Շնորհավոր 90 ամյակդ, մեր Ֆրունզ

Ֆրունզիկ ՄկրտչյանԻնչպիսի՞ն կլինեիր 90 տարեկանում։ Երևակայությամբ փորձեմ պատկերացնել քեզ ծեր, ալեհեր, կնճիռներդ ավելի խոր ակոսված, պատկառանքդ՝ հազարապատկված, աչքերդ, աչքերդ․․․չեմ պատկերացնում, որ 90-ում աչքերդ փոխված լինեին, չեմ պատկերացնում, որ դիմախաղդ, ձայնդ ծանրացած լինեին։ Դու բոլորիս համար Սիրանուշի Ռուբենն ես, մեր սարերի հովիվ Իշխանն ես, մեր սրտի եռանկյունում բույն դրած դարբինն ես, Թորիկի Գրիգոր աղան ես, մեր միամիտ, սրտաբաց Գարսևանն ես, մեր․․․Հայրիկն ես։
Ժողովրդին չես խաբի, ժողովուրդը սիրուն-սիրուն բառեր կլսի, բայց սրտով կգնահատի։ Ժողովուրդը քեզ իր սրտով է գնահատել, դրա համար էլ նրան, ում սրտով է սիրում,  ազգանուն չի տալիս, մի հատիկ անունով է կոչում՝ մեր Շառլը, մեր Խորիկը, մեր Սոսը, մեր Ֆրունզը։
Դու ստացել ես բոլոր կոչումներից ու տիտղոսներից ամենաբարձրը՝ ժողովրդի անդավաճան սերը։ Դու մեդալ, պարգև, դափնի չստացար, բայց գերագույնին, առավելագույնին արժանացար՝ բոլոր ժամանակների չգերազանցված արտիստ։
Կարդայիր, որ իմաստնանայի՞ր, սովորեիր, որ դերասա՞ն դառնայիր, վարպետության դասերի մասնակցեիր, որ վարպետանայի՞ր․ այս բաները գուցեև բոլորի համար են, բայց ոչ երբեք՝ քեզ համար։ Բազմերանգ, բազմաշերտ,  ոչ սովորեցնովի լինելով՝ դու կոտրեցիր դերասանական հմտություններ ձեռք բերելու բոլոր կանոններն ու կարծրատիպերը, որովհետև քո ամեն մի կերպար այն է, ինչ դու ես։ Ո՞վ պիտի քեզ սովորեցներ, որ գյուղի գրասենյակում թուղթը ստորագրելուց հետո մատդ օդում պտտեցնես ու գոչես՝ հեյ, հե՜յ։ Ո՞վ պիտի քո զգացողությունն ունենար ու ասեր, թե Սիրանուշի հետ ոնց խոսես, ո՞նց ասես՝ վառե, վառե՜, ըձի վառեց, էրեխեքին վառեց, թող քաղաքն էլ վառե։ Ո՞վ կարող էր այնքան խորն զգալ 4-րդ որդուն էլ պատերազմում կորցրած Հայաստան մայրիկի ցավը, որ «սև թուղթը» ծամեր ու կուլ տար։ Ո՞վ էր ի զորու իր ուսերին վերցնել էկրանից դուրս ընտանեկան կյանքում դժբախտ, իսկ էկրանին ընտանիքի բոլոր անդամներին շուրջը համախմբող, բոլորի խնդիրներն իր վրա վերցնող ընտանիքի նահապետ-հայրիկի պարտավորությունները։
Ասում են՝ դերասանն է կերտում կերպարը․ դու երիցս հաստատեցիր այդ ճշմարտությունը, բայց եղավ նաև հակառակը՝  քո կերպարները կերտեցին քեզ,  և միասին դարձաք մեկ ամբողջություն։ Դրա համար էլ քեզ դժվար է դիմել անուն-ազգանունով։ Դու անգամ էկրանից դուրս քո ստեղծած կերպարների անունը, էությունն ես կրում։ Ու դժվար կլինի քեզ սիրող, քո ֆիլմերը հազարերոդ անգամ նայող ու չկշտացող, չհոգնող ժողովրդին բացատրել, թե դու կյանքում միգուցե ուրիշ ես եղել ու նման չես եղել քո կերպարներին։


Դու միշտ հաղթել ես,  որովհետև չես խաղացել, այլ ապրել ես, զգացել։ Քո հաղթաթուղթը քո անկեղծությունն է, քո չխաղալը։  Դա հնարավոր չէ ոչ մի գրքում գրել, ինչպես հնարավոր չէ արվեստաբանության լեզվով բնութագրել, բացատրել  քո դերերը, քո խաղը։ Դու դուրս ես բոլոր ակադեմիական, գրքային մեկնաբանություններից։  Դու անբացատրելի ես,  և դա է քո արվեստի միակ բացատրությունը։
90-ը միայն թիվ չէ, տարիք չէ, ապրած ու չապրած տարիներ չեն։ 90-ը պատկառանք է, համազգային սեր, որ քո հավերժական վաստակն է։ 90-ը նաև ափսոսանք է, այո՛, դու կարող էիր հասնել այդ 90-ին։ Իրական կյանքում չհասար, բայց մենք ամեն տարի հաշվում ենք քո տարիքը, քո չապրած տարիները և այսօր ազգովի ասում՝ շնորհավոր 90 ամյակդ, մեր Ֆրունզ։

Печать