Ֆրունզիկ Մկրտչյանի վերջին դերն ու միակ ժառանգը

 

Երեսուն տարի առաջ՝ 1993 թվականի դեկտեմբերի 30-ի սառնաշունչ օրը, երբ սահմաններին դաժան պատերազմ էր, Հայաստանը` շրջափակման մեջ ու անլույս, եւ միակ տրանսպորտը մետրոն էր, անթիվ հայեր մասնակից չէին ամենաժողովրդական ու սիրելի արտիստի վերջին հրաժեշտին: 
52 տարեկանում տված հարցազրույցում արտիստն ասել էր․ «Ինձ միշտ թվում է, թե ապրելու եմ 54 տարի: Բայց մի գուշակ ասել է՝ 74 տարի պիտի ապրես: Հավատում եմ, որ նա ավելի ճիշտ է: Դա ինձ ոգեւորում է»: 
1993 թվականի տարեվերջին, հանկարծամահ լինելուց մեկ օր առաջ, նա բաժանել էր Արտիստական թատրոնի դերասանների աշխատավարձերը եւ գնացել իր տուն։ Ֆունզիկ Մկրտչյանն ապրեց 63 տարի: Նա ասես «բարձրացավ վե՜ր, վե՜ր ու այլեւս չվերադարձավ», ինչպես «Եռանկյունու» դարբին Մկրտիչը։

Կենսագրության հավելյալ դժբախտացում 

Պարզ, բարեսիրտ, ներողամիտ, ժողովրդական մարդ, այսինքն՝ մատչելի բնավորության տեր Ֆրունզիկ Մկրտչյանի մասին թվում է՝ ամեն ինչ գիտենք։ Սակայն տարիների հեռվից հասկանում ես, որ ֆանտաստիկ, անմեկնաբանելի կետեր կան Մհեր Մկրտչյանի հախուռն կենսագրության մեջ: 
Հանճարեղ ու ամենաժողովրդական Մհեր Մկրտչյանի արտիստական կենսագրության մեջ էլ միֆեր կան, օրինակ, որ թատերականի դիպլոմ չի ունեցել, քանի որ կտրվել է «Դերասանի վարպետություն» առարկայից։
Սակայն գերակշռողն «ամենաողբերգական կատակերգակի» շեշտադրումն է, որը տարիների ընթացքում ավելի տիրապետող է դարձել հատկապես միմյանց կրկնող ռուսական արտադրության փաստագրական ֆիլմերի միջնորդավորմամբ։ Այդ հեռուստաֆիլմերն այսօր էլ ցուցադրվում են ու տիրաժավորում, թե կյանքում այդքան դժվարություններ ունեցած արտիստի դուստրը հոր կենդանության օրոք Արգենտինայում ավտովթարի զոհ է դարձել։ Բայց փաստ է, որ Նունե Մկրտչյանը մահացել է հայրիկի մահից հինգ տարի հետո՝ 1998 թվականին, հետվիրահատական բարդություններից: 

Դժվար չէր ճշտել, բայց․․․

Իսկ ռուսական ալիքներով համարյա ամեն տարի նոր ժապավեններ են ցուցադրվում ՝ «Որ հիշեն։ Ֆրունզիկ Մկրտչյան», 1997 թ․, «Կղզիներ։ Ֆրունզե Մկրտչյան», 2005թ․, «Ֆրունզիկ Մկրտչյան։ Մենակության պատմություն», 2005 թ․, «Ինչպես հեռացան կուռքերը։ Ֆրունզիկ Մկրտչյան», 2006 թ․, «Ֆրունզիկ Մկրտչյան։ Կյանքը կինոժապավենի վրա», 2007 թ․, «Ֆրունզիկ Մկրտչյան։ Վերջին 24 ժամը», 2007 թ․, «Ֆրունզիկ Մկրտչյան։ Հպարտ պրոֆիլով մարդը», 2010թ․, «Ֆրունզիկ Մկրտչյան։ Զվարճալի մարդու ողբերգություն», 2010թ,․ «Ֆրունզիկ Մկրտչյան։ Միայնակ արեւ», 2015 թ․, «Ֆրունզիկ Մկրտչյան։ Վերջին օրը», 2016 թ․, «Ֆրունզիկ Մկրտչյան։ Կինոյի լեգենդները», 2017թ․, «Ֆրունզիկ Մկրտչյան։ Տխուր աչքերով կատակերգուն», 2019 թ․, «Կյանքը ժապավենի վրա», 2020 թ․, «Ֆրունզիկ Մկրտչյան․ Հրաժեշտ», 2021թ․։
Բոլոր այս ֆիլմերը ցուցադրվում են «Սովետական կինոյի աստղի կյանքը 20 տարի ձգվել է իբրեւ դժոխք», «Նրա կյանքն իրական ողբերգություն էր» գլխագրերով։
Իսկ հայկական փաստագրական ֆիլմերը մի քանիսն են եւ չեն ցուցադրվում կամ՝ հազվադեպ․ «Ուրախ, տխուր մարդը», արտիստի կենդանության օրոք, 1982 թ․, «Եվ ծիծաղ, եւ արցունք աչքերում», 1990 թ․, «Էն ուրիշ Ֆրունզիկը» ֆիլմը, «Լուրջ ժպիտով», 2020թ․, եւ ամենավերջինը՝ հայ-հնդկական․ «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ»։ 
Ժամանակակիցներն ավելի իրական պատկերացում են տալիս սիրելի արտիստի կյանքի բարդությունների մասին։ Տասնամյակների խաղընկեր Խորեն Աբրահամյանն ասել էր. «Ընդհանրապես, Ֆրունզիկը զարմանալի մարդ էր, օրը սկսում էր երգով եւ երջանիկ էր։ Մյուս կողմից, նրա մեջ միշտ ապրում էր ինչ-որ ողբերգության զգացում»։
Մհեր Մկրտչյանի ժամանակակից, թատերագետ Լեւոն Հախվերդյանի բնութագրումը․ «Ավելի քան բախտավոր էր այն համաժողովրդական սիրով, որ իր ուղեկիցը եղավ կյանքի սկզբից մինչեւ վերջ: Խանգարող հանգամանքներ էլ եղան նրա ճանապարհին, իր անփույթ, անխնամ կյանքն ու կենցաղը. մի խոսքով, հայոց անկարգ կյանք՝ լավով էլ, վատով էլ»։ Ֆրունզիկ Մկրտչյանի՝ լավով ու վատով ապրած հախուռն կյանքի մասին լիարժեք ֆիլմի հանրության ակնկալիքին ասես ի պատասխան, 2018թ․ հարցազրույցում արտիստի եղբորորդի, ռեժիսոր Մհեր Մկրտչյանն ասել է, որ «մերժում էր ֆիլմ ստեղծելու առաջարկները, քանի որ հասկանում էր, որ անհաջող աշխատանքն ինքնասպանություն է նույն ազգանունը կրող ռեժիսորի համար»: 

Սոս Սարգսյանը եւ Խորեն Աբրահամյանը՝ Մհեր Մկրտչյանի թաղմանը  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/c60d5e7658f452a65cc412346554e5a4   © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ռեժիսորի հավաստիացմամբ՝ «տարիների ընթացքում ճշմարտության մեծ արխիվ է հավաքվել՝ զվարճալի, հուզիչ, երբեմն՝ վախեցնող», սակայն բարձրաձայնված ծրագիրը, թե հնարավոր է 2020 թվականի հուլիսին ֆիլմ ավարտել, մնաց չիրագործված։ 

Ֆրունզիկի վերջին դերը

Երեւանի կենտրոնում թաքնված, Գյումրու հին, սեւ տուֆե կառույց հիշեցնող շենքում Արտիստական թատրոնը Մհեր Մկրտչյանը հիմնադրեց 1986 թվականին, սունդուկյանական թատերական երեք կորիֆեյներից (Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան)՝ առաջինը հեռանալով մայր թատրոնից։«Սա քո պիեսն է»,- Ֆրանսիայում ասել է Անրի Վերնոյը, Մարսել Պանյոլի «Հացագործին կինը» պիեսի գլխավոր հերոսը դարձավ Մհեր Մկրտչյանի՝ Արտիստական թատրոնում խաղացած առաջին ու միակ դերը:
«Ամեն սեւ բան չէ, որ Օթելլո է, մանչս»․ բոլոր հանդիպումներին Ֆրունզիկը կրկնում էր Փափազյանի՝ իրեն ուղղված այս խոսքը։ Սակայն Մհեր Մկրտչյանը միշտ երազել է Օթելլո խաղալու մասին եւ համոզում էր թատրոնի գլխավոր ռեժիսոր Խորեն Աբրահամյանին:
Հացագործի կերպարն իր երազած Օթելլոն էր՝ ողբերգական, փակուղային, 1992 թվականի աշնանը, սառը դահլիճում արտիստը բեմ էր բարձրացել՝ ասես մի այլ երկրում։ Հացագործը, ինչպես Ֆրունզիկի մյուս կերպարները, սովորական մարդն էր, մեկը մեզանից։ Կարեւոր հացթուխ, մի քիչ ավելին, ինչպես սարերի տիրական հովիվ Իշխանը, ինչպես հպարտ դարբին Մկրտիչը:
Մհեր Մկրտչյան-էմաբլը Քաստանիեն՝ զոլավոր կոստյումով, սպիտակ վերնաշապիկ-ժիլետով, տարիքոտ, ակնոցավոր, ծանրաշարժ, բարիք ստեղծող ընտանիքի գլխավորն է, միակ թուլությունը՝ երիտասարդ, գեղեցիկ կինը (Թամար Հովհաննիսյան)։ Հաց գնելու եկած երիտասարդ հովիվը խաթարում է Քաստանիեի երջանկությունը։ Արտիստը հանճարեղ էր խաղարկում սերը, դյուրահավատությունը, իրականությունը մերժելը․ «Եթե ես երեխա մը տայի իրեն, այս դիպվածը գուցե չպատահեր»: Հուսահատության ու պարտվածի ճիչ էր «Ոչ կեսօրեն ետքը, ոչ այսուհետ, հաց չի՛ կա» պոռթկումը։ 
Դերակատարումը դիտողները քիչ են, սակայն բոլորիս ականջներում ասես հնչում է Ֆրունզիկ Մկրտչյանի տառապագին ձայնը․ «Շիշ մը օղի․․․ Ա՛խ, հովի՜վ, ես իրեն հաց տամ, ինքը ունեցած-չունեցածս կառնե կերթա։ Ես սովորական, փոքր մարդ եմ, ինձ հետ չի կարող ողբերգություն պատահել, ասիկա դժբախտություն է։ Շիշ մը օղի, շիշ մը․․․»:

Թոռնուհին եւ Ֆրունզիկ Մկրտչյանի հուշերը

Մհեր Մկրտչյանը երբեք եւ ոչինչ, ոչ մի հուշ չի գրել: Հիշել էր, որ ժամանակին բանաստեղծություններ է գրել. «Երբ իմ սրտի խորքը մութ է, /Ո՞ւմ համար ես վառվում, լույս»:
2010 թվականին Մհեր Մկրտչյանի միակ ժառանգն ու թոռնուհին՝ Արգենտինայում ապրող Իրինա Տերտերյանը (նա նաեւ Ավետ Տերտերյանի թոռնուհին է), առաջին անգամ եկավ հայրենիք։ Հայաստանում ոչ մի հայկական հեռուստաալիք չհրավիրեց Իրինա Մկրտչյանին հարցազրույցի։ Ռուսական ալիքը տարիներ անց Ֆրունզիկ Մկրտչյանի թոռնուհուն Արգենտինայից հրավիրեց՝ մասնակցելու հերթական, սկանդալային հեռուստաշոուին։
Մամուլի համար արված իմ հարցազրույցից որոշ հատվածներ եմ հիշատակում։ Նունե Մկրտչյանի սեւահեր, գեղեցիկ, խոշոր աչքերով դուստրը Վարդենիսի հիվանդանոցում այցելել էր տատիկին։ Հայաստան այցի առիթը Գյումրու թանգարանին փոխանցվող՝ հանճարեղ պապիկի հուշերն էին: Կյանքի վերջին տարիներին հայրիկի բանավոր պատմությունները Երեւանում ձայնագրել էր դուստրը, ապա Արգենտինայում հանձնել թղթին։ Մայրիկի մահից հետո Իրինան նպատակ ուներ հուշերը տպագրված տեսնել, սակայն մեկուկես տասնամյակ անց էլ գիրքը չկա, հավանաբար՝ չհամակարգված լինելու պատճառով։ Գյումրու Ֆրունզիկ Մկրտչյանի տուն-թանգարանը բավականին աղքատիկ է, թեեւ քաղաքի ամենաայցելվող վայրերից է։
Նրան այսօր էլ նույնքան շատ են սիրում, ինչպես կենդանության օրոք: 
Չսիրել Մհեր Մկրտչյանին, նույնն է, թե հարազատի չսիրել. այդ մեծ սիրո մեջ նույնական են բոլոր հայերն ամենուր: Առավել եւս այդպես է արտիստի մահից երեք տասնամյակ անց։

hraparak-logoԳայանե Մկրտչյան - Թատերագետ
30 Դեկտեմբեր 2023
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ
https://hraparak.am/post/c60d5e7658f452a65cc412346554e5a4

Печать