Տղամարդիկ. ընկերական ջերմ սիրո պատմությունն ու ինքնաթիռում գրված նոտաները
Life.panorama.am-ն ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում «Մեր կինոն» խորագրով շարքը, որի շրջանակներում անդրադառնում է հայկական ֆիլմերի ստեղծման պատմությանը, դրանց առանձնահատկություններին: Երբեմն, հերոսներն իրենց շուրթերով կպատմեն մինչ այժմ անհայտ դրվագներ: Կներկայացնենք նաև բացառիկ, առ այսօր չհրապարակված լուսանկարներ: Խորագիրը կշարունակենք՝ անդրադառնալով «Տղամարդիկ» ֆիլմին:
Ասում են՝ երբ 1972-ին էկրան բարձրացավ «Հայֆիլմի» «Տղամարդիկ» կատակերգությունը, Երևանի բնակիչները սկսեցին համատարած կերպարանափոխվել: Տղամարդիկ հագնվում էին ճիշտ այնպես, ինչպես ֆիլմի հերոսները, կրկնում էին վերջիններիս խոսքերն ու ժեստերը, իսկ կանայք ձգտում էին նմանվել գլխավոր հերոսուհուն՝ Կարինեին, կրկնօրինակում էին ամեն ինչ՝ սանրվածքը, հագուստները, կոշիկը, անգամ՝ հերոսուհու քայլվածքը: Խոսակցություններ կան այն մասին, որ գծավոր կտորները խանութներում սպառվում էին վայրկենապես և անհավանական քանակով. չէ՞ որ գեղեցկուհի Կարինեն հենց այդ կտորից կիսաշրջազգեստ էր հագնում:
Ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանը փորձել է ստանալ ընկերական ջերմ սիրո զգացումի վրա հիմնված ֆիլմ, ինչը հեշտ չի եղել: Լևոնի դերակատարը՝ Ռաֆայել Քոթանջյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ ընդունող հանձնաժողովը, ծանոթանալով դրա նախնական տարբերակին, մի շարք դիտողություններ է արել, որից հետո ռեժիսորին հարցրել են, թե երբ պատրաստ կլինի նոր տարբերակը: Քեոսայանի պատասխանը եղել է կարճ ու հաստատուն. «Վաղը»:
Եվ իսկապես, հաջորդ օրը նա հանձնաժողովին ներկայացրել է միանգամայն այլ ֆիլմ՝ բոլոր շտկումներով հանդերձ: Մեկ օրում Քեոսայանն արել էր այնպիսի աշխատանք, որի համար կպահանջվեր 3-4 ամիս: Ռաֆայել Քոթանջյանն ասում է, որ դրանից հետո ռեժիսորին նկատողություններ անելիս հանձնաժողովի անդամներն առավել անհամարձակ էին, թեև նրանք մի նկատառում էլ ունեին. ասում էին, որ այն տեսարանը, որտեղ սիրահարված տղան հերոսուհու հետ իրենց գյուղում է, հարկավոր չէ ներառել ֆիլմում, փոխարենը, լավ կլիներ նմանօրինակ տեսարան ստանալ քաղաքում:
«Քեոսայանն ասաց՝ այ այդ մեկը ես չեմ անի, գլխավոր հերոսը գյուղացի է, ուրեմն կարևոր այդ տեսարանը պետք է նկարահանվի հենց գյուղում: Եվ իրոք, այդ տեսարանը մնաց անփոփոխ»,-պատմեց Ռաֆայել Քոթանջյանը:
Ով դիտել է ֆիլմը, կհիշի այն դրվագը, որտեղ տղամարդիկ փորձում են նետվել պատշգամբից: Ասում են՝ Մհեր Մկրտչյանը վախեցել է այդ բարձրությունից, և այն դրվագը, որտեղ նա հրաժարվում է ցատկել, բեմականացված չէ: Պարզվում է՝ եղել է ևս մեկը, ով շատ է վախեցել նկարահանումների ժամանակ: Դերասան, երգիչ Արամոն ընդամենը չորս տարեկան էր, երբ հայրը՝ Ավետիք Գևորգյանը՝ Արամի դերակատարը, կերտում էր գլխավոր հերոսի կերպարը:
«Հիշում եմ, որ երբ հայրս ուզում էր ցատկել պատշգամբից, ես լալիս էի: Էդմոնդ Քեոսայանը շատ խիստ էր նկարահանման հրապարակում, և երբ տեսավ, որ ես լալիս եմ, մայրիկիս խնդրեց հեռացնել ինձ այդտեղից. դրանից հետո միայն հնարավոր եղավ նկարահանել տեսարանը»,-մեզ հետ զրույցում պատմեց Արամոն:
Նա հիշեց «Տղամարդիկ» ֆիլմի հետ կապված մեկ այլ պատմություն, որը լսել է հորաքրոջից՝ Ղազարյանի կնոջ դերակատարուհուց՝ Լաուրա Գևորգյանից:
«Հորաքույրս ասում էր, որ Էդմոնդ Քեոսայանը շատ է ցանկացել՝ ֆիլմի ավարտին ձյան տեսարան ներառել: Բայց այդ ժամանակ հոկտեմբեր ամիսն էր, ձյուն չկար, իսկ մինչև ձմեռ սպասել չէին կարող: Արի ու տես, որ ռեժիսորի ցանկությունն իրականություն է դարձել. դժվար է եղել հավատալ, բայց հենց հոկտեմբերին ձյուն է տեղացել, ու Քեոսայանն այդ տեսարանը նկարահանել է երկու ժամում»,-պատմեց Արամոն:
Այդ հրաշքի առիթով Մհեր Մկրտչյանն ասել է. «Էդմոնդը որ խոսում է, նրա ձայնը գնում է սարի ծերն, ու պատասխանը հետ է գալիս»:
Արամոն հիշեց հորաքրոջ պատմածներից մեկ այլ ուշագրավ հանգամանք ևս. այն տեսարանը, որտեղ Ղազարյանի դերակատարը՝ Արմեն Ջիգարխանյանը, կնոջ հետ երգում էր «Քամին զանա»-ն, Լաուրա Գևորգյանը բարձր ջերմություն ուներ և հազիվ է նկարահանվել այդ դրվագում:
Դժվար է եղել նկարահանել մեկ այլ տեսարան ևս: Մի էպիզոդ կա, որտեղ Մհեր Մկրտչյանը և Վալենտին Պոդպոմոգովը զրուցում են, տաքսու վարորդը պատմում է իր սիրահարված ընկերոջ՝ Արամի հուզիչ պատմությունը: Այդտեղ, ըստ սցենարի, տղամարդիկ պետք է լաց լինեին: Մհեր Մկրտչյանի համար դա հեշտ լուծերի հարց էր. ընդամենը մեկ դուբլից հետո նա լաց է եղել, իսկ ահա Պոդպոմոգովը, ով մասնագիտությամբ նկարիչ էր, դժվարացել է ազատություն տալ արցունքներին, և դրա համար ստիպված են եղել դիմել գլիցերինի օգնությանը:
Ուշագրավ է նաև ֆիլմի երաժշտությունը գրելու պատմությունը: Պարզվում է՝ դրա որոշ հատվածներ ստեղծվել են ինքնաթիռում՝ Մոսկվա մեկնելու ճանապարհին. «Եթե մուսան գալիս է, նույնիսկ ինքնաթիռի մեջ կգա: Որոշ հատվածներ գրել եմ հենց ինքնաթիռում, առանց դաշնամուրի»,-մեզ հետ զրույցում նկատեց ֆիլմի կոմպոզիտորը՝ Ռոբերտ Ամիրխանյանը: Նրա խոսքով՝ ինքը փորձել է գտնել այն բանալին, ինչի միջոցով ֆիլմի հիմքում ընկած գաղափարը, որն ավելին է, քան ընկերոջ հանդեպ սերը, հասու լինի պարզ մարդուն:
Այդ բանալին գտել է նաև ռեժիսորը, որով նա բացել է նախ դերասանների, ապա, նրանց միջոցով նաև՝ ֆիլմը դիտողների սրտերը, և պատահական չէ, որ երևանցիները ֆիլմի պրեմիերայից հետո գնում էին Մոսկովյան փողոցի այն նույն տաքսու կանգառ, որտեղ նկարահանվել էին որոշ տեսարաններ և հույս ունեին հանդիպելու իրենց սիրելի հերոսներին:
Ամեն հնար գործադրելով` երեք վարորդներ փորձում են իրենց երկչոտ ընկերոջը ծանոթացնել նրան դուր եկած աղջկա հետ:
Հեղինակ Աննա Բաբաջանյան
Հունիսի 21. 2014 թ.
https://life.panorama.am/hy/news/2014/06/28/tghamardik-film/182567