ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ. Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանում.

eritasard-am logoՄհեր Մկրտչյանի տուն-թանգարանում.
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 26-04-2017
http://www.erit.am/news/hy/75835


1 օր Ֆրունզիկի տանը

Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանը գտնվում է Գյումրիի Վարպետաց եւ Ռուսթավելի փողոցների հատման կետում: Այն հիմնադրվել է 2004 թվականին, իսկ բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 2006 թ. դեկտեմբերի 20-ին: Թանգարանը կառուցվել է Գյումրիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: 
Նրանք, ովքեր սիրում եւ գնահատում են դերասանի արվեստը,  կարող են այցելել թանգարան եւ ծանոթանալ մեծն դերասանի կյանքին: Դերասանի կյանքի մի շարք գաղտնիքներ ձեզ համար կբացվեն թանգարան մտնելուն պես: Նրա անձնական իրերն ու այլ ցուցանմուշներ ամեն բան պատմում են դերասանի եւ նրա ստեղծագործական գործունեության մասին:
Շենքի առաջին հարկում ցուցադրվում են դերասանի մասին եւ նրա մասնակցությամբ ֆիլմեր:
Ցուցադրված նմուշների շարքում կարելի է տեսնել բանալիների մի մեծ խուրձ, դրանք իրականում Ֆրունզիկինը չեն. պարզապես դերասանը յուրաքանչյուր հյուրանոցից իր սենյակի բանալին որպես հուշ իր հետ վերցնելու սովորություն է ունեցել:
Սրահի սյուներին դուք կարող եք տեսնել դերասանի ձեռքով նկարված նկարները: Ի դեպ, նա այցելել է նաեւ երաժշտական դպրոց: Դերասանի հայրը մեծ ցանկություն է ունեցել, որ Մհեր Մկրտչյանը կա՛մ երաժիշտ, կա՛մ  էլ նկարիչ դառնա, սակայն Ֆրունզիկն ընտրել է դերասանի մասնագիտությունը: Դժվար է ասել, թե որքանով է դերասան դառնալու որոշումը գոհացրել նրա հորը, սակայն մի բան հստակ է. թե՛ հայկական կինոն, թե՛ թատրոնը շահել են այդ որոշումից:
Թանգարանի երկրորդ հարկը բաղկացած է երեք բաժիններից` կինո, թատրոն եւ տուն:
Առաջին հայացքից այցելուները մեծ ուշադրությամբ մոտենում են այն զգեստներին, որոնք ցուցադրված են ցուցասրահում: «01-99» ֆիլմի Գարսեւանին, «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի հովիվ Իշխանի, «Զինվորն ու փիղը» ֆիլմի Արմենակի, «Հին օրերի երգը» ֆիլմի Նիկոլի, «Մեր մանկության տանգոն» ֆիլմի Ռուբենի եւ այլոց կերպարները մարմնավորած դերասանի զգեստներն այցելուներին դերասանի ներկայությունը եւս մեկ անգամ զգալու ու նրա անմիջական խաղը վերհիշելու հնարավորություն են տալիս:
Ասում են` թանգարան հաճախ են հյուրեր գալիս արտերկրից. «Մի անգամ երկու ինտիլիգենտ մարդիկ եկան Կիպրոսից: Մենք դեռ չէինք հասցրել նրանց ինչ-որ բան պատմել դերասանի մասին, եւ ահա նրանք մեկը մյուսի հետեւից սկսեցին համբուրել ցուցադրված նմուշները: Եվ առհասարակ զբոսաշրջիկները հաճախ են գալիս թանգարան. կարծես նրանք ամեն բան գիտեն Ֆրունզիկի մասին»,- ասում է  թանգարանի տնօրեն:
«01-99»-ի տակառիկը, իր տեղն այդպես էլ չգտած «կամոդը»,  «Նվագախմբի տղաները» ֆիլմի Դմբուզ Արսենի անբաժան երաժշտական գործիքը նույնպես թանգարանի ցուցանմուշների շարքում են:
Դերասանի մահճակալի կողքին կախված է մի փոքրիկ խաղալիք    ` նման ծաղրածուի. այն անձամբ պատրաստել է դերասանը՝ նրա մեջ դնելով իր երկրորդ ես-ը: Իսկ ահա մահճակալի մյուս կողմում կտեսնեք փայտից պատրաստված փղիկ: Թանգարանի աշխատակիցները նշում են՝ դերասանն անսահման շատ է սիրել փղերին: Ֆրունզիկի չսիրած կենդանին էլ կենգուրուն է եղել: Երբ նրան հարցրել են, թե ինչու չի սիրում այդ կենդանուն, դերասանը պատասխանել է. «Նա սեփական կաշին փրկելու համար նախ պետք է հրաժարվի սեփական ձագից, ադոր համար էլ չեմ սիրում»: 
Քչերը երեւի թե գիտեն, որ դերասանը շատ ծանր  վիրահատության հետեւանքով կլինիկական մահ է ապրել, ինչի արդյունքում տեսել է իր հուղարկավորությունը. կլինիկական մահից հետո դերասանն ասում էր, որ իր մահվան օրը, երբ իրեն դուրս կհանեն փողոց, մի կին ալյուրոտ ձեռքերով դուրս կվազի տնից, եւ նրա աչքերում կլինեն այն սերն ու վերաբերմունքը, որ ունի ողջ ժողովուրդն իր հանդեպ: «Իրոք, երբ հետագայում մենք նայում էինք տեսագրությունը, մի կին ալյուրոտ ձեռքերով դուրս է վազում, եւ նրա դեմքին այն ցավն է, որ ժողովուրդը զգում էր»,- փաստում է  թանգարանի աշխատակիցը:
Թանգարանի ամեն անկյունում Ֆրունզն է: Նա այն արվեստագետն էր, որ համատեղել էր դերասանի ամենակարեւոր առանձնահատկությունները, ողբերգակի մեծ շնորհն ու կատակերգուի անսպառ հումորը, նա բեմում եւ կինոյում փայլեց իր անսահման տաղանդով եւ հեռացավ՝ իր ուրույն ձեռագիրը թողնելով հայ կինոյի եւ թատրոնի պատմության էջերում:

eritasard-am logoՆութը և լուսանկարները՝ Մարիա Հովունու
Տեղադրվել է 26-04-2017
http://www.eritasard.am/news/hy/75834

Free Joomla Lightbox Gallery

Печать