Մհեր Մկրտչյան. Ես ձգտում եմ խաղալ հայերեն (մաս-1)

Մհեր ՄկրտչյանԼևոն ՄԿՐՏՉՅԱՆ (բացելով հանդիպումը, ծափահարությունների միջից)

– Ֆրունզիկին ասացի՝ տեսնո՞ւմ ես, ինչպես են քեզ սիրում:

Ասաց՝ ինչ ասեմ, ճաշակավոր ժողովուրդ են:

Ես, ճիշտն ասած, մի երկար-բարակ ճառ էի պատրաստել, բայց հետո գլխի ընկա, որ դուք ուզում եք լսել ոչ թե էս Մկրտչյանին, այլ էն Մկրտչյանին: Դրա համար էլ իմ խոսքը կարճ կկապեմ: Մյուս կողմից էլ՝ մի երկու բառ այնուամենայնիվ պիտի ասեմ, որովհետև էն Մկրտչյանն էլ ուզում է լսել էս Մկրտչյանին:
Գիտեք ինչ, մարդը, որքան էլ որ նրա կյանքը հաջողակ լինի, միշտ դժգոհ է: Մարդուն միշտ թվում է, որ այնուամենայնիվ իր կյանքը չի հաջողվել: Լավ, հաջողակ բժիշկը կուզենար լինել հաջողակ օդաչու, հաջողակ օդաչուն կուզենար լինել մի այլ բան, և այսպես անվերջ: Ուրիշ խոսքով, մարդը կուզենար բազմաթիվ կյանքեր ապրել, կուզենար իրեն զգալ ամենատարբեր վիճակներում: Եվ, թերևս, բոլոր մահկանացուներից ավելի դա հաջողվում է միայն դերասաններին: Դոստոևսկու հերոսներից մեկն ասում է. «Широк человек, я бы его сузил»:  Միայն դերասաններն են, որ կարողանում են լայն ապրել, նրանց բախտ է վիճակվել մահկանացուի իրենց մի կյանքի ընթացքում ապրել ամենատարբեր կյանքեր ու ճակատագրեր: Նրանք ապրում են տասնյակ ու տասնյակ կյանքեր, և այդ բոլոր կյանքերի մեջ նրանք նաև իրենց կյանքն են ապրում: Այս տեսակետից նրանք իսկապես երջանիկ մարդիկ են:
Համո Սահյանն ասում է, որ երջանկությունն էլ ահավոր պատասխանատվություն է մարդու վրա դրված: Մի բանաստեղծության մեջ Համո Սահյանը սքանչելի տողեր ունի.

Կյանք իմ, դու ձրի ներկայացում, 

Բայց ինչքան թանկ ես նստում վրաս:

Իհարկե, այսօրվա այս ներկայացումը ձրի է, բայց թանկ է նստելու Մհեր Մկրտչյանի վրա:

Մհեր Մկրտչյանը իր տաղանդի սահմաններով իսկապես որ լայն մարդ է, широк человек,  ինձ համար նա իսկական դրամատիկ դերասան է, թեպետև, չգիտես ինչու, նրան համարում են կատակերգակ:
Գոգոլի հերոսներից մեկն ասում է, թե մենք մեր քթերը չենք տեսնում, որովհետև մեր քթերը գտնվում են լուսնի վրա… Միակ մարդը, որ իր քիթը տեսնում է, Մհեր Մկրտչյանն է: Բայց քիչ առաջ մեկը ասաց, որ դա սխալ է, որ Մհերի մեջ ամենաաչքի ընկնողը նրա աչքերն են: Եվ նույնիսկ ուսանողական սեղաններից մեկի վրա մի տխուր կամ սիրահարված ուսանող գրել էր (դա նույնիսկ թերթում տպվեց), թե մարդ կամ պիտի ունենա այնպիսի աչքեր, ինչպիսիք Մհեր Մկրտչյանինն են, կամ առհասարակ չունենա:
Վերա Զվյագինցևան, որ Հայաստանով շատ էր զբաղվում, ասում էր, որ հայերին ճանաչում էր նրանց աչքերից, աչքերի տխրությունից, անսխալ կարող եմ ասել, որ սա հայ է, եթե աչքերի մեջ այդ հայկական տխրությունը կա: Իրոք, հայերի նման՝ թուխ մարդիկ ու սև աչքերով, շատ են, բայց հայերի աչքերի մեջ մի ինչ-որ յուրահատուկ, հայկական բան կա: Ճիշտ այդպիսի անձնավորություն է դերասան Մհեր Մկրտչյանը, ճիշտ այդպիսի են նրա անձնավորած կերպարները:
Մհերը ոչ թե խոսում է բեմի վրա, այլ տառապում է, տառապում է իր հերոսների կյանքով: Բայց դա նաև իր կյանքն է: Մհեր Մկրտչյանը ՍՍՀՄ ժողովրդական դերասան է (սա, իհարկե, բարձր ու մեծ կոչում է), ՍՍՀՄ ժողովրդականների թվով մենք ամենևին էլ խեղճ չենք, բեմն է խեղճ… Բեմում է, որ չկան հանճարեղ մարդիկ, թե չէ կոչումներով կան, շատ կան… Մհեր Մկրտչյանի պարագան այլ է, նա ոչ միայն իր կոչմանը հավասար, այլև իր կոչումից ու կոչումներից բարձր արվեստագետ է…
Այստեղ գտնվող վրաց բանաստեղծ ու թարգմանիչ Գիվի Շահնազարն ասում է, թե կարևորը ոչ թե այն է, որ Մհեր Մկրտչյանը ՍՍՀՄ ժողովրդական արտիստ է, այլ այն, որ նա Վրաստանի ժողովրդական արտիստ է: Հիմա խոսքը տալիս եմ ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, Վրաստանի ու Դաղստանի ժողովրդական արտիստ, ՍՍՀՄ Պետական ու Հայկական ՍՍՀ Պետական մրցանակների դափնեկիր Մհեր Մկրտչյանին:

Մհեր ՄԿՐՏՉՅԱՆ.- Շնորհակալ եմ…

Բայց մի բան ասեմ, էսպիսի հանդիպումներից ես միշտ խուսափել եմ: Ամենից առաջ՝ որովհետև ժամանակ չեմ ունեցել: Եղել են առանձին հանդիպումներ՝ կինոպրեմիերաների ու դերերի առիթներով, բայց էսպիսի հանդիպումներ գրեթե չեն եղել…

Շատ վաղուց, մի անգամ գնացել եմ հանդիպման Թաթուլ Դիլաքյանի և Ժան Էլոյանի հետ: Հանդիպումը մսի կոմբինատի աշխատողների հետ էր… Հոյակապ էր… Գնացինք, ելույթ ունեցանք, հետո շքեղ խնջույք էին սարքել… Ու վերջում էլ յուրաքանչյուրիս 200 ռուբլի դրամ տվեցին ու յոթական կիլո միս: Վերջում արդեն կերած-խմած, գրպաններս՝ փող, մեքենայով գալիս ենք… Թաթուլ Դիլաքյանը թե՝ «Հոյակա՜պ էր… Աննմա՜ն էր, էս ի՜նչ լավ բան էր… Յոթը կիլո միս… երկու հարյուր ռուբլի փող… իշխան ձուկ ու ձկնկիթ… էս ինչ հիանալի երևույթ էր… Այսպիսի հանդիպումները ժողովրդի հետ շատ պետք է լինեն…»: Ժան Էլոյանը էս ամբողջ ընթացքում լուռ էր: «Ժա՛ն, ինչո՞ւ չես խոսում, լավ չէ՞ր…»: Ժանն ասաց՝ «Հոյակա՜պ էր, միայն թե իմ ելույթը ավելորդ էր…»: Հիմա, Լևոն Մկրտչյանն եկավ մեր տուն, նստեցինք իր նոր մեքենան՝ փափուկ, հոտը դեռ վրան, գեղեցիկ… Ասացի՝ ամեն ինչ լավ է, միայն էս հանդիպումն է ավելորդ…

Սիրելի բարեկամներ, Սարոյանի ասած՝ ահավասիկ սա ես եմ, սա իմ նոր կոստյումն է, որ հագել եմ հատկապես համալսարան գալու համար, սա էլ իմ փողկապ-ժապավենն է, որ հիմա պիտի դնեմ գրպանս, որովհետև շատ շոգ է, և որովհետև շատ լավն եք, այսօր ուզում եմ ձեզ հետ կիսվել… Ուզում եմ կիսվել, ինչպես մերձավորի, հարազատի հետ, ուզում եմ սիրել ու փաղաքշել, ուզում եմ ձեզ տալ այն ամեն լավը, ինչ որ ես ունեմ, ինչ որ ունեմ Մարդու հանդեպ, ինչ որ ունեմ էն զուլալ ու գեղեցիկ աղբյուրի հանդեպ, որ սարերում բխում է քարերի միջից, վճիտ ու թափանցիկ, և որից այսօր կուզեի մի բուռ ջուր խմել ձեզ հետ…

Սկսեմ հեռվից, կամ թե մոտիկից՝ իմ քթից: Էս քիթս մեծ է, ճիշտ է, բայց ես շատ շուտ գլխի ընկա մտածելու, թե ինչու է ուրիշների քիթը փոքր… Ես մտածեցի՝ ինչ է թե իրենք մնացածները շատ են, դրա համար իրենք ճի՞շտ են… Սա հո քվեարկելու բան չի… Դեռ երիտասարդությունը՝ ոչինչ, երիտասարդների քթերը դեռ կմեծանան, բա Լևոն Մկրտչյանը ի՞նչ անի…

Այնպես որ, սիրելի բարեկամներ, ես այսօր եկել եմ հանդիպման և՚ ուրախանալով, և՚ տխրությամբ… Ուրախությունն ու տխրությունը, հրճվանքն ու թախիծը միմյանցից անբաժան են, ավելին, դրանք միևնույն բանն են: Ես շատ շուտ հասկացա, որ չի կարելի ծիծաղեցնել «հենց էնպես»… Ես զարմանում եմ ավելի ոչ թե ծիծաղեցնողների, այլ ծիծաղողների՚ վրա. ի՞նչ մարդիկ են, որ կարող են առանց իմաստի ծիծաղել, ծիծաղել հենց էնպես, անիմաստ, դատարկ տեղը… եղել է, երբ բեմի վրա խաղում ես, ներկայացումը գնում է, ժողովուրդը կոտորվում է ծիծաղից ու դու հանկարծ տեսնում ես. ա՛յ է՜ն մեկին, որը չի ծիծաղում… Ապշելի զգացում է դա, պրոֆեսիոնալ դերասանի տեսողականություն… Քեզանից անկախ, նույնիսկ թիկունքով տեսնում ու զգում ես, որ նա, այ է՜ն մեկը, էնտեղ ինչ-որ բան ասաց… Աստվա՚ծ, չլինի, թե չի հավանում, չլինի, թե մեծ զգացողություն ունի, չլինի, թե նստած է էն մեկը, որ մի ամբողջ սրահ արժե… Հանդիսատեսների մեջ իրոք լինում են այնպիսի մարդիկ, որ մի սրահ արժեն: Բայց դժբախտաբար ու ցավոք սրտի, լինում է և հակառակը: Բոլորը ծիծաղում են, մեկը չի ծիծաղում… Հետո ես հատուկ նրա համար փորձում եմ անիմաստ մի կատակ, տեսնում եմ՝ ոչ ոք չի ծիծաղում, միայն էն մեկը՝ հա՛, հա՛, հա՛, հռհռում է… Նոր հասկանում եմ, որ նա, չէ, է՛ն մեկը չի…
Մի առանձնակի կենսագրություն չունեմ, որ պատմեմ ձեզ: Ինչպես ծայր առավ այս ամենը, ինչպե՞ս սկսվեց իմ թատրոնը: Ուղիղ 8-10 տարեկան էի, երբ տեքստիլ գործարանի ակումբի պատուհանի տակ ներկա եղա, ավելի ճիշտ՝ լսեցի մի զարմանալի կռիվ: Մեկը մյուսին բղավում էր՝ տո՚ւր իմ բեղը, ի՚մ բեղը, էդ ի՚մ բեղն է, տուր: Մորուքս էլ տուր, թե չէ՝ կպոկեմ: Ես ապշեցի՝ մարդու բեղ-մորո՞ւքն էլ ուրիշի վրա լինի… Երեխա էի, ուրիշ աչքով էի նայում: Ինձ թվում էր, թե չափազանցված բան է իմ լսածը: Հետո տեսա, որ ճիշտ է՝ ուրիշի բեղը կպցնում են… Ուրիշին նմանվում են… Դառնում են ուրիշ… Եվ ամբողջ հինգ տարի ինքնագործ խմբում ես փորձում էի ընդամենը նմանվել ուրիշի: Իսկ եղած-չեղածը մանկական խաղ էր…
Դրանից հետո ինձ տարան պրոֆեսիոնալ թատրոն: Այդտեղ, այդ թատրոնում ես հանդիպեցի մեծ, տարիքով մարդկանց, վաթսուն-յոթանասուն տարեկան մարդկանց, որոնք զբաղված էին… մանկական խաղով: Ես զգացի, որ սա արդեն մի քիչ լուրջ բան է: Ուրեմն, ինչպես նկատում եք, և եթե նկատեցիք, ես ոչ հասցրել եմ երազել, ոչ հասցրել եմ առանձնակի ձգտել դերասան դառնալ, ոչ էլ հասցրել եմ ֆիլմերով տարվել… Մտքովս անգամ չէր անցնում… Ֆիլմեր, իհարկե, նայում էինք, և դրանք հեքիաթ էին ինձ համար… Հրաչյա Ներսիսյանը… Հետո իմացա, որ տեսածս «Պեպոն» է… Խալով մարդը՝ Դավիթ Մալյանի Կակուլին… «Ալեքսանդր Նևսկին», որ մենք նայում էինք խելագարի պես, «Մինինն ու Պոժարսկին» և այլն, և այլն: Դրանք անհասանելի, հեռու բաներ էին…

(շարունակելի)

Հանդիպումը վարում է գրականագետ  Լևոն Մկրտչյանը
Գրի առավ Յուրի ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
14 Դեկտեմբեր 2021
https://kinoashkharh.am/2021/12/mher-frunzik-mkrtchyan-hayeren-xaxal/?fbclid=IwAR1-75L2Wo_UnyTACm8sQ09buQPnbgGRe7cMNcXt1eDYCE-CUy3uovtLFPY

Печать