Գյումրիի Գորկայի այգում վերականգնվել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմի լուսանկարվելու տաղավարը:
Գյումրիի Գորկայի այգում վերականգնվել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմի լուսանկարվելու տաղավարը: Մտահղացման հեղինակը ռուսաստանաբնակ Արթուր Գալստյանն է: Նրա նախաձեռնությամբ ամռանը Մարմաշենի վանական համալիրի տարածքում վերականգնվել է պատմական «Հեղնար աղբյուրը»: «Մեր մանկության տանգոն», որը համարվում է հայկական կինոյի դասականներից, հարուստ ու դրամատիկ է բոլոր կերպարների հրաշալի խաղով: Գյումրվա պատմական ու կոլորիտային միջուկում նկարահանված ֆիլմի բացօթյա տաղավարները վերածվել են տուրիստական այցելությունների վայրերի, որտեղ յուրաքանչյուրը գտնում է ֆիլմից իր սիրելի դրվագն ու հիշում հայտնի արտահայտությունները։
«Մեր մանկության տանգոն» ֆիլմի ամենահայտնի դրվագները նկարահանվել են Գորկայի զբոսայգում: Այն զբոսանքի ու ժամադրությունների վայր էր ջահելների համար, իսկ պաստառը սիրահար զույգերի նկարվելու ամենասիրելի տեղն էր: Ֆիլմի նկարահանումներից 35 տարի անց, ճիշտ նույն տեղում, արձանի ու շատրվանների հարևանությամբ վերականգնվել է պաստառը: Այգի մտնողների համար այս տեսարանը ֆիլմից հայտնի արտահայտությունները հիշելու, լուսանկարվելու առիթ է։
Պաստառը ֆիլմի դեկորի կրկնօրինակն է: Վերարտադրված են նկարի բոլոր մանրուքները, միայն թե մտահղացման հեղինակները ավելացրել են ֆիլմի գլխավոր հերոսների ՝ Ռուբենի և Սիրանույշի դիմանկարները:
«Այս ֆիլմից ահագին բաներ պահպանվել են, պահպանվել է բալկոնը, բակը, էս մի բանը չկար, մենք էլ վերականգնեցինք»,- իրենց ձեռնարկի մասին է պատմել նախագծի համահեղինակ Համլետ Գևորգյանը։
Հայկական կինոյի լավագույն դրվագների վերականգնման հեղինակները փնտրել են ֆիլմի համար պատրաստված դեկորի բնօրինակը ու չեն գտել, այն որևէ տեղ չի պահպանվել: Իսկ այն, ինչ մնացել է «Մեր մանկության տանգոյի» իրերից ու դեկորներից Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանում է: Ցուցանմուշների շարքում է Ռուբենի մոխրագույն պիջակը:
«Այս պիջակով Ֆրունզը խաղացել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմում և հենց այս պիջակն է հագին,երբ նա այգում դեկորի հետևում լուսանկարվում է Վարդուշի հետ», – պատմում է Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը։
Ֆրունզիկի՝ հայկական մյուս ֆիլմերում խաղացած դերերից շատ դրվագներ հիշեցնում են թանգարանի իրերը: Տաղանդավոր դերասանի անձնական հավաքածուից ևս շատ իրեր ցուցադրության են դրված: Դրանց շարքում առանձնանում է 18-րդ դարի հայտնի կոմոդը, որը «Մեր մանկության տանգոյի» առանցքային էքսպոնատներից է: Ասում են, որ այն Ֆրունզիկենց ընտանիքի կոմոդն է եղել: Ի դեպ, ֆիլմի նկարահանումների ընթացքում օգտագործվել է վեց նմանատիպ կոմոդ։
Մհերի ֆիլմերի դրվագների փոքր ցուցադրությունները միայն թանգարանում չեն: Գորկայի այգու մոտ՝ Սլոբոդկա թաղամասի հին բակերում, որոնք մինչև հիմա կոլորիտային տեսարաններ նկարահանելու համար լավագույն բաց տաղավարներ են համարվում, պահպանվում է հայտնի ֆիլմի միջավայրը: Զբոսաշրջիկներին այդ բակերն ու թաղամասերն են ձգում, գալիս են տեսնելու «Մեր մանկության տանգոյի» «վառեմ-մարեմ»-ի պատշգամբը, Սիրանուշենց տան ընդհանուր բակն ու բանտի փողոցը:
20.10.2018 Հորիզոն
Գյումրիի Գորկայի այգում վերականգնվել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմի լուսանկարվելու տաղավարը: