Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է
Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել...
Ասաց, խաղաց, ապրեց, խոսեց, ուրախացրեց՝ ժպիտ պարգևելով բոլորին, իսկ ինքը մնաց տխուր, մնաց հայտնի՝ որպես «ուրախ ու տխուր մարդը»: Հայ բեմի ու էկրանի վարպետը՝ Մհեր-Ֆրունզիկ Մկրտչյանն այսօր կդառնար 90 տարեկան:
Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930 թվականին Գյումրիում: Հայրը՝ Մուշեղը, Մուշից էր, իսկ մայրը՝ Սանամը, Վանից: Շատ դժվարին և տխուր մանկություն է ունեցել: Դեռևս մանուկ հասակում Մկրտչյանը սկսել է աշխատել Լենինականի տեքստիլ կոմբինատում: Պատերազմի տարիներին նա կինոմեխանիկի աշակերտ էր: Հենց այդկինոմեխանիկն էլ մի օր նրա ձեռքը բռնել և տարել է ինքնագործ խմբի բեմ, որտեղ Մհեր Մկրտչյանն առաջին անգամ ծիծաղեցրել է հանդիսատեսին: Այդտեղից էլ սկսվել է նրա թատերական կյանքը:
«Ես մանկություն չեմ ունեցել, մանկապարտեզ չեմ տեսել, բակ չեմ տեսել, ես տեսել եմ միայն թատրոն»:
Մհեր Մկրտչյանը խաղացել է «01 99», «Նվագախմբի տղաները», «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկ», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Խաթաբալա», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» և մի քանի տասնյակ այլ ֆիլմերում՝ կերտելով հավասարը չունեցող կերպարներ։
1978 թվականին Մհեր Մկրտչյանն արժանացել է ԽՍՀՄ, իսկ 1979 թվականին` ՀԽՍՀ Պետական մրցանակների: 2001 թվականին նա հետմահու պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
https://pressmedia.am/?p=122686&l=am