Ռազմիկ Մադոյան (1927-2005)
Երբ 1930 ի հունիսի 4 - ին Գյումրիում իր առաջի ճիչն արձակեց Մհեր (Ֆրանզիկ) Մկրտչյանը, հայ ժողովուրդր ե անգամ ինքը՝ գյումրեցին. չիմացավ, որ այդ օրը հայտնվեց դարիս մեծագույն դերասաններից մեկը։ Մինչդեռ, Փափազյանի բառերով ասած՝ Աստված մատը դրել էր նրա ճակատին ու ասել.
- Դու դերասան պիտի դառնաս, քո ուղին բեմն է։ Ու նա, ընտրելով աշխարհի ամենադժվարին մասնագիտությունը. Քրիստոսի հավատարմությամբ, անմռունչ ու անմնացորդ ծառայեց բեմին և տառապանքի քառուղիներով իր խաչը հասցրեց թատրոնի Գողգոթան։
Նա մեծ կատակերգակ էր։ Գրեցի կատակերգակ ու մի պահ կարկամեցի, մի՞թե կատակերգակ։
Մհերն ինքը, այսուհանդերձ, այնքան էլ համամիտ չէր այսպիսի բնութագրմանը և իրեն հավասարաչափ ողբերգակ էր համարում։ Ոմանք, նույնիսկ պրոֆեսիոնալ թատերագետներ, դա կատակով էին ընկալում, բայց իզուր։ Մհեր Մկրտչյանի ստեղծագործական խառնվածքում ողբերգականն ուներ ընդգծված կերպ, բայց այդ ո՛ր կատակերգակ մեծ դերասանն է զուրկ եղել ողբերգականից, ոչ մեկը։
Մկրտչյանի արվեստը ժողովրդական վճիտ ակունքներից էր սնվում։ Նրա պատկերները քաղված էին կյանքից, թրծված կատարյալ արվեստի հնոցում։
Այո, առաջին հատկանիշը, որ պիտի առանձնացնենք Մկրտչյանի արվեստում, ժողովրդականությունն է։ Նա իր արվեստի հյութերը քամում էր կյանքից՝ շնորհիվ բացառիկ դիտողականության։ Նա տեսնում էր այն, ինչ սովորական աչքը «Բաց էր թողնում»:
Իրական կյանքում ողբերգականն ու կատակերգականն ապրում են կողք կողքի, հաճախ միաձույլ։ Մհերի արվեստում էլ դա այդպես էր, միայն թե ընդհանրացած տեսքով, այսինքն արվեստի կատարելությամբ։ Ինչ խոսք, Մկրտչյանը նախևառաջ ծիծաղի վարպետ էր։ ես չգիտեմ հայ ավելի մեծ կատակերգակ, քան նա։
... Մենք բոլորս շփոթված էինք Մհերի անժամանակ (իսկ մի՞թե հանճարի մահը ժամանակ ունենում է) հեռացումով։
1993թ., դեկտեմբերի 31-ին, երբ դերասանին ուղեկցում էինք իր վերջին հանգրվան՝ «Հանճարների պանթեոն», թափորը բազմամարդ էր։ Աակայն դա չնչին մասն էր մեր ժողովրդի այն զանգվածի, որ մեկ այլ պայմաններում ավելի մեծ խմբերով, եթե ոչ աշխարհի, ապա երկրի բոլոր կողմերից կգային վերջին հարգանքը մատուցելու դերասանին։ Մի՞թե դա է կարևորը՝ 10 հազար էր, թե 100 հազար։ Հայ ժողովրդի սիրելին էր նա, և այս ճշմարտությունը Մհերը լավ գիտեր։ Գիտեր, որովհետև իր ժողովրդի սերը վաստակել էր ստեղծագործական խիզախումով և... տառապանքով։
Եվ հիմա, երբ Ահերն այլևս մեզ հետ չէ, երկար ժամանակ պիտի փորձենք գնահատել նրա բացառիկ վաստակը։ Դա կանեն և այսօր, և՜ վաղը և՜ մեկ հարյուրամյակ հետո գալիք սերունդները, որովհետև մեծերը հավերժ են։
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր
Ռազմիկ Մադոյան