«Գնացի էքսկուրսիա, հետ եկա». Ֆրունզիկը` իր կլինիկական մահվան մասին։

Frunzik Mkrtchyan - photo by Levon Atoyants
2014-ի մարտն է, գնում եմ «Մհեր Մկրտչյան» թատրոն` հանդիպելու Ալբերտ Մկրտչյանին: Գիտեմ, որ բնավորությունը թեթևներից չէ, մտա թատրոն, նախասրահում սպասում էր ինձ` սիգարետը ձեռքին: Նայեց, ասաց. «Քեզ ինձնից ի՞նչա պետք»: Ասացի, որ ուզում եմ ֆիլմերից խոսենք, այն ֆիլմերից, որոնք նկարահանել է ինքը, և որոնցում խաղացել է Մհեր Մկրտչյանը: Մի պահ նայեց ու ասաց.
«Ինձ հետաքրքիր է`քեզ նման ջահելները գիտե՞ն` Ֆրունզը երբ է ծնվել»:
Հարցն անսպասելի էր: Հիշում էի, որ ամռանն է ծնվել, խառնվեցի իրար, կարմրեցի: Ասաց. «Բայց պե՜տք է իմանալ…», ու սիգարետը հանգցրեց մոխրամանի մեջ:
Մհեր Մկրտչյանի մասին շատ պատմություններ են գրվել, բայց այս դրվագները կներկայացնենք առաջին անգամ: Գրետա Վերդիյանը` Աղասի Այվազյանի այրին, պատմում է, որ բավական երիտասարդ տարիքում, 1950-ականներին, երբ Մհեր Մկրտչյանը խաղում էր Սունդուկյան թատրոնում, իսկ ինքն էլ լրագրող էր, իրենց ծանոթացնում է Սունդուկյան թատրոնի տնօրենը. «Չգիտես ինչու` չէի նայում Ֆրունզիկի աչքերի մեջ, անընդհատ ասում էր.
«Նայիր աչքերիս մեջ»: Եվ երբ վերջապես աչքերս հանդիպեցին նրա աչքերին, հարցրեց.
«Ի՞նչ ես այնտեղ տեսնում»: Ես ասացի. «Տխրություն»: Ասաց. «Միակ մարդն ես, որ տխրություն տեսավ, բոլորն այնտեղ ուրախություն են տեսնում, բայց ես կոմիկ չեմ, տրագիկ եմ, տրագիկ»», - հիշում է տիկին Գրետան:
Նա պատմում է նաև Ֆրունզիկի հետ կապված մեկ այլ դրվագի մասին: Արդեն տարիներ անց, երբ իր ամուսինը` Աղասի Այվազյանը, եկել է տուն և հայտնել, որ հանդիպել, զրուցել է Մհեր Մկրտչյանի հետ, այսպիսի բան է պատմել. «Խոսեցինք նաև կլինիկական մահից, որ տարել էր Ֆրունզիկը, նա ծիծաղելով ասաց` ի՞նչ կա որ, գնացի էքսկուրսիա, հետ եկա»:
Իսկ արդեն կյանքի վերջին օրերի մասին կինոյի դիմահարդար Անահիտ Աղաջանյանի պատմածն եմ հիշում: 1993-ին, երբ Մհեր Մկրտչյանն արդեն անկողնային հիվանդ էր, Անահիտը, որն արտիստի գործընկերը լինելուց զատ նաև նրա ընտանիքի լավագույն բարեկամներից էր, երեխայի էր սպասում. «Գնացի дядь Ֆրունզին տեսնելու, ինձ վրա զայրացավ, ասաց.
«Էդ ինչի՞ ես հղի հալով եկել-հասել էստեղ»:
Նույնիսկ այդ իրավիճակում դիմացինի մասին էր մտածում, հետո հարցրի` ինչպես է, ասաց.
«Ես լավ եմ, որ շտապ մի բան է պետք լինում, հարևաններս հասնում են…»:
Այսօր Մհեր Մկրտչյանը կդառնար 93 տարեկան: Ալբերտ Մկրտչյանի հետ հանդիպումից 9 տարի է անցել, ու ամեն տարի հուլիսի 4-ին ականջիս նրա ձայնն է հնչում. «Բայց պե՜տք է իմանալ…»:

usanogh-am_logoԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ - 04.07.23
Բացառիկ լուսանկարը` Լևոն Աթոյանցի արխիվից
https://www.usanogh.am/glxavor/frunzik-mher-mkrtchyan-derasan/


 Կինոկտորներ՝ Մհեր Մկրտչյանի ծննդյան օրվա առթիվ

Печать