Նրանց երկրային կյանքի վերջին օրերը:
Ֆրունզիկ Մկրտչյանի կյանքի նախավերջին օրը դեկտեմբերի 28-ն էր: Այդ օրը երեկոյան ուշ ժամի Երեւանի Պռոշյան փողոցում Ֆրունզիկին հանդիպում է իր համաքաղաքացի եւ իր ընկեր, սրտաբան, ակադեմիկոս Կարլեն Ադամյանը:
…Ֆրունզը նոր էր վերադարձել Փարիզից, ուր բժիշկներին ստուգման էր տարել Վահագն տղային: Ահավոր ընկճված էր վերադարձել, որովհետեւ բժիշկները ոչ մի հուսադրող բան չէին ասել:
-Ո՞նց ես, Ֆրունզ ջան, այս ուշ ժամին ինչո՞ւ ես դրսում:
-Լավ չեմ, Կարլեն ջան,-ասել է Ֆրունզը,-կուզեմ Գյումրի երթալ` էնտեղ ինձ լավ են պահում:
-Կուզե՞ս հիմա քեզ տանիմ Գյումրի,-հարցնում է Կարլենը:
Մի պահ դադար... ե՛ւ ուզում է գնալ, ե՛ւ կաշկանդված է տանն իրեն սպասող Վահագնով:
-Կարլեն ջան, երևի էսօր հարմար չի:
Շնորհակալ եղավ Ադամյանին ու գնաց տուն:
Այդ հանդիպման մասին ինձ պատմել է Ադամյանը, պատմել է հուզմունքով, ցավով, իրեն մեղադրելով, որ այդ օրն իր ընկերոջը չի տարել Գյումրի: Ադամյանի այդ ցավն ու հուզմունքը ոչ միայն այդ պահի Ֆրունզիկի անհույս, տրտում վիճակից է եղել, այլև ու ավելի շատ նրանից, որ ինքն իրեն մեղադրում է, թե ինչու չի պնդել` Վահագնին էլ վերցնել և երկուսին էլ Գյումրի տանել:
…Այդպես էլ առեղծված մնաց, թե «հետո»-ն ինչպե՞ս եղավ:
Սի՞րտ կդիմանար այդ ամենին: Այդ ինչ, թեպետ կատակով, բայց դաժան գուշակություն էր արել Ֆրունզի մտերիմ ընկեր Ազատ Շերենցը. «Իմ գնալու մասին քիչ խոսի, ինձնից հետո դու շատ արագ կգաս իմ հետևից»:
Քո նախավերջին օրը, Արտիստ, տարիներ անց, նույն դեկտեմբերի 28-ին, ե՛ս իմ օջախում ունեցա մեծ, շատ մեծ կորուստ: Մեծ վշտերը մունջ են լինում,- այս ձեւակերպումի հեղինակի անունը չեմ հիշում, բաց նրա ասած այդ մունջ կեցվածքով 1993-ից Ամանորին նախորդող այս օրերին մտվի քեզ հետ էի, Արտիստ, քեզ հետ էի՝ ո՛չ նախատոնական տրամադրությամբ, հետո էլ այս վերջին տարիներին տղաս միացավ քեզ, ու այս գրելուս պահին էլ Մեծ վշտերը մունջ են լինում խոսքերն են կարգավորում ձեռքերիս դողոցը, ու մի կերպ ստացվում է գրել:
...«Տաղանդավոր գրողները զարդարում են գրականությունը, տաղանդավոր մարդիկ զարդարում են կյանքը»: Վահան Տերյանի այս հանճարեղ մտքի շարունակությունը տանեմ ԹԱՏՐՈՆ` …տաղանդավոր դերասանները բեմերում ներկայացնում են յուրաքանչյուրիս ԿՅԱՆՔԻ, յուրաքանչյուրիս ԱՊՐՈՒՄԻ այն հատվածները, որոնք մենք` սովորական հանդիսատեսներս, կամ չե՛նք կարող ցուցադրել, կամ ամաչում ենք պատմել մեկ մեկու¦: Շնորհակալություն մեր իսկ կյանքի մասին մեզ պատմող դերասաններին: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր թատրոնն իրենց կյանքի մասն են համարում:
Հիմա չթվարկեմ, թե ինչ պայծառ ու փայլուն դերասանական աստղաբույլի ներկայությունն էր ժամանակին ինձ տանում Սունդուկյանի անվան թատրոն: Շատերս կարոտ մնացինք այդ աստղաբույլին: Եվ ԹԱՏՐՈՆ կոչված այդ հրաշք միջավայրը, Ֆրունզիկի բնութագրմամբ՝ քուրմերի այդ պալատը, հետայդու ինձ համար շարունակեց մնալ Ֆրունզիկ Մկրտչյանի կերպարով, մնաց իմ տեսած ներկայացումներով Մայր թատրոնում («Պաղտասար ախպար», «Ղազարը գնում է պատերազմ», «Սիրանո»…, «Եզովպոս»...), ապա իր հիմնադրած Մհեր Մկրտչյան Արտիստական թատրոնում՝ «Հացթուխի կինը» ներկայացումով, որը, փաստորեն, իր կարապի երգն եղավ:
...Իմ Արտիստ, քեզ հետ կապված ես այնքա՜ն բան ունեմ հիշելու: Հիշելու հպարտությամբ, որ հաճախ առիթներ եմ ունեցել հանդիպելու, զրուցելու քեզ հետ որպես մի պնդերես¦ լրագրող: Սա քո ձևակերպումն է. Ախուրյանում ասացիր, երբ նկարահանումից հետո իմ հարցազրույցով հարամ արեցի քո մի բաժակ սուրճը: Հանդիմանությանդ հակադարձեցի Համո Սահյանի խոսքերով. Շիրազի գրավոր խոսքը կա, մնում է նրա հյութեղ բանավոր խոսքը փրկել: Սա նույնությամբ վերագրում եմ իմ այս պահվածքին: Դե, հիմա մտածենք՝ արժե՞ զրուցել, թե՞ չէ:
Զորեղ փաստարկ էր, ու դու ընդառաջեցիր ինձ, և քեզ հետ ունեցած այդ քիչ, այդ հազվադեպ զրույցները դարձել են իմ խոսակցության թեման, երբ պատեհ առիթներ են լինում՝ իմ միջավայրում խոսելու քո մասին:
...1993-ի դեկտեմբեր 29-ից սկսած վաստակի ծիրանին ուսած` դու մեզ ողջունում ես Երկնային թագավորության հեռուներից, ուր հայտնվեցիր ճակատագրիդ հարվածներին չդիմանալով` մի քիչ խռով, մի քիչ զարմացած, որ ընամենը 63 տարի վայելեցիր այս արեւի լույսը: Այդ հարվածները ճակատագրով քեզ բաժին հասածի ա՛յն մասն էին, որ դու երբևէ չբարձրաձայնեցիր` կրեցիր որպես քո բաժին խաչ, կրեցիր խաչուսյալի հավատարմությամբ ու լռությամբ: Դրանք դու քո մեջ պահեցիր ու մնացած ամեն-ամեն ինչը բաշխեցիր մեզ` Վայելեք:
Եվ մենք շարունակում ենք վայելել քո ներկայությունը, և երկրային կյանքին քո հրաժեշտից հետո էլ ամենօրյա է մեր կապվածությունը քեզ հետ: Քո ծիծաղի մեջ մեր ուրախությունն է, քո տխուր աչքերի մեջ` մեր թախիծը, մենք քեզանով թեթեւացնում ենք մեր ապրումները, քո մարմնավորած կերպարների մեջ տեսնում մեզ ու ինքներս մեզ ավելի լավ ճանաչում: Աշխարհը քեզ ճանաչեց ու սիրեց ու քեզանով մեզ ճանաչեց ու երանի է տալիս մեզ, որ այդպիսի արտիստ ունենք:
Բոլորս կարծում էինք, թե դու աշխարհիս ամենաերջանիկ մարդն ես` կոլեկտիվ թե անհատական ամեն հանդիպում քեզ հետ վերածվում էր տոնի: Այդ հանդիպումներում ցանկացած դահլիճի պատերը նեղ էին թվում մարդկանց, ովքեր իրենց սիրելի արտիստի լեցուն ու տարածուն ներկայության բերկրանքն էին ապրում: Այդպես էր` հարյուրավոր կինոնկարների ուրախ ու տխուր դերասանդ համայն ճանաչումի տեր էիր ու միշտ պահանջված Արտիստ, պահանջված զրուցակից, պահանջված ընկեր:
Հիմա այստեղ մեզ ի՞նչ տրամադրություն, Արտիստ: Իմ Խաժակ տղան հեռուստաեսությունում ռեժիսոր էր, արվեստի մարդ: Դու իր կումիրն էիր, իր սիրելին: Գուցե այդտեղ գտե՞լ է քեզ: Հնարավոր է, որ գտել է՝ դուք ձեր Երկնային կյանքի գաղտնիքներն ավելի լավ գիտեք:
Հովհաննես Պապիկյան
ՖԲ էջից 28․12․2023