Վիրաբույժ, պրոֆեսոր, ակադեմիկոս, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի տնօրեն, ԱԺ պատգամավոր ու պարզապես՝ հրաշալի բժիշկ Համլետ Թամազյան։ Բժշկի ու հիվանդի, տվյալ դեպքում ՝ սիրելի դերասան Մհեր Մկրտչյանի ճանապարհները մի օր խաչվեցին՝ վերածվելով ամուր ընկերության։ Երկուսն էլ այսօր, ցավոք, չկան, բայց կան նրանց բարեկամության, ընկերության մասին հուշերը, որոնք մեզ սիրով փոխանցել է Համլետ Թամազյանի դուստրը՝ ակնաբույժ, Ավագյան-Մալայան կենտրոնների աչքի էքսիմեր-լազերային բաժնի վարիչ Լուսինե Համլետի Բեկիրսկա-Թամազյանը։ Առաջին հանդիպումը մի տեսակ առեղծվածային էր, քանի որ Ֆրունզը ոչինչ չէր հիշում․ հիվանդանոց էր տեղափոխվել անգիտակից վիճակում, ծանր արյունահոսությամբ․ Մհեր Մկրտչյանի ու վիրաբույժ Համլետ Թամազյանի ճակատագրական հանդիպումն այսպես է ներկայացնում բժշկի դուստրը՝ հայտնի ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը․
Ծածկոցը բացվում է, ու պարզվում , որ Ֆրունզիկն է։ Տպավորություն էր, որ ծածկոցի տակից ծնվում է։ Ըստ Ֆրունզի իմպրովիզացիայի՝ նորածին էր, կաթի շշով, իրականում՝ օղու, և նորածնի մյուս պարագաներով, պատմում է Թամազյանի դուստրը։ «Ուրեմն՝ օղու շշի վրա հագցրել էր սոսկան, ու նորածին երեխայի նման՝ շշից ուտելով , բացեց ծածկոցն ու բացականչեց․ «Բարև ձեզ, ես նոր ծնվեցի, Ֆրունզիկն եմ, Մհերը, որը շատ անպիտան երեխա լինելով մեկ ամիս առաջ խոց բացեց իր ստամոքսում, արնահոսեց, քիչ էր մնում մահանար ու Գաբրիել հրեշտակը կանչեց իր մոտ։ Բայց այդ ժամանակ հանդիպեցի մորուքով մի մարդու՝ լոռեցի գրող Թումանյանն էր։ Գաբրիելը նրան բողոքեց, թե՝ թքել եմ Միքայելյան ինստիտուտի վրա, այնտեղ մի լոռեցի բժիշկ կա, բոլոր կլիենտներին տանում է ինձանից, փրկում է հիվանդների կյանքը։ Թումանյանն էլ, թե՝ վա՜յ, մեր լոռեցի՞ն, Սերոժի տղե՞ն»։