ժողովուրդը կարոտում է Մհեր Մկրտչյանին

Մհեր ՄկրտչյանՀուլիսի 4-ին լրացավ Մհեր Մկրտչյանի ծննդյան 75-ամյակը: Իսկ հունիսի սկզբին մեծանուն արտիստի անունը կրող թատրոնը դարձավ մեկ տարեկան: Դերասանի մահվանից հետո, 1993 թ. ի վեր, նրան արժևորելու առումով առանձնապէս պատշաճ հանդիսություններ չեն կազմակերպվել, այս առիթով զրուցեցինք «Մհեր Մկրտչյան» արտիստական թատ­րոնի գեղարվեստական ղեկա­վար, հայտնի կինոգործիչ Ալբերտ Մկրտչյանի հետ.
«Երկար մտածելուց հետո, թե իր անունը կրող թատրոնը հոբելյանի առթիվ ինչ կարող է անել, մտածեցի մի շատ համարձակ քայլի դիմել: Որոշեցի բեմաղրել Մ. Պանյոլի «Հացթուխի կինը» ներկայացումը, ուր գլխավոր դերում հանդես էր գալիս ինքը' Մհեր Մկրտչյանը: Դա հրաշալի ներկայացում էր, որը փաստորեն իր կարապի երգը դարձավ: Նրա այդ վերջին բեմադրությունը հիմա երիտասարդների հետ ես եմ բեմադրում: Երիտասարդ դերասանները մեծանուն դերասանի ծննդյան օրը հացթուխ են խաղում և հուլիսի 4-ին Մ. Մկրտչյանի հետ միասին նաև երիտասարդության, իր թատրոնի ծնունդը եղավ», - ասում է Ալբերտ Մկրտչյանը: Ի դեպ արտիստի 75-ամյակին նվիրված բեմադրությունը բարեգործական էր՝ հուլիսի 2-ին՝ Վանաձորում, 3-ին՝ Գյումրիում, 4, 5-ին՝ Երեանում, 7, 8-ին՝ Գորիսում, Կապանում:
- Նրա 75-ամյակին նվիրված այդ բեմադրության համար տոմս վաճառելը հանցագործություն կլիներ: Այսինքն՝ մարդկանց ուզում ենք ասել, որ Մհեր Մկրտչյանն իր թատրոնով եկել է ձեզ մոտ: Ի դեպ, Մ. Մկրտչյանի լուսանկարով շատ գեղեցիկ հրավիրատոմս էր պատրաստված, որի վրա կար նրա ինքնագիրը և դրանք բաժանվեցին հանդիսատեսներին:
֊ Ինձ համար կարևորն այն է, որ որքան հեռանում է Մհեր Մկրտչյանը, այնքան ժողովուրդը կարոտում է նրան: Ինձ համար կարևորը դա է: Ես հենց այնպես չեմ ասում: Ես դա տեսնում ու զգում եմ, - ասաց Ալբերտ Մկրտչյանը:
Վերջում ավելացնենք, որ հոբելյանի առթիվ կառավարությունը հատկացրել էր մեկ միլիոն երկու հարյուր հազար դրամ:

«Հոգևոր Հայրենիք»
07.2005

Печать