Ֆրունզիկ Մկրտչյանի 95-ամյակին ընդառաջ. " Իմ Ֆրունզիկը (հատված) "

Ֆրունզիկ Մկրտչյան...Դու խորին ակնածանքով էիր վերաբերում քո հանդիսատեսին և ամենայն պատասխանատվությամբ ու բծախնդրությամբ կերտում կերպարներդ: Իսկ դերասանի վարպետությունը համարում էիր յուրաքանչյուր հանդիսատեսի համար առանձին խաղալն ու նրա արձագանքին ականջալուր լինելը: Այդպես էին ստեղծվում քո սքանչելի, քո անկրկնելի կերպարները, բեմարվեստի ճշմարիտ արժեքները, որոնք անտարբեր չէին թողնում նաև օտար հանդիսատեսին: Օտար ռեժիսորները քեզ հրավիրում էին որպես ազգային հետաքրքիր տեսակ, ազգային հետաքրքիր խարակտեր, ջերմ խարակտեր: Դու ինքնատիպ էիր` առեղծվածային, անկանխատեսելի ու անվերծանելի: Երբևէ չես ձգտել նմանվել ուրիշին և հաճախ էիր կրկնում` «Որքան ազգային ես, այնքան պահանջված ես` նատուրալ, ճիշտ, նուրբ, գեղեցիկ և ճաշակով մարդ, բայց օրիգինալ իր ամեն ինչով, որ նման չէ ոչ մեկին, իսկ որ ոչ մեկին նման չէ` արդեն շատ հետաքրքիր է»: Ա՛յս մտայնությունը, ա՛յս խնդիրներն են մշտապես ուղեկից եղել քեզ:
Դու արտասահմանում խաղում էիր միլիոնատերերի համար, և նույն կերպ խաղում էիր գյուղական հասարակ բնակչության համար: Հանդիսատեսը քեզ համար հավաքական մի կերպար էր, ում համար ջանում էիր լինել հետաքրքիր, այնպես անել, որ մարդը կարողանա լսել քեզ, իսկ դրա համար վարպետություն էր պետք: Դու գիտեիր, դու հասկանում էիր, թե որն էր հանդիսատեսին պահելու, նրան գրավելու գաղտնիքը` վարակելու ընդունակությունն է, կարողանալ վարակել: Երբեմն նկատում էիր. «Ես օր կտխրեմ` իրենք գուլան: Ես օր կծիծաղեմ` իրենք կուշաթափվին»: Արտիստի ու հանդիսատեսի այսպիսի կապվածություն հազվադեպ է լինում, երբ իրար հաղորդվելով` երկուստեք միատեղվում, միակամվում են, երկուսն էլ նույնն են դառնում: Ի՜նչ գեղեցիկ զգացողություն:

Շուշանիկ ՍԱՀԱԿՅԱՆ
FB 26.06.2025

ՖՐՈՒՆԶԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ 95-ամյակին ընդառաջ։ ԺՊԻՏ ՈՒ ԹԱԽԻԾ:

frunzik86․․․Վաղ հասակում, սիրելի Ֆրունզիկ, երբ դեռ Լենինականում կինոմեխանիկի աշակերտ էիր, հաճախ քեզ փոքրիկ դերեր էին վստահում Նիկոլի ղեկավարած ինքնագործ թատերախմբում: Հետագայում սիրով էիր հիշում այդ տարիները. «Ափսոս չէ՞ր՝ ոչ դրամատուրգ կար, ո՛չ ռեժիսոր կար, ո՛չ դերասան կար…, մենք էինք, ժողովրդո՛վ: Մենք էինք հնարում պիեսը, մի բան, որ Թատերական ինստիտուտը չունի այդպիսի առարկա: Ա՜յ քեզ բան, չունի իմպրովիզացիա, որով ապրում է հանդիսատեսը, որով ապրում է դերասանը, որով ապրում է ռեժիսորը: Վեց տարի ես ապրում էի դրանով, մենք երգեինք պիտի, մենք պիտի պարեինք, թե չէ Սվասյանը կծեծեր մեզ»:
Նիկոլի ակումբում, որը թատրոնի աշխարհ տանող ճանապարհն էր քեզ համար հարթելու խաղացիր դերեր, դերե՜ր հանպատրաստից, օրվա ընթացքում սովորելով ու երեկոյան ներկայացնելով: Ի՜նչ խելագար աշխարհ էր, խաղում էիք ի՜նչ ասես…
Այդպես մինչև այն պահը, երբ երանելի Ժան էլոյանն իր բարի ձեռքը հովանի արեց քեզ ու տարավ թատրոն: Եկար ու սկսեցիր լուրջ բաներ լսել, ապշելու բաներ լսել ու հասկացար, որ գործ ունես մարդու հետ, գործ ունես բնության հետ, գործ ունես մարդկանց էմոցիաների հետ և դա մի կախարդական աշխարհ է՝ տիեզերքի պես անվերծանելի: Դու երբեմն ասում էիր՝ «Զարմանալի բան է, այդ ի՞նչ ուժ է, որ բեմից գնո՜ւմ, անտեսանելի, անբռնելի, գնում այնտեղ ջուր է առաջացնում մարդու աչքերի մեջ՝ արցո՜ւնք: Այդ ի՞նչ ուժ է, որ ատամներն է բացում և հոգու մեջ մի բան կատարվում է»: Թատրոնում դու հանդիպեցիր փայլուն դերասանների՝ Ցոլակ Ամերիկյան, Լևոն Զոհրաբյան, Արտավազդ Փաշայան, Արծրունի Հարությունյան, Ռշտունի, Հայկասար, Փալվարձունի, տեսար Վարդան Աճեմյանի «Մեծապատիվ մուրացկաններ»-ն ու «Արա Գեղեցիկ»-ը, ա՜յ քեզ բախտ:
Ժամանակի ընթացքում հասկացար, որ այսպիսի մի ճանապարհ կա, որով դու առաջնորդվում ես: Դերի պատրաստման առաջին շրջանի քո բանալին սա էր. «Դերը որ ստանում եմ, կարդում եմ սցենարը: Կռիվ, ահավոր կռիվ է սկսվում` հակառակվելու, ինքս ինձ հետ կռիվ եմ տալիս, կարո՞ղ եմ, թե՝ ոչ։ Հետո կռիվ է սկսվում հեղինակի հետ, դրանից միշտ մի բան ծնվում է: Հակառակվելն այն բանալին է, որտեղ եթե փնտրես՝ նոր բաներ կգտնես, դրանից սկսում է երևակայությունդ աշխատել, նկատում ես շուրջդ, սա էլ է օգնում: Հետո ռեժիսորի հետ եմ կռվում` թե այս կտորն այսպես արա . - չէ՜, չէ՜, չէ՜: Բայց հետո ընդունում, համաձայնում են: Այդպես պատահել է Գեորգի Դանելիայի և Հենրիկ Մալյանի հետ աշխատելիս: Ինձ հետ կռվից հետո, հլը չեմ խաղացել է՜, արդեն սիրում եմ սցենարը, պատրաստ եմ, էպիզոդ չկա, որ չսիրեմ, արդեն հոգուս մոտ է կերպարը: Առանց ծայրից-ծայր սիրելու հնարավոր չէ խաղալ, որ սիրելով սպասեմ` թե գնամ խաղա՜մ, վա՜յ, էս կտորս է, հիմա էս կտորս է: Այսինքն՝ քո հնարավորությունները լրիվ դրսևորում ես՝ սիրելով: Իմ ուզածի պես է, երեխայիս հագցրել եմ իմ ճաշակով, իմ ուզածով, արդեն ես կարող եմ նրան դուրս տանել, կարող եմ մարդկանց ցույց տալ, արդեն սիրում եմ երեխայիս, հաշտվել եմ հետը: Ռեժիսորին սիրում եմ, որովհետև ռեժիսորի մտահղացումների հետ կռվել եմ և միասին արել ենք այդ գործը: Եվ, երբ արդեն ընտելացել եմ միջավայրին ու անցնում եմ ստեղծագործելուն, այսինքն՝ խաղալուն, սկսվում է սիրո բացատրությունը, կերպարին սեր եմ բացատրում: Ինքը գնում է, ասում եմ՝ գալիս եմ քեզ հետ, ինքը տանում է, սիրով գնում եմ հետը, սիրում եմ կերպարի արած ամեն ինչը, սիրում եմ իրեն նայելը, սիրում եմ իրեն զգալը: Ընդհանրապես, երբ որ դերասանը խաղում է` անսահման սիրում է իրեն այդ պահին, սիրում է ոչ թե կողքից, այլ երկուսով սիրում են իրար, իսկ երբ երկուսով սիրում են իրար` չտեսնված հաճելի բան է ստացվում, սիրտս խտուտ է գալիս, որովհետև կերպարից մի սիրուն ջերմություն է գալիս»:

Շ. ՍԱՀԱԿՅԱՆ
FB 16.06.2025
Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյան * Frunzik (Mher) Mkrtchyan ...Սիրելի Արտիստ, դու խորապես գիտակցում էիր դերասանի երկվությունը, քո տրագիկոմիկական դիմակը ծնունդ էր առել մարդկային կեցության երկու բևեռներից, որպիսիք թախիծը և զավեշտականն են, և դու քո խաղով ընդգրկում էիր կյանքի բոլոր կողմերը միաժամանակ: Քեզ երբեմն անվանում էին «տխուր աչքերով կատակերգու»: Լինի ողբերգություն, թե կատակերգություն՝ երկու դեպքում էլ կերպարներդ ստացվում էին համոզիչ, տիպական, հյութեղ ու կատարյալ, որոնք քեզ բերեցին համամարդկային ճանաչում և համաժողովրդական սեր․ «Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել»։
Քո ստեղծագործության ակունքը ճանաչողությունն է, իսկ հաջողությանդ բանալին` սեփական խառնվածքիդ առանձնահատկություններից շռայլորեն օգտվելու շնորհդ: Մեծ արվեստն անթարգմանելի է, առեղծվածային, անվերծանելի։ Աներկբա է միայն, որ դրամատիկական արվեստում առկա ու նաև քո գտած կատակերգական և ողբերգական արտահայտչամիջոցներից դու խմորեցիր բոլորովին նոր, մինչ այդ չտեսնված մի բան: Արվեստի այդ մեծագույն գյուտը հենց քո բնախոսությունն է, արտիստական ինքնաճանաչողությունդ ու դերասանի բնատուր կարողություններդ: Շարունակ ջանացել ես բացահայտել քո մարմնի, քո հոգու մեջ եղած, դեռ չուսումնասիրված տեղերը՝ քեզ լավ իմանաս, ավելին, կարողանաս քեզ տեսնել բեմում: Բա հուզմունքնե՜րը: Ի՜նչ էր կատարվում, երբ դու հուզվում էիր: Դու բեմում դա էլ էիր տեսնում` քեզ՝ հուզված ժամանակ, անմիջապես տեսնում էիր քո ճմրթվելը և փորձում ներքուստ շփվել այն իրողության հետ, ինչ տեղի էր ունենում հուզմունքիդ պահին. «...«Հին օրերի երգը« ֆիլմում, էն տեսարանը, որ սև թուղթը պիտի ուտեի` ես իրոք հուզված էի: Ազատ եմ թողել, որովհետև ժամանակին ստուգել եմ, թե ինչ է կատարվում դեմքիս հետ»:
Դու միշտ պահանջված արտիստ էիր, պահանջված զրուցակից, պահանջված ընկեր: Քեզ ընդունում, սիրում, գնահատում էին ռեժիսորները, և դու էիր սիրում աշխատել դերասան սիրող ռեժիսորների հետ:«Դերասան սիրող ռեժիսորներ կան, ովքեր զգում են, որ նուրբ մեխանիզմ է դերասանը, կքանդվի տեղն ու տեղը, կխռովի, ոնց որ երեխա լինի, գիտե՞ք, ապշելու բան է, որովհետև զգացմունք պիտի տա, հանկարծ կարող է խռովել ու չտալ էդ զգացմունքը: Ու չստացվի այնպես, որ ինքդ կարող ես դերասանի մեջը իր գացմունքները, բաները մեռցնել, ընդհակառակը այնպես պիտի անես որ արթնացնես: Մտածում եմ, թե ո՞ւմ հետ եմ ստեղծագործելու, Վարդան Աճեմյանը չկա, հիմա ես ի՞նչ պիտի անեմ: Վահրամ Փափազյանը մի հոյակապ բան է ասել իմ մասին․ «Այս մանչուն հետ մեկը պետք է, միշտ մեկը պետք է, համախոհ պետք է,» ինչպես թատրոնում եղավ Վարդան Աճեմյանը և կինոյում եղավ Հենրիկ Մալյանը:

Շ. ՍԱՀԱԿՅԱՆ
FB 17.06.2025
frunzik backstage khatabala...Հիշելու, պատմելու շատ բան կա, սակայն այսօր վերհիշենք միայն շատ տարիներ առաջ պատահած մի դեպք, որը բախտորոշ եղավ Ֆրունզիկ անունով այն փոքրիկի համար.
«Հուշերը բազմաթիվ են: Բոլորն էլ թանկ ու հարազատ իմ հոգուն: Բոլորի մեջ էլ պահպանվում է իմ կորած մանկությունից մի թանկարժեք մասունք, ահա դրանցից մեկը. «Ես կինոմեխանիկի օգնական էի: Ակումբի ինքնագործ խումբը ներկայացնում էր «Նամուսը»: Ծառայի փոքրիկ դերակատարն այդ օրը հիվանդացել էր, և ես պետք է փրկեի դրությունը: Լուրջ, դրամատիկ ու լարված գործողության ընթացքում պետք է ներս մտնեի փլավով լի ափսեն ձեռքիս: Ես շատ զարմացա, երբ իմ հայտնվելը համընդհանուր ծիծաղ առաջացրեց: Հիշում եմ, շատ էի վիրավորվել: Այսպես սկսվեց իմ թատերական կյանքը, այսպես ես առաջին անգամ ծիծաղեցրի հանդիսատեսին: Իհարկե, ես այդ ժամանակ չէի էլ մտածում` գեղեցի՞կ է արդյոք իմ արտաքինը, թե` ոչ: Ես արդեն որոշել էի դերասան դառնալ և վերջ»:

Շ. ՍԱՀԱԿՅԱՆ
FB 18.06.2025

                frunzik bakhdasar akhpar«Ես լռեցի անգլերեն»

․..Արդեն ճանաչված դերասան էիր, և զարմացնում ու հիացնում էիր քո գրագետ, հնարանքներով լեցուն խաղով, առիթ եղավ Պաղտասար աղբար խաղալու: Հրաչյա Ներսիսյանից հետո Վարդան Աճեմյանն այդ դժվարին, բայց հիանալի դերը քեզ վստահեց: Աճեմյանի վստահությունը ոգևորել էր քեզ, սակայն աչքերիդ առաջ շարունակ այն հանդիսատեսն էր, որը նույն դերում Հրաչյայի խաղն էր վայելել, և բեմի այդ հսկա կաղնին հանդիսատեսի հիշողության մեջ դեռևս կանգուն էր: Առաջին օրը զարհուրելի էր: Ցրված էիր… շատ կենտրոնացած լինելուց: Ոչ մեկին չէիր նկատում: Խելագարի պես էիր: Չէիր հիշում, թե ինչպես բեմ ընկար և ամբողջ ներկայացման ընթացքում երազի մեջ էիր, միայն մի բան էիր խնդրում դահլիճից. «Ի սեր Աստծո, ներեցեք ինձ, իմացեք, որ կարող եմ, կարող եմ, բայց այսօր ներեցեք…»: Դահլիճը քեզ ներելու խնդիր չուներ. դահլիճը թնդաց ծափահարություններից: Դա քո մեծ, շա՛տ մեծ հաղթանակն էր: Դու լավ ճանաչեցիր Պաղտասարին, ու նա քեզանից մի տեսակ անբաժան մնաց, դարձավ քո բոլոր հյուրախաղերի մշտական ուղեկիցը: Նկատելի շատ արձագանքներ եղան բոլոր այն երկրների մամուլում, ուր այդ ներկայացմամբ հյուրախաղերի եղար` ամեն անգամ մի նոր երանգ տալով քո խաղին. «Դերասանը պիտի ունենա մի դեր, իր խաղացած հազարների մեջ, որը լինի իր օթևանը»: Պաղտասարը եղավ քո օթևանը: Լրատվամիջոցները հատկապես զարմանքով էին անդրադառնում Պաղտասարի լռության տեսարանին, երբ դու լռում էիր երեք րոպե, իսկ դահլիճում շշուկ անգամ չկար, շարժում չկար, բոլորը լուռ նայում էին: Մեծ ասելիք կար քո լռության մեջ, շատերն անկարող էին խոսքով արտահայտել այն, ինչ դու փոխանցում էիր հանդիսատեսին քո լռությամբ: Այդքա՞ն էլ խոսուն լռություն: Օտար հանդիսատեսի առաջ խաղալիս էլ նույնիսկ թարգմանչի կարիք չէր զգացվում` քեզ հրաշալի հասկանում էր նաև տարբեր լեզուներով հաղորդակցվող և շատ խստապահաջ հանդիսատեսը: Մի անգամ Լոս Անջելեսի 1600 տեղանոց դահլիճում Պաղտասարի խելագարության տեսարանից հետո, երբ բեմում մենակ էիր` երեք րոպե մնացիր լուռ, նայեցիր ժողովրդին, մտորեցիր, թե էս ինչ աշխարհ է, աչքերիցդ արցունք գնաց, հետո սկսեցիր մատներիդ հետ խաղալ` երկա՜ր, երկար: Դահլիճում քար լռություն էր, լաց ես լինում` լաց են լինում... Հետո վերջում կամաց ժպտացիր` բոլորը թեթև ժպտացին, մի քիչ ավել` բոլորն աշխուժացան, ու վերջացավ ծափահարություններով: Ներկայացումից հետո, կուլիսներում Լոս Անջելեսի արտիստական թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռիչարդ Բելլին մոտեցավ, թարգմանչի միջոցով ասաց. «Դուք ինչպե՞ս լռեցիք երեք րոպե, որ ես հասկացա»: Դու ասացիր. «Ես լռեցի անգլերեն»: Էս հումորն ինքը շատ հավանեց, գրկեց քեզ ու ասաց. «Ես էլ հասկացա հայերեն»:

Շ. ՍԱՀԱԿՅԱՆ
FB 20.06.2025


Բարի Լույս/Bari Luys/ 30-06-2025



Печать

ՖՐՈՒՆԶԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ 95-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Մհեր Մկրտչյան...Մեծ ջանքերի գնով էին ստեղծվում Մհեր Մկրտչյանի սքանչելի, անկրկնելի կերպարները՝ բեմարվեստի ճշմարիտ արժեքները, որոնք անտարբեր չէին թողնում նաև օտար հանդիսատեսին: Օտար ռեժիսորները նրան հրավիրում էին որպես ազգային հետաքրքիր տեսակ, ազգային հետաքրքիր խարակտեր, ջերմ խարակտեր: Նա ինքնատիպ էր, առեղծվածային, անկանխատեսելի, ինքնաբուխ ու անվերծանելի: Վստահ էր, որ. «...ինքնաճանաչողության պրոցեսն է բերում կատարելության, ինքնաճանաչողությամբ են դառնում մեծ բանաստեղծ, ինքնաճանաչողությամբ` մեծ ղեկավար, ինքնաճանաչողությամբ` մեծ արվեստագետ: Աստված ո՛չ արասցե, երբ մարդ, չիմանալով իր ուժերը, ավելին է տեսնում իրեն, կամ իր միջոցները չգնահատելով` ուրիշից է վերցնում: Եվ այս ամենով հանդերձ` դարձյալ ու դարձյալ մնալ ազգային»:
Մհեր Մկրտչյանը երբևէ չնմանվեց ուրիշի և հաճախ էր կրկնում. «Որքան ազգային ես, այնքան պահանջված ես` նատուրալ, ճիշտ, նուրբ, գեղեցիկ և ճաշակով մարդ, բայց օրիգինալ իր ամեն ինչով, որ նման չէ ոչ մեկի: Իսկ երբ ոչ մեկի նման չես` արդեն շատ հետաքրքիր է»: Ա՛յս մտայնությունը, ա՛յս խնդիրներն են մշտապես ուղեկցել նրան:

Շ. ՍԱՀԱԿՅԱՆ
FB   29.06.2025

ՖՐՈՒՆԶԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ 95-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ. " ԼՈՒՍԱՎՈՐ ԿԵՐՊԱՐ (հատված)"

Մհեր ՄկրտչյանՄանկության օրերիդ դժվարություններ շատ էիր տեսել, ու քո հանդեպ մարդկանց անուշադրությունը ճնշում էր քեզ. «...մեկին սիրում էին, ինձ չէին սիրում, հարևանի երեխային գրկում, փաղաքշում էին` «ի՜նչ լավ բալիկ է», ասում էին, բայց ինձ չէին ասում»: Գուցե դա ստիպեց, որ միտքդ լավ աշխատի, թե ինչպես անես, որ դու էլ հետաքրքիր լինես, որ քեզ էլ լավ բաներ ասեն, քեզ էլ փաղաքշեն:
Հետո աշխատեցիր Լենինականի Տեքստիլ կոմբինատում, որտեղ ջանում էիր լինել ուշադրության կենտրոնում: Միամիտ էիր և ինչպես դու ես ասում, սխալ բաներ էիր անում, ու էդ սխալվելդ էլ արդեն ծիծաղելի էր: Տարիներ անց, իսկական արվեստին հաղորդվելով` պիտի խոստովանեիր, որ անտեղի ծիծաղեցնելը վատ բան է, ոչինչ է, ժամանակի անիմաստ կորուստ: Հաճախ էիր վրդովմունքդ բարձրաձայնում, թե ինչու դպրոցում չեն դասավանդում «պրոֆեսիա» առարկան, որպեսզի վաղ հասակում արդեն երեխան պատկերացնի իր ապագա մասնագիտությունը, և փաստում, որ եթե քաղսովետը տեքստիլագործների ակումբը չկառուցեր ձեր տան հարևանությամբ, գուցե ակումբ գնալու առիթներ չունենայիր, և բոլորովին այլ մասնագիտություն ընտրեիր: Բայց, բարեբախտաբար, դու էնտեղ էիր վազում, ուրիշ տեղ չունեիր գնալու: Հաճախ թատրոնի պատուհանի տակ կանգնած երկա՜ր-երկար լսում էիր, թե ինչ են խոսում հյուրախաղերի եկած դերասանները: Դերասանների հետ շփումները քեզ դուր եկան ու աննկատ, բայց հաստատուն քայլերով աստիճանաբար խորասուզվեցիր կախարդական այն աշխարհը, որը կինոյի ու թատրոնի ճանապարհն էր քեզ համար հարթելու և որ տիեզերքի պես անհասանելի ու անվերծանելի էր թվում քեզ` այդ պահին ունենալով բնատուր շնորհների անսպառ պաշար և մեծ, շատ մեծ հետաքրքրություն` այդ տարօրինակ, այդ հրապուրիչ աշխարհի մասին:
Լենինականում, Նիկոլի ակումբում, դու խաղացիր դերե՜ր, դերեր հանպատրաստից` օրվա ընթացքում սովորելով ու երեկոյան ներկայացնելով: Հաճախ ինքներդ էիք հորինում տեքստը: Ի՜նչ հրաշալի ժամանակներ էին` խաղում էիք` ինչ պատահի:

Շ. ՍԱՀԱԿՅԱՆ
FB   29.06.2025

ՖՐՈՒՆԶԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ 95-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ " ԻՐ ԹԱՏՐՈՆԸ (հատված) "

Ֆրունզիկ Մկրտչյան «Պաղտասար աղբար»...Պաղտասար աղբարի երևանյան մի ներկայացումից առաջ ետնաբեմում միջադեպ էր տեղի ունեցել, որից ազդված` բեմ մտար վիրավորված ու այլայլված: Այդ օրը դու ներկայացրիր քո լավագույն Պաղտասարը` միաժամանակ խաղալով երեք ներկայացում. մեկը խաղացիր կուլիսներում խմբվածների համար, մյուսը` հանդիսատեսի, իսկ երրորդը դու քեզ համար խաղացիր: Եզակի տաղանդ ու հնարամտություն, միաժամանակ բոլորին տեսնող խորաթափանց հայացք ու ամենքի արձագանքն ընկալելու բացառիկ ունակություն, ասելիքդ հանդիսատեսի էության մեջ մխրճելու զարմանալի ուժ, անսահման հմայք ու բեմական բարձր վարպետություն: Սրանք էին քո հաջողության առհավատչյաները, որոնք, ավաղ, շատերի սրտով չէին: Բայց դու դա էլ էիր օրինաչափ համարում` հասկանալով, որ միջակները շատ են մեզանում, և շարունակ կատարելագործում էիր կերպարներդ` ամեն անգամ նորովի ներկայանալով քո հանդիսատեսին: Դու քո գործն էիր անում` համոզմունք ունենալով, թե աշխարհում ամեն վատ բան գալիս է արժանապատվության պակասից: Ցավով էիր նկատում, թե՝ «Աճեմյանից հետո բեմի և հանդիսատեսի կապը մի տեսակ խցանվեց: Միջնորդը դերասանն էր, բայց նա ռեժիսորի սիրելին չդարձավ, իսկ դա սարսափելի է: Այսօր ռեժիսորն իր հնարքներով և էֆեկտներով է առաջնորդվում, բեմը պտտվում է, դերասանը մթան մեջ է, մեջքին` լույսի բլիթ, ո՛չ աչքերը կան, ո՛չ արցունքը: Դերասանը այլևս չի խաղում: Չկա սցենար, չկա դրամատուրգիա, չկա ռեժիսուրա, այսօրվա ռեժիսուրան, իբր թե, պայմանականի արվեստն է: Փոխվել են արվեստի չափանիշները, ազատություն է, որից օգտվում են միջակությունները: Աստիճանաբար սև մուրը, անկենդան կավը ծանր չոքեց նաև թատրոնի վրա և, որքան էլ ցավալի է, իսկական դերասանը մղվեց հետին պլան: Փոխարենը սկսվեց կոչումնավազքը, աթոռակռիվը, հաստիքակռիվը, ծանոթ-բարեկամին առաջ մղելու տենդը: Թատրոնում տեր ու տնօրեն դարձավ թատրոնից հեռու վերադասը: Այս պայմաններում գլուխ բարձրացրեց միջակությունը, արհամարհվեցին հանդիսատեսի ճաշակն ու պահանջը, արհամարհվեցին երիտասարդները: Եվ եթե նրանցից մեկը իր տաղանդի ուժով փորձում էր առաջ պոկվել հաստատուն, միապաղաղ ռիթմով թռչող երամից՝ միանգամից կապում էին թևերը: Իր երբեմնի ամուր դիրքերից նահանջեց հայ թատրոնը: Ու՞ր կորան աճեմյանական բարի ավանդույթները… Թատրոնի տեսակի մասին է խոսքը: Հիմա արդեն էս մի 20 տարում ես տեսնում եմ, որ ռեժիսորական արվեստ կոչվածն արդեն դերասանական արվեստի է՜ն գեղեցիկ հմայքը, իմաստը կորցնում է, ավելորդ էֆեկտների մեջ դերասանը մի տեսակ դառնում է ուղղակի ատրիբուտ: Ա՛յ սրանց մասին եմ ես հիմա շատ մտածում: Լուրջ բաներ են սրանք, hարկավոր է ինչ-որ բան անել, ինչ-որ բան ձեռնարկել, վերականգնել աճեմյանական ավանդույթները»:
Քո ցանկությունները, քո ասելիքները իրականացնելու համար էիր խառնվում այդ դժվար գործին, շատ դժվար պրոֆեսիային, որ կոչվում է ռեժիսուրա: Արվեստանոց էիր ուզում բացել, որտեղ իրենց թարգմանեն իսկական արվեստագետները, այլ ոչ թե դառնան Մհեր Մկրտչյաններ: Այնպիսի արվեստանոց էիր ուզում ունենալ, որի շրջանավարտները կարողանան զարդարել ամեն մի թատրոն, այլ ոչ թե զարդարվեն որևէ մի թատրոնով:
Բազում ֆիլմերի դերասանդ, որ համընդհանուր ճանաչումի հասար հենց ա՛յդ ֆիլմերով՝ դարձյալ գերադասեցիր բեմը, թատրոնը. «Թատրոնի մի դերը չեմ փոխի կինոյի հազար դերի հետ: Թատրոնը աղոթքի տեղ է, ծես է, ամենօրյա սխրանք, սրբություն է, թև է, թռիչք։ Թատրոնը քուրմերի իսկական տաճար է, որտեղ ծես է կատարվում, արարողություն է կատարվում, Աստծո հետ, տաղանդի, մուսայի հետ շփում է կատարվում: Իմ դերասանական խողովակը լիքն է, ասելիք շատ ունեմ, իսկ դա միայն դերասանությամբ չեմ կարող ասել, և այնպես չէ, որ ես բացատրեմ՝ գան ինձ բեմադրեն: Ես ինքս կանեմ, ես հանգիստ կանեմ՝ Սիրանոն էլ, Օթելլոն էլ, մյուսն էլ, մյուսն էլ»:
Երազանքներիդ բարձրակետը «Օթելլո»-ն էր: Դա էր քո երազած այն ամբողջական, կատարյալ դերը, որից մի մաս, մի գիծ, մի հատկանիշ ունեիր քո խաղացած ամեն հերոսի մեջ: Դու ուզում էիր հավաքել, խտացնել, ամբողջացնել այդ բոլոր կերպարների բոլոր գծերն, ու կերտել քո ա՜յն երազած դերը, քո կատարյալ կերպարը: Քո Օթելլոն լինելու էր ինքնատիպ, ոչ նման տեսածդ բոլոր մավրերին, նա կլիներ վայրենի, մաքու՜ր, մաքուր, անաղարտ և շատ մենակ: Դու հաճախ էիր մտքիդ մեջ խաղում այն տեսարանը, երբ արդեն խեղդել ես Դեզդեմոնային ու մռնչում ես անհույս ու մենակ, ոռնում բանտարկված գազանի նման: Օթելլոյի կողքին դու սևամորթ, գեղեցիկ, երիտասարդ խափշիկ էիր պատկերացնում, որը ներկայացման ամբողջ ընթացքին ուրվականի պես շրջելու էր բեմում, լուռ հայտնվելու ու աննկատ հեռանալու էր: Քանի որ Օթելլոն մենակ էր նույնիսկ Դեզդեմոնայի հետ սիրո տեսարաններում` իր դժբախտությունների պատճառը ծեր ու թխամաշկ քո Օթելլոն պայմանավորելու էր Դեզդեմոնայի օտար լինելով` երիտասարդ, սպիտակ, գեղեցիկ կին, ու մտքում մշտապես ունենալու էր ա՜յն երիտասարդ, սիրունիկ խափշիկին: Խափշիկի գոյության փաստն ավելի էր սրվելու Դեզդեմոնայի ենթադրյալ դավաճանությունից հետո: Այսպիսին էր լինելու քո երազանքների բարձրակետը` Օթելլոն: Նա կլիներ այնպես կատարյալ, ինչպես միայն դու կարող էիր ներկայացնել: Ավա՜ղ...

Շուշանիկ ՍԱՀԱԿՅԱՆ
FB 25.06.2025

ՖՐՈՒՆԶԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ 95-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ «Է~Ն ՈՒՐԻՇ ՖՐՈՒՆԶԻԿԸ» ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ

Մհեր Մկրտչյանի անձի շուրջ կան ձևավորված կարծրատիպեր, որոնք իրականում որևէ ընդհանրություն չունեն նրա կերպարի հետ: Վավերագրական ֆիլմ պատրաստելու գաղափարը մտահղացանք նաև այդ կարծրատիպերն ինչ-որ չափով կոտրելու ցանկությամբ ու ձգտումով, բայց հիմնական նպատակը Արտիստի իրական կերպարի բացահայտումն է` իր ասելիքը բացառապես իր խոսքով ներկայացնելով: Մհեր Մկրտչյանին ինքն իրենով, իր խոսք ու զրույցով, իր մտահոգություններով ու հիասթափություններով, նաեւ իր լավատեսությամբ ու պայծառ հումորով ներկայացնելու այս կերպը, մեր պատկերացմամբ, ավելի համոզիչ է, իրավացի, դիպուկ ու տպավորիչ, քանզի ցանկացած այլ խոսք, այլ կարծիք կամ այլ հայացք չի կարող ճշմարտացիորեն վերարտադրել նրա ներքին հուզումները, ապրումները, նրա զգացածն ու նրա ասելիքը:
Կարևորել ենք հատկապես դերի պատրաստման նրա ուրույն, զուտ մհերյանական կերպը, անսպասելի լուծումները, միայն իրեն հատուկ բծախնդրությամբ յուրաքանչյուր դրվագը մշակելն ու կատարելագործելը: Շեշտադրել ենք նրա` իմպրովիզացիայի մեծ վարպետ լինելու հանգամանքը, որի շնորհիվ նույն դերն ամեն անգամ ներկայացնում էր բոլորովին նոր նրբերանգներով` այդուհանդերձ հավատարիմ մնալով ինքն իրեն: Հայտնի իրողություն է, որ հանդիսատեսի հանդեպ նրա սերն ու ակնածանքը վեր էին ամեն բանից, ուստի մատնանշել ենք յուրաքանչյուր բեմելին ամենայն պատասխանատվությամբ նրա պատրաստվելը:
Մհեր Մկրտչյանը սիրում էր աշխատել դերասան սիրող ռեժիսորների հետ: Դերասան սիրողները մտածող, պրպտուն միտք ունեցող մարդիկ էին և հաճախ իրենք էին լսում և ընդունում Արտիստի առաջարկները: Թատրոնում նրա «թագադիրը» եղավ Վարդան Աճեմյանը, իսկ կինոյում նրա «կնքահայրը» դարձավ Հենրիկ Մալյանը:
Ի հակադրություն հաճախակի հնչող այն մտայնության, թե նա միայն կատակերգու է` փաստել ենք կինոյում ու թատրոնում նրա մարմնավորած և’ կատակերգական, և’ ողբերգական դերերը: Երկու դեպքում էլ կերպարներն ստացվում էին համոզիչ, տիպական, հյութեղ ու կատարյալ, քանզի այդ երկու հոգեվիճակներն էլ հավասարապես սրտամոտ ու հոգեհարազատ էին իրեն:
Մհեր Մկրտչյանի ստեղծագործության ակունքը ճանաչողությունն էր, իսկ հաջողության բանալին` սեփական խառնվածքի առանձնահատկություններից շռայլորեն օգտվելու շնորհը: Մեծ արվեստն անթարգմանելի է, առեղծվածային, անվերծանելի: Աներկբա է միայն, որ դրամատիկական արվեստում առկա ու նաեւ իր գտած կատակերգական ու ողբերգական արտահայտչամիջոցներից Մհեր Մկրտչյանը խմորեց բոլորովին նոր, մինչ այդ չտեսնված մի բան` բեմական արվեստը դուրս բերելով բոլոր շրջանակներից, ներկայանացավ անզարդ ու համարձակ, առանց ավելորդ սեթեւեթանքների, անգամ արդարացվող համարձակությամբ շրջանցելով իրենից առաջ արդեն ձեւավորված բեմական օրենքներն ու կանոնները: Արվեստի այդ մեծագույն գյուտը հենց նրա բնախոսությունն էր, արտիստական ինքնաճաչողությունն ու դերասանի բնատուր կարողությունները: Շարունակ ջանացել է բացահայտել իր մարմնի ու հոգու մեջ եղած, դեռ չուսումնասիրված տեղերը: Արվեստում այդ անկաշկանդ սլացքը նրան բերեց համաշխարհային ճանաչում ու համաժողովրդական սեր:
Ֆիլմը պատրաստելիս մեզ համար ամենադժվարն իրեն հասկանալն էր, իր ասելիքը վերծանելն էր, որը հետո բարձրաձայնեցինք մեր սիրելի հանդիսատեսին: Վստահ ենք, որ Էլի շատ գրքեր են գրվելու նրա մասին, ֆիլմեր են նկարահանվելու, ռադիո և հեռուստահաղորդումներ են պատրաստվելու, քանզի Մհեր Մկրտչյան թեման անսահման է, Մհեր Մկրտչյան երեւույթը` տիեզերքի պես անվերծանելի: Ուստի, համահեղինակությամբ պատրաստած մեր ֆիլմերն ու գրքերն ընդամենը մի վեհերոտ փորձ ենք համարում նրա առեղծվածի բացահայտման ճանապարհին: Մեր ստեղծագործական խումբն այս ֆիլմի վրա աշխատել է շուրջ չորս տարի: Թե ինչպիսն է ստացվել մեր աշխատանքը` կգնահատեք Դուք, հարգարժան հանդիսատես, հավելեմ միայն որ մենք ամենայն սիրով ու նվիրումով ենք արել մեր գործը, քանզի Մհեր Մկրտչյանի արվեստին հաղորդվելը մեծագույն երանություն է եղել մեզ համար:
 
Շ. ՍԱՀԱԿՅԱՆ
FB  28.06.2025