Լեգենդ դարձած արտիստը
ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ
Ծնվել է 1930 թվականի հուլիսի 4–ին Լենինականում։
1956 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։
1953–1988 թթ. 1947–1953 թթ. Լենինականի, Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնների դերասան էր,
1988 թ–ից՝ Վ. Աճեմյանի անվան թատրոն–ստուդիայի ղեկավար,
1992–1993 թթ.` Արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն։
Լավագույն դերերից են՝ Գվիդոն, Ղազար, Եզոպոս, Պաղտասար, Իսայի և այլն։
Նկարահանվել է բազմաթիվ կինոֆիլմերում` «Նվագախմբի տղաները», «Մենք ենք, մեր սարերը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Լուսանկար», «Միմինո», «Ունայնություն ունայնությանց» և այլն։
Արժանացել է ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980) և ԽՍՀՄ (1984) Ժողովրդական արտիստի կոչումներին, ՀԽՍՀ (1975) և ԽՍՀՄ (1978) պետական մրցանակներին։
Մհեր Մկրտչյանի անունով է կոչվում Գյումրիի և Երևանի փողոցներից մեկը։
Վարդան Աճեմյան
... Ընդամենը քսանյոթ տարեկան այդ երիտասարդ դերասանն արդեն լավ հայտնի է երևանյան հանդիսատեսին։ Այսպիս սին է տաղանդի ուժը: Մկրտչյանն իսկապես ծնվել է բեմի համար։ Նա Հայաստանի ամենախոստումնալից երիտասարդ դերասաններից մեկն է:
Շատ բան ենք սպասում Մկրտչյանից։ Նա ունի մեծ դերասաններին հատուկ բոլոր տվյալները։ Նա բեմի վրա ծայրաստիճան օրգանական է։
Մհեր Մկրտչյանի ստեղծած կերպարները շոշափելիորեն կյանքային են, հագեցած են հումորի հիանալի զգացողությամբ։ Երիտասարդ դերասանին հատուկ է նաև դրամատիկական զգացողությունը։ Նա նույնիսկ կարող է հասնել ողբերգական էմոցիաների։
... Եթե այս ամենի հետ միասին Ֆրունզիկ Մկրտչյանը կարողանա պահպանել խստապահանջություն, պահանջկոտություն իր արվեստի նկատմամբ, չգնա էժանագին հաջողության տրորված ճանապարհներով, նա, անկասկած, կդառնա մեր հրաշալի, հռչակված վարպետների գործի արժանի շարունակողը:
Ռոլան Բիկով
... Ֆրունզիկն առաջին հերթին անչափ հետաքրքիր մարդ է։ Նա լուրջ անհատականություն է, որին հատուկ են կատակը, կյանքի նկատմամբ թեթև վերաբերմունքը: Նաև չափազանց տխուր և ուրախ մարդ է: Թե բաց հոգի է, թե հանելուկային։ Ֆրունզիկը տարբեր նկարագրեր ունի։ Անձամբ ես սիրում եմ բոլորը։ ես գուցե օբյեկտիվ չեմ նրա նկատմամբ, չեմ կարող օբյեկտիվ լինել և չեմ ուզում, որովհետև ես անչափ սիրում եմ այդ մարդուն, այդ դերասանին։ Նա հրաշալի է, դերասանական ու մարդկային հրաշք...
Էլդար Ռյազանով
Ֆրունզիկ Մկրտչյանը մեր երկրի ամենահետաքրքիր արտիստներից մեկն է... Նա ներքնապես անչափ լուրջ է և ամենածիծաղելի բաները խաղում է այնպես, որ անկարելի է չծիծաղել, բայց միաժամանակ պահպանում է լուրջ դիմախաղը և ոչ միայն դիմախաղը, այլև ներքին լրջությունը։ Այս ամենը հիանալի տաղանդի ապացույցն է։ Նա խաղում է այնպես, կարծես շնչում է ու խոսում, որովհետև նա աներևակայելիորեն օրգանական է։
●Կեսկատակ, կեսլուրջ մի համեմատություն անեմ: Ռուս երեխան կրպակից գնում է լուսանկարդ, ինքնագիր է խնդրում, վրացին քեզ համբուրելու թույլտվություն է խնդրում, ադրբեջանցին և ուզբեկը հեռվից քեզ մատով են ցույց տալիս հարևաններին, հնդիկը նայում է ինչպես անշունչ առարկայի, առանց թույլտվության ձեռքդ բռնում, նայում է զարմացած։ Հայ երեխան չի էլ մոտենում, հեռվից գոռում է. «Ֆրունզ»:
● Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ: Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՛ լաց կա, և՛ ծիծաղ, և հումոր:
● Մարդը կարող է հումոր չունենալ, բայց դա էլ է հումորի նյութ։
● Կյանքն ամեն րոպե, ամեն վայրկյան թատրոն է։
● Տաղանդավոր մարդը չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է, քեզ չեն հասկանում։
● Մեր կինոյի վատն էլ այն է, որ հեչ թատրոն չի։ ● Ես չեմ կարող կիսատոնի վրա ճիշտ լինել։ Կիսատ բաներ չեմ սիրում։
● Կինոն ի՞նչ, կինոն սիրուհիդ է, թատրոնն է կինդ, տունդ։ Ինչ ուզում ես արա, վերադառնալու ես տուն։
● Սիրում եմ համեստ մարդկանց, բայց չեմ սիրում համեստ ընդունակությունների տեր մարդկանց։
● Կյանքը, բնությունն ու մարդն է իմ թեման, իմ աղբյուրը ստեղծագործական, և ես պիտի խտացնելով, նրան գեղարվեստական կերպար տալով` վերցնեմ և վերադարձնեմ ժողովրդին:
● Մեր աշխատանքը գործ ունի բնության հետ, մարդկանց հույզերի հետ, և այն մի կախարդական աշխարհ է,
անհասկանալի, տիեզերքի պես անվերծանելի։
● Դերասանական արվեստի ամենամեծ գործիքը աչքերն են, աչքերը:
● Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են: Բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, բոլորին` մեկ առ մեկ։ -
● — Եթե դերասան չդառնայիք, ինչո՞վ կզբաղվեիք:
— Լավ կոշիկ կկարեի, թե թատրոնի չափ սիրեի: Լավ գյուտեր կհորինեի, թե թատրոնի չափ սիրեի։ Մսագործ էլ որ լինեի, ատաղձագործ էլ որ լինեի, հանցագործ էլ որ լիներ, պոեմներ կհորինեի, թե թատրոնի չափ սիրեի...
● — Նստած ենք մեր ընդհանուր ընկերոջ՝ գեղանկարիչ Ֆերդինանդ Մանուկյանի արվեստանոցում: Գյումրիի մթնոլորտը, ընկերական անկեղծ զրույցը բացում է բոլորիս տրամադրությունը: Խոսում ենք դեսից-դենից: Բայց Ֆերդինանդը լուռ խզբզում է։ Մի թուղթ նկարելուց հետո պատառոտեց, երկրորդը պատառոտեց, երրորդը ձեռքը վերցրեց և ոչ մի գիծ չքաշած շպրտեց մի կողմ։
— Էդ ի՞նչ ես անում ախպեր, թերթերդ ներքև դիր, խոսենք,— ասում է ընկերոջը Մհերը։
— Քեզ եմ ուզում նկարել, ախպեր, բայց ոչ ընկերական շարժ է ստացվում, ոչ էլ ծաղրանկար:
— Ի, միամիտ մարդ, ծաղրանկարից ծաղրանկար ոչ էլ կստացվի, որ չարչարվում ես,— հումորով նկատեց Մհեր Մկրտչյանը:
Մնացական Մանուկյանի հուշերից
Մհեր Մկրտչյանը՝ տաղանդի մասին
— Ի՞նչ է տաղանդը,— հարցրեցի մի անգամ Մհեր Մկրտչյանին։
— Հիվանդություն,— կարճ պատասխանեց նա:
— Իսկ հնարավո՞ր է, որ մարդ լինի տաղանդավոր, բայց տաղանդը մինչև նրա մեռնելը այդպես էլ չարտահայտվի, չդրսևորվի:
— Չէ: Եթե մի տեղից դուրս չգա, երեսին ցանի պես դուրս կտա։ Հետո էդ որ ասում են՝ «տաղանդը պարգև է, բան...», չէ, տաղանդը բեռ է, պարտավորություն, պատասխանատվություն, «աբիզալովկա»: Պիտի անես։ Հանգիստ չկա:
Մհեր Մկրտչյանը՝ սիրո մասին
— Ինչի՞ն է մարդ սիրահարվում, երբ սիրում է մեկին,— մի օր անկապ հարցրեցի նրան,— ի՞նչն ենք մենք սիրում ուրիշի մեջ:
— Թերությունները։ Բարությունը, ազնվությունը, խիղճը գնահատելի արժեքներ են։ Սիրած մարդու մեջ թերություններն են սիրում։ Սիրած մարդը քեզ համար եզակի մարդ է, իսկ նրան այդպիսին դարձնում է հենց էն թերությունը, որը դու սիրում ես նրա մեջ ու չգիտես, թե ինչի։
— Իսկ արտաքինը, մարմինը, գեղեցկությունը, կապ չունի՞:
— Չէ,— ասաց նա,— երբ մեկի հետ քնում ես, բնավորու բյան հետ ես քնում:
Անահիտ Աղասարյանի հարցազրույցից
ՈՒՂԵԿԻՑ
Հուլիս 2002