Իմ հարեվան Մհերը …

Вануш ХанамирянՄշակույթի աշխատողների համար կառուցված բնակելի տան առաջին մուտքում բնակարան էին հատկացրել ինձ: Երբ իմացա, որ մյուս մուտքում ապրելու է Մհեր Մկրտչյանը, գնացի, խնդրեցի ինձ նրա կողքին տեղավորել: Եվ այսպես, մենք դարձանք հարևաններ:
Վաղուց ծանոթներ էինք, բայց երբ ինձ տեսավ դուռը բանալիս, զարմացավ.
- Յա՛, Էս գլադիատոր Սպարտակի կողքի՞ն պիտի ապրեմ… Ասենք, էսպես լավ է: Դերասան կամ ռեժիսոր որ լիներ՝ կորած էի…
Մեր "պատրաստի" բնակարանները նորից պատրաստելուց հետո, իհարկե, "թրջեցինք", ու սկսվեց մեր մոտիկ հարևանությունը, որ իսկապես շատ ավելի լավ էր հեռու բարեկամությունից: Մենակ էր ապրում: Ամեն օր տեսնում էինք իրար, նստում, վեր կենում, ասում-խոսում: Խոսողը մեծամասամբ ինքն էր:
- Լսի՛ր, գիտե՞ս, որ իմ ու քո գործը համարյա նույնն է: Հա՛, հա՛, զուր հո չեն ասում խաղ ու պար: Երկուսի արմատները, ձև ու կերպը համարյա նույնն են: Լավ խաղացող դերասանն անպայման պարող է, իսկ ամեն կարգին պարող՝ դերասան, արտիստ… Ինձ գովում են, թե՝ ժողովրդի ընդերքից ես գալիս, իսկ ես կասեի՝ ժողովրդական պարից: Էլ որտեղի՞ց դերասանը կարող է վերցնել իրեն հարկավոր քայլքը, շարժմունքը, ժեստը, պլաստիկան… Իհարկե, դա հատուկ վարժանքով չի առնվում, պիտի արյանդ մեջ լինի, զգաս, ապրես: Իմ բոլոր կերպարներից ամեն մեկն իր "պարն" ունի:
Այսպես, յուրովի պարել են բեմում իմ Գվիդոնը, Ղազարը, Եզոպոսը, Պաղտիկը, նաև Մերկուցիոն, Սիրանոն, Էմեբլը… Դու ինքդ չե՞ս համոզվել, որ պարը մարդկային բնավորության, հոգու, սրտի, մտքի, էության ստույգ արտացոլքն է…
- Այո, այդպես է, - հաստատեցի ես, - բայց դերասանը ասող է, խոսող…
- Իսկ դու չգիտե՞ս, որ միջնադարում պարողների մասին ասում էին "երգեր ձևուամբ", ասել է թե՝ ձեռքով (նաև ոտքով, մարմնով) երգողներ, խոսողներ էին…
- Ուրեմն, էլ ի՞նչ է մնում դերասանին, ձեր արվեստն ավելո՞րդ է:
- Չէ, ախպերս, դերասանին՝ լավ դերասանին, մնում է զգացողությունը դարձնել զգացմունք, բնազդականը՝ միտք, տրամադրությունը՝ ասելիք… Եվ այդ ամենն անել "դերապարո", խաղով…
Մեկ ուրիշ անգամ Մհերը խոսեց իր կերպարները "նկարելու" մասին: Առանց նախապես իր ստանձնած դերի պատկերը, "նկարը" անելու և տեսնելու ինքը չի կարող խաղալ: Ընդ որում, բառացիորեն նկարում է, թղթի վրա "ֆիքսում" կերպարի արտաքինը, կեցվածքը, հագուստ-կապուստը… Եվ նրա այդ "նկարչությունը" (ինչպես և "պարային" մշակումը) երկար շաբաթներ էին տևում…
Լսում էի նրան ու տարակուսում. իսկ որտեղի՞ց է այն կարծիքը, թե Մհեր Մկրտչյանը մեկեն է անձնավորում իր դերերը…
… Մենք շատ ուրիշ բաներից էինք խոսում:
Մի անգամ նա ինձ հարցրեց.
- Վանուշ, էդ Սպարտակդ հայ չի եղե՞լ…
- Չէ, ինչ ես ասում, նա թրակիացի էր, ներկայիս բուլղարների նախահայրերի տոհմից, ինչպես նաև ուրարտացիները, - բացատրեցի ես:
Իսկ նա ժպտաց:
- Ես դա գիտեմ, բայց ուրիշ բան եմ հարցնում, չե՞ս զգացել, որ նա մեզ նման զգացմունքին տրված, ամեն ինչում մինչև վերջ գնացող ու մեզ նման անարդար աշխարհից խռոված մարդ էր: Ազնվական, մաքրամաքուր մարդ, որի արժանապատվությունը տրորել են:
- Ես էլ հենց այդպես եմ հասկացել ու ջանացել եմ իբրև այդպիսին ներկայացնել նրան Արամ Խաչատրյանի "Սպարտակ" բալետի բեմադրության մեջ իմ կատարումով… Բայց ընդգծել եմ նաև հերոսականությունը, խիզախությունը…
- Իսկ մենք "հերոսական" չե՞նք, "խիզախ" չե՞նք: Միայն թե դանակը մեր ոսկորին հասնի, որ վեր կենանք ու աշխարհին զարմացնենք մեր էդ խիզախությամբ…
… Ասացի՝ մենակ էր ապրում: Ի՞նչ մենակ, ով ասես, երբ ասես, գալիս էր, նստում, կանչում տանում էստեղ-էնտեղ: Վերջին տարին ցուրտ ու մթի մեջ, անձնական վշտից կքած, համարյա հուսահատության հասած, այլևս տրամադրություն չուներ առաջվա պես շռայլորեն սփռելու իր տաղանդի շողերը, բայց էլի, տառապանքը ներս գցած, ժպիտով, կատակով էր դիմավորում մարդկանց: Մանավանդ իր ստեղծած թատրոնում՝ գործընկերներին: Միայն թե ժպիտը տխուր էր, կատակը՝ մտահոգ: Կենցաղը լրիվ բարձիթողի էր արել: Կերածը ձվածեղ էր: Եթե առաջ խմիչքն իր համար ուրախ հավաքույթների, խնդուն քեֆի երկրորդական ատրիբուտ էր, ապա այժմ օղին միջոց էր դարձել խեղդելու ներքին կսկիծը, մեղմելու մենակության դառնությունը:
Հանկարծ հիշում էր Մարտիրոս Սարյանի մի խոսքը. "Զահլես գնացել է էս անտեր կոշիկները ութսուն տարի, ամեն օր հանել-հագնելուց":
Ավա՜ղ, ինքն ընդամենը 63 տարի "հանեց-հագավ" իր կոշիկները, որոնցով քայլելով՝ իր դժվար մանկությունից հասել էր մինչև համաժողովրդական ճանաչման, սիրո ու փառքի գագաթը, բայց անժամանակ պիտի իջներ վշտի մթին կածաններով, թեև ասելու, անելու դեռ այնքա՜ն բան ուներ, հոգում կուտակած այնքա՜ն գանձեր…
… Երկու տարի միայն մենք հարևաններ եղանք: Ու հիմա՝ տնից ելնելով, ես արագ քայլում, մտնում եմ վերելակի խցիկը՝ ջանալով չնայել այն դռանը, որտեղից դուրս էր գալիս և իր շենշող ժպտով ամենքին բարի լույս մաղթում մեր տեսած ամենամեծ արտիստներից մեկը՝ Մհեր Մկրտչյանը…
Լույս և օրհնություն իր անմար հիշատակին…

ՎԱՆՈՒՇ ԽԱՆԱՄԻՐՅԱՆ
Հոդվածը պատրաստեց Արփինե Արուսյակ Ավետիսյանը
Խաչատուր Ավագյանի «Ժողովրդական արտիստը » գրքից

 

Печать