Ֆրունզիկ Մկրտչյանի անծանոթ աշխարհը
Մհեր Մկրտչյան դերասանի կյանքը, ցավոք, կարճատեւ էր, բայց թատրոնին, կինոյին թողած նրա արժեքավոր ժառանգությունը պայծառ մնաց հայ սերունդների համար։ Նա այսօր էլ փնտրված դերասան է, իր հանդիսատեսի կողմից սիրված կերպար։
Հանդիսատեսի համար հաճելի անակնկալ դարձավ հինգ տարի առաջ Հովհաննես Պապիկյանի եւ Շուշանիկ Սահակյանի համահեղինակությամբ նկարահանված վավերագրական ֆիլմը դերասանի կյանքի, ստեղծագործական ուղու վերաբերյալ, ինչը ուշագրավ արձագանքներ ունեցավ ե՛ւ սփյուռքում, ե՛ւ Հայաստանում։
Իսկ անցյալ տարեվերջին Հովհաննես Պապիկյանի եւ Շուշանիկ Սահակյանի համահեղինակությամբ հրատարակվեց «Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» գիրքը, որն արտիստին նվիրված նրանց չորրորդ գիրքն է։ Գրքում զետեղված են դերասանի բանավոր խոսքի վրա հիմնված զրույցները, որոնք մեկ առ մեկ բացում են Մկրտչյանի խոհաշխարհը, ուր կան հետաքրքիր հանդիպումների դրվագներ, նամակներ, մտորումներ, նրա հետ պատահած հումորային, արկածախառն պատումներ, նաեւ նրա մտքերից, որոնք իմաստնության դասեր են արվեստի ճանապարհ ելնողների ու յուրաքանչյուրի համար։ Ի վերջո, ընթերցողը նոր գրքից կտեղեկանա, թե է՜ն մյուս Ֆրունզիկ—Մհեր Մկրտչյանը ինչպիսի գուներանգներով է հանդես եկել թատրոնում, կինոյում եւ ինչպիսին է եղել կյանքում...
Հեղինակներն ավելորդ միջամտություններ չեն անում, նրանք հիմնականում հենվել են Մհեր Մկրտչյանի՝ տարբեր տարիների ու տարբեր առիթներով ունեցած զրույցների վրա. զրույցներ, որոնք դերասանի էն մի ուրիշ՝ նախքան այդ ընթերցողին անծանոթ աշխարհն են բացում։ Եվ այս գրքի շնորհիվ բացվում են Մկրտչյան դերասանի, Մկրտչյան մարդու ներաշխարհը, նրա անձնական կյանքի շատ մանրամասներ։ Այդ ամենը հեղինակներն արել են շատ նրբանկատ, չեն խորացել այն թեմաների մեջ, որոնք դերասանն ինքն էլ միշտ հեռու է պահել շրջապատի մարդկանցից։
Գիրքը գրավիչ է հատկապես այս առումով՝ զգացվում է հեղինակների խոնարհումը արտիստի հիշատակին, այնպես են շարադրում իրենց հարցազրույցները, տպավորություններն ու մտորումները, ասես զգուշանում են չնեղացնել նրան։ Հեղինակների կողմից հենց այդպիսի առաջաբան ունի գիրքը. «Սա քո՛ գիրքն է, Արտիստ, քո՛ միջոցով գրված։ Քո ա՜յն գիրքը, որ գրվել է քո ոտնահետքերով անցնելու մեր ճանապարհին։ Մենք այդ ճանապարհին ճանաչեցինք բոլորովին ուրիշ Ֆրունզիկի, ով մինչ այդ մեզ եւ շատերին հայտնի լինելով որպես սիրված ու համընդհանուր ճանաչում ունեցող Արտիստ, բնավ ծանոթ չէր որպես անհատ, որպես մարդ, քաղաքացի։ Դու միշտ ծածուկ ես պահել քո է՛ն մյուս երեսը։ Քո թաքցնելը պատճառաբանված էր՝ չէիր սիրում քո դերերից, արվեստում քո արարումներից բացի պատմել քո զուտ անձնական կյանքի մասին...»։
Հեղինակներին հաջողվել է առավել ավարտուն, ճանաչելի ներկայացնել դերասանի անզուգական կերպարը, նրա կյանքի եւ ստեղծագործական աշխատանքի, այսպես ասած, օգտակար ժամանակը։ Իսկ այդ ժամանա՜կը... այն Հայրենիք ու ծննդավայրի՝ Գյումրիի կանչ ու կարոտ է եղել, եւ Արեւմտահայաստանի ու այնտեղից գաղթած նախնիների հանդեպ ունեցած մեծարում, նվիրում, սե՜ր ու գորովանք։ Եվ վերջապես, հպարտություն ու պարտք ժողովրդական դերասանի իր կոչմանը...
«Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» սպասված գիրք է հատկապես երիտասարդների համար։ Մհեր Մկրտչյանը, լինելով բեմի մեծերի՝ Վահրամ Փափազյանի, Վարդան Աճեմյանի աշակերտն ու դասական թատրոնի աստղաբույլի շառավիղը, կերտեց հրաշալի դերեր ու մնաց անկրկնելի կերպար հայոց բեմում՝ որպես սեր ու փնտրվելիք, մնաց անմահ մի հիշատակ, մնաց Պաղտասար աղբար, Սիմոն, Գվիդոն, Նիկոլ, Գասպար, Ռուբիկ, Եզովպոս, Հայրիկ, Սիրանո դը Բերժերակ... եւ բազմապիսի մրցանակներ ու կոչումներ ստացած, հարուստ ու ճշմարիտ արժեքներ ստեղծած, հանդիսատեսի հիացմունքից արցունք ու ծիծաղ քամող, ծափողջույնների արժանացած հայ բեմի ա՜յն վարպետը, ում կյանքի իմաստը արվեստն էր ու միայն արվեստը։ Ավաղ, մեծ դերասանն ապրեց կատակի ու ողբերգության տարուբերումների մեջ, ապրեց իր մենավոր տխրության մեջ, ապրեց իր աղմկող, արդարություն հայցող դերակերպարների կյանք ու կերպով, ապրեց ճիշտ այնպես, ինչպես ինքն էր՝ էն ուրիշ, ուրիշ Ֆրունզիկը՝ իբրեւ հաշտ ու անտագնապ, բայց եւ, ինչպես ինքն էր բանաստեղծում.
«Երբ իմ սրտի խորքը մութ է,—
Ո՞ւմ համար ես վառվում, լույս...»։
Ի դեպ, գրքի հրատարակումը հովանավորել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
26-03-2016
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20160326_8&flag=am