Երբ Մոսկվայում էի, մեկ-մեկ առիթ էր լինում շփվելու սովետական կինոյի ու հեռուստատեսության վաստակավորների հետ։ Երբ պատահում էր՝ խոսքը գնում էր Ֆրունզիկի մասին, զարմանում էի, թե ինչ ակնածանքով են խոսում նրա մասին։ Տենց խոսում են երևի Ժան Գաբենի մասին, Լոուրենս Օլիվիեի մասին։
Ես միշտ համարել եմ, որ Ֆրունզիկը շատ հայկական ա, որ օտարներին հասկանալի լինի։ Բայց պարզվում ա, որ չէ՛, հասկանալի ա, համամարդկային ա։ Փաստորեն՝ ծիծաղն ազգություն չունի ու չափվում ա դրա մեջ արցունցի պարունակությամբ, ինչպես դառնությունն ա ընդգծում շոկոլադի քաղցրությունը։ Ուրեմն՝ բոլորը հասկանում են, որ իսկական հմայքը հունական դասական կիսադեմը չի, այլ քեզնից մի ժամ առաջ ընկած քիթը։
Քանի-քանի ռուս, ուկրաինացի, թաթար, անգլիացի, իսպանացի ա լեզուն ջարդելով փորձել ճիշտ արտասանել Ֆրունզիկի ազգանունը՝ արտասանական ապարատի անբնական ջղակծկումներով իրար հետևից արտաբերելով բոլոր բաղաձայները։ Որովհետև կարևոր են համարել արտասանել։ Որովհետև ուզեցել են իրանցը դարձնել դժվար արտասանելի օտար անունը, որը կրողը վաղուց հարազատ ա դարձել։ Ուրեմն՝ էն քիչը, որ նրանք հասցրել են տեսնել, նրանց համար բացահայտել ա Ֆրունզիկի էության մի մասը, ու դա բավական ա եղել, որ խոնարհվեն։ Բայց ինչե՜ր չեն տեսել նրանք...
Նրանք չեն տեսել դարբին Ֆրունզիկին, որ Մկրտիչների հոգին էր։ Նրանք չեն տեսել հարբեցող Ֆրունզիկին, որ թարսի պես մեքենայի տակ չէր ընկել։ Նրանք չեն տեսել ուրիշի ոչխարը մորթած մեծ երեխա Ֆրունզիկին։ Նրանք չեն լսել միմյանց չնկատող հարազատների անտարբերությունից թևաթափ բազմազավակ հոր մենախոսությունը։
Նրանք չեն լսել հայերեն փափազյանական Օթելլո արտասանող Ֆրունզիկին... ի՞նչ մեղք ես գործել, երկինքը հոտից իր քիթն է խցում, լուսինն՝ ամոթից երեսը գոցում, և լկտի քամին, որ հանդիպողին համբույր է տալիս, փախչում է հեռու՝ քարայրների մեջ, որ չտեսնե այդ: Ի՞նչ մեղք ես գործել... Կամ միգուցե տեսել են՝ թարգմանված, բայց չեն լսել, չեն հասկացել էն, ինչը մենակ հայերեն ա։
Նրանք չեն տեսել սև թուղթը ծամող Ֆրունզիկին, չեն զգացել դրա դառնությունն իրանց քիմքին, որովհետև էդ թղթի վրա գրված ա Լենինականի հասցե՝ Վահան Տերյան 66, որովհետև դա Հայաստանի չորրորդ տղու՝ Եղիշի սև թուղթն ա։ Իսկ միգուցե տեսե՞լ են, միգուցե զգացե՞լ են դառնությունը, չէ՞ որ Ռուսաստանն էլ որդի ունի, Էստոնիան էլ, Լեհաստանն էլ։ Ո՜վ գիտի։ Միգուցե խելագարվե՞լ են նրա հետ, կարդացե՞լ են աշխարհի վիշտը՝ իրականությունից կտրվող նրա աչքերում, ու կարծել են, թե էլ Ֆրունզիկ չկա, որովհետև անգամ տեսախցիկի առաջ խաղացած էդ տեսակ խելագար խելագարությունից հետ չեն գալիս։
Ի՜նչ մեծ բան ա կորցրել աշխարհը, որ չի տեսել էն դերերը, որ Ֆրունզիկը մենակ մեր համար ա խաղացել։ Ինչքա՜ն մեղք ա աշխարհը, որին անհասանելի ա Ֆրունզիկի հայերենը...
Հա՛, ինչի՞ էսօր հիշեցի Ֆրունզիկին։ Եսի՞մ։ Երբ հոգումդ ծանրություն ա, ուզում ես մի լուսավոր բան հիշես, որ գիշերը կարողանաս քնել։
Էս նկարը մի տեղ տեսա, գողացա։ Չգիտեմ՝ ում նկարն ա, բայց շատ լավն ա։ Երևի հեղինակային իրավունք եմ խախտում, բայց Ֆրունզիկի հեղինակային իրավունքը մերն ա՝ բոլորինս։
Հենրիկ Պիպոյան
Ֆեյսբուք 27-05-2024
Անմահություն ճանապարհվելուց ընդամենը մեկ շաբաթ առաջ հանդիպեցի ՎԱՐՊԵՏԻՆ և խնդրեցի վերհիշել իր ուրախ ու տխուր, հետաքրքրաշարժ ու զարմանահրաշ մանկությունը...
ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ «ԻՄ ԴԵՐԵՐԸ ԻՄ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԵՆ»
Ամեն անգամ, երբ հիշում եմ իմ մանկությունը, չգիտեմ ինչու, այն ներկայանում է ինձ հեծանիվ քշող տղայի տեսքով։ Գուցե նրանից է, որ մանկության տարիների միակ երազանքս հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցա։ Մեղավորը պատերազմն էր։ Երբ սկսվեց այն, հազիվ բոլորել էր իմ 11 տարին։ Մայրս` Աանամը, իր չորս որբերին հազիվ էր հասցնում կերակրել, ո՛ւր մնաց թե հեծանիվ գներ ինձ համար: Այսօրվա պես հիշում եմ․ ամբողջ մանկապարտեզում, ուր հաճախում էի, միայն մի աղջիկ ուներ տիկնիկ, այն էլ պատրաստված էր գիպսից, կոպիտ, հաստ ոտքերով։ Երբ մի անգամ, շատ խնդրելուց հետո, աղջիկն իր տիկնիկը տվեց ինձ` ձեռքիցս անզգուշորեն վայր ընկավ և կոտրվեց: Աղջիկն անդադար լաց էր լինում։ Ես շփոթվել, ինձ կորցրել էի, ողբերգություն էի ապրում։
Գուցե հենց ա՛յդ վայրկյանից էլ իմ մեջ ծնվեց այն մեծ սերը դեպի հասարակ, մանկական խաղալիքը, որ մինչև հիմա էլ ապրում է իմ մեջ։ Ես կարող եմ այսօր ամեն տեսակի խաղալիք նվիրել երեխային, բացի շարժվող, աշխատող խաղալիքից։ Ինչո՞ւ։ Պարզեմ միտքս։ Որովհետև ամեն անգամ վատ եմ զգում, երբ նվիրածս խաղալիքը փչանում է, և երեխան այլևս չի կարողանում խաղալ նրա հետ, զրկվում է այն հաճույքից, որ կարող էր պարգևել այդ խաղալիքը: Խաղալիքի հանդեպ ունեցած իմ պաշտամունքը, պետք է անկեղծորեն խոստովանեմ, այսօրվա երեխաների մոտ կորցրել է իր նախնական իմաստը: պատահած երեխայի, երե փորձենք որևէ խաղալիք նվիրել, ապա անպայման կջարդի կամ էլ կքանդի` տեսնելու մեջն ի՞նչ կա։ Իսկ դա, որքան էլ որ տարօրինակ թվա, ինձ համար մեծ ցավ է։ Ամեն անգամ, երբ հեռուներից վերադառնում եմ, ինձ հետ անպայման որևէ խաղալիք եմ տուն բերում։ Ճանապարհին ինքնաթիռի ուղևորները միշտ զարմանքով են նայում ինձ և թաքուն ծիծաղում, տեսնելով ինձ խաղալիքով հրճվելիս։ Պատահել է, որ տանն այս կամ այն խաղալիքը կորել է` մեծ աղմուկ եմ բարձրացրել, տունը տակնուվրա եմ արել, մինչև որ գտել եմ։ Երեխայի նման ափսոսում եմ լավ խաղալիքի կորուստը։ Երևի դա է պատճառը, որ մանկական աշխարհը շատ եմ սիրում, այն հարազատ է իմ հոգուն։ Երեխաների հետ կարող եմ ժամերով դիտել մուլտիպլիկացիոն կինոնկարներ և չձանձրանալ։ Զարմանալիորեն չեմ կարողանում պատկերացնել, որ կարելի է որևէ երեխայի չսիրել։ Իմ կարծիքով, մարդու մեջ դեռ փոքր հասակից են արմատավորվում ազնվությունն ու կարգապահությունը, անկեղծությունն ու ճշտախոսությունը։
Գրի առավ՝ Սարո Գյոդակյանը
"ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ"
19-2002 №12
Նոր ֆիլմեր և գրքեր Մհեր Մկրտչյանի մասին: Որքանո՞վ է հեշտ բացահայտել մարդու միտքը, ապրումներն ու արժեքները, երբ նա արդեն մեզ հետ չէ: Ինչպիսի՞ աղբյուրներ են նպաստել այս աշխատանքների իրագործման համար:
Որո՞նք են Մհեր Մկրտչյանին որպես անհատ և որպես արտիստ բնորոշող առանձնահատկությունները:
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք լրագրող, հասարակական գործիչ, Մհեր Մկրտչյանի մասին գրքերի և վավերագրական ֆիլմերի համահեղինակ, հայաստանյան և արտասահմանյան մամուլում արտիստի մասին տպագրված բազմաթիվ հոդվածների հեղինակ Շուշանիկ Սահակյանի հետ:
Նոր ֆիլմեր և գրքեր Մհեր Մկրտչյանի մասին:
Որքանո՞վ է հեշտ բագահայտել մարդու միտքը, ապրումներն ու արժեքները, երբ նա արդեն մեզ հետ չէ:
Ինչպիսի՞ աղբյուրներ են նպաստել այս աշխատանքների իրագործման համար:
Որո՞նք են Մհեր Մկրտչյանին որպես անհատ և որպես արտիստ բնորոշող առանձնահատկությունները:
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք լրագրող, Մհեր Մկրտչյանի մասին գրքերի և վավերագրական ֆիլմերի համահեղինակ, հայաստանյան և արտասահմանյան մամուլում արտիստի մասին տպագրված բազմաթիվ հոդվածների հեղինակ Շուշանիկ Սահակյանի հետ:
Շուշանիկ Սահակյանի հեղինակած գրքերը
Սիրելի ընկերներս, ահա ֆեյսբուքից իմ բացակայության առիթը: Հաճելի՛ առիթը: Նոր անդրադարձ իմ եւ ձեր սիրելի Արտիստի՝ ուրախ ու տխուր կյանքին:
...Քեզ հետ կապված, Արտիստ, ես այնքա՜ն բան ունեմ հիշելու: Հիշելու հպարտությամբ, որ հաճախ առիթներ եմ ունեցել հանդիպելու, զրուցելու քեզ հետ որպես մի «պնդերես» լրագրող: Սա քո ձևակերպումն է, Ախուրյանում ասացիր, երբ նկարահանումից հետո իմ հարցազրույցով «հարամ արեցի» քո մի բաժակ սուրճը: Հանդիմանությանդ հակադարձեցի Համո Սահյանի խոսքերով. «Շիրազի գրավոր խոսքը կա, մնում է նրա հյութեղ բանավոր խոսքը փրկել»: Սա նույնությամբ վերագրում եմ Ձեզ: Դե, հիմա Դուք մտածեք՝ արժե՞ զրուցել, թե՞ չէ»:
Զորեղ փաստարկ էր, ու դու ընդառաջեցիր ինձ, և քեզ հետ ունեցած այդ քիչ, այդ հազվադեպ զրույցները դարձել են իմ խոսակցության թեման, երբ պատեհ առիթներ են լինում՝ իմ միջավայրում խոսելու քո մասին:
...Ու հիմա վաստակի ծիրանին ուսած` դու մեզ ողջունում ես Երկնային թագավորության հեռուներից, ուր հայտնվեցիր ճակատագրիդ հարվածներին չդիմանալով` մի քիչ խռով, մի քիչ զարմացած, որ ընամենը 63 տարի վայելեցիր այս արեւի լույսը: Դրանք ճակատագրով քեզ բաժին հասածի ա՛յն մասն էին, որ դու երբևէ չբարձրաձայնեցիր` կրեցիր որպես քո բաժին խաչ, կրեցիր խաչուսյալի հավատարմությամբ ու լռությամբ: Դրանք դու քո մեջ պահեցիր ու մնացած ամեն-ամեն ինչը տվեցիր մեզ` «Վայելեք»:
Եվ մենք շարունակում ենք վայելել քո ներկայությունը... Երկրային կյանքին քո հրաժեշտից հետո էլ ամենօրյա է մեր կապվածությունը քեզ հետ: Քո ծիծաղի մեջ մեր ուրախությունն է, քո տխուր աչքերի մեջ` մեր թախիծը, մենք քեզանով թեթեւացնում ենք մեր ապրումները, քո մարմնավորած կերպարների մեջ տեսնում մեզ ու ինքներս մեզ ավելի լավ ճանաչում: Աշխարհը քեզ ճանաչեց ու սիրեց ու քեզանով մեզ ճանաչեց ու երանի է տալիս մեզ, որ այդպիսի արտիստ ունենք:
Բոլորս կարծում էինք, թե դու աշխարհիս ամենաերջանիկ մարդն ես` կոլեկտիվ թե անհատական ամեն հանդիպում քեզ հետ վերածվում էր տոնի: Եթե ծիծաղ էր` տեղը տեղին հումոր էր ու սրամիտ պատմություն, եթե լուրջ ասելիք էր` իմաստուն դատողությունների անսպառ հորդացում էր, որ խրատական էր, մտապահելի ու սերտելի: Այդ հանդիպումներում ցանկացած դահլիճի պատերը նեղ էին թվում մարդկանց, ովքեր իրենց սիրելի արտիստի լեցուն ու տարածուն ներկայության բերկրանքն էին ապրում: Այդպես էր` հարյուրավոր կինոնկարների ուրախ ու տխուր դերասանդ համայն ճանաչումի տեր էիր ու միշտ պահանջված Արտիստ, պահանջված զրուցակից, պահանջված ընկեր:
Հ.Գ. Քո արվեստի երկրպագուներից յուրաքանչյուրն իր մեջ ունի այս ներքին երկխոսությունը, որ նաև մտահոգություն է, թե Արտիստի կենդանության տարիներին, թող թույլ տրվի ասել, այնքան էլ սրտալի չեղանք նրա հանդեպ, այնինչ նրան պետք էր պահել այնպես, ինչպես սերն ենք պահում մեր սրտում:
Այս մի նոր գիրքը՝ քեզանով քո մասին, համարե՞մ քեզ սրտումս պահելու եւս մի միջոց: Դու դա ուզես, թե չուզես, հավանես, թե չհավանես, ա՛յս է, այսքանն է, այսչափ է՝ ընդամենը մի փշուր պատասխան է քո ծո՜վ տվածին:
Ֆեյսբուկյան էջից
25․04․2021