Սամվել Բեգլարյան «Վերջին շիշ արաղը»
Հուլիսի՝ 4-ը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Ֆրունզիկ Մկրտչյանի ծննդյան օրն է : Մեծ արտիստը այսօր կդառնար 86 տարեկան:
Այս առիթով Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանը ֆեյսբուքի իր հանրագրում գրառել է.
«Առավոտյան ասացի, որ այլևս ոչինչ չեմ գրելու և խնդրեցի կարդալ «Մի նեղենա» վերհուշս , բայց մտածեցի ու հասկացա, որ մեծերի մասին ամեն ինչ, ամենաաննշան մանրուքն անգամ պետք է դառնա հանրության, ժողովրդի իմացությունը … Ես Ֆրունզին ճանաչելու, նրա հետ շփվելու երջանիկ պահեր եմ ունեցել, ահա ԴՐԱՆՑԻՑ ՄԵԿԸ
…. Մի տեղ նստած տնից բերած հոնի արաղ էինք խմում: Քիչ հեռվում երևաց Շերենցը: Արտիստը (ինքը սիրում էր,երբ իրեն այսպես էին կոչում ) դիմեց ինձ .
– Ազատը հոնի արաղ գը սիրե … Դու Շերենցին սիրե՞ս գը …
– Ինչու չէ, վարպետ, լավ դերասան է …
– Ինքն էդ կարծիքին չէ, բայց թող գա, արաղ խմե, ինքն արաղ շատ կսիրե:
Ասաց ու ձեռքով արեց մոտեցող ընկերոջը: Շերենցը հասկացրեց, որ կգա, բայց թեքվեց մի կողմ և ուշացավ :
Շարունակեցինք արաղ խմել ու զրուցել և, այ քեզ հրաշք, այն, ինչ միշտ ցանկանում էի իմանալ, բայց չէի համարձակվում հարցնել …
– Իմ խաղցած ոչ մի դերն էլ չեմ սիրե … Գիդե՞ս ինչ գուզիմ խաղա …
– Չգիտեմ վարպետ …
– Ինչի չեմ համապատասխանի, հա՞, քիթս մեձ է, հա՞…
Քեֆը տեղն էր արդեն, և ցանկացա մեղմել.
– Ո՞վ է բան ասում, Մուշեղիչ, կխաղաք, քիթն ի՞նչ կապ ունի:
– ԷԷԷԷ, դու ի՞նչ գիտես՝ ես ի՞նչ գուզիմ խաղա, հիմ էլ ասես գը, թե կրնաս խաղա …
Պարզապես լռեցի: Վարպետը հայացքը հեռուն գցեց.
– Լռում ես, բոլորդ էլ լռում եք ու ոչ ոք չի ըսե՝ Ֆռունզ, ինչի՞ Համլետ չես խաղա …
Անշուշտ նկատեց ակնհայտ զարմանքս.
– Համլետը երբ գըսեր՝ « Լինե՞լ, թե՞ չլինել »՝ հարց չէր տալիս , այլ պատասխան գու տար հարցին …
Ես ապշած իրեն էի նայում, իսկ նա .
– Էս պատասխան տալը ոչ ոք չի խաղա, բայց ես պիտի խաղամ …
Շերենցը մոտեցել, թփթփացրել մեջքներիս, նստել ու մի բաժակ էլ « շպրտել էր» արդեն , իսկ արտիստն արդեն իր տարերքի մեջ էր.
– Էն մեկել սիրած դերս էլ, որ գուզիմ խաղամ՝ Դոն Քիշոթն է ..
Ես Դոն Քիշոտ կխաղամ, Շերենցն էլ՝ Սանչո … Չի եղնի՞ Ազատ, կեղնի, չէ՞, կեղնի, բայց դեր տվող չկա …
Հոնի արաղի «գրադուսը» բաաաաարձր, Ֆրունզի ու Ազատի քեֆն էլ համապատասխան … ասում են ու ծիծաղում, ծիծաղում են ու ասում: Շաաաատ բան խոսեցին , շատ բան ասացին, բայց սա երբեք չեմ մոռանում , երբ Վարպետը միանգամից լրջացավ, ձեռքը դրեց Շերենցի ուսին.
– Ազատ, գիտե՞ս, որ «Դոն Քիշոթում » ուրիշ երկու ուժեղ, հզոր ու ղայդին կերպարները էլ կան …. Չիդե՞ս, հմի ըսեմ.. Հա, Քիշոթի ձին ու Սանչոյի ավանակը …
Շերենցի ու իմ աչքերը ճակատներս թռան, իսկ նա.
– Հա, գիդե՞ք ինչքան բեռ կտանին, էս աշխարհի ծաաաանր ու մեեեեծ, շատ ծանր գռուզը կտանին ու կդիմանան …
Ազատն ասաց.
– Սամո ջան, մի շիշ արաղ էլ հանի, աշխարհի ծանր գռուզը տանող ձիերի ու էշերի կենացը խմենք …
Վերջին շիշ արաղը դրեցի սեղանին ….»:
Սամվել Բեգլարյանի ֆեյսբուքի էջից
04/07/2016
http://henaran.am/212931.html