Երեսուն տարի առաջ՝ 1993 թվականի դեկտեմբերի 30-ի սառնաշունչ օրը, երբ սահմաններին դաժան պատերազմ էր, Հայաստանը` շրջափակման մեջ ու անլույս, եւ միակ տրանսպորտը մետրոն էր, անթիվ հայեր մասնակից չէին ամենաժողովրդական ու սիրելի արտիստի վերջին հրաժեշտին: 
52 տարեկանում տված հարցազրույցում արտիստն ասել էր․ «Ինձ միշտ թվում է, թե ապրելու եմ 54 տարի: Բայց մի գուշակ ասել է՝ 74 տարի պիտի ապրես: Հավատում եմ, որ նա ավելի ճիշտ է: Դա ինձ ոգեւորում է»: 
1993 թվականի տարեվերջին, հանկարծամահ լինելուց մեկ օր առաջ, նա բաժանել էր Արտիստական թատրոնի դերասանների աշխատավարձերը եւ գնացել իր տուն։ Ֆունզիկ Մկրտչյանն ապրեց 63 տարի: Նա ասես «բարձրացավ վե՜ր, վե՜ր ու այլեւս չվերադարձավ», ինչպես «Եռանկյունու» դարբին Մկրտիչը։

Կենսագրության հավելյալ դժբախտացում 

Պարզ, բարեսիրտ, ներողամիտ, ժողովրդական մարդ, այսինքն՝ մատչելի բնավորության տեր Ֆրունզիկ Մկրտչյանի մասին թվում է՝ ամեն ինչ գիտենք։ Սակայն տարիների հեռվից հասկանում ես, որ ֆանտաստիկ, անմեկնաբանելի կետեր կան Մհեր Մկրտչյանի հախուռն կենսագրության մեջ: 
Հանճարեղ ու ամենաժողովրդական Մհեր Մկրտչյանի արտիստական կենսագրության մեջ էլ միֆեր կան, օրինակ, որ թատերականի դիպլոմ չի ունեցել, քանի որ կտրվել է «Դերասանի վարպետություն» առարկայից։
Սակայն գերակշռողն «ամենաողբերգական կատակերգակի» շեշտադրումն է, որը տարիների ընթացքում ավելի տիրապետող է դարձել հատկապես միմյանց կրկնող ռուսական արտադրության փաստագրական ֆիլմերի միջնորդավորմամբ։ Այդ հեռուստաֆիլմերն այսօր էլ ցուցադրվում են ու տիրաժավորում, թե կյանքում այդքան դժվարություններ ունեցած արտիստի դուստրը հոր կենդանության օրոք Արգենտինայում ավտովթարի զոհ է դարձել։ Բայց փաստ է, որ Նունե Մկրտչյանը մահացել է հայրիկի մահից հինգ տարի հետո՝ 1998 թվականին, հետվիրահատական բարդություններից: 

Դժվար չէր ճշտել, բայց․․․

Իսկ ռուսական ալիքներով համարյա ամեն տարի նոր ժապավեններ են ցուցադրվում ՝ «Որ հիշեն։ Ֆրունզիկ Մկրտչյան», 1997 թ․, «Կղզիներ։ Ֆրունզե Մկրտչյան», 2005թ․, «Ֆրունզիկ Մկրտչյան։ Մենակության պատմություն», 2005 թ․, «Ինչպես հեռացան կուռքերը։ Ֆրունզիկ Մկրտչյան», 2006 թ․, «Ֆրունզիկ Մկրտչյան։ Կյանքը կինոժապավենի վրա», 2007 թ․, «Ֆրունզիկ Մկրտչյան։ Վերջին 24 ժամը», 2007 թ․, «Ֆրունզիկ Մկրտչյան։ Հպարտ պրոֆիլով մարդը», 2010թ․, «Ֆրունզիկ Մկրտչյան։ Զվարճալի մարդու ողբերգություն», 2010թ,․ «Ֆրունզիկ Մկրտչյան։ Միայնակ արեւ», 2015 թ․, «Ֆրունզիկ Մկրտչյան։ Վերջին օրը», 2016 թ․, «Ֆրունզիկ Մկրտչյան։ Կինոյի լեգենդները», 2017թ․, «Ֆրունզիկ Մկրտչյան։ Տխուր աչքերով կատակերգուն», 2019 թ․, «Կյանքը ժապավենի վրա», 2020 թ․, «Ֆրունզիկ Մկրտչյան․ Հրաժեշտ», 2021թ․։
Բոլոր այս ֆիլմերը ցուցադրվում են «Սովետական կինոյի աստղի կյանքը 20 տարի ձգվել է իբրեւ դժոխք», «Նրա կյանքն իրական ողբերգություն էր» գլխագրերով։
Իսկ հայկական փաստագրական ֆիլմերը մի քանիսն են եւ չեն ցուցադրվում կամ՝ հազվադեպ․ «Ուրախ, տխուր մարդը», արտիստի կենդանության օրոք, 1982 թ․, «Եվ ծիծաղ, եւ արցունք աչքերում», 1990 թ․, «Էն ուրիշ Ֆրունզիկը» ֆիլմը, «Լուրջ ժպիտով», 2020թ․, եւ ամենավերջինը՝ հայ-հնդկական․ «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ»։ 
Ժամանակակիցներն ավելի իրական պատկերացում են տալիս սիրելի արտիստի կյանքի բարդությունների մասին։ Տասնամյակների խաղընկեր Խորեն Աբրահամյանն ասել էր. «Ընդհանրապես, Ֆրունզիկը զարմանալի մարդ էր, օրը սկսում էր երգով եւ երջանիկ էր։ Մյուս կողմից, նրա մեջ միշտ ապրում էր ինչ-որ ողբերգության զգացում»։
Մհեր Մկրտչյանի ժամանակակից, թատերագետ Լեւոն Հախվերդյանի բնութագրումը․ «Ավելի քան բախտավոր էր այն համաժողովրդական սիրով, որ իր ուղեկիցը եղավ կյանքի սկզբից մինչեւ վերջ: Խանգարող հանգամանքներ էլ եղան նրա ճանապարհին, իր անփույթ, անխնամ կյանքն ու կենցաղը. մի խոսքով, հայոց անկարգ կյանք՝ լավով էլ, վատով էլ»։ Ֆրունզիկ Մկրտչյանի՝ լավով ու վատով ապրած հախուռն կյանքի մասին լիարժեք ֆիլմի հանրության ակնկալիքին ասես ի պատասխան, 2018թ․ հարցազրույցում արտիստի եղբորորդի, ռեժիսոր Մհեր Մկրտչյանն ասել է, որ «մերժում էր ֆիլմ ստեղծելու առաջարկները, քանի որ հասկանում էր, որ անհաջող աշխատանքն ինքնասպանություն է նույն ազգանունը կրող ռեժիսորի համար»: 

Սոս Սարգսյանը եւ Խորեն Աբրահամյանը՝ Մհեր Մկրտչյանի թաղմանը  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/c60d5e7658f452a65cc412346554e5a4   © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ռեժիսորի հավաստիացմամբ՝ «տարիների ընթացքում ճշմարտության մեծ արխիվ է հավաքվել՝ զվարճալի, հուզիչ, երբեմն՝ վախեցնող», սակայն բարձրաձայնված ծրագիրը, թե հնարավոր է 2020 թվականի հուլիսին ֆիլմ ավարտել, մնաց չիրագործված։ 

Ֆրունզիկի վերջին դերը

Երեւանի կենտրոնում թաքնված, Գյումրու հին, սեւ տուֆե կառույց հիշեցնող շենքում Արտիստական թատրոնը Մհեր Մկրտչյանը հիմնադրեց 1986 թվականին, սունդուկյանական թատերական երեք կորիֆեյներից (Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան)՝ առաջինը հեռանալով մայր թատրոնից։«Սա քո պիեսն է»,- Ֆրանսիայում ասել է Անրի Վերնոյը, Մարսել Պանյոլի «Հացագործին կինը» պիեսի գլխավոր հերոսը դարձավ Մհեր Մկրտչյանի՝ Արտիստական թատրոնում խաղացած առաջին ու միակ դերը:
«Ամեն սեւ բան չէ, որ Օթելլո է, մանչս»․ բոլոր հանդիպումներին Ֆրունզիկը կրկնում էր Փափազյանի՝ իրեն ուղղված այս խոսքը։ Սակայն Մհեր Մկրտչյանը միշտ երազել է Օթելլո խաղալու մասին եւ համոզում էր թատրոնի գլխավոր ռեժիսոր Խորեն Աբրահամյանին:
Հացագործի կերպարն իր երազած Օթելլոն էր՝ ողբերգական, փակուղային, 1992 թվականի աշնանը, սառը դահլիճում արտիստը բեմ էր բարձրացել՝ ասես մի այլ երկրում։ Հացագործը, ինչպես Ֆրունզիկի մյուս կերպարները, սովորական մարդն էր, մեկը մեզանից։ Կարեւոր հացթուխ, մի քիչ ավելին, ինչպես սարերի տիրական հովիվ Իշխանը, ինչպես հպարտ դարբին Մկրտիչը:
Մհեր Մկրտչյան-էմաբլը Քաստանիեն՝ զոլավոր կոստյումով, սպիտակ վերնաշապիկ-ժիլետով, տարիքոտ, ակնոցավոր, ծանրաշարժ, բարիք ստեղծող ընտանիքի գլխավորն է, միակ թուլությունը՝ երիտասարդ, գեղեցիկ կինը (Թամար Հովհաննիսյան)։ Հաց գնելու եկած երիտասարդ հովիվը խաթարում է Քաստանիեի երջանկությունը։ Արտիստը հանճարեղ էր խաղարկում սերը, դյուրահավատությունը, իրականությունը մերժելը․ «Եթե ես երեխա մը տայի իրեն, այս դիպվածը գուցե չպատահեր»: Հուսահատության ու պարտվածի ճիչ էր «Ոչ կեսօրեն ետքը, ոչ այսուհետ, հաց չի՛ կա» պոռթկումը։ 
Դերակատարումը դիտողները քիչ են, սակայն բոլորիս ականջներում ասես հնչում է Ֆրունզիկ Մկրտչյանի տառապագին ձայնը․ «Շիշ մը օղի․․․ Ա՛խ, հովի՜վ, ես իրեն հաց տամ, ինքը ունեցած-չունեցածս կառնե կերթա։ Ես սովորական, փոքր մարդ եմ, ինձ հետ չի կարող ողբերգություն պատահել, ասիկա դժբախտություն է։ Շիշ մը օղի, շիշ մը․․․»:

Թոռնուհին եւ Ֆրունզիկ Մկրտչյանի հուշերը

Մհեր Մկրտչյանը երբեք եւ ոչինչ, ոչ մի հուշ չի գրել: Հիշել էր, որ ժամանակին բանաստեղծություններ է գրել. «Երբ իմ սրտի խորքը մութ է, /Ո՞ւմ համար ես վառվում, լույս»:
2010 թվականին Մհեր Մկրտչյանի միակ ժառանգն ու թոռնուհին՝ Արգենտինայում ապրող Իրինա Տերտերյանը (նա նաեւ Ավետ Տերտերյանի թոռնուհին է), առաջին անգամ եկավ հայրենիք։ Հայաստանում ոչ մի հայկական հեռուստաալիք չհրավիրեց Իրինա Մկրտչյանին հարցազրույցի։ Ռուսական ալիքը տարիներ անց Ֆրունզիկ Մկրտչյանի թոռնուհուն Արգենտինայից հրավիրեց՝ մասնակցելու հերթական, սկանդալային հեռուստաշոուին։
Մամուլի համար արված իմ հարցազրույցից որոշ հատվածներ եմ հիշատակում։ Նունե Մկրտչյանի սեւահեր, գեղեցիկ, խոշոր աչքերով դուստրը Վարդենիսի հիվանդանոցում այցելել էր տատիկին։ Հայաստան այցի առիթը Գյումրու թանգարանին փոխանցվող՝ հանճարեղ պապիկի հուշերն էին: Կյանքի վերջին տարիներին հայրիկի բանավոր պատմությունները Երեւանում ձայնագրել էր դուստրը, ապա Արգենտինայում հանձնել թղթին։ Մայրիկի մահից հետո Իրինան նպատակ ուներ հուշերը տպագրված տեսնել, սակայն մեկուկես տասնամյակ անց էլ գիրքը չկա, հավանաբար՝ չհամակարգված լինելու պատճառով։ Գյումրու Ֆրունզիկ Մկրտչյանի տուն-թանգարանը բավականին աղքատիկ է, թեեւ քաղաքի ամենաայցելվող վայրերից է։
Նրան այսօր էլ նույնքան շատ են սիրում, ինչպես կենդանության օրոք: 
Չսիրել Մհեր Մկրտչյանին, նույնն է, թե հարազատի չսիրել. այդ մեծ սիրո մեջ նույնական են բոլոր հայերն ամենուր: Առավել եւս այդպես է արտիստի մահից երեք տասնամյակ անց։

hraparak-logoԳայանե Մկրտչյան - Թատերագետ
30 Դեկտեմբեր 2023
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ
https://hraparak.am/post/c60d5e7658f452a65cc412346554e5a4

Печать

Մհեր ՄկրտչյանՄհեր ՄԿՐՏՉՅԱՆ

– Ես չեմ պատկերացնում իմ կյանքը եւ ընդհանրապես կյանքը առանց թատրոնի, ինչպես որ չեմ պատկերացնում հայ թատրոնը առանց Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի… Լենինականի թատրոնում ես առաջին անգամ լսեցի Վահրամ Փափազյանի մասին: Եկա թատրոն, նիհար, բարակ տղա եմ, 16-17 տարեկան… Ասացին՝ Վահրամ Փափազյանի հետ պիտի խաղաս… Օ, Տեր Աստված, ես ի՞նչ պիտի անեմ… Ասին՝ նա, որ պիտի գա սենատ, դու լինելու ես դոժերից մեկը, նստած Վենետիկի դոժերի պալատում… Լա՚վ, խոսք ունի՞… Չէ, ոչ մի խոսք: Միայն թե գրիմը պիտի անեն Արտավազդ Փաշայանը եւ Ժան Էլոյանը, Լենինականի թատրոնի հեղինակավոր մարդիկ… Բռնեցին, մի գրիմ արեցին, որ… Երբ ինձ բեմ էին տանում, մի ակնթարթ ես ինձ հայելու մեջ տեսա: Զարհուրելի բան էր… Հոնքերս՝ էսպես, աչքերիս տակը բացել էին… Մի այլակերպ բան: Դու մի ասի՝ Վահրամ Փափազյանը բեմի վրա չի ծիծաղում, բայց որ ծիծաղեց, էնպիսի մի անհույս ծիծաղ է, որ վարագույրը պիտի փակել: Ուրեմն՝ սրանք մտադրվել են ինձ նստեցնել Վենետիկի սենատում, որ Վահրամ Փափազյանը գա, տեսնի ու ծիծաղը բռնի… Ես էլ՝ անտեղյակ, վախեցած երեխա… Ուրեմն, տարան, նստեցրին… Մի մորուք են կպցրել, երկար, էծի մորուք… Է, նստել եմ սենատում, սենատորների մեջ, Վահրամ Փափազյանին դեռ չեմ տեսել՝ իր գրիմանոցում է… Ու… Հանկարծ… ներս մտավ… Վահրամ Փափազյանը… Լենինական քաղաք, պատերազմից հետո.- Գիտե՞ք ինչպես են նայում ներկայացումը… Էլ Օթելլո, Յագո, բան չկա… Փափազ… Երբ Օթելլոն հարձակվում է Յագոյի վրա՝ «Փափա՚՜զ, խեղդե իդոր… Դեզդեմոնա՚, փախի՜…»: Էսպիսի մի ժողովուրդ… Ու հիմա որ մտավ, ծափահարություններ, բռավո չկա… «Փափազն է… իշտե լենինականցի է… Չէ, ջանըմ, լենինականցի չէ, ի՞նչ լենինականցի… Ծո, ինչ կխոսիս… Լենինականեն է…»: Ու այսպես, բղավում, կանչում են… Ինքը ներս մտավ… Փափազյանը… սեւ… մավրի զգեստներով… դաշույնը գոտին խրած… կանգնել է բեմի վրա… քանդակ… արձան… կանգնել, սպասում է, որ ծափահարությունը՝ եաաայ, աայ հաաայ… Հետո ծափահարությունը կամաց քչանում է… Հենց որ տեսնում է, որ քչանում է, ասում է՝ բավական է ծափ տաք: Իսկ դահլիճի համար բավականը նշանակում է՝ էլի… Ու ժողովուրդն էլ շարունակում է՝ էլի, էլի, էլի… Հետո վերջապես ժպտում է՝ եաաաաաայ, աալ-հա-հալ-եայ, ու երբ կշտացավ՝ սկսվում է… Տեսարանն այս է. սենատորները նստած են, գալիս են Օթելլոն, Բրաբանցիոն, Դեզդեմոնայի հայրը եւ ուրիշներ: Օթելլոն պետք է բացատրություն տա: Սենատորներից մեկը ասում է՝

Խոսի’ր, Օթելլո,

Իրավ է արդյոք, որ բռնադատող, ծուռ միջոցներով

Այս մանկամարդի զգայարանքը հաղթահարել ես…

Ինչին ՕթելլոՓափազյանը պատասխանում է հետեւյալ կերպ՝

Ռազմաշունչ, վեհ հոգի եւ բարձր դուքս,

Որ առեւանգել եմ, այդ ճշմարիտ է,

Բայց ճշմարիտ է նաեւ այն, որ ես

Նրա հետ ամուսնացել եմ…

Դուքսը ասաց՝ «Ճի՞շտ է, որ առեւանգել ես»: ՕթելլոՓափազյանը ծուռ, հանդիմանող-կշտամբող-բացատրող հայացքով նայում է Դեզդեմոնայի հորը՝ Բրաբանցիոյին՝ եաաաաաայ, թե՝ այդ ինչեր եք ասում… Սկսեց իր խոսքը՝ «Ռազմաշո՜ւնչ (մեզ չի էլ նայում դեռ), վեհ հոգի եւ բարձր դուքս, որ ես առե…- ու հանկարծ տեսավ.- Ծո՛, աս ո՞վ է… Որ ես առեւանգել եմ այս… դուրս տարեք ասոր… որ ես առեւանգել եմ… դու-դու-դո՚ւրս տարեք, ըսի…»: Դուք պատկերացրեք, թե ի՞նչ կլինի ինձ հետ, մանավանդ, որ մտածում եմ, թե էդ ո՞ւմ հետ է Փափազյանը, ո՞ւմ նկատի ունի, ո՞ւմ մասին է խոսքը… Ու հանկարծ զգացի, որ իմ մասին է… Ես՝ ի՞նչ, ես էլ չկամ… Դու մի ասի, որ իմ վախն ու շփոթմունքը ավելի ծիծաղելի են դարձնում ինձ… Օթելլո-Փափազյանը շարունակում է՝ «բայց պատճառն այն է, որ… հա՚՜, հա՚՜, հա՚՜, հա՚՜…»: Ու սկսվեց Փափազյանի ծիծաղը… Նստածս տեղից ետ նայեմ, աստիճաններ են բեմի ետեւում, որ չեն երեւում, տեսնեմ՝ Ժան Էլոյանն ու Փաշայանը գետնին ընկած են ու ինձ ասում են՝ այ տղա, փախի…
Երբ գործողությունը վերջացավ, Փափազյանը դուրս է գալիս՝ ո՞ւր է: Ես իմ մորուքով փախել-մտել էի հնոցապանի տեղը… Փափազյանն ինձ է փնտրում՝ ո՞ւր է չոջուխի աչքերով այն ծերունին
Մի այլ անգամ «Համլետ» պիտի խաղայինք: Ես արդեն խոսք ունեի, Օզրիկ էի խաղում: Վերջին տեսարանն է, սրախաղի տեսարանը: Լաերտը, խախտելով սրախաղի կանոնները, հարվածում է Համլետին: Այն էլ՝ թունավորված սրով: Հենց այդ պահին դրսից լսվում է եղջրափողի ձայն (սա ռեժիսորի մտահղացումն էր, պիեսում քայլերգ է լսվում ու թնդանոթի ձայն), եւ մեռնող Համլետը հարցնում է՝
Ի՞նչ պատերազմի շառաչյուն է այս:

Ես (Օզրիկըպիտի վազեմչոքեմ ՀամլետՓափազյանի առաջն ու ասեմ.

Ֆորտինբրասն է, տեր, որ Լեհաստանից հաղթությամբ դարձել

Եվ Անգլիայի պատվիրակներին

Այս զինվորական ողջույնն է տալիս:

Շատ դերերս հիմա չեմ հիշում, բայց Օզրիկը լավ հիշում եմ: Այս էի ասելու ընդամենը: Այդ օրը առավոտյան գնացի, խաշ կերա… Ավելի ճիշտ՝ տարան, տարավ մի հասակավոր դերասան… Պատերազմից հետո, քաղցած երեխա, հետինս՝ տարիքով դերասան, որ անընդհատ ասում է՝ ոչինչ, կեր, սխտորով-բանով, մինչեւ իրիկուն կանցնի, կեր… Ու կերա Շմագայի պես…
Երեկոյան սկսվեց ներկայացումը: Եկավ իմ տեսարանը: Հետիս դերասանն ինձ ասում է՝ լավ կասես խոսքդ:

ՓափազյանՀամլետն ասաց՝ արյուն, արյուն: Հնչեց եղջրափողի ձայնը՝ տը-տա-տը-տա-տա… «Ի՞նչ պատերազմի շառաչյուն է այս…»: Ես վազեցի ու չոքեցի դեմը՝

Ֆհորտհինբհրասն է, տհեր, որ Լեհաստանից…

«Ֆհորտհինբհրասն է, տհեր…» ասելուն պես ասաց՝ «ես աաահ, հա, աաայ, եսաաահ»: Կարծեցի խաղում է հետս: Խոսքս շարունակեցի մինչեւ վերջ: ՀամլետՓափազյանը ասաց իր հրաժեշտի խոսքը.

Մեռնում եմ, Հորացիո, զորավոր թույնը հաղթում է ոգուս

Իսկ դու մնո՞ւմ ես (Հորացիոյին է ասում):

Հետո դառնում է ինձ. «Իսկ դուշան լակոտայլեւս խաշ չուտես…»:

Հաջորդ հանդիպումս Հրաչյա Ներսիսյանի հետ էր: Ես իմ անունի ձեռքը կրակն էի ընկել՝ Ֆրունզիկ, հա Ֆրունզիկ: Եկել եմ Սունդուկյանի թատրոն: «Պեպո» կինոնկարը, իհարկե, տեսել եմ եւ տեսել եմ կինոմեխանիկի խցիկից՝ կինոմեխանիկի աշակերտ էի: Հիմա եկել եմ Սունդուկյանի թատրոն: Առաջին անգամ եմ եկել Երեւան: Տրամվայից վախենում էի եւ ինձ համար շատ ծանր բան էր՝ քաղաք, օտար քաղաք, անծանոթ միջավայր ու… Սունդուկյանի թատրոն: Թատրոնի ետեւի մուտքից մտա, միջանցքում եմ ու մեկ էլ էդ շոգին-կրակին մեկն ասաց. “С новым годом”: Ինչպե՞ս թե “ С новым годом ”, ի՞նչ կապ ունի: Նայեմ, տեսնեմ Հրաչյա Ներսիսյանն է:

– Դղա… շշշը…- մի քիչ գգինովցած էր,- դու անուն ունի՞ս

Ասացի՝ ունիմ, ընկեր Ներսիսյան: Ասաց՝ ի՞նչ է անունդ: Ասացի՝ Ֆրունզիկ: Հետո զգացի, որ իկ-ը փոքրացնում է՝ Ֆրունզ-իկ, ինձ ուղղեցի, ասի՝ Ֆրունզե, ասաց՝ бывает, թե ինչ бывает, չհասկացա… Ասում է, հիմա նայե, ասում է, թե այսօր ինչ ներկայացում է և  ով պիտի խաղա: Փափազյանը, ինքը, Ջանիբեկյանը «Օթելլո» էին խաղում, փոխնակներ էին: «Նայե, այսօր ի՞նչ ներկայացում է»: Ասացի՝ «Օթելլոն է»: «Վո՞վ կխաղա»: Ասացի՝ «Ներսիսյա… հա՚, դուք կխաղաք…»: Ասաց՝ бывает… Շրջվեց, գնաց քթի տակ իր երգը երգելով՝

Sul mare luccica l՚astro d՚argento
Placida e l՚onda, prospero e il vento.
Venite all՚ agile barchetta mia!
Santa Lucia, santa Lucia!
Con questo zeffiro cosi soave
Oh! com՚ e bello star su la nave!
Su passaggieri venite via!
Santa Lucia, santa Lucia!

Գնաց մի տասը քայլ, հետո շուռ եկավ, ինձ նայեց, չրխկացրեց մատները ու՝

– Լսի՛ր, դո՛ւ, Կոտովսկի..․

Որովհետեւ փառահեղ եք ծիծաղում, ես իմ խոսակցության շարունակությունը թողնում եմ ձեր հարցերին, որովհետեւ համոզված եմ, որ լուրջ ու հետաքրքիր հարցեր կտաք, եւ ես ուզում եմ վերջացնել իմ այս երկար նախաբանը այսպես.

Ես լավ կոշիկ կկարեի, թե թատրոնի չափ սիրեի,

Ես լավ գյուտեր կ՚հորինեի, թե թատրոնի չափ սիրեի,

Մսագործ էլ որ լինեի,

Ատաղձագործ էլ որ լինեի,

Ես պոեմներ կգերի, թե թատրոնի չափ սիրեի…

Սա էլ իմ գրածն է… Դուք էլիբրեւ բանասերներներողամիտ եղեք

Հիմա սպասում եմ ձեր հարցերին…

Լեւոն ՄԿՐՏՉՅԱՆ – Հարցերին սպասելու կարիք չկա: Հարցերն արդեն սեղանի վրա են: Սարոյանն ասում էր՝ Ավետարանի չափ հարցեր են տվել:

– Ձեր սիրելի դերըոր արդեն խաղացել եքեւ այն սիրելի դերըոր դեռ չեք խաղացել:

ՄՄ. – Էստեղ պատասխանն էլ է գրված, իմ սիրելի դերը դեռ չեմ խաղացել: Իմ կարծիքով ամեն մի դերասան ձգտում է մի կերպարի, մի առավել ամբողջական ու արտահայտիչ կերպարի, մի, ասենք, Չապաեւի, ասենք՝ Ուրբանսկու Կոմունիստի պես կերպարի… Այն կերպարին, որը ամբողջացնում է քո թեման, խորացնում, իմաստավորում է… Իդեալականը չապլինյան կերպարներն են, ավելի ճիշտ՝ Չապլինի ստեղծած կերպարը: Նման բանի հասնելու համար շատ ֆիլմեր են պետք ու շատ ժամանակ: Ես իմ գրեթե բոլոր ֆիլմերն եմ հավանում, եւ գիտեք, թե ինչո՞ւ: Որովհետեւ, ազնիվ խոսք, ես էդ բոլորը անկեղծ եմ արել, արել եմ իմ հնարավորությունների, իմ ունակությունների չափով: Ցավոք, իմ հնարավորությունները այնքան մեծ չեն, որ ես կարողանամ ամեն ինչ կատարյալ անել…
Իմ երազած կերպարից, իմ երազած ամբողջական կատարյալ կերպարից, որ ես դեռ չեմ խաղացել, մի մաս, մի գիծ, մի հատկանիշ կա իմ խաղացած ամեն մի հերոսի մեջ: Եվ եթե այդ բոլոր կերպարների բոլոր գծերը ամբողջանային մի կերպարի մեջ, դա էլ կլիներ հենց կատարյալ մարդու այն կերպարը, որ ես կուզեի խաղալ… ես երազում եմ գտնել այդ դերը եւ խաղալ այդ կերպարը…

ԼՄ– Ի՞նչ կարծիքի եք բեմը շահագործողների մասին:

ՄՄ. – Դրանց մասին նույնիսկ չարժե խոսելը:

ԼՄ Եթե նորից ծնվեիք, կյանքի նո՞ւյն ճանապարհը կընտրեիք:

ՄՄ. – Գիտեք, ես ասացի, որ ես ոչինչ չեմ ընտրել: Այդպես ստացվել է: Բայց հետաքրքիր է, եթե տեքստիլ գործարանի ակումբը մեր տան կողքին չլիներ, ես հեռու լինեի… ինքս դժվարանում եմ հիմա ասել: Ես ինքս աշխատել եմ գործարանում, մեխանիկական ցեխում, եղել եմ կոշկակարի աշակերտ: Բայց հիշում եմ, որ դեռեւս երեխա ժամանակ իմ շուրջը միշտ մարդ կար, ես միշտ ուշադրության կենտրոնում էի եւ՚ իմ տեսքով, եւ՚ իմ խոսքով, ավելի ուշ՝ նաեւ իմ սրամտություններով, պատմություններով… Դրանք, երեւի, ուզած-չուզած ինձ կտանեին թատրոն… Իմ ձեռքս չէր, բայց երեւի ինձ հաստատ կտանեին թատրոն… Ինձ նման մարդու համար ուրիշ ինչ անլուրջ տեղ կար…

ԼՄ Կընդունեի՞ք Սունդուկյանի թատրոնի գլխավոր ռեժիսորի հրավերը:

ՄՄ. – Ես Սունդուկյանի թատրոնի ռեժիսորական կոլեգիայի անդամ եմ. գեղարվեստական խորհրդի անդամ: Ես իմ ամբողջ արվեստով, իմ ստացած ավանդներով կապված եմ Սունդուկյանի թատրոնի հետ: Վարդան Աճեմյանի աշակերտը, անընդհատ Վահրամ Փափազյանից խոսողը… իմ մեծ սերերն են նրանք: Ամենից շատ իմացողը, ամենից շատ ժողովուրդ տեսնողը, ամենից շատ ռեժիսոր տեսնողը եւ ամենից շատ դերասան տեսնողը էսօր ես եմ: Ես լավ գիտեմ իմ թատրոնը: Թատրոնն էլ լավ գիտի ինձ: Ես ամեն տարի, եւ եթե ոչ ամեն տարի, ապա գոնե երկու տարին մեկ, պիտի բեմադրություն ունենամ Սունդուկյանի թատրոնում… Ընդունել-չընդունելու հարց չկա… Ես կարող եմ կանգնել Մարքսի փողոցի եւ Լենինի պողոտայի անկյունում, եւ դա կլինի թատրոն, որովհետեւ թատրոնն իմ մեջ է…

Մի խոսքով, ինձ հրավիրելու հարկ չկա… ես հյուր չեմ իմ տանը:

ԼՄ Ասացեք խնդրեմ, ո՞ր ներկայացումն է ձեզ գեղագիտական մեծ հաճույք պատճառել, եւ եղե՞լ է դեպք, երբ ձեր խաղի համար անհարմար եք զգացել:

ՄՄ. – Օ՜, սա հետաքրքիր հարց է…

Հաճույք է պատճառել ինձ… Այո, եղել է, եղել է, եւ ես ուղղակի երջանիկ հաճույք եմ ստացել… Ասացի, որ ես շատ եմ խաղացել, շատ եմ շրջագայել, խաղացել եմ Հայաստանի բոլոր քաղաքներում՝ Ղափան, Կիրովական, Լենինական եւ այլն: Ամեն տարի ես մոտ յոթանասուն ներկայացում եմ խաղում մեր թատրոնների հետ: Կիրովականի թատրոնի հետ երեք տարվա մեջ 150 ներկայացում եմ տվել ծովափնյա հայաբնակ վայրերում… Ես խաղացել եմ Ապարանի, Իջեւանի թատրոններում, Ստեփանակերտում, Թիֆլիսում, Բաքվում, Մոսկվայում, արտասահմանում ինչքա՜ն եմ խաղացել… Ուրեմն՝ ինչքա՜ն ներկայացումներ են եղել եւ ինչքա՜ն ժողովուրդ…
Բայց մի ներկայացում ես երբեք չեմ մոռանա: Դա եղել է Հայաստանում, Օձուն գյուղում: Զարմանալի է, չէ՞, ես հիմա, թվում էր, Բեյրութը պիտի հիշեի, կամ Լոս Անջելեսի 1600 հոգանոց Կազինոյի սրահը՝ շքեղ, մեծահարուստ սրահ, ընտիր հասարակություն… Դրանք էլ ապշելու ներկայացումներ էին, բայց այն, ինչի մասին ուզում եմ պատմել, անկրկնելի է, բացառիկ, եղել է Օձուն գյուղում:
Գիտեք, որքան մեծ քաղաքից հեռու, այնքան զուլալ ու մաքուր ժողովուրդ,- սա մեկընդմիշտ ապացուցված է: Պաղտասար աղբար էի խաղում այդ օրը: Բեմ-բան չկար, որովհետեւ մարդիկ նստած էին ամենուր, որտեղ որ նստել հնարավոր էր, ուղղակի լցված էին բեմի վրա… Դժվար էր դա ներկայացում կոչել, որովհետեւ չկային սովորական իմաստով բեմ ու դահլիճ, դերասան ու հանդիսատես, չկար նրանց միջեւ եղած պայմանական անջրպետը: Մենք՝ դերասաններն ու ժողովուրդը միասին էինք խաղում, ես լալիս էի՝ իրենք էլ էին լալիս… Վերջապես եկավ Պաղտասարի խենթանալու կտորը: Ես այնպես էի տրվել իմ խաղին, որ չգիտեմ թե այդ օրը ինձ հետ ինչ կատարվեց… Համենայն դեպս չեմ հիշում նման այլ դեպք… Եվ չեմ էլ կարող դա բացատրել… Ամբողջ դահլիճը ինձ հետ մղկտում էր:
Ու իմ մենախոսության միջոցին, երբ ասում եմ՝ «Այսպես են եղեր աշխարհիս գործերը… բռնությամբ Փրկիչ կը տանին կոր իբրեւ խենթ… Անգամ մը հոն երթալեն վերջը իբրեւ խենթ, աշխատե ու աշխատե, որ խենթ չըլլալդ հաստատես, որո՞ւ պիտի հասկցնես…» եւ այլն, մեկը կամաց, մեխակը ձեռքին, ոտնաթաթերի վրա եկավ, բարձրացավ բեմ, բեմը քիչ բարձր էր, մեխակը դրեց ձեռքս ու թաթերի վրա հեռացավ, կամա՜ց գնաց-նստեց: Ես խոսում էի, շարունակում էի լալ, կամաց-կամաց սկսեցի խաղալ ծաղկի թերթերի հետ… Ու՝ ո՚չ մի ձայն, ո՚չ մի շշունջ, զարմանքի կամ վրդովմունքի ոչ մի նշույլ… կարծես թե ամեն ինչ նախապես ծրագրված ու բեմադրված էր… Իմ հերոսը երբեք այդքան խորը չի հասկացվել եւ երբեք ես չեմ տեսել մարդկային ավելի խորը կարեկցանք: Դա ուղղակի փառահեղ ներկայացում էր…
Եղել է եւ հակառակը: Մի ժամանակ հեռուստատեսային ներկայացումները չէին տեսագրվում, այլ խոսքով՝ վատ կտորները կտրել-հանել, այսինքն՝ խմբագրել հնարավոր չէր: Ներկայացումը ինչպես որ եղել էր, այնպես էլ պիտի գնար եթեր: Թաթիկ Սարյանն ու ես խաղացինք մի ներկայացման մեջ… Դյուրենմաթ էր կարծեմ: Պիեսը մեզ նախապես ծանոթ չէր, մենք նոր էինք ծանոթացել նյութին: Ներկայացումը մենք խաղացինք վատ, խայտառակ խալտուրայի պես մի բան: Մենք սուտ էինք խոսում, տեքստը չգիտեինք, ուղղակի հորինում էինք: Դա խայտառակություն էր ուղղակի: Ամբողջ Հայաստանով մեկ ժողովուրդը նայում էր… Բայց մի քիչ վարպետություն կար, խոսքն ասում էինք ամուր, վստահ, չէինք կմկմում, իբրե թե հենց այդպես գրված է, այդպես էլ պետք է լինի…
Առավոտյան դուրս եկա տնից, Աբովյան փողոցով քայլելով իջնում եմ: Ինչո՞ւ: Որպեսզի ստուգեմ, թե ժողովուրդը, որ երեկ տեսել է ներկայացումը, ի՞նչ է մտածում… Ծանոթները մայթերից ասում էին՝ «Երեկ տեսա… լավ էր, շատ լավ էր» եւ այլն:
Հանկարծ դիմացս ելավ մի ծեր մարդ: Հեղափոխությունից առաջ կային ծեր մտավորականներ՝ ութսուն տարեկան, պենսնեով, շատ արիստոկրատ տեսքով, վայելուչ արտաքինով… Մոտեցավ՝ «Բարեւ» ասաց ցածր ձայնով… Ասի՝ «Բարեւ ձեզ»: «Գիտեք,- ասաց,- ես շատ թատերասեր եմ: Միգուցե ինձ լսեիք»: Ասի՝ «Շատ ուրախ եմ, համեցեք»: «Ես Սիրանույշին եմ տեսել, Աբելյանին, Ստենգալլին… Ինչպես էր խաղում մահվան տեսարանը… Վահրամ Փափազյանին… Գիտեք, կառքի ձիերը արձակում էին գեղեցկուհիները եւ ներկայացումից հետո լծված տանում էին մինչեւ հյուրանոց… Հրաչյային սիրում եմ շատ… Ես, գիտեք, ձեզ էլ եմ սիրում…»: Խոսում էր մեղմ, ցածր ձայնով: Ասի՝ «Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ»: «Մի բան հարցնեմ՝ դուք երեկ գետինը չմտա՞ք»: Ես ասի՝ «Գիտեք…»: Ասաց՝ «Հարկավոր չի… Մի արդարացեք… Ձեզ որքա՞ն են վճարում դրա համար… Մի բան խնդրեմ՝ մի արեք դա…»: Դրանից հետո դուք ինձ չեք տեսել հեռուստացույցով: Եղել են առանձին հանդիպումներ, պրեմիերաների առիթով, թատրոնի վերաբերյալ խոսակցություններ եւ այլն, բայց ներկայացման մեջ չեք տեսել… Հավաքվում են էստեղից-էնտեղից մարդիկ՝ օպերետային թատրոնից, դրամատիկականից, զանազան ստուդիաներից, տարբեր ոճի, տարբեր մտածողության տեր մարդիկ եւ արդյունքն էլ չգիտես, թե ինչ է…
Ես վախենում եմ այդ արկղից… Վախենում եմ այդ մարդուց… Այդ մարդը հիմա չկա երեւի… Բայց ինձ համար միեւնույն է՝ ես վախենում եմ նրանից՝ իսկական, անաչառ, ազնիվ ու շիտակ, է՜ն միա՚կ թատերասերից…

(շարունակելի)

Հանդիպումը վարում է գրականագետ  Լևոն Մկրտչյանը
Գրի առավ Յուրի Խաչատրյանը

https://kinoashkharh.am/2022/07/frunzik-mkrtchyan-husher/
4 Հուլիս 2022

Печать

frunzik cebrayılՀետո, ուրեմն, ես պրոֆեսիոնալ թատրոնում էի, աշխատում էի մեծերի հետ: Այդ թատրոնում էլ սովորել եմ, դաստիարակվել եմ այնտեղ, ստուդիա եմ անցել, ապա եկել եմ Երևան: Երևանում էլ մտել եմ թատերական ինստիտուտ և երկրորդ կուրսից ընդունվել եմ Սունդուկյանի անվան թատրոն, ուր աշխատում եմ մինչև հիմա:

Ցավոք սրտի, բավական ուշ ես հասկացա, որ գործ ունեմ շատ լուրջ մասնագիտության հետ: Այդ ուշն էլ շատ ուշ կատարվեց: Դերասանները լավ խոսք ունեն՝ դժվարը առաջին քսան տարին է: Եվ իսկապես քսան տարի հետո, Հրաչյա Ներսիսյանից ուղիղ քսան տարի հետո ես խաղացի Պաղտասար աղբար, խաղացի ահավոր դժվարությամբ, սարսափելի շփոթ վիճակում, հուզված… Այդ օրը, որ երբեք չեմ մոռանա…
Ուրեմն ես հասկացա, որ գործ ունեմ մի մասնագիտության հետ, որի համար մի կյանքը քիչ է, որ մի կյանքը չի բավականացնի, որպեսզի կատարյալին հասցվի այն, ինչը որ գոնե հնարավոր է: Մարդու մասին ու բնության մասին է այդ արվեստը: Ինչ է պարտադրում թատրոնը, ճանաչել մարդուն, ճանաչել բնությունը և ճանաչել անընդհատ, անընդհատ սովորել կյանքից, որը ահավոր հարուստ է ու անսպառ: Իսկապես սովորելու համար, իմ կարծիքով, տաղանդ է պետք: Սովորելը, համալսարանում թե այլուր, իմ խորին համոզմամբ, տաղանդավոր մարդու բան է… Հետո գալիս են անակնկալներն ու խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս սովորել: Եվ դա կարող է սկսվել սովորական կոպիտ բարևից ու վերջանալ չգիտեմ թե ինչով:
Իմ աշխատանքում ասեմ, թե՞ արվեստում, ես հիմա հասել եմ մի շրջանի, երբ շատ եմ վախենում շատ բաներից. ես վախենում եմ անտեղի ծիծաղեցնելուց, ես վախենում եմ զուր լացացնելուց: Սա ամենևին էլ անվստահություն չէ սեփական ուժերի նկատմամբ, այլ արածի ու անելիքի սթափ ու անաչառ գիտակցում: Ես զգում եմ, որ ուշ է, որ ժամանակը հաղթում է ինձ, որ չի կարելի ոչ մի բան, մանավանդ արվեստում, անել հենց էնպես, անել աչքի չափով, անել մոտավորապես: Ես տեսնում եմ… Ասենք՝ ինչո՞ւ միայն ես: Բոլորդ էլ տեսնում եք ֆիլմեր, ներկայացումներ և նույնիսկ ամենօրյա, սովորական, առօրյա աշխատանք, որ արվում է աչքաչափով, արվում է առանց սիրո, առանց ինքնանվիրումի… Գորկին սքանչելի է ասել՝ երբ աշխատանքը հաճույք է, կյանքը լավ է, երբ աշխատանքը պարտականություն է, կյանքը ստրկություն է: Միայն պարտականությունով, առանց սիրելու ես, համենայն դեպս հիմա, չեմ կարող ապրել…
Ինձ համար իմ արվեստում չափազանց կարևոր է իմ ստեղծած ազգային կերպարը: Երկար ժամանակ իմ հերոսի կերպարը գծագրվել է տարերայնորեն, բայց աստիճանաբար ես կարողացա հասնել այն բանին, որ իմ կերպարը գոնե շատ հեռու չլինի իմ ձգտումներից, իմ միակ ու անդավաճան նպատակից: Ես երբեք չեմ դավաճանել իմ ինտուիցիային, իսկ իմ ինտուիցիան ինձ թելադրում է խաղալ հայերեն: Ես ձգտում եմ խաղալ հայերեն: Ես կարծում եմ, որ պատճառներից մեկը, եթե ոչ միակը, դա է, որ օտար կինոստուդիաները աստիճանաբար նկատում են էս տեսակը, էս նկարագիրը, երբ դերասանի (խարակտերի, կերպարի) վրա ուրիշի գույներ չկան… Պահել քեզ, քո ստեղծած կերպարը, քո թարգմանած մարդուն ու ներաշխարհը մաքուր և անաղարտ՝ շատ դժվար է: Եվ ամեն կերպարը խաղալիս ես անընդհատ մտածում եմ՝ ի սեր աստծու, հո ուրիշից մի բան չկա՝ մի գիծ, մի գույն, մի երանգ… Իսկ դրա համար, կարծում եմ, պետք է ամենից առաջ ինքն իրեն լավ ճանաչել: Ամենադժվար բանը, որ ամբողջ կյանքում մեզ սպասվում է,- ուսանողությո՛ւն, քեզ եմ ասում,- ինքնաճանաչողությունն է՝ ծանր զքեզ: Ինքնաճանաչողությամբ են դառնում մեծ բանաստեղծ, մեծ ղեկավար, մեծ արվեստագետ: Սա՝ այն դեպքում, երբ մարդը գիտե իրեն ու իր ուժերը, և Աստված ոչ անի, երբ մարդը չգիտի ո՛չ իրեն, ո՛չ  իր ուժերը, իրեն տեսնում է ավելին, քան ինքը կա, և ուրիշից է վերցնում իր տալիքը՝ առանց պարտքի կամ վերադարձնելու գիտակցության…

Այս դժվար խնդիրների մասին եմ մտածում ես հիմա, այս և նման հարցերն են, որ տանջում են ինձ:

Ինձ համար շատ կարևոր է դիտողականությունը: Որովհետև այն ինքը հենց կոչվում է թատրոն, կամ, եթե պարադոքս եք ուզում, թատրոնը դիտողականություն է… Իմ առօրյա կյանքում, իմ բազում շրջագայությունների մեջ, ի դեպ՝ աշխատանքային-թատերական շրջագայությունների և ոչ թե զբոսաշրջիկային, Սիրիա, Լիբանան, Բուլղարիա, Չեխոսլովակիա, Կանադա, Ամերիկա և այլուր, ինձ միշտ «փրկում է» դիտողականությունը: Արվեստում, ինչպես նաև գրականության մեջ, մանրամասնը՝ դետալը, նրբերանգը դիտողականությունն է: Ես գրել դժվարանում եմ, բայց գիտեմ, որ գրավոր արվեստը նույնպես դիտողականությունն է… Ահա թե որտեղից է գալիս Վահրամ Փափազյանի հայտնի խոսքը՝ «Ձնագունդը պիտի գլորվի, որ մեծնա… եթե ոչ, մի տեղ ձնագունդը կհալի, կոչնչանա»: Մեծ միտք է դա… Դերասանի համար դիտողականության հետ միասին անհրաժեշտ է շրջելու հնարավորություն… ինչպես նաև՝ նկարչին… Արվեստագետը, ասենք՝ նկարիչը, եթե մեջը իրոք մի բան կա, շրջելով (դիտողականությամբ) մեծանում է, մեծանում, հասունանում… Դիտողականությունն է (մանրամասնը) արվեստագետին դարձնում պրոֆեսիոնալ…
Ովքե՞ր են իմ հերոսները: Ի՞նչ ասեմ նրանց մասին: Եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ իմ գրեթե բոլոր կերպարներում ես մի միտք եմ հետապնդում, մի սևեռուն գաղափար: Իմ արվեստը խոսք է մարդո՚ւ մասին, բարի՚ մարդու մասին, մարդ անհատի՚ մասին, ան-հա-տա-կա-նու-թյա՚ն մասին: Լևոն Մկրտչյանը շատ գեղեցիկ բան պատմեց: Սարոյանի հետ կանգնած են լինում: Հեռվից մի մարդ է անցնելիս լինում սարի լանջով: Վիլյամ Սարոյանն ասում է՝ «Լևոն, այն մարդ ի՞նչ կը մտածե»: Ի՜նչ հոյակապ է, ի՜նչ գեղեցիկ է: Ոչ թե ամբոխը, այլ՝ մարդը: «Անուն ունի՞ս: Ի՞նչ է անունդ»: Ասում է՝ Տիգրանուհի: «Իրա անուն Տիգրանուհի է»:

Մենք հաճախ խառնում ենք՝ հանդիսատես, ժողովուրդ և այլն: Անհատը, անհատը, մարդը… Փոքր մարդիկ են կյանքում իմ հերոսները, բայց մեծ՝ իրենց մարդկային անմիջականությամբ, շիտակ, ազնիվ, անխառն նկարագրով: Եվ սա, երևակայեք, իմ մեջ գալիս է իմ մորից: Մի անգամ մայրս հարցրեց՝ «Ո՞ւր կերթաս, տղա ջան»: Ասի՝ «Բանկետ»: Ասաց՝ «Բանկետն ի՞նչ բան է»: Ասի՝ «Մամա, գնում ենք, գրքեր ենք կարդում, թերթեր ենք կարդում, սկսում ենք վիճել իրար հետ…»: Ասաց՝ «Գնա, բալա ջան, բայց շատ չխմես…»:

Ես շատ եմ սիրում իմ արվեստը: Ես սա ձեզ ասում եմ այնպես, ինչպես գաղտնիքը կասեին, որովհետև բոլորիդ հայտնի է, որ սիրածի մասին շատ չեն խոսում: Շատ-շատ եմ սիրում: Եվ իմ երջանկությունը այն է, (եթե դուք այս հարցը տալու կլինեք, այլևս մի տվեք) որ ես գոնե մեկին պիտանի եմ: Այս զգացողությունն է, որ մարդուն դարձնում է երջանիկ: Ինչ հոյակապ բան է, երբ մարդ պիտանի է, մեկը՝ իր ընկերներին, մեկը՝ իր փառքին, մեկը՝ իր աշխատանքին, մեկը՝ իր ընտանիքին, մեկը՝ իր ժողովրդին… Հրաշալի է… Իսկ մեկն էլ, իսկ մեկն էլ՝ մարդկանց, ընդհանրապես մարդկանց… Ու ես մտածում եմ, ինչ լավ է, ի սեր աստծո, որ ես էլ կարող եմ պիտանի լինել մարդկանց: Եվ պետք է լինեմ:

«Широк человек, я бы его сузил»․

Երբ ես եկա Լենինականի թատրոն, շատ ծիծաղելի էի: Ես այն ժամանակ էսքան սիրուն չէի, նիհար էի, փողոցում իմ ետևից ինչ-որ բաներ էին բղավում… Ինչ դեր որ տանում էի, դառնում էր ինձ համար փորձանք: Ասենք, «01-99» կինոնկարում Գարսևանը… Լավ, Գարսևան-Գարսևան… Բայց արի ու ազատվիր էդ Գարսևանից… Հետո Դմբուզ Արսենը «Նվագախմբի տղաները» ֆիլմում… Դմբուզ, դմբուզ, դմբուզ… Եվ հետաքրքիր է տարբեր խառնվածք ունեցող մարդկանց վերաբերմունքը: Վրաստանում մեկը կարող է մոտենալ և ասել՝ Можно вас целовать?:  Բոյով, գեղեցիկ տղա է, Սուխիշվիլու-Ռամիշվիլու մեկը: Ասում եմ՝ пожалуйста: Հետո հարցնում եմ՝ Почему поцеловал? Ասում է՝ Откуда знаю?
Ադրբեջանում գրեթե միշտ նույն հանգի հարցեր են տալիս կամ նույն կարգի բաներ ասում: Օրինակ, ասում է՝ “Извините, вы как хорошо сказали!”։ “Что сказал?”։ “Русский язык очень богат, а я бедный”։ Խոսքը՝ “Суета сует” ֆիլմի հերոսի մասին է:
Հնդկաստանում… Ա՜յ, Հնդկաստանում դա շատ հետաքրքիր է: Հեռվից հեռու նայում են, հետո որ ընդմիջում է լինում, դաշտում, ասենք, սարում, մոտենում են, կա-մաց ձեռքդ վերցնում են ու նայում քո ձեռքին ու իրենց ձեռքին, քո մատներին ու իրենց մատներին… Փառք Վիշնուին, մարդ է, իրենց նման մարդ է… Մոսկվայում ուրիշ է: Երեխան վազում է, կրպակից մի բացիկ է վերցնում ու ասում է՝ “Ваш автограф,пожалуйста”: Ու всё, վերջ: Երևանում… Երևանում էն մյուս մայթից կնայի ու հանկարծ կկանչի՝ Ֆռո՜ւնզը…
Լևոն ՄԿՐՏՉՅԱՆ – Դու պատմիր Թիֆլիսի պատմությունը: Շատ հետաքրքիր է: Չէ, ավելի լավ է, ես պատմեմ: Ուրեմն, Մհեր Մկրտչյանը գնացել է Թիֆլիս՝ «Միմինոյի» առիթով է, թե ինչ: Ամենուրեք իր նկարներն են փակցված, աֆիշներ և այլն: Մի տեղ ժողովուրդ է հավաքվել: Հայերն ասում են՝ մեր մեծ դերասանը, մեր հանճարը, մեր Ֆրունզիկ Մկրտչյանը… Հայերը գովում ու գովում են: Մի վրացի կանգնում է, թե՝ “Все равно не похоже”: Վրացին ջղայնացած է… Հայերը հա գովում են, սա հա ասում է՝ “Это  не кого не похоже?”: Վերջը հայերից մեկը ասում է՝ “Слушай, видишь, это ведъ он, Մհեր, он же сам, Մհեր Մկրտչյան ,он же похож”։ “Нет,все равно на Чапаева не похож”։

(շարունակելի)

Հանդիպումը վարում է գրականագետ  Լևոն Մկրտչյանը
Գրի առավ Յուրի ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Մհեր Մկրտչյանhttps://kinoashkharh.am/2021/12/mher-mkrtchyan-mas-2/
28 Դեկտեմբեր 2021

Печать

Քաղաք Գյումրի, Սայաթ-Նովա փողոց, Վարդան Աճեմյանի պետական դրամատիկական թատրոն. այս հասցեն Գառնիկ Ադամյանի կացարանն է։ Նա թատրոնի երկարամյա պահակն է։ Շենքում լույսի բացակայությունն ու ելքը շփոթելը պահակի հետ ծանոթության առիթ դարձան։

Գիտեմ, որ խանգարում եմ Ձեր թեյախմությանը, բայց կասե՞ք՝ ելքը ինչպես գտնեմ։

Աղջիկ ջան, ուրտե՞ղ ես տեսել, որ լեննականցին երկաթի կրուշկով չայ խմե։ Առաջ արի, մե տեսնիմ։ Ես ըսի՝ թոռս է եկել, 2 ժամից պիտի պրծնի պարապմունքը, գա։

Բա ի՞նչ եք խմում, ինչու՞ լույսը չեք վառում։

Հոտից չե՞ս զգա, որ մեռոն է, ըսպես բան խմած չես էղնի, գրամըմ լցեմ խմե։ Չայը գլուխը պատին է տվե, թե սենց կտաքցնե ջանդ։ Լույսն էլ մկների խաթր չեմ միացնե։ Անտերները պերերիվս ավելի շատ կուտեն, քան ես, էլ չեն ըսե՝ մե օրըմ էլ իրանցով պիտի պերերիվ սարքեմ։ Մթի մեջ շուտ կուգան, թալաքի մեջ կբռնվին, վրեն էլ կլե (սոսինձ-հեղ.) եմ քսել, որ չկարենան փախնեն։ Ըսիգ կայֆխակ է (լայֆհաք), Ֆրունզիկն է սովորցրե Մկրտչյան ջահել վախտս։

Մհեր Մկրտչյանի մասի՞ն է խոսքը, նրան անձա՞մբ եք ճանաչել։

Երանի էդ օրերը։ Հեչ չէիր ըսե, որ արտիստ է, իրան էնպես հասարակ կպահեր, մարդու քեֆը կուգար, բա չէ` հմի. ինչքան թիթիզլամիշ էղնող կա, իրան կդնե Ջեքսոնի տեղը, հետները խոսալ չի էղնի։ Ֆրունզիկը ուտող-խմող մարդ էր, ինքը դասավորեց, որ մտա ստեղ ցործի։ Մի օր քեռիս քեֆը լավ գնացել էր թատրոն, Ֆրունզիկին համոզել, բերել էր տուն։ Էս քեռակինս էլ սեղան էր դրել, արաղը քչություն կէներ, քեռին վայրկյանը մեկ կըսեր՝ արաղ բեր։ Վերջը քեռակինս նեղվավ, ըսավ՝ ամոթ է, էս մարդը կմտածե՝ խմող ենք, Ֆրունզիկը ֆռաց, ըսավ՝ դու սուս, սևո, քեզ ինչ կըսեն, ըդիգ էրա։ Լավ խմինք էդ օրը։

Ներկայացման ժամանակ խմիչք օգտագործու՞մ էր, հանդիսատեսը չէր նկատու՞մ։

Հը բը առանց դրա՞։ Իմիջիայլոց, խմած ավելի լավ կխաղար, քան թե այեղ (սթափ) վախտը։ Հենց ռեժիսորը տեսնիր գը՝ Ֆրունզը տրամադրություն չունի, կըսեր գինի կբերեին իրա համար։ Հանդիսատեսը ինչ հասկանա որ, իրանք էլ էլի խմած կուգային  նայելու։ Կատակը մե կողմ, էնպես չէր, որ հարբեր, իրան կորցներ գը։ «01-99» կինոյի մեջ իսկականից գինի կխմեր, բայց սաղ մտածեն գը, որ դերն է ըդպես։

Տարբերվու՞մ էր գինովցած Ֆրունզիկը սթափ Ֆրունզիկից։

Երբ որ հարբած էր, Ֆրունզիկ էր, երբ սթափ էր՝ Մհեր։ Խնդալու է, բայց այեղ վախտը կռիվների մեջ կընկներ միշտ։ Մե անգամ նկարահանման կէղնին, մեկը կմոտենա, կըսե՝ պարոն Մկրտչյան, էնքան կսիրեմ Ձեզի, Դուք մեր ազգի ամենալավ դերասանն եք։ Ֆրունզը կջղայնանա, թե բա՝ ձեռ կառնիս ընձի, հոգնակիով հետս կխոսաս, քիթս քեզի համար հոգի է, հա՞։ Այսինքն՝ մտածել էր քթի համար ձեռ կառնի, դրա համար Դուք-ով կխոսա։ Բայց հետո հանդարտվել էր, լավ է, տրամադրություն չունիր, խեղճի վրա էր հերսը (զայրույթը) թափել։

Ֆիլմերից մեկում տեսարան կա, որտեղ նա երգում է։ Ընկերական շրջապատում երգու՞մ էր։

Նայած՝ տրամադրության։ 80-ականներին Ձախ Հարութի հետ գրազ եկավ, թե մարդիկ իրա երգածը ավելի կհավանեն։ Դե սաղ գիտեին, որ Ֆրունզը հենց էնպես գրազ եկող չէ, բանըմ մտածել է։ Մարդկանց հավաքել էր, ըսել էր՝ մեկըմ կա, կուզե ընձի փոխարինե, հիմի քվեարկեք՝ ե՞ս, թե ինքը, բնականաբար սաղ իրան էին ընտրել։ Հարութն էլ մտածել էր՝ իրան չեն ճանաչե, դրա համար է կրվե։ Տարել, պատիվ էր տվել տեղը տեղին, նոր ճիշտը ասել էր Ֆրունզը, հետո ժողովրդին էլ ըսեց, էդ օրը լավ երգցրել էին Ձախ Հարութին։ Իրիկունները թատրոնում հավաքվեինք գը շուտ-շուտ։

Ձեր երեկոյան հավաքույթներին շատե՞րն էին մասնակցում, ինչո՞ւ էիք հենց թատրոնում հավաքվում։

Որ կնանիք զանգեին գը, կսեին՝ թատրոնում ենք, էլ հարցեր չէին տա, մտածեին գը ներկայացման փորձեր կէնեն։ Մենակ գործի տեղ չէ, էն ժամանակվանից էլ մեզի համար բնակվելու վայր է համ էլ եղել։ Շատ չէինք էդքան, մեկ-մեկ վրացի, ռուսներ էլ կմասնակցեին։ Էնքան հետաքրքիր է՝ սաղ հարգեին գը Ֆրունզին։ Չէի ուզե ըսեի, բայց եղել է, որ թուրքի հետ էլ ենք նստել, հետո ինքը գնացել սաղին պատմել է, որ Ֆրունզին է տեսել, շփվել։ Անգամ թշնամի երկրում ճանաչեին գը իրան, հարգեին գը։ Արժանի էր։

Դուք երբևէ չե՞ք ցանկացել նրա հետ ներկայացման մեջ հանդես գալ։

Կար հնարավորություն, ռիսկ չէրի, բայց հետո փոշմանա։ Ինձ ըսեր գը՝ կարդա, քիչ-քիչ մեջդ արվեստի հանդեպ սեր կմտնի, էն էլ չէի կարդա, անկեղծ ըսած՝ կամաչեի իրանից։ Բայց հիմա թոռս կսովորե ստեղ, լավ է, առաջընթաց կա։ Իմիջիայլոց, գալու ժամն է, պիտի ճանապարհեմ տուն։ Երկար պատմեցի Ֆրունզի մասին, բայց սաղ ճիշտ եմ ըսել, ինչքան էլ պատմեմ, մեկ է՝ հետո բանըմ կհիշեմ, կուզեմ ավելացնեմ։

Ուզու՞մ եք հավաքել ձեր հիշողությունները մի տեղ, հետո կպատմեք, ինչ բաց եք թողել։

Հա, աղջիկ ջան, լավ կէղնի, լավ է՝ չես նկարե, վարսավիրիս հանդիպեմ, կարաս նկարես էլ։ Էս լրագրողները հենց մեր բարբառը լսեն գը, կհարցնեն՝ գյումրեցի՞ ես։ Լավ, որ էդ հարցը չտվիր, սաղ կսիրեն էդ շաբլոն հարցը։ Բայց առանց դրա էլ չի էղնի, տուր, որ հանգիստ խղճով էրթամ քնիմ։

Գյումրեցի՞ եք։

Հբը իսանը ուրտի՞ց կէղնի (ծիծաղում է)։ Հիմա հանգիստ կըրնամ քեզի ճամփեմ, բայց մեկ էլ անգամ պիտի մեռոնիցս փորձես, ձև չունիս։

(Երգում է) Մեր Լեննական, սիրո՜ւն քաղաք…

Լենա Վարդանյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս

Печать

Качество сайта согласно www.cys.ru

качество сайта frunzik.com

Мы на Контакте

Мы на ФЕЙСБУКЕ