Հանդիպում Ռաջ Կապուրի հետ

Մի օր Սերգեյ Իսրաելյանը պատմեց մի միջադեպի մասին, որի ականատեսն էր եղել ինքը 1970-ական թվականներին:Եվ հիմա ես հիշելով կվերապատմեմ այն, ինչը լսեցի այդ օրը:
Սերգեյ Իսրայելյանը և Մհեր Մկրտչյանը Մոսկվայի մի հյուրանոցի սրահում էին և քայլերն ուղղեցին դեպի վերելակի դուռը: Հենց այդ պահին Մհեր Մկրտչյանը նկատում է հնդիկ մեծ դերասան Ռաջ Կապուրին, ով շրջապատված էր իրենից հարցազրույց վերցնող լրագրողներով: Մհեր Մկրտչյանը շրջվում է Սերգեյ Իսրայելյանի կողմը և ասում.
“Տես, տես Ռաջ Կապուրը”:
Այդ ժամանակ նրանք արդեն հասել էին վերելակի դռանը և ուզում էին սեղմել կոճակը և հենց այդ պահին կատարվեց անհավատալին: Հանկարծ Ռաջ Կապուրը փութաջանորեն ազատվեց լրագրողների խմբից ու արագ մոտեցավ վերելակի մոտ կանգնած ու զարմանքով նրան նայող մեր հերոսներին: Ռաջ Կապուրը “Hello” ասելով ամուր գրկեց Մհեր Մկրտչյանին: Անցավ մի քանի վայրկյան, նա հետ քաշվեց, լայն ժպիտով նորից նայեց Մհերին, կարծես համոզվելու համար, որ ինքը չի սխալվում ու նորից գրկեց նրան: Այնպիսի տպավորություն էր, որ երկու շատ մոտ ընկերներ երկար ժամանակ չէին հանդիպել իրար: Դրանից հետո սկսեցին խոսքերով ողջունել իրար` Ռաջ Կապուրը անգլերեն, իսկ Մհեր Մկրտչյանը` հայերեն: Ռաջ Կապուրը չէր ուզում բաց թողնել Մհերին, և Մհերն էլ չէր ուզում բաժանվել Ռաջ Կապուրից: Երեքով գնացին Ռաջ Կապուրի հյուրանոցային սենյակը ու մինչև լույսը բացվելը խոսեցին` Մհեր Մկրտչյանը հայերեն, իսկ Ռաջ Կապուրը հնդկերեն, որովհետև հասկացավ, որ Մհերը չի խոսում անգլերեն և որոշեց Մհերի նման իր մայրենի լեզվով խոսել: Սերգեյ Իսրայելյանի կողմը նույնիսկ չէին նայում: Սերգեյ Իսրայելյանին մնում էր միայն նայել նրանց ու ապշել, թե որքան բան ունեն նրանք իրար ասելու և որքան լավ է Մհեր Մկրտչյանը հասկանում հնդկերեն, իսկ Ռաջ Կապուրը` հայերեն: Հանդիպել էին երկու մեծ արտիստներ:

Յուրա Գանջալյան 
https://mskh.am/am/20866
 04/07/2012 - 21:59 

Печать