Նրանք միշտ անբաժան էին
Տարեմուտին, երբ բոլորս զբաղված էինք տոնական հաճելի հոգնությամբ, շատերս չհիշեցինք, որ 18 տարի առաջ աշխարհից հեռացան երկու տաղանդավոր արվեստագետ` հռչակավոր Մհեր ՄԿՐՏՉՅԱՆԸ և իր եզակի տաղանդով բոլորին զարմացնող Ազատ ՇԵՐԵՆՑԸ...… Շատերը չհիշեցին, որ նրանք մտերմագույն ընկերներ էին, ասես մշտապես իրար ձուլված, մեկ էություն դարձած...…
Մհեր Մկրտչյանի և Ազատ Շերենցի ընկերությունը սկիզբ էր առել հեռավոր 1940-ական թվականներին, երբ Ֆրունզիկ-Մհերն առաջին անգամ ոտք դրեց Գյումրու թատրոնի դրամատիկական ստուդիա: Առաջիններից մեկը նրան Ազատ Շերենցը նկատեց, ով տարիքով մեծ էր և արդեն դերեր էր խաղում վարպետների թատրոնում: Քննությունից անմիջապես հետո Ազատ Շերենցը մոտեցավ երիտասարդ ստուդիականին և առաջարկեց միասին գարեջուր խմել թատրոնի դիմաց գտնվող գարեջրի կրպակում, որի մշտական հաճախորդն էր ինքը: Խմիչքի հետ բարեկամություն չէր անում, չէր սիրում Բաքոսին ընկերակցողներին, սակայն գարեջուր էր խմում առանձնակի վայելքով, այնպես, կարծես մասնակցում էր մի մեծ ծիսակատարության: Ֆրունզիկի հետ մոտենալով կրպակին` Շերենցը կարգադրեց. «Գուգո´, մեզ երկու հատ»: Կրպակավար Գուգոն նայեց Շերենցի կողքին կանգնած նիհարակազմ երիտասարդին, նրա դեմքին բազմած փառահեղ քթին, նրա տխուր աչքերին, լցրեց երկու մեծ բաժակ գարեջուր և դրեց վաճառասեղանին: Շերենցը վերցրեց գավաթները, հանդիսավորութ յամբ գնաց դեպի կողքի նստարանը և հրավիրեց երիտասարդ ընկերոջը: Շերենցը խմում էր կում-կում, հեղուկը պահում էր բերանի մեջ, կարծես զգում վայելքը, ապա նոր կուլ տալիս: Ֆրունզիկ-Մհերն էլ սկսեց այդպես խմել` շուտով զգալով, որ գլուխը պտտվում է: Նա առավոտվանից ոչինչ չէր կերել, վաղ արթնացել ու շտապել էր քննության` զարմացնելով քննական հանձնաժողովի անդամներին: Քննությունից հետո նրան էր մոտեցել նույն ստուդիան ընդունված Վարդուհի Վարդերեսյանն ու ասել.
- Ի˜նչ տաղանդավոր տղա ես դու, Ֆրունզի´կ…
Շերենցը զգաց, թե ինչ կատարվեց Ֆրունզիկի հետ և, մոտենալով կրպակավարին, թիթեղյա ափսեի մեջ դրված մի ձուկ ու մի կտոր հաց բերեց և պարտադրեց ուտել: Հենց այսպես ծնունդ առավ նրանց մեծ ընկերությունը...…
Դասերից ու փորձերից հետո Ազատ Շերենցը նստում էր թատրոնի դիմաց դրված նստարանին և սպասում ընկերոջը: Հետո գնում էին Ազգուշի հայտնի հացի խանութը, որտեղ միշտ էլ սիրով էին դիմավորում Շերենցին ու Ֆրունզիկին: Այս հացի խանութում երկուսին տաք-տաք մատնաքաշով էին հյուրասիրում, հետո մի հաց փաթաթում և դնում Շերենցի թևատակին, որ տուն տանի: Երբեմն միասին գնում էին Շերենցի տուն, ուր դռների մոտ դիմավորում էր նրա կինը` Քնարիկ Երանոսյանը` գյումրեցի նշանավոր ազնվականներից մեկի դուստրը, ով քաղաքի առաջին «դասական» երաժիշտներից մեկն էր (դաշնամուր էր նվագում, խմբավարության դասեր տալիս)...… Ներկայացումներից հետո ևս հաճախ գալիս էին Շերենցի տուն: Ու Ֆրունզիկը մնում էր այստեղ գիշերելու, որովհետև Քնարիկը միշտ համեղ մրգանուշներով թեյ էր հյուրասիրում: Երբ Մհեր Մկրտչյանը տեղափոխվեց Երևան, ընդունվեց Սունդուկյանի անվան թատրոն և Թատերական ինստիտուտ, Շերենցը իրեն մենակ ու լքված զգաց: Գիտեր, որ իր ընկերը լավ չի ապրում, որ հանրակացարանում երբեմն քուն է մտնում քաղցած...… Սիրտը մղկտում էր, գլուխն առնում էր ձեռքերի մեջ ու մտածում, թե ինչպես օգնի ընկերոջը: Ու երբեմն-երբեմն Քնարիկը մեծ պայուսակի մեջ շարում էր մրգանուշներ, տաք հաց, թխվածք ու Շերենցի հետ ճանապարհում Երևան: Մհեր Մկրտչյանը պատմում էր, որ երբեմն դուրս էր գալիս ինստիտուտից, տեսնում էր հնամաշ ճամպրուկով Շերենցին, ով խեղճ-խեղճ հայացքով նայում էր իրեն, ապա գրկում, համբուրում...…
Շուտով Մհերը նշանավոր անուն դարձավ, սկսեց նկարահանվել ոչ միայն հայկական, այլև ռուսական ֆիլմերում, ստացավ այն ժամանակների համար անհավանական հոնորարներ: Հիմա արդեն հերթն իրենն էր` ընկերոջն օգնելու: Շերենցն ու կինը լավ էին վաստակում, սակայն Ֆրունզիկ-Մհերը հաճախ գնում էր Լենինական, իր հետ տանում այն ամենը, ինչը չկար այնտեղ... Նստում էին Շերենցի տան հյուրասենյակում և մինչև լույս զրուցում` երբեմն էլ նիրհելով թախտին...…
1960-ականների վերջերին Քնարիկ Երանոսյանը հրավեր ստացավ Թաթուլ Ալթունյանից` աշխատելու Հայաստանի երգչախմբային ընկերությունում: Տեղափոխվեցին Երևան: Ֆրունզիկ-Մհերի ուրախությանը չափ ու սահման չկար. Շերենցը հիմա արդեն ամեն օր իր հետ է, իր կողքին: Սակայն նա ցավ էր ապրում` տեսնելով, թե ինչպես էր հալումաշ լինում ընկերն առանց թատրոնի: Երևանում թատրոնները քիչ էին. Սունդուկյանի անվան թատրոնում Աճեմյանը հրաժարվեց ընդունել Շերենցին` վախենալով, որ հերթական անգամ իրեն կմեղադրեն Ակադեմիական թատրոնը գյումրեցիներով «լցնելու» մեջ:
Զավեն Տատինցյանը Ազատ Շերենցին առաջարկեց աշխատել Պատանի հանդիսատեսի թատրոնում, սակայն նա մերժեց` մտքում փայփայելով Սունդուկյանի թատրոն գնալու երազանքը: 1969-ին սկսվեցին «Չախ-չախ թագավորը» ֆիլմի նկարահանման աշխատանքները: Սովորական մի օր Ազատ Շերենցը Մհեր Մկրտչյանի, Լևոն Ներսիսյանի, Հովհաննես Շիրազի, Վաղինակ Մարգունու, Նշան Մուրադյանի և Հովհաննես Ավագյանի հետ նստած էր «Երևան» հյուրանոցի նշանավոր բացօթյա սրճարանում: Մոտեցավ կինոբեմադրիչ Էռնեստ Մարտիրոսյանը, ով պիտի սկսեր «Չախ-չախ թագավորի» նկարահանման աշխատանքները: Երկար նայեց Ազատ Շերենցին, ապա Մհեր Մկրտչյանին հարցրեց, թե ո՞վ է այդ ինքնատիպ արտաքինով, հսկայի նման մարդը: Մհերը, հասկանալով Էռնեստի հարցի իմաստը, ասաց.
- Կարող ես հրավիրել քեզ մոտ նկարահանվելու, մաքրամաքուր դերասան է, անկեղծ, անխառը... Շերենցի տեսակը մեր կինոյում չկա:
Մի քանի օրից Շերենցը հաստատվեց Ջրաղացպան-թագավորի դերում...
Տարիներ անց Մհեր Մկրտչյանի նախաձեռնությամբ Ազատ Շերենցը նկարահանվեց «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում` ստեղծելով հայկական կինոյի պատմության ամենանշա նավոր կերպարներից մեկը: Հրանտ Մաթևոսյանն այնքան էլ գոհ չէր ֆիլմից, սակայն մշտապես բարձր գնահատելով դերասանական համախաղը` առանձնացնում էր Ազատ Շերենցին…
Երևանում ևս Մհերն ու Շերենցն անբաժան էին: Մի անգամ Շերենցը բողոքում է, որ տեսողությունը վատացել է, ակնոցը փոխելու անհրաժեշտություն կա: Մհերը նրան տանում է բժշկի մոտ: Մի քանի ակնոց է փորձում Շերենցը, սակայն դրանցից ոչ մեկն իրեն հարմար չի լինում: Մհերը վերցնում է Շերենցի հին ակնոցը, մաքրում, ապա տալիս ընկերոջը:
- Ա´յ, շատ ապրես, Ֆրո´ւնզ ջան, էս ակնոցն ամենալավն է,- ուրախացած ասում է Շերենցը:
- Շերե´նց, ժամը քանի՞սն է,- մի օր հարցրել է Մհեր Մկրտչյանը:
- Հիմա՞,- հարցին հարցով պատասխանել է Ազատ Շերենցը:
http://www.avangard.am/?page=news&cal_date=20_1_2012&news_id=8282#.WhW9p1Vl8fw