Հայտնի մարդկանց կյանքի անհայտ էջերից.
ԱՊՐԱԾ և ՉԱՊՐԱԾ ՏԱՐԻՆԵՐ ՈՐՈՆՔ ԱՆՄԵԿՆԵԼԻ ԵՆ
Պոետ, նկարիչ, ողբերգակ, կատակերգակ, լաց ու ծիծաղ, առեղծվածային գաղափարներով շաղախված մարդկային ոգու որակների արտասովոր ամբողջություն Մհեր Մկրտչյան անհատի մեջ:
Ինքն էր և իրականությունը, որով ապրում էր, տրտմում, ստեղծագործում և անվերջ մտորում...
Նա իր փառքի բարձունքում երբեք չմեծամտացավ, հոգու խորքում և արտաքուստ այն նույն Ֆրունզն էր, տեքստիլի Ֆրունզը' շատ ընկերասեր և մարդկային հետաքրքիր ձիրքերով օժտված:
ՄՏՈՐՈՒՄ է ՖՐՈՒՆԶԻԿԸ
«Ես չհասցրի մանկության ունենալ և չհասցրի խաղալիք, երեխա, մանկապւսրտեզ...
Ամեն անգամ, երբ հիշում եմ իմ մանկությունը, չգիտեմ ինչու, այն ինձ ներկայանամ է հեծանիվ քշող փոքրիկ տղայի տեսքով: Գուցե մանկության տարիների միակ երազանքս հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցա, և չորսուկես տարի իմ մանկության երազանքը մնաց փակ դռան հետևում: Խանութի դռան վրա մեծ կողպեք էր ու ինչ-որ մեկի ձեռքով անվարժ գրված թուղթը` «Փակ է պատերազմի պատճառով»:
Եվ փշրվեց Ֆրունզիկի մանկության այնքան պարզ ու հասկանալի բաղձանքը, նրա տխրամած աչքերում կարծես կանխորոշվեց դժբախտ ճակատագիրը... Այդպես էլ ողջ կյանքում նրա հոգում խլրտում էր մանկան զուլալ միամտությունն ու հետաքրքրասիրությունը:
Եվ այսքանից հետո ինչո՞ւ զարմանալ, երբ լոսանջելեսյան հյուրախաղերի ժամանակ հրավիրվում է հանդիպման մանկապարտեզի երեխաների հետ և տեսնելով նրանց քնած` չի թողնում, որ արթնացնեն ու խանգարեն երեխաների հանգիստը: «Պառկեցի վտքրիկների կողքին և քնեցի: Դու մի ասի, երազում խոսել եմ նրանց հետ, լուսանկարել էին»: Հաջորդ օրը մարդիկ կարդամ ու լալիս էին:
Մհեր Մկրտչյանը նկարահանման հրապարակում առաջին անգամ հայտնվեց 1955-ին` «Հասցեատիրոջը որոնելիս» արդյունաբերական դրամայում: Փայլուն դերասանների կողքին, ինչպիսիք էին Խորեն Աբրահամյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Հրաչյա Ներսիսյանը և Վարդուհի Վարդերեսյանը, Մհերին բաժին հասավ անանուն դեր, որը նույնիսկ չհիշատակվեց տիտրերում: Իսկական հռչակ դերասանը ստացավ երկու տարի անց` «01-99» կարճամետրաժ ֆիլմում`Գարսևանի դերում (լուսանկարում)
ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏԱՆԵԿՈՒԹՅԱՆ ԱՐԱՀԵՏՈՎ
Ծանր է եղել Ֆրունզիկի մանկությունն ու պատանեկությանը: Մուշից ու Վանից գաղթած ծնողները` Մուշեղն ու Սանամը, մեծանում են Ալեքսանդրապոլի որբանոցներից մեկում, ստեղծում են ընտանիք և մեծացնում չորս զավակ` երկու տղա, երկու աղջիկ: Դերասան դառնալու նրա հակումը սկիզբ է առել իրենց թաղի Տեքստիլւսգործների ակումբից, որը հենց իրենց տան դիմաց էր և մինչև հիմա էլ կա:
«Պատահական ու հետաքրքիր եղավ իմ մուտքը տեքստիլի ինքնագործ թատերական խումբ: Այդ օրը պիտի ներկայացնեին «Նամուսը», իսկ ծառայի փոքրիկ դերասանը հիվանդացել էր: Կինոմեխանիկը, որի աշակերտն էի, ինձ տարավ ներկայացրեց թատերախմբին:
ժամանակ չունեին ընտրություն կատարելու, և ստացվեց, որ ես պետք է փրկեի դրությունը: Լուրջ, դրամատիկ ու լարված գործողության ընթացքում բեմ մտա` փլավով լի ափսեն ձեռքիս: Բոլորը շատ զարմացան, երբ իմ հայտնվելը համընդհանուր ծիծաղ առաջացրեց ղահլիճում: Շատ էի վիրավորվել, թե ինչի վրա էին ծիծաղում, այդպես էլ չհասկացա: Այսպես սկսվեց իմ թատերական կյանքը, այսպես առաջին անգամ ծիծաղեցրի հանդիսատեսին»: Եվ հետո՜ արդեն 1974-ին, ժան էլոյանը, նկատելով նրա մեջ դերասանական ինքնատիպ խաղ, հրավիրում է Լենինականի Գորկա այգում գտնվող Ասքանազ Մռավյանի անվան պետական թատրոն, որը, ի դեպ, Հայաստանում երկրորդ պետական թատրոնն էր: Այստեղ աշխատում է մինչև 1953 թ., այստեղ էլ նրա ներաշխարհը բացահայտելու և ինքնաճանաչման հնարավորություն է ստեղծվում:
ԹԱՏՐՈՆ ԵՎ ԿԻՆՈ
Նա այդ պատվանդանին հասել էր իր ինքնատիպ անհատականության շնորհիվ: Արվեստում կյանքի փորձաշրջանն անցել էր մեծ արվեստագետների` Հրաչյա Ներսիսյանի, Դավիթ Մալյանի, Հենրիկ Մալյանի, Վարդան Աճեմյանի, Փաշայանի, Ավետ Ավետիսյանի, Ցոլակ Ամերիկյանի և այլոց դպրոցում:
Թատրոնը նրա կենսակերպն էր, նրա ներաշխարհը բացահայտելու, մարդկայինը, վեհը վեր հանելու հնարավորություն:
«Թատրոնը մարդու հետ ծնված բան է, նրա ծեսերը, հարսանիքները, հուղարկավորությունը, եկեղեցին, սրանք հանճարեղ բեմադրություններ են»,- այսպես է արտա- հայտվում Ֆրունզը թատրոնի մասին:
Իսկ կինոն Մհերի համար մի ուրիշ աշխարհ էր, նրա տաղանդը բարձր են գնահատել խորհրդային կինոռեժիսորներ Դանելիան, Ռոլան Բիկովը, Դմիտրի Քյոսայանը և այլք, և նկարահանված ֆիլմերն էլ դարձել են մնայուն արժեքներ:
Բոլորը նրան գիտեին, սիրում էին, նրա կերպավորած դերերն էլ մեր ժողովրդի մեջ առանձնահատուկ ձևով են հիշվում: «Ինչ դեր էլ որ խաղամ էի, փորձանք էր ինձ համար. ասենք խաղացել էի «01-99»-ում. Գարսևան, չէ՞, բոլորը հետևիցս բղավում էին' Գարսևան՜, Գարսևա՜ն: Ինչ նոր դեր էլ խաղաս` Գարսևան ես: Հետո` Դմբուզ Արսեն, և այսպես շարունակ...»:
Սոս Սարգսյանն ասում է. «Խաղում էր Մհերը, խաղացնում էր հանդիսատեսին իր հետ, ստիպում, որ ստեղծագործի հավասար, մասնակցի ճշմարտության արարմանը»: Այդպիսին էր Մհերը նաև Ալբերտ Մկրտչյանի «Հին օրերի երգը» ֆիլմում (և ոչ միայն, որը, ի դեպ, նկարահանվել է իրենց փողոցում) կերպավորած փոստատար Նիկոլի դերում:
Այս առիթով զրուցում էի Ֆրունզիկի դասընկերոջ` Ռաֆայել Եղոյանի հետ: «Ֆիլմի նկարահանումների ընդմիջման ժամանակ անգամ Ֆրունզն այնպես էր մտել դերի մեջ, որ դուրս չէր գալիս այդ հոգեվիճակից: Իրականում փոստատար Նիկոլը եղել էր, նա իր կեցվածքով և միմիկայով վերամարմնավորել էր Նիկոլին:
Իսկ սև թուղթը, սև թուղթն ինքնամոռաց կերպով այնպես էր ծամում, որ մեզ` հանդիսատեսիս ապրեցրեց իր վերապրածով: Սա ևս դերասանական տաղանդի յուրատիպ դրսևորում էր, որն առկա էր Ֆրունզի մեջ»,- ասաց նա:
Հայ կինոյում նրա հումորաթախծոտ դերերը շատ կոլորիտային են, գուցե և անկրկնելի: «Մեր մանկության տանգոն», «Կտորմը երկինք», «Տերն ու ծառան», «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», դրանց մեջ Ֆրունզիկ Մկրտչյանն անպայման բացահայտվել է իր բացառիկ իմպրովիզացիաներով և ավելի հետաքրքիր դարձրել ֆիլմերը:
ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԵԳՆԵՑ ՖՐՈՒՆԶԻՆ
Արվեստում կայացավ որպես ժողովրդականություն վայելող մեծ դերասան`բացառիկ անհատականություն: Իսկ կյանքում: Առհասարակ ո՞վ էր Ֆրունզիկը: Ընտանեկան երջանկություն, սեր, փոխըմբռնում, ընտանեկան անդորր, այս ամենը, ինչպես մանկության չիրականացված երազանքը, մնաց անկատար: Նրա ամուսնություններից և ոչ մեկը երջանկություն չբերեցին նրան: Դոնարա Մկրտչյանի հետ ամուսնությունը երազած երջանկության ճիշտ հակառակը ստացվեց: Կնոջ հանկարծակի հոգեկան խանգարումը, որը հետո փոխանցվեց որդուն` Վահագնին, վերջինիս ախտորոշումը Ֆրանսիայում` անբուժելի հիվանդություն, հիմնովին բեկեցին դերասանի կենսախինդ ոգին և դարձրին նրան հոգեպես տկար ու անօգնական...
Երկրորդ ամուսնությունն էլ Թամարա Հովհաննիսյանի հետ երջանկություն չբերեց դերասանին և կարծես ավելի մեծացրեց դժբախտությունների սահմանները` մեծ դերասանին հասցնելով հուսահատ անորոշության:
Եվ ի՞նչ ստացվեց. մղձավանջային մենություն, որը նրան տանում էր մահվան արահետով, համենայն դեպս, մեծ դերասանն այդ էր ուզում` անիմաստ համարելով ապրելը: Իր իսկ պատմելով` նա իր կյանքում ընդամենը մեկ անգամ է երջանիկ եղել, այն էլ հանդերձյալ աշխարհում, երբ վիրահատական սեղանին է եղել (ընդամենը վայրկյաններ): «Ես հիմա գիտեմ` ինչ բան է երջանկությունը: Ինչ համ ունի, ինչ գույն ունի, ինչն է իսկականը, ինչն է անցողիկը, սուտը, պատրանքը, ինչ է երազը, և ինչն է մեծ իրականությունը... Անբացատրելի լուսեղեն մի պահ, որ հավերժություն էր... »: Դերասանի մահից հետո' 1998-ին, ծանր հիվանդությունից մահանում է աղջիկը' Նունեն, 2002-ին' որդին' Վահագնը, իսկ բոլորովին վերջերս' կինը' Դոնարա Մկրտչյանը: Խեղված ճակատագիր. այս էր իրականությունը:
ԹԵ ԻՆՉՊԵՍ ՖՐՈՒՆԶԻԿԸ ԴԱՐՁԱՎ ՄՀԵՐ
Պատմում է էդիկ Պողոսյանը (մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նախկին տնօրեն, Ֆ. Մկրտչյանի մտերիմը)
1953-ին Ֆ. Մկրտչյանը հրավիրվեց Երևան' Գ.Սունղուկյանի անվան պետական թատրոն: Միաժամանակ սովորում էր թատերական ինստիտուտում` Վաղարշ Վաղարշյանի կուրսում: Լենինականի պետական թատրոնում մարմնավորած Եզովպոսի ղերով խաղաց նաև Սունղուկյանի թատրոնի բեմում` իր տաղանդի յուրահատուկ առանձնահատկությամբ (23 տարեկանում):
Եզովպոսի դերը երկար տարիներ խաղացել էր տաղանդավոր դերասան Վաղարշ Վաղարշյանը, իսկ Ֆրունզիկի խաղից հետո նա, իր զարմանքն ու հիացմունքն արտահայտելով, ասում է.
«Ֆրունզիկի խաղալուց հետո ես հրաժարվում եմ այդ դերը խաղալուց...»: Այս իրողությանը չի վրիպում տաղանդաշատ դերասանուհի Օլգա Գուլազյանի ուշադրաթյունից, ու նա, փնտրելով Ֆրունզիկին, հարցնում է. «Ո՞ւր է, ո՞ւր է այն տղան, որն է այն տղան, որ խաղաց Եզովպոս,- ապա մոտենում է Ֆրունզիկին ա ասում,
- Ի՞նչ Ֆրունզ, ի՞նչ Ֆրունզ, դու Մհերն ես, Մհերը»:
Դրա մեջ, անշուշտ, առասպելական հզոր գաղափար կար:
«Նանե» ամսագիր N45 սեպտեմբեր .2011 թ.
ներբեռնել .pdf