն իրականում մի ողջ սերնդի ամփոփ պատմությունն է: Զուր չէ այս ցուցադրությունում ընտրված սևն ու սպիտակը՝ մեր օրերում գունագեղությամբ պատկերելու հնարավորությունները շրջանցելով: Երկու գույնն առավել հարուստ կերպով է հաղորդում այն իրականությունը, որ կրում են մեզնից շատերը՝ որպես երիտասարդություն, որպես ապրած օրերի հուշ ու սեր, նաև որպես ափսոսանք. Գագիկ Գասպարյանի՝ XX դարի 80-ականներին արած լուսապատկերները հուշերի շարաններ են բերում մեր մտապատկերում, ու դրանք, բնականաբար, ուղեկցվում են վաղեմի զանազան զգացմունքների առկայծումներով, ապրածի ու չապրածի մասին մտորումով, ուստի և ափսոսանքներով: Սակայն ափսոսանքի մասին այստեղ ուղղակի խոսք էլ կա. ցուցահանդեսը Գագիկ Գասպարյանը նվիրել է իր վաղամեռ որդու՝ օպերատոր և լուսանկարիչ Մուշ Գասպարյանի հիշատակին: Բայց ոչ միայն. ցուցահանդեսի բացմանը տրվեցին նաև ուրիշ շնորհալի լուսանկարիչների և օպերատորների անուններ, որոնք վաղ են կյանքից հեռացել՝ կիսատ թողնելով իրենց մտահղացումների իրականացումը, չիրագործելով երկրային կյանքի իրենց բազում իղձեր… Գագիկ Գասպարյանն ինքը երկար ժամանակ է՝ լուսանկարչական սարք չի վերցնում ձեռքը. կորստից խոնարհված հոր աչքերում նշմարում եմ նույն արտահայտությունը, ինչ իր պատկերած որոշ կերպարներում. վիշտ ու խոնարհություն՝ խորը թաքնված անհաշտություն և կյանքը ինչպես որ կա ընդունելու ուժ,- բոլորը միախառն, հանդարտ ու համեստ կեցվածքով: Լուսանկարչի համեստության մասին ցուցադրության բացմանը ներկաներից շատերն են խոսում, նրանց թվում՝ Ժողովրդական արվեստի կենտրոնի փոխտնօրեն, արվեստաբանական գիտությունների թեկնածու Եվգենյա Քալանթարյանը, գիտ. քարտուղար Նանե Բագրատունին, Սահակ Տրոյանը, լուսանկարիչ Արմեն Ենգոյանը: Գ. Գասպարյանի արվեստի զգացմունքայնությունն է ընդգծում Եվգ. Քալանթարյանը՝ նկատելով, որ այս ցուցադրությունում ներկաներից շատերը կգտնեն իրենց հարազատը, իրենց ապրած կյանքի պատառները: Սահակ Տրոյանը թվում է տաղանդավոր երիտասարդ Մուշ Գասպարյանի շնորհները, և թե որքան էր հոգածու հայրը՝ դրանք զարգացնելու գործում:
Եվ սակայն ի՞նչն է շատ ցուցադրված գործերում: Լու՛յսը: Խոսքը սև-սպիտակի համադրության մասին չէ, այլ այն ընդհանուր տրամադրության, որ շնորհում է լուսանկարիչն աշխարհին: Լուսանկարներն արված են ներկայումս հին համարվող մեթոդով՝ ժապավենով, և տպագրությունն էլ արված է հին ժապավեններից: Երիտասարդները ծանոթանում են լուսանկարչական արվեստի՝ արդեն պատմություն դարձած փուլերից մեկին: Ժապավենային գեղարվեստական լուսանկարչությունը պահանջում էր մեծ արվեստ, և այդ արվեստի գործադրումով են ստեղծվել Գագիկ Գասպարյանի կոլորիտային շարքերը՝ դիմանկարներ, բնանկարներ, հուշարձաններ, քաղաքային տեսարաններ: Գ. Գասպարյանը, այսպիսով, նաև մի ամբողջ ժամանակաշրջանի վավերագիրն է, ինչը կրկնակի արժեքավոր է դարձնում նրա արվեստը:
 «Հիշողություն» է խորագրված լուսանկարը, որում ծերուհին՝ մի բուռ դարձած հայ կինը՝ թոռանը քովը կանգնեցրած, իր պատմությունն է անում. այնպիսի արտահայտություն ունի՝ ձեռքը շրթունքին տարած, ասես մի կարևոր մանրամասն է ուզում հիշել… Տատի ու թոռնուհու կենդանի զրույցից դենը՝ մի քանի քայլից, ծերունին է արևկող արել. տան պատին հենված՝ նստել է տան շեմին մոտ («Գարնան սպասումով»): Իր գյուղական էսքիզների շարքը լրացնում են ծնողների լուսանկարը, «Թոնրատան» պատկերից մեզ հասնող թարմ հացաբույրը, բնանկարները… Մի քանի լուսանկարներում ծառեր են պատկերված, ամեն մեկը՝ արվեստագետի խոհ հավերժի, մնայունի և անցավորի մասին… Ծառերն, ասես, երկնքից իջնեն և արմատներ ձգած լինեն Վերում… Արտացոլման հնարքը գործածելով՝ տպավորություն է ստեղծում առեղծվածայինի: 

Հ. Գ. Գագիկ Գասպարյանի գեղարվեստական լուսանկարների ցուցահանդեսը կգործի մինչև 2017թ. դեկտեմբերի 14-ը:
Մուտքն ազատ է:
Հասմիկ Սարգսյան
Դեկտեմբեր 6, 2017
http://www.magaghat.am/2017/12/

Գագիկ Գասպարյան. «Բոլորից շատ որպես մարդ ու դերասան ինձ տպավորել է Մհեր Մկրտչյանը»

Frunzik @ Gagik Gasparyan  Գագիկ Գասպարյանը վաղուց է լուսանկարչությունում: Իր երկարատեւ գործունեության ընթացքում հասցրել է մեծանուն մարդկանց լուսանկարել:
Հենց այդ մասին էլ պատմել է BRAVO.am-ի հետ զրույցում, հիշել Մհեր Մկրտչյանի հետ անմոռանալի հանդիպման, Ազատ Գասպարյանի փոխարեն ֆիլմում նկարահանվելու, աշխատելու ընթացքում լուսանի ճիրաններից ու մեքենայի տակ ընկնելուց փրկվելու մասին:


- Պարոն Գասպարյան, ինչպե՞ս է լուսանկարչությունը հայտնվել Ձեր կյանքում:
 - Լուսանկարել սկսել եմ մոտավորապես 13-14 տարեկանից: Ամեն ինչի սկիզբը դրվեց, երբ «Սմենա-8» նվեր ստացա: Հետո նկար տպելու ինքնաշեն սարք ստացա, մինչեւ որ հետագայում աստիճանաբար անհրաժեշտ գործիքներ ձեռք բերեցի: Մեր հարեւանն էր հայտնի լուսանկարիչ Նեմրութ Բաղդասարյանը, որից միշտ խորհուրդներ էի հարցնում ու դիմում ցանկացած անհասկանալի հարցի դեպքում: Նա ամեն անգամ պատրաստակամորեն օգնում էր: Բաղդասարյանի տղաները՝ Հերբերտն ու Մելիքն էլ էին զբաղվում լուսանկարչությամբ:
- Կա՞ն հստակ խորհուրդներ, որ հիշում եք:
- Բաղդասարյանի բոլոր խորհուրդներն էլ տեղին ու կարեւոր են եղել, հետագայում ամենն էլ օգտագործել եմ: Ինձ անհրաժեշտ էր առաջին քայլերը յուրացնել ու երեւակման ընթացքը սովորել, նա այդ նպատակով ինձ որոշակի աքսեսուարներ է տրամադրել: Դիապրոեկտորով, որով պատին ֆիլմեր էի նայում՝ կապելով մի տեղից, շատ փոքր չափով էի կարողանում նկարներ տպել, մինչեւ որ ժամանակի ընթացքում կատարելագործվեցի ու մեծ գործիքներ ձեռք բերեցի:
Հասմիկ Բաբայանը եւ Գագիկ Գասպարյանը- Հետագայում ի՞նչ կարեւոր դեպքեր ու իրադարձություններ լուսանկարեցիք, որ առանձնահատուկ են տպավորվել:
- 8-րդ դասարանում դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի տեխնիկում, այնտեղ հասարակական կարգով միջոցառումներ էի լուսանկարում։ Այնուհետեւ նույն աշխատանքը շարունակեցի ինստիտուտում. սովորելուն զուգահեռ, ֆակուլտետի միջոցառումներն էի նկարում: Մասնագիտությամբ քիմիկոս եմ, բայց հետագայում այդպես էլ այդ ոլորտում չաշխատեցի։ Ավարտելուց 1 տարի անց՝ 1982 թվականին, որպես լուսանկարիչ ընդունվեցի հեռուստատեսության եւ ֆիլմերի «Երեւան» կինոստուդիա: Ծնողներս տարիքով մեծ էին, քույրերս արդեն ամուսնացած էին ու նրանց միակ խնամակալն էի, դրա համար էլ ինձ ազատ դիպլոմ տվեցին։ Տեխնիկումում ֆոտոլաբորանտ ու լուսանկարիչ էի, մինչեւ որ սկսեցի աշխատել կինոստուդիայում։
- «Երեւան» կինոստուդիայում ինչպիսի՞ն էր Ձեր աշխատանքն ու հետաքրքիր ի՞նչ մարդկանց հետ ծանոթացաք։
- 2 լուսանկարիչներով էինք՝ ես ու Լեոնիդ Մայիլյանը, որոշ ժամանակ անց մեզ միացավ նաեւ Ռուբեն Մանգասարյանը: «Երեւան եւ երեւանցիներ» հեռուստահաղորդման համար էինք կադրեր անում, որն այն ժամանակ նկարներով էր եթեր հեռարձակվում: Ինչպես նաեւ «Եթերում է Երեւանը» թերթի համար նկարում էի դրվագներ հեռուստաներկայացումներից. այդ կադրերից մի քանիսը բերել եմ հետս (ցույց է տալիս,-հեղ.):
Կինոստուդիայում աշխատելու տարիներին շատերի հետ եմ ծանոթացել. դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանի հետ մինչեւ հիմա էլ շարունակում ենք հանդիպել ու շփվել: Այս լուսանկարում Արմեն Սանթրոսյանի հետ հենց նա է. շատ կադրեր ունեմ, բայց բոլորը հնարավոր չէր լինի բերել։

- Նաեւ Ազատ Գասպարյանի հետ եք աշխատել ու բազմաթիվ նկարներ ունեք։
- Գասպարյանի հետ 1988 թվականին առիթ ունեցա աշխատելու «Սեւերի քայլը» («Աստված, ինչի՞ համար») ֆիլմի ժամանակ: Մոտ 4-5 ամիս ամեն օր ենք իրար հետ շփվել, իսկ ահա Մհեր Մկրտչյանին ընդամենը մի անգամ եմ հանդիպել՝ այն էլ 25-30 րոպեով:  
- Բայց այդ կարճ ժամանակում հասցրել եք շատ լավ լուսանկարներ անել՝ տանը, հեռախոսով զրուցելիս, կնոջ հետ:
- ԱՄՆ-ում տպագրվող «Համայնապատկեր» ամսագրի խմբագիր Սարո Գյոդակյանը նրա մասին հոդված էր գրել։ Այդ հոդվածն էին միասին քննարկում, իսկ ես այդ ընթացքում հասցրի մի քանի լուսանկար անել։ Բավականաչափ տպավորիչ մարդ էր, հեշտ էր հետն աշխատել, շատ անկաշկանդ էր, չէր էլ նկատում ինձ ու ուշադիր հոդվածն էր կարդում։
- Կարո՞ղ եք հիշել՝ ինչպիսի տրամադրություն ուներ այդ օրն ու ինչից էր խոսում:
- Միայն հոդվածի մասին են խոսել, որի մեծ մասը Մկրտչյանը վերախմբագրեց, շատ փոփոխություններ ու շտկումներ արեց, պատմում էր հեծանվի մասին, որը երազում էր ունենալ... Վերջում էլ նրա եղբայրն ու որդին եկան։ Այդ ժամանակ Մհեր Մկրտչյանը Թամար Հովհաննիսյանի հետ ապրում էր Նալբանդյան փողոցում գտնվող բնակարանում, Թամարը եւս տանն էր, ու միասին էլ նկարեցի։

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/ եւ Գագիկ Գասպարյանի անձնական արխիվի
Լրիվ հադվածը կարդալ այստեղ