Սա գործ է՝ մոտ «ինքնասպանության». Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմը դերասան Մհեր Մկրտչյանի մասին է լինելու

Мгер Мкртчян1984 թվականին էկրան բարձրացավ Մկրտչյանների ընտանիքի պատմությունը՝ «Մեր մանկության տանգոն», ու արդեն 3 տասնամյակից ավելի ամեն անգամ այս ֆիլմը դիտելիս հերոսների մեջ տեսնում ենք Ալբերտ ու Մհեր Մկրտչյաններին, նրանց ծնողներին՝ Մուշեղին ու Սանամին:
Գեղարվեստորեն ներկայացված պատմության մեջ ամեն ինչ այնքան իրական ու ըմբռնելի է, հավանաբար, կարևոր մի փաստարկի շնորհիվ. այն էկրանավորել է ընտանիքի կրտսեր զավակը՝ Ալբերտ Մկրտչյանը: Թևավոր դարձած ամեն մի արտահայտություն պատկանում են հենց իրական հերոսներին: Այսպես ասած՝ սա փաստագրական, ինքնակենսագրական ֆիլմ է՝ գեղարվեստական մատուցմամբ:
Եվ արդեն ուղիղ 35 տարի անց՝ 2019 թվականին, Մկրտչյանների հաջորդ սերունդը՝ սցենարիստ, ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, պատրաստվում է ֆիլմ նկարել հորեղբոր մասին: Բեմից ու էկրանից բաց ու ընթեռնելի, սակայն իրականում՝ խորհրդավոր ու լռակյաց Ֆրունզի կյանքի ամենակարևոր դրվագները, էկրանից այն կողմ նրա ապրումները, մտավախությունները, ձեռքբերումներն ու կորուստները, անշուշտ, մեզ միայն մակերեսորեն են հայտնի: Ժողովրդական արտիստի ու մեծ կատակերգուի կենսագրականի էկրանավորումը, վստահաբար, պետք է ձեռնարկեր հենց ընտանիքի անդամը. մարդ, ով իր աշխատանքով հայելի կդառնա՝ արտացոլելով իրականությունը…
Ամիսներ առաջ Aysor.am-ի հետ զրույցում սցենարիստ, ռեժիսոր Մհեր Մկրտչյանը խոստովանել էր՝ հորեղբոր՝ Ֆրունզիկ Մկրտչյանի մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանելու առաջարկ է ստացել, բայց օբյեկտիվ պատճառներով, մերժել է:
Սակայն օրերս ռեժիսորը գրառում կատարեց, տեղեկացնելով՝ արդեն պատրաստ է հանձն առնել կարևոր այդ ֆիլմի աշխատանքը:
«Մոտեցումներն են փոխվել. կարծում եմ՝ ես կարողանում են տարբերել՝ ե՞րբ են ուզում մի լավ գործ անել, ե՞րբ՝ օգտագործել Ֆրունզիկ Մկրտչյան անունը, չէ՞ որ հենց միայն նրա անունը մեծաթիվ հանդիսատես կբերի կինոդահլիճներ: Երկրորդ՝ Վիքիպեդիայում տեղ գտած ինֆորմացիան հիմք ընդունելով՝ սցենար գրել Ֆրունզիկ Մկրտչյանի կյանքի մասին պատմող ֆիլմի համար, ամենաճիշտ տարբերակը չէ: Եվ երրորդ ու միգուցե նաև ամենակարևոր պատճառը՝ արդեն 3 տարի ապրում եմ Հայաստանում, ու դա, բնականաբար, զգալու, հասկանալու ու շատ նրբություններ ընկալելու առումով շատ բան է փոխել իմ ներսում», - Aysor.am-ի հետ զրույցում շեշտեց ռեժիսորը: 
Հարցին՝ դերասանական ի՞նչ կազմ է ներգրավելու ֆիլմում, և որ ամենակարևորն է՝ ո՞վ է մարմնավորելու Ֆրունզիկ Մկրտչյանին, պատասխանեց.
«Դերասանական կազմի մասին խոսելը դեռ շատ վաղ է: Ներկա պահին զրոյական պատկերացում ունեմ, թե ովքեր ներգրավված կլինեն, առավել ևս՝ ո՞ւմ կվստահեմ Մհեր Մկրտչյանի կերպարը: Հստակ միայն մեկ բան կարող եմ ասել՝ շա՜տ ծանր աշխատանք ու ընտրություն է սպասվում, բայց ես կփորձեմ ընտրել լավագույններին»:
Ինչ խոսք, պատասխանատու քայլ է՝ անդրադառնալ մեծանուն արտիստին: Դերասան և ռեժիսոր Մհեր Մկրտչյանները նույն ընտանիքի անդամներ են, վերջինս լիովին տիրապետում է իր ֆիլմի հերոսի մասին ինֆորմացիային, ու հենց այդ հանգամանքն առավել մեծ սպասելիքներ է ենթադրում հանդիսատեսի կողմից: Այս պարագայում, այն էլ մեր ժամանակներում, ռեժիսորի՝ քննադատության թիրախում հայտնվելն ամենադյուրինն է:
«Դուք շատ մեղմ արտահայտվեցիք. սա ուղղակի պատասխանատու գործ չէ, սա գործ է՝ մոտ «ինքնասպանության»: Ե՛վ ես, և՛ շատ-շատերը հասկանում ենք՝ եթե ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նկարահանի վատ, կամ՝ ոչ այնքան հաջող ֆիլմ դերասան Մհեր Մկրտչյանի մասին, ապա դա կլինի իր ռեժիսորական կարիերայի վերջը», - ժպիտով ընդգծեց նա:
Կինոպատմություն, կամ, ընդհանրապես, պատմություն կերտած անհատներին և իրադարձություններին անդրադարձող արվեստագետներին պետք է ֆինանսական սատար կանգնեն ոչ միայն մասնավորը, այլև՝ պետական համապասխան կառույցները: Դիտարկմանը՝ աջակցության համար դիմե՞լ է Մշակույթի նախարարությանն ու Ազգային կինոկենտրոնին, ռեժիսորը նկատեց.
«Ո՛չ, որևէ պետական կառույցի չեմ դիմել: Առանց Կինոկենտրոնի աջակցության էլ հնարավոր է ֆիլմ նկարահանել: Ես հասկանում եմ, որ պետական միջոցները, գումարները սահմանափակ են, ռեժիսորներն էլ՝ շատ: Արդար կլինի, որ պետությունն աջակցի սկսնակներին: Իսկ ես կգտնեմ գործընկերներ»:
Մհեր Մկրտչյանի ցանկությունն է, որ Ֆրունզիկի մասին ֆիլմը էկրան բարձրանա 2020 թվականին՝ սիրված դերասանի 90 ամյակին: Մեկտեղ գիտակցում է՝ կինո նկարելը բարդ գործընթաց է, որտեղ ցանկությունն ամենավերջին տեղն է զբաղեցնում: Դեռևս պետք է հաղթահարել գործընկերներ ու հովանավորներ գտնելու ու նրանց հետ բանակցելու կարևոր փուլը:

aysor-logoՆելլի Մարգարյան
18.12.2018
https://www.aysor.am/am/news/2018/12/18/%D5%84%D5%B0%D5%A5%D6%80-%D5%84%D5%AF%D6%80%D5%BF%D5%B9%D5%B5%D5%B8%D5%B6-%D5%96%D6%80%D5%B8%D6%82%D5%B6%D5%A6%D5%AB%D5%AF-%D5%84%D5%AF%D6%80%D5%BF%D5%B9%D5%B5%D5%A1%D5%B6/1505357

Печать